«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթության մեջ մտնում է բլոգային ուսուցումը։ Բլոգը սովորողի աշխատանքային կարևոր գործիքն է, նրա ուսումնական գործունեության հայելին: Բլոգային ուսուցումը սովորողի համար հարմար հարթակ է։ Այստեղ սովորողը տեսանելի է բոլոր կողմերից։ Երևում է ուսումնական ողջ գործունեությունը՝ իր արդյունքներով, զարգացմամբ։ Բլոգը բաց է և թափանցիկ, ուստի պիտի լինի երևելի բոլոր առումներով՝ սկսած արտաքին տեսքից մինչև մեդիագրագիտություն, բովանդակություն։ Կրթահամալիրում գործող բլոգները ուսումնական են, պարտադիր ուսումնական պլանով։ Կրթահամալիրի երրորդ դասարանում սովորողն ավարտում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը և նոր կրթական աշխարհ պիտի մտնի՝ արդեն որպես բավականին հմուտ և գրագետ բլոգեր։ Նրա այս կարևոր ուսումնական գործիքը պիտի ունենա կոկիկ տեսք և ուսումնական բազմաշերտ բովանդակություն։
Ուսումնական երրորդ շրջանում սովորողները մասնակցում են «Ես կարողանում եմ» ստուգատեսին։ Հեռավար ուսուցումը մեզ հնարավորություն է տալիս այդ ստուգատեսն անցկացնել առցանց։ Այսինքն՝ ընտանեկան ուսուցիչն ու իր սանը հանձնում են մեդիահմտությունների յուրատեսակ ստուգատես՝ գրանցելով իրենց իմացածն ու չիմացածը, արձանագրելով բագթողումները։ Նախ՝ սովորողներն իմ առաջարկով ինքնուրույն փորձեցին գտնել և ուղղել բլոգում եղած խնդիրները, ծնողներն էլ, մասնակցելով բլոգուսուցման կարողությունների արձանագրմանը, հաշվետվությամբ ներկայացրին իրենց դիտարկումները, առաջացած խնդիրները։ Հաջորդ քայլով դասարանի սովորողների բլոգների վերաբերյալ դիտարկումներ կատարեցինք երկարացված օրվա կազմակերպչի օգնությամբ, միասին առանձնացրինք այն բացթողումներն ու վրիպումները, որոնք կան սովորողների բլոգներում։ Շաբաթվա վերջին կազմակերպեցի առցանց հանդիպումներ, որին մասնակցեցին նաև ծնողները։
Միասին ուսումնասիրեցինք սովորողի բլոգին ներկայացվող պահանջները։ Կետ առ կետ անդրադարձա պահանջներին, ծնողների օգնությամբ շտկեցինք թերությունները՝ կապված լեզվի, բլոգի անվան և այլ տեխնիկական հարցերի հետ։ Ուշագրավ է, որ հմուտ բլոգավար-ծնողներն իրենց ուղղորդումներով օգնում էին ինձ՝ ավելի մատչելի ներկայացնելու բլոգուսուցումը հեռավորությունից։
Հաջորդ տեսադասում խոսեցինք սովորողների բլոգների բաժիններից ու դրանց ահռելի քանակից (սովորողներից մի մասի մոտ ամեն աշխատանք դրված էր առանձին բաժնով՝ ինչքան նյութ, այդքան բաժին)։ Ըստ սովորողի բլոգին ներկայացվող պահանջների՝ թողեցինք առարկաների անվանումները, պարտադիր բաժինները և նյութերի մեծ պաշարը տեսակավորեցինք, խմբավորեցինք իրենց բաժիններում։
Հաջորդ տեսադասով ներկայացրի գործողությունների այն շղթան, որը մեզ օգնեց սովորողների, դասավանդողների բլոգների հղումները տեղադրել սովորողների բլոգներում։
Բացի տեսադասերից բլոգուսուցման ամենօրյա փոքր դասընթացներ են տեղի ունենում նամակագրությամբ, նկարների փոխանցմամբ, հարցուպատասխանի միջոցով։ Այս ամենն ամբողջանում է կրթահամալիրի դասավանդող Նվարդ Սարգսյանի՝ բլոգուսուցման վերաբերյալ տեսադասերի փաթեթով։
Ներկայացնում եմ նաև ծնողների կարծիք-դիտարկումներից։
«Այս շաբաթ մեր երեխաները և, իհարկե, մենք՝ ծնողներս, ունեցանք բլոգուսուցման դասընթացներ: Ասեմ, որ բավականին հետաքրքիր աշխատանք էր և ուսուցողական և′ երեխաների, և′ մեզ համար: Մեր ուսուցչուհին՝ ընկեր Լիլիթը, բավականին մեծ համբերատարությամբ աշխատում էր ողջ դասարանի հետ՝ պատասխանելով բոլորիս հարցերին: Շնորհակալություն եմ հայտնում մեր ուսուցչուհուն նման վերաբերմունքի և հոգածության համար»։
Պետրոսյան Էմմայի մայրիկ
«Դպրոցից մեզ օգնում են, ուղղությունը տալիս, ինձ էլ մնում է հետաքրքիր կազմակերպել այս ամենն ու հետևել, որ հանկարծ ոչինչ չանտեսենք։ Ա՛յ, այստեղ է երբեմն դժվար։ Այս շաբաթ էլ բլոգն էինք կարգի բերում։ Տղաս ինչ գիտեր, ինձ սովորեցրեց, ես էլ կայքում տեղադրված տեսանյութերից մի քանի բան սովորեցի, մի երկու նամակ էլ ընկեր Լիլիթի հետ փոխանակեցինք ու կարգի բերեցինք բլոգը՝ «Իմ բլոգի մասին»:
Առաքելյան Գեղամի մայրիկ
Հիմա շատ լավ ենք հասկանում այն ուսուցիչներին , որոնք նաև ծնող են և մեզ նման ունեն ընտանեկան հոգսեր։ Գնահատում ենք այն փաստը, որ մեր ուսուցիչներն օրվա մեջ մի քանի ժամ մեր երեխաների հետ համբերատար տեսադաս են անցկացնում, որն այնքան էլ հեշտ չէ կապի տեխնիկական խնդիրների պատճառով։
Իմ կարծիքով, այս տեսադասերն էլ, «տեսանյութերն էլ շատ են օգնում մեր երեխաների ազատ արտահայտվելուն, անկաշկանդ, համարձակ շփվելուն։ Օրինակ ես՝ իմ երեխայի հետ սովորել եմ բլոգավարություն, տեսանյութեր պատրաստել»։
Ավագյան Հարությունի մայրիկ
«Բլոգի հետ կապված սկզբում դժվարություններ կային, բայց կարողացանք դրանք հաղթահարել: Առայժմ մենք այդ խնդիրները միասին ենք հաղթահարում»:
Ղուկասյան Վահանի մայրիկ
Այսպիսով՝ այս յուրօրինակ ուսումնական անսահման պահոցը՝ բլոգը, մեզ տալիս է ոչինչ չկորցնելու եզակի հնարավորություն, ապահովում է ինքնակրթություն, այդ թվում՝ մեդիակրթության զարգացման շարունակականություն՝ նպաստելով բլոգերի՝ կրթության բարձունքներ անընդհատ հաղթահարելուն։ Կարծում եմ՝ հաղթահարել ենք բլոգավարությանն առնչվող հիմնական դժվարությունները, ինչին այս անգամ մեծապես աջակցել են ընտանեկան դպրոցի ուսուցիչները։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան