,, Կատարելությունը ժամում հազար կամ միլիոն մղոն անցնելը չէ և ոչ իսկ լույսի արագությամբ թռչելը, քանզի յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագությունը այնտեղ հայտնվելն է,,։ Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Ռիչարդ Բախ
Դիմացս համակարգչի էկրանն է՝ սովորողներիս սիրուն, բայց ոչինչ չասող նկարներով։ Չեմ տեսնում սովորողների աչքերը։ Իսկ ես այնքա՜ն սովոր եմ աչքերին նայել։ Սովորաբար հայացքից եմ հասկանում՝ մնա՞ց անհասկանալի բան, համաձայնե՞ց, տարակուսե՞ց․․․ Աչքերի միջի հարցականը արագ եմ բռնում։ Ուսուցչական հմտություն է 20-25 հայացք միանգամից քո տեսողական դաշտում պահելը։ Իսկ էսպե՞ս։ Ա՜յ քեզ վիճակ․․․ Տեսախցիկները չենք միացնում․ համացանցի թույլ լինելը դրա հնարավորությունը չի տալիս։ Մնում է ձայնը, շունչը, երբեմն ասելիքը շտապ ասելու հևքը, երբեմն էլ սովորողիդ ուղղակի զգալու տարիների մեջ մշակված հմտությունը։ Քեզ յուրային ընկալող սովորողիդ լռությունն անգամ էկրանից այն կողմ խոսուն է։
,,Երբեք մի ասեք՝ ես չեմ կարող, դրանով դուք զրկում եք ձեզ ամենակարողությունից,,։
Գլխի ընկաք, իհարկե։ Ռիչարդ Բախի ,,Ջոնաթան Լիվինգսթոն ճայն,, ենք վերլուծում։
Գոհ եմ արդյունքից։ Բուռն էր քննարկումը։ Ինչքան էլ որ դժվար է առցանց քննարկում կազմակերպելը, բայց մտքերի հախուռնությունը, ոգևորությունը, բոլորի ասելու-խոսելու ցամկությունը սիրելի է, և երբեմն ուղղակի թույլ ես տալիս, որ բոլորը միաժամանակ խոսեն։ Զվարճալի է․ գիտե՞ք, երբ ոչ կարող ես սաստել , ոչ իմաստ ունի, ոչ արդյունք կարող է տալ։ Թողնում ես, որ սովորողների խոսքը մեղուների բզզոցի պես լցվի ականջներդ և դեմքիդ ժպիտ դառնա։ Հաճելի անզորություն է։
Դուրս են գրել իրենց կարևորած մտքերը և ձայնագրվել։ Լսեք մի քանիսը, հետաքրքիր է։
Արթենի Ջանիկյան
Հարությունյան Միլենա
Պետրոսյան Հայկ
Ալինա Արզումանյան
Սա էլ ընտանեկան նախագծերից է։ Սաթինե Տեր-Պետրոսյանն ու մայրիկը քննարկում են ,,Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Հասուն քննարկում է։ Մայրիկի մտքերը հետաքրքիր են։ Ինչո՞վ ուսուցում չէ։ Մայրը իր դստրիկի հետ խոսում է կատարելության անընդհատության, ձգտման և այլ հարցերի մասին։
Ո՞րն էր իմ՝ ուսուցչիս դերն այստեղ։ Ես առաջարկել եմ կարդալ մի գործ, որը հետաքրքրել է նաև ծնողին։ Այո՛, Ռիչարդ Բախի այս գործը բազմաշերտ է, ինչպես գեղարվեստական բարձր արժեք ունեցող շատ ստեղծագործություններ, և դրանով իսկ հետաքրքիր տարբեր տարիքի ընթերցողների համար։ Ուրախ եմ, որ իմ անուղղակի միջամտությամբ այս գործը մտավ ընտանիք։
Մյուս կարևոր գործը, որ ես անում եմ, այն է, որ այս քննարկումը ուղարկում եմ իմ մյուս սովորողներին։ Ինչո՞ւ պիտի սովորողը միայն իր ուսուցչի կարծիքը լսի այս գործի մասին։ Սա լավ հնարավորություն է, որ սովորողը նաև այլ հայացքի, մոտեցման հետ ծանոթանա, լսի իր դասընկերոջ՝ Սաթինեի և նրա մայրիկի ընտանեկան քննարկումը։ Գուցե սա օրինակ լինի, որ ինքն էլ տանը՝ ընտանիքում, այսպիսի քննարկումներ կազմակերպի։ Ինչո՞ւ ոչ։ Սա ուսուցում չէ՞։
Ընտանեկան նախագծի իրականացման մյուս կարևոր գործոնը։ Մենք ունենք շատ մասնագետ, իրենց գործին նվիրված ու դրանով ոգևորված ծնողներ։ Ինչո՞ւ չօգտագործել այդ մեծ ներուժը։ Բացառիկ պայմաններ են ստեղծված ծնողին ուսումնական գործում ներառելու համար։
Հայկ Պետրոսյանը ընտանեկան նախագիծ է ներկայացրել։ Կարդում են մայրիկը, մորաքույրը, քույրը։ Մայրն ու մորաքույրը ընթերցում են Ժակ Պրևերի ,, Ավելի վատ,, և Սենտ Էքզյուպերիի ,,Փոքր քայլերի արվեստը,,, գործերը, քույրիկը՝ Հովհ․ Թումանյան։
Լավ առիթ է Սենտ Էքզյուպերիի ,,Փոքր քայլերի արվեստը,,, և Ժակ Պրևերի ,,Ավելի վատ,, գործերին անդրադառնալու։ Բարձրարժեք ստեղծագործություններ են։ Այս նյութերը առաջարկել եմ ութերորդ դասարացիներին՝ որպես ընթերցանության նյութ։ Եվ քննարկումը վարելու են Հայկի մայրիկն ու մորաքույրը։ Նրանք սիրով համաձայնեցին։ Հայկի մայրիկը նաև կինոբեմադրիչ է։ Ինչո՞ւ առիթը չօգտագործենք և չլսենք նաև այդ հետաքրքիր մասնագիտության մասին։ Քննարկումը առցանց հարթակում կլինի վաղը՝ մարտի 7-ին, մեր ուսումնական պարապմունքի ժամին՝ 16․30։
Թիլա Փամբուկյանը ևս ներկայացրել է ընտանեկան նախագիծ։ Թիլայենց ընտանիքը Լիբանանից է տեղափոխվել Հայաստան։ Մայրիկը այնտեղ մասնագիտացել է բնական քարերի մշակման մեջ։ Խոսում է արևմտահայերեն։
Փամբուկյան Թիլա և մայրիկ — Մայրիկը պատմում է իր մասնագիտության մասին
Նախ՝ հետաքրքիր է բնական քարերի մասին տրված տեղեկությունը։ Թիլայի մայրիկը սիրով և մանրամասն բացատրում է այդ քարերի առանձնահատկությունները։ Տեսանյութի մյուս կարևոր առանձնահատկությունը արևմտահայերեն խոսքն է՝ լեզվի կրողի անուշ առոգանությամբ։ Ինչո՞ւ զրկել սովորողին այս բնական հաղորդակցության միջոցից։ Տեսանյութը ուղարկել եմ սովորողներին և խնդրել եմ Թիլայի մայրիկին առցանց հարթակում պատասխանել սովորողների հարցերին։
Մյուս տեսանյութը Նարեկ Հարությունյանի և մայրիկի զրույցն է Մեծ պահքի մասին։ Նարեկը նոր է տեղափոխվել մեր դպրոց։ Ընտանիքի մասին ես քիչ բան գիտեմ։ Բայց գիտեմ, որ Նարեկը դպիր է եկեղեցում։ Համեստ, խելացի, շնորհալի տղա է մեր նոր սեբաստացին։ Որպես ընտանեկան նախագիծ՝ նա այս հարցազրույցն է ներկայացրել։
Նարեկ Հարությունյան և մայրիկ — Ի՞նչ է պահքը
Այո, Նարեկի մայրիկը էսպիսին պիտի լիներ։ Խոսքը հստակ, պարզ, հասկանալի։ Երևում է, որ ամբողջությամբ տիրապետում է նյութին։ Ես սիրով և ուշադրությամբ լսեցի։ Կառաջարկեմ նաև սովորողներին լսել այն։ Նարեկի մայրիկն էլ պիտի խնդրեմ առցանց հարթակում պատասխանել իմ և սովորողների հնարավոր հարցերին և հարցադրումներին։
Ընտանեկան դպրոցն իր ողջ հմայքով գործում է ոչ միայն սովորողների, այլև ուսուցիչներիս համար։։ Ինչո՞ւ ոչ։ Ունենալ էսպիսի կիրթ, ուսյալ, բազմաշնորհ համայնք և չօգտվել այդ ներուժի ունկնդիրը լինելու հնարավորությունից, նշանակում է ուսումնական գործի անընդհատությունը, հաղորդակցության կարևորությունը և փորձի փոխանցման բնական ճանապարհը չընկալել։
,,Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց,,։ ,,Ջոնաթան Լիվինգսթոն ճայը,,։ Ռիչարդ Բախ