Հեռավար ուսուցումը կրթահամալիրում համարվում է ժամանակակից ուսուցման կազմակերպման ձև, սահմանված կրթության հանրակրթության մասին ՀՀ օրենքներով, որը մեկուսացման կամ այլ կերպ ասած ընտանեկան օրերին ձեռք է բերել լայն տարածում: Սրա իմաստը կայանում է նրանում, որ ուսուցումը տեղի է ունենում հեռավորության, տարածության վրա:
Ըստ Ամերիկայի լեզվի, խոսքի և լսողության միության ասոցացիայի ( ASHA ), teletherapy-ն հաղորդակցման միջոց է, որը հնարավորություն է տալիս մասնագիտական միջամտություն իրականացնել ցանցի միջոցով: 2011 թվականից աշխարհում լայն գործածություն գտած teletherapy, telepractice (հեռահաղորդակցություն) տերմիններն այս օրերին խիստ արդիական են նաև Հայաստանում, կրթահամալիրում:
Ամեն նոր բան դժվարություն է պարունակում իր մեջ, քանի դեռ վախենում ենք բացահայտել: Հեռավար մասնագիտական միջամտությունը՝ իր դժվարություններով հանդերձ, դարձավ սիրելի ու, որոշ դեպքերում, նույնիսկ ավելի արդյունավետ:
Հատուկ մանկավարժի, լոգոպեդի աշխատանքը հեռավար կազմակերպելու դժվարությունները արդեն անցյալում են ինձ համար, քանի որ այս ժամանակահատվածում ես հասցրեցի մշակել մի շարք մեթոդներ ու աշխատանքային գործիքներ, որոնց օգնությամբ մեր տեսապարապմունքները բավականին արդյունավետ են:
Հեռավար դասընթաց իրականացնելու իմ մշակած սկզբունքները.
- Երեխան գտնվում է իրեն ծանոթ մարդկանց հետ, սիրելի միջավայրում. այլ կերպ՝ ընտանիքում:
- Մասնագետը պատասխանատու է սովորեցնել ծնողին աշխատել իր երեխայի հետ:
- Ծնողն ու մասնագետը աշխատում են միասին՝ երեխայի համար:
- Էկրանից այն կողմ աշխատելիս մասնագետից պահանջվում է մի քանի անգամ ավել էներգիա և ոգևորություն:
Հեռավար դասընթաց իրականացնելու դրական կողմերը ծնողի համար.
- Երեխան իր բնական միջավայրում է:
- Ծնողի 100% միջամտությունը պարտադիր է:
- Ձեռք բերած հմտությունները տան պայմաններում պարբերաբար օգտագործելը առաջընթացի գրավականն է:
- Հնարավորություն կա տեսապարապմունքը ձայնագրելու, և անհրաժեշտության դեպքում նորից դիտելու:
Հեռավար դասընթաց իրականացնելիս իմ պարտականությունն եմ համարում.
- Տեսապարապմունքից առաջ օրակարգը ծնողի հետ քննարկում եմ, որ երեխային չշեղեմ պարապմունքի ժամանակ, որպեսզի բոլոր անհրաժեշտ պարագաներն ու նյութերը երկու կողմում էլ պատրաստ կլինեն:
- Համակարգչի մեջ պարտադիր ունենալ ինչ- որ հաճելի երգ (օրինակ) կամ խաղ (օրինակ), որի միջոցով կվերականգնվի երեխայի ուշադրությունը:
- Հնարավորինս պահպանել նախապես պլանավորած ռեժիմը:
Հեռավար դասընթաց իրականացնելիս մշակել եմ հետևյալ ռազմավարությունը.
- Երբ երեխան հետաքրքրված է, դա իր ամենակենտրոնացած ժամանակն է, հետևաբար հստակ ժամ սահմանելու անհրաժեշտություն չկա:
- Մասնագիտական տեսապարապմունքն առանց այն էլ փոփոխություն է երեխայի համար, ուստի որոշ դեպքերում, առաջին պարապմունքից սկսած հնարավոր չէ միանագամից անցում կատարել դիջիթլ պարագաների: Ես լուսանկարել եմ երեխաներին արդեն ծանոթ խաղալիքներն ու քարտերը ու դրանց միջոցով շարունակել եմ աշխատել:
- Քանի որ այս պարագայում կրառելի չէ զուտ մասնագիտական, տեխնիկական միջամտությունը՝ ծնողը լիարժեք ներգրավվում է պարապմունքի մեջ, որպես մասնագետ:
- Ամեն օր նոր հմտություն տալը պարտադիր չեմ համարում, պարտադիր է գոնե հինը պահելը:
- Քաջալերում եմ ծնողին էլ, երեխային էլ:
- Տեսապարապմունքից հետո անպայման քննարկում ենք ունենում ծնողի հետ, հիմնականում հեռախոսի կամ սոցցանցի միջոցով:
Հեռավար դասընթաց իրականացնելիս կիրառելի հարթակներ.
- Zoom.us — շատ հարմար, հեշտ և բավարար ֆունկցիաներ ունեցող հարթակ է,
- Doxy.me — ունի մի շարք գործիքներ, այդ թվում շատ կիրառելի screen share,
- Facebook — հայտնի սոցիալական ցանց,
- Facetime — օգտագործվում է բացառապես iPhone, iPad կամ iPod touch սարքերում,
- Go To Meeting գործիքները սահմանափակ են:
Ես իմ պարապմունքների համար ընտրել եմ ամենամատչելի տարբերակը՝ (օգտագործման տեսանկյունից) Zoom.us հարթակը: Երբեմն կապ ենք հաստատում նաև Viber, WhatsApp կամ Facebook սոցիալական կայքերով:
Հեռավար դասընթաց իրականացնելիս օգտագործվող հավելվածներ, website-եր.
- Շատ կիրառելի, բազմաթիվ խաղերով ու ուսուցողական գրքերով հարուստ, գրավիչ կայք է Abcya.com-ը: Տարբեր տարիքների համար բաժիններ ունի: Zoom հարթակով աշխատելիս մտնում եմ այս էջ, ընտրում այդ օրվա համար նախապես որոշված խաղը և խաղում ենք միասին: Այս կայքում կան նաև տեխնոլոգիական աշխատանքներ ցույց տվող հոլովակներ, որոնք առաջարկում եմ մայրիկին դիտել և պատրաստել:
- Անչափ կիրառելի ոչ միայն հեռավար աշխատելու համար, ներառելով նաև նորը ստեղծելու հնարավորություն՝ Boom քարտեր : Այս կայքով հնարավոր է ստեղծել սեփական խաղ՝ տարբեր հասկացություններ ուսուցանելու համար: Ես առայժմ ստեղծել եմ «Մեջ, վրա, տակ, կողք, վերև, ներքև» հասկացություններ պարունակող և հատկանիշ ցույց տվող խաղերը:
- Vooks գրքեր — խոսող գրքեր են՝ ցավոք օտար լեզվով, բայց ինչպես ասում են անհնարին ոչին չկա. անձայն ռեժիմով պատմում ենք ինչ ուզենանք: Վճարովի կայք է, բայց 1 տարի անվճար օգտվելու հնարավորություն է տալիս, պետք է գրանցվել:
- Պարոն կարտոֆիլին հագցնելը զարգացնում է շարժումների կորդինացիան, երբեմն հենց սրանով էլ սկսում ենք տեսապարապմունքը: Խաղալիս զրուցում ենք՝ օգտագործելով դիր, վերցրու, վերև, ներքև, մեծ, փոքր, և այլ հասկացություններ:
- Հետաքրքիր հայալեզու բջջային հեռախոսի հավելված է հայբունենը: Քանի որ Zoom հարթակը թույլ է տալիս հեռախոսի էկրանը միացնել համակարգչին, ուստի սա ևս կիրառելի է: Ես բեռնել եմ հավելվածը, զումով պարապելիս հեռախոսի էկրանը screen share եմ անում համակարգչին և խաղում ենք միասին:
- Gus on the go -ը ևս հեռախոսի կամ պլանշետի հավելված է, բայց նորից անչափ կիրառելի ու անփոխարինելի: Հայբուբենի պես սա ևս ներբեռնել եմ հեռախոսիս մեջ և screen share-ի միջոցով կարողանում ենք խաղալ: Խաղը արևելահայերեն է, ես հիմնականում ձայնը անջատում եմ և ինքս եմ հրահանգները տալիս:
Այլ հետաքրքիր կայք էջեր, որոնցից ևս օգտվում եմ.
- Ուսուցողական խաղեր և փազլներ
- Ուսուցողական խաղեր և ոչ միայն
- Մաթեմատիկա, ընթերցանություն, արվեստ, երաժշտություն, փազլ, խաղեր, այլ գործիքներ միշտ գտնում եմ ինձ հարմար որևէ խաղ:
- Հետաքրքիր խաղերի կայք էջ
- Ցանկացած հմտություն զարգացնելու կայք էջ է, որը հմտությունները ամրապնդելու համար լավագույն օգնականն է:
- Պարապմունքի ընթացքում կամ վերջում մի փոքր ցրվելու համար, հիմնականում ընտրում եմ այս կայքի տարբերակներից մեկը: Ուշադրության, հիշողության մարզանքների գանձարան է:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան