Ես Լիլյա Զախարյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսել եմ աշխատել 2017-2018 ուսումնական տարվանից՝ որպես դասվարի օգնական: Ուզում եմ ձեզ պատմել 5-6 տարեկանների խմբում երկարացված օրվա կազմակերպման մասին : «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթությունն ամբողջական է. կարևորվում է սովորողի ֆիզիկական և անձնային առանձնահատկությունները, մտավոր ունակությունները, բնական զարգացումը, ուսուցում՝ առանց ճիգի, առանց պարտադրանքի, ինչպես նաև հանդուրժողականության մշակույթի ձևավորումը:
Հինգ-վեց տարեկանների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծային մեթոդով: Նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի օրացույցի: Ամեն շաբաթ ստեղծում եմ իմ անհատական աշխատանքային նախագիծը: Շատ կարևոր են նաև երկարացված օրվա ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները, կիրառվող մեթոդները, իրականացվող նախագծերը: Երկարացված օրվա ծրագիրն ամբողջովին ինքնուրույն ծրագիր պիտի լինի, որ գրավի սովորողներին ու չձանձրացնի նրանց:
Եվ այսպես, երկարացված օրվա կազմակերպչի առաջնային խնդիրներից մեկը սովորողի լիցքաթափումն է: Ուրեմն՝ առաջին անելիքը հանգստի կազմակերպումն է գործունեության տարբեր միջոցներով՝ երաժշտության ունկնդրում, մարմնամարզություն, ուսուցողական մուլտֆիլմերի դիտում, հեծանվավարություն:
Ես կարևոր եմ համարում նաև միջավայրի փոփոխությունը: Եթե եղանակը նպաստավոր է, տեղափոխվում ենք բակ, ուր սովորողը կտրվում է փակ տարածքից, ավելի ազատ է գործում: Բակում շատ հաճախ մենք այլընտրանքային նկարչություն ենք անում: Բակում սովորողները մեծ հաճույքով խաղեր են խաղում: Խաղերը մեր առօրյայի անբաժան մասն են կազմում: Հինգ-վեց տարեկանների հետ նաև իրականացրել ենք բակի մաքրման աշխատանքներ: Ընթացքում սովորողները փորձում էին հաշվել, թե ով ինչքան տերև հավաքեց: Սովորողներն այդ ընթացքում ավելի համախմբված են դառնում:
Անհնար է երջանիկ մանկությունը պատկերացնել առանց հեծանվի՝ ֆիզիկական ակտիվությունն ու երեխայի երջանկությունն ապահովող հրաշք սարքի: Կարելի է ասել, երեխայի համար հեծանիվը ճոխություն չէ, այլ անհրաժեշտություն։ Հեծանիվ վարել սիրում են նաև մեր սովորողները: Սովորողները սովորում են հեծանիվ վարել ՝ և՛ երկանիվ, և՛ քառանիվ: Հեծանիվ վարում ենք և՛ դպրոցում, և ՛ հարակից բակերում: Տեսե՛ք՝ ինչ հավե՜ս հեծանվավարություն է:
Երկարացված օրվա խմբում շատ ենք տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվում: Գործունեությունն ավելի հետաքրքրական է դառնում, երբ սկսում են ստեղծագործել: Նկարչությունը բոլորիս կողմից շատ հայտնի և սիրված արվեստի ճյուղ է: Մենք այն կդիտարկենք որպես գործիք երեխայի մտածողությունը, ունակությունները զարգացնելու համար: Նկարչությունը բավականին մեծ հասկացողություն է, քանի որ այն համախմբում է տարբեր նկարչական ոճեր, տեսակներ, որոնք բազմաթիվ են: Մենք կխոսենք ընդհանուր նկարչության, նրա ազդեցությունների, երեխայի մոտեցումների մասին: Փորձը ցույց է տալիս, որ եթե փոքր երեխային ծանոթացնես նկարչության հետ, նա ժամանակ առ ժամանակ նկարելու ցանկություն կհայտնի: Նկարելով երեխան թղթին է հանձնում այն, ինչ պատկերացնում է, բայց չի կարող արտահայտել բառերով: Իսկ երեխայի պատկերացումը այնքան մեծ է, որ նա կարող է անվերջ նկարել: Ջրաներկով և գուաշով նկարելիս երեխաները սովորում են համբերատար կատարել աշխատանքը, լինել ճշտասեր, մաքրասեր, առանց վերջիններիս հնարավոր չէ նկարել ջրաներկով և գուաշով:
- Նկարում ենք մատներով
- Նկարում ենք ծիածան
- Նկարում ենք աշուն
- Այլընտրանքային նկարչություն
- Նկարում ենք Սեբաստացի պապիկին
- Այլընտրանքային նկարչություն Քոլեջի բակում
- Բացօթյա պլեներ
Երկարացված օրվա խմբում սովորողներն ավելի շատ են իրար օգնում, ինչ-որ բան սովորեցնում, ավելի ինքնուրույն են: Պետք է նրանց վստահել, մենակ թողնել, իհարկե, կողքից հետևելով: Հիմա մի փոքր խոսենք պլանշետների մասին:
Մեր առօրյայում պլանշետը նորություն չէ սովորողներ համար, բոլորն էլ ինքնուրույն միացնում են այն, գտնում անհրաժեշտ գործիքները և աշխատում: Հինգ-վեց տարեկանների խմբում պլանշետը սկսեցինք օգտագործել հենց առաջին հանդիպումից։ Սովորեցինք պլանշետի paint ծրագրով նկարել: Պլանշետի միջոցով կարող են խաղալ շատ ուսուցողական խաղեր, սովորել գույները, երկրաչափական պատկերները, օտար լեզու, լուսանկարել, ձայնագրել, ճանաչել տառերը, մուտքագրել:
Մեր կրթահամալիրում մենք Ջերմոց-լաբորատորիա ունենք, որը ղեկավարում է տիկին Շողիկը: Սովորողների հիացմունքն անսպառ էր, երբ այցելեցինք այդ լաբորատորիան: Վերադառնալուց հետո սաների հետ քննարկեցինք և որոշեցինք մեր դասարանում ստեղծել ջերմոց-լաբորատորիա: Սովորողների հետ ամեն օր խնամում, ջրում, մաքրում էինք մեր բույսերը: Եվ վերջապես ամիսների ընթացքում ստեղծվեց մեր ջերմոցը:
Մենք շարունակում ենք ուսումնական խնդիրներ լուծել զանազան միջոցներով, մեթոդներով՝ ծիսական, երաժշտական և այլ խաղեր ենք խաղում, ծիսական կերակուրներ ենք պատրաստում: Ի՞նչ է իրենից ներկայացնում ծեսը, ինչպե՞ս ենք այն ներկայացնում, ի՞նչ կարող ենք սովորել ծեսի միջոցով և այն փոխանցել երեխաներին: Ծեսերը ներկայացրել ենք խաղի տեսքով, որպեսզի հասանելի լինի երեխաներին: Խաղերը համարվում են երեխաների ուսուցման և դաստիարակման համակարգաստեղծ բաղկացուցիչների մի մասը: Դեռ վաղ տարիքից սովորողները ճանաչեցին ազգային խաղերը, նրանց մոտ ավելացավ շրջակա աշխարհի մասին պատկերացումները: Ծեսերի իրագործման գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ ազգային մշակույթի արժեքները չմոռացվեն և այս դեպքում երեխան ծեսը պահպանողն և փոխանցողն է:
- Դդմատոն
- Ծառզարդար
- Զատկի ծեսը
- Ածիկացան
- Կրկնազատիկ
- Տեառնընդառաջ
- Ամանորյա ծես
- Ամանորյա ընկուզախաղեր
- Զատկական խաղեր
Ուսումնական գործունեության անփոխարինելի բաղկացուցիչներից մեկն էլ ուսումնական ճամփորդություններն են, որի ընթացքում 5- 6 տարեկանները սովորեցին ՝ ինչպես պատրաստվել ճամփորդությանը, ինչպես պետք է իրենց պահեն, ինչպես թիմ լինեն: Ճամփորդություններ կազմակերպելիս ես իմ առջև նպատակ եմ դնում. սովորողներին ծանոթացնել մեր քաղաքի կրթական, մշակութային օջախներին՝ թանգարաններ, թատրոններ, այգիներ, գրադարաններ և նմանատիպ այլ վայրեր: Ճամփորդություն կազմակերպելիս պետք է համադրել և’ մշակույթը, և’ ժամանցը՝ ճամփորդությունը բովանդակալից և հետաքրքիր դարձնելու համար:
- Աշտարակի Ջրաղացում
- Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
- Մեր բարձունքի հաղթահարումը
- Առաջին անգամ ագարակում
- Տիկնիկայինի հանդիսատես+կարդում ենք Թումանյան
- Թումանյանի այգում
Մենք դասարանական ռադիո էլ ունենք, անունն էլ ՝ «Պզան մեղու»: Պետք է ասեմ, որ ռադիոն ոչ միայն օգնում, այլ հստակ տեսանելի է դարձնում խոսքի զարգացումը: Ձայնագրիչը հնարավորություն է տալիս ձայնագրել խոսքը և լսել. թվում է՝ փոքր բան է, բայց հսկայական է ազդեցությունը: Ռադիոյի ստեղծման աշխատանքը չի սահմանափակվում ուսումնական պարապմունքով, դպրոցի տարածքով. այն շարունակական աշխատանք է. արվում է ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ:
Ես սովորողների հետ իրականացնում եմ նաև մի նախագիծ, որը կոչվում է «Իմ դպրոցը»: Յուրաքանչյուր սովորող իր տեսանյութում պատմում է իր դպրոցի մասին՝ ինչու՞ է ընտրել հենց այս դպրոցը:
- Իմ դպրոցը.պատմում է հինգ տարեկան Նարեն
- Իմ դպրոցը, պատմում է Դավիթ Արզումանյանը
- Իմ դպրոցը, պատմում է Նարեկ Ավագյանը
- «Իմ դպրոցը», պատմում է վեց տարեկան Ալլա Շարոյանցը
Երկարացված օրվա պայմանները տալիս են ընտրության լայն հնարավորություն: Սանն ընտրում է դրանք, դասավորում: Սկզբում կարող է ինչ-որ հարցերում սխալվել, թերանալ, բայց աստիճանաբար կհմտանա: Դա ուսումնական աշխատանք կլինի: Վերևում թվարկել եմ սովորողի գործունեության տեսակները: Սանի անհատական առանձնահատկությունները, ֆիզիկական, հոգեկան, մտավոր հնարավորությունների անհատական բավարարումը օրվա առաջին կեսի գործունեությունից հետո շատ ավելի է կարևորվում:
Իսկ վերջում՝ փոքր հաջողությունները գործի են դնում շարժիչը, ինչն արթնացնում է տաղանդ և նոր փուլի սկիզբ։ Սիրե՛ք երեխաներին և ձեր կատարած աշխատանքը:
Հպարտ եմ, որ սեբաստացի եմ: