Քանի որ ինձնից առաջ հոդված գրած սեբաստացիները, գրեթե բոլորը, իրենց հրապարակումներում շատ են խոսել համավարակի և դրա արդյունքում ստեղծված հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի մասին, միանգամից կանցնեմ իմ հիմնական ասելիքին:
Հիմա մեզանից անկախ այնպիսի մի իրավիճակ և հնարավորություն է ստեղծվել, որ ծնողներն անմիջականորեն մասնակցում են իրենց երեխայի ուսումնական գործընթացին՝ օգնում-աջակցում են նրան, միասին աշխատում են, լսում են իրար, միմյանց հարցեր են տալիս, հանգիստ զրուցում-կիսվում են, որոնք մինչ այդ գուցե և չէր ստացվում կամ դժվարությամբ էր ստացվում: Մի խոսքով՝ հիմա յուրաքանչյուր ծնող ունի հնարավորություն զբաղվելու իր երեխայով։
Եվ քանի որ կրթահամալիրում նախագծային ուսուցում է իրականացվում, հեռավար-առցանց ուսուցման այս փուլում սովորողի հետ ընտանիք մուտք գործեց նաև նախագիծը՝ դառնալով ընտանեկան, այսինքն՝ սովորողն ու ծնողը (ընտանիքի անդամը) միասին են իրականացնում նախագծային ուսուցումը, նրանք միասին կրթությամբ են զբաղված, ընտանիքը վերածվել է ընտանեկան դպրոցի:
Հեռավար-առցանց ուսուցման շրջանում իմ իրականացրած նախագծերից ես կառանձնացնեմ հասարակագիտական մի նախագիծ, որը այս գրեթե մեկ ամսվա ընթացքում դարձավ իրական ընտանեկան նախագիծ, ներթափանցելով սովորողի ընտանիք՝ «ապրեց» և զարգացավ (դեռ շարունակում է զարգանալ) ընտանիքում, և որի իրականացման անմիջական մասնակիցը դարձավ նաև սովորողի ընտանիքի անդամը:
Քանի որ կրթահամալիրի օրացույցով մարտի 6-ապրիլի 10-ը հասարակագիտական ստուգատեսի շրջան է, հեռավար-առցանց ուսուցման շրջանում սովորողներին առաջարկեցի հասարակագիտական ստուգատեսային նախագծեր, որոնցից սովորողներին առավել հետաքրքրեց և նրանց կողմից ընդունվեց «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» նախագիծը:
Մինչ հեռավար-առցանց ուսուցման անցնելը, երբ դեռ ուսումնական գործընթացն իրականացվում էր ֆիզիկական միջավայրում՝ դպրոցում, և նախագիծը քննարկում էի սովորողների հետ, մտավախություն ունեի, որ այն կարող է այնքան էլ չհետաքրքրել սովորողներին, քանի որ այս սերունդը ականատես չի եղել հայ և ադրբեջանցի ժողովուրդների՝ միմյանց հետ ունեցած կապերին, շփումներին, միասին, կողք կողքի ապրելուն, այլ ընդամենը Հայոց պատմության դասագրքերից գիտեն Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, և կարծում են, թե մշտապես թշնամական են եղել երկու հարևան ժողովուրդների հարաբերությունները: Սակայն, ի զարմանս ինձ, սովորողները տեղերից սկսեցին արձագանքել՝ «իմ տատիկն ու պապիկը եկել են Կիրովաբադից», «մեր գյուղը նախկինում ադրբեջանաբնակ գյուղ է եղել», «մեր տունը ադրբեջանցու տուն է եղել, որը մենք ամբողջովին ձևափոխել ենք», «մեր գյուղում մինչև հիմա կան ադրբեջանցիների պահպանված աղոթատեղիներ» և այլն։ Այս ամենն ինձ ոգևորեց, հասկացա, որ նախագիծը կարող է կյանքի կոչվել…
Եվ ահա, հեռավար-առցանց ուսուցման այս շրջանում, երբ ուսուցումը տեղափոխվեց ընտանիք, այս նախագիծը դարձավ իրական-կենդանի ընտանեկան նախագիծ, քանի որ սովորողը կարող էր նախագիծն իրականացնել բացառապես տատիկ-պապիկի, ծնողի կամ ընտանիքի անդամի օգնությամբ և անմիջական մասնակցությամբ՝ իրենց հիշողությունները թարմացնելով, տեսածն ու լսածը սովորողին փոխանցելով, միասին աղբյուրները ուսումնասիրելով:
Սովորողներին տրված էր հանձնարարություն՝ զրուցել ընտանիքի անդամների՝ ծնողների, տատիկ-պապիկների հետ, ովքեր կարող են պատմել Հայաստանում բնակված ադրբեջանցիների, հայ և ադրբեջանցի ժողովուրդների շփումների մասին, իսկ հետաքրքիր վարկածները, տեղեկությունները, փաստերը գրել բլոգներում, նաև պատրաստել հետաքրքիր տեսանյութեր, ձայնագրություններ զրույցի շուրջ:
Սովորողները վերցրին իրենց մեդիագործիքները և անցան գործի՝ հարցախեղդ անելով տատիկ-պապիկներին, ծնողներին, այլ հարազատների՝ պատրաստելով հետաքրքիր տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ, որոնցում արտացոլված են ամբողջովին իրական-կենդանի պատմություններ երկու ժողովուրդների հարաբերությունների և շփումների մասին:
Սովորողների աշխատանքների իմ ընտրանուց.
-Գրիգոր Գրիգորյան-8-րդ դասարան
Միջին դպրոցի սովորող Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հետաքրքիր ռադիոնյութ, որտեղ սովորողի պապիկը պատմում է Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի և Ղարադաղլու գյուղերում ապրած ադրբեջանցի և հայ բնակիչների շփումների ու հարաբերությունների մասին:
-Մուշեղ Պապիկյան-8-րդ դասարան
Միջին դպրոցի սովորող Մուշեղ Պապիկյանի պատրաստած ռադիոնյութն է, որտեղ հայ-ադրբեջանական շփումների և հարաբերությունների մասին պատմում է նրա սեբաստացի տատիկն ու դասավանդողը՝ Արցախում ծնված-մեծացած Կարինե Պետրոսյանը:
-Միլենա Քամալյան-8-րդ դասարան
Միջին դպրոցի սովորող Միլենա Քամալյանը բազմաթիվ տեղեկությունների հետ մեկտեղ ներկայացնում է ռադիոնյութ, որտեղ սովորողի տատիկը պատմում է Կապանում ունեցած ադրբեջանցի ընկերուհու մասին, որի հետ կապն ընդհատվել է արցախյան հակամարտությունից հետո. «Իմ ընկերուհու անունը Մաթամ էր, նա շատ բարի, ազնիվ, հոգատար աղջիկ էր: Արցախյան պատերազմից հետո վերադարձել է Բաքու, ամուսնացել, ունի երեխաներ, սակայն մեր կապն այդպիսով ընդհատվել է»…
Սովորողների հետաքրքրությունը հենց սկզբից նկատելի էր, որն իմ գլխավոր խնդիրն էր: Քանի որ մեր մյուս հարևանների մասին սովորողները շատ թե քիչ տեղեկացված են, տարբեր առիթներով եղել են Վրաստանում, Իրանում և Թուրքիայում, իսկ Ադրբեջանի և ադրբեջանցիների մասին ընդամենը լսել են, այն էլ՝ հայ-ադրբեջանական հակամարտության և թշնամական հարաբերությունների տեսակետից, այդ դեպքում կարևոր էր շարժել սովորողների հետաքրքրությունը նախագծի հանդեպ, որը, հուրախություն ինձ, ստացվեց:
-Դանիել Միզրաչի-9-րդ դասարան
Ավագ դպրոցի սովորող Դանիել Միզրաչին գրի է առել իր ծնողների պատմածը: Ի դեպ, Դանիելը ֆիզիկական միջավայրում գրեթե չէր աշխատում, բայց ահա, հեռավար-առցանց պայմաններում այսպիսի աշխատանք է կատարել՝ «Քանի որ իմ հայրը զինվորական է, մենք մի ընթացք ապրում էինք Տավուշի մարզի Բերդ քաղաքում, կամ որ նույնն է՝ Շամշադինում։ Մենք ապրում էինք Սեդիկ տատիկի տանը, ով ուներ բազում պատմություններ և շատ լավ հիշողություններ մեր երկրում ապրած ադրբեջանցիների մասին»…
-Հակոբ Բասկովչյան-11-րդ դասարան
Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ապրող Հակոբ Բասկովչյանը գրում է. «Ներկայումս դեռ մասամբ գյուղում պահպանվել են ադրբեջանցիների հատուկ աղոթատեղիները (մզկիթներ), որոնք հայերը վերածել են անասնագոմերի: Գյուղերի անունները նույնպես հայերը փոխել են: Օրինակ՝ Դեմրճի-Դարբնիկ, Շոռլու-Ձորակ, Բիթլիջա-Բարձրաշեն, Նիզամի-Սայաթ Նովա և այլն»…
-Մարիամ Ժամկոչյան-11-րդ դասարան
Ավագ դպրոցի սովորող Մարիամ Ժամկոչյանը գրի է առել իր պապիկի պատմածը, ով սովորել է ռուսական դպրոցում ադրբեջանցի աշակերտների հետ միասին.«Պապիկս ծնվել է Խաչակապ գյուղում: Սովորել է տեղի ռուսական դպրոցում: Դասարանում եղել են նաև ադրբեջանցի աշակերտներ և ուսուցիչներ: Դասավանդվող 3 լեզուներից մեկը եղել է ադրբեջաներենը»…
Կարևոր խնդիր էր նաև նախագիծը ընտանեկան դարձնելը, ընտանիքի անդամին նախագծում ներառելը, որովհետև Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին սովորողին կարող է պատմել հիմնականում ընտանիքի անդամը՝ տատը, պապը, ծնողը կամ այլ անդամ, որը դեռ պահպանում է հիշողություններ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շփումների մասին: Այս խնդիրը ևս լուծված եմ համարում, քանի որ գրեթե բոլոր աշխատանքներում երևում է սովորողի ընտանիքի անդամը, հիմնականում տատն ու պապը, որոնք ամենաշատ հիշողություններն ունեն ադրբեջանցիների մասին:
-Միքայել Մնացականյան-12-րդ դասարան, հեռավար սովորող
Հետաքրքիր էր նաև հեռավար ուսուցմամբ սովորողի արձագանքը նախագծին: Միքայելը 2019-2020 ուս. տարվա շրջանավարտ է, ով հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան հատուկենտ ադրբեջանցիներ, ովքեր 1988-ից հետո ինչ-ինչ պատճառներով չեն հեռացել և շարունակում են մեր մեջ ապրել՝ չթաքցնելով իրենց ազգությունը: Վաղարշապատում բնակվող Ֆելիքս Ալիևը Հայաստանի վերջին 50 տարիների ծանրամարտի ամենահայտնի մարզիչներից է և պատրաստել է աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ մեդալակիրներ: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բաղանիս գյուղում բնակվող Համավախ Սաֆար կըզը Ադիգյոզալովան թոռներ է մեծացրել»…
-Մանե Սարգսյան-11-րդ դասարան, հեռավար սովորող
Մանեն ապրում է Կանադայում, Ավագ դպրոցի հեռավար սովորողներից է և ներկայացնում է իր ուսումնասիրությունը հայերի և ադրբեջանցիների շփումների մասին.«Գոյություն ունի մի գիրք, որը կոչվում է «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով», որտեղ պատմվում է հայերի ու ադրբեջանցիների շփումների մասին. «Լավ էր, գնալ-գալ կար, ընկերություն կար. հրես ասա, իմ հետեւի հարեւանը թուրք էր, իրանք թոնիր ունեին, ինքը խմորն էր անում, կանչում էր՝ արի, էսօր խմոր եմ արել, հաց չե՞ս անում, դու էլ արա: Անում էի, ինքն էլ թխում էր, ինքն էլ չէր թողնում ես թխեմ, ինքն էր թխում»,- պատմել է լեհվազցի մի 80-ամյա կին»…
Տատիկն ավելացնում է, թե ադրբեջանցիներն էլ չէին ցանկանում, որ պատերազմ լիներ, այլ «սաղ նրանց կառավարությունն ա բիզբիզ ըրալ, կռեվ քիցալ հայի ու թորքի մեջ»…
Սովորողների նախագծային աշխատանքային ամբողջական փաթեթը՝ նախագծում.
Սովորողների գրածին մի փոքր էլ ես ավելացնեմ…ես ծնվել-մեծացել եմ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում: Ժամանակին գյուղը սահմանակից էր ադրբեջանաբնակ Ջիջուլմի գյուղին՝ ընդամենը երեք կիլոմետր հեռավորությամբ, և երկու գյուղերի միջև եղել են բավականին ջերմ շփումներ՝ մինչև 1988-1989 թվականները, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին լարվել:
Պապիկս ունեցել է ադրբեջանցի ծանոթ-ընկերներ, մենք ասում ենք՝ քիրվաներ, որոնք տարբեր առիթներով մեր տուն էին գալիս, իսկ մեր տնից առանց մի կտոր հաց կտրելու անհնար էր գնալ: Ադրբեջանցի հյուրերը մեր գյուղի ցանկացած օջախում պատվավոր հյուրեր էին, իսկ կոռնիձորցիները՝ իրենց օջախներում:
Հայրս պատմում է.«Երբ քիրվեքը (քիրվաները) գալիս էին, մայրս մեզ տափին (հատակին) էր քնեցնում, ասում էր անկողնում թող ղոնաղները (հյուրերը) քնեն»…այ այսպիսի հարգանք կար երկու ժողովուրդների միջև։ Նույն հարաբերությունների արդյունք է նաև բազմաթիվ բառերի փոխանցումը միմյանց լեզվի։
Քանի որ խոսքս երկարում է, ես այս թեմայով թերևս կգրեմ մի առանձին հոդված, որտեղ կներկայացնեմ ավելի շատ կոռնիձորցիների հիշողություններ։
Ահա այսպես, երկու ժողովուրդների հարաբերությունների և շփումների պատմությունը վեր հանող նախագիծը ընդունվեց սովորողների կողմից, նրանց միջոցով նախագիծը մուտք գործեց ընտանիք, զարգացավ ընտանիքում՝ դառնալով հասուն նախագիծ, որի զարգացումը և տարածումը դեռ շարունակվում է…
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան