«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի բոլոր դպրոցներում բակային աշխատանքներն իրականացվում են որպես ուսումնական ծրագրի շարունակական բաղադրիչ։ Կրթահամալիրի տարբեր մասնաճյուղերում տեխնոլոգիայի, ինչպես նաև բույսերի և կենդանիների խնամքով զբաղվող սովորողները ներգրավված են դպրոցական բակերի բարեկարգման, կանաչապատման և խնամքի շուրջտարյա աշխատանքներում։

Սովորողները դպրոցների բակերում տնկում են ծառեր և թփեր, ցանում են սիզախոտ, այնուհետև տարվա ընթացքում հետևողականորեն խնամում են իրենց տնկած բույսերը։ Այս աշխատանքները հնարավորություն են տալիս դասերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում․ սովորողները ձեռք են բերում   աշխատասիրություն, պատասխանատվություն և բնության նկատմամբ գիտակցված վերաբերմունք։

Կրթահամալիրում կարևոր տեղ է զբաղեցնում նաև շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործունեությունը։ Ծառերից թափված տերևները  դեն չենք նետում․ յուրաքանչյուր դպրոցում առանձնացված է հատուկ հատված, որտեղ հավաքում են տերևներն ու բուսական մնացորդները և պատրաստում կոմպոստ։ Գարնանը ստացված զանգվածը խառնվում է հողին և կրթահամալիրի Ուսումնական ագարակից բերված գոմաղբին, ինչի արդյունքում ստացվում է պարարտ հող, որը սովորողներն  օգտագործում են դպրոցական բակի հողը պարարտացնելու համար։

Սովորողները մասնակցում են նաև թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացներին՝ համագործակցելով tapon.am-ի հետ։ Թղթային թափոնները հավաքվում են համապատասխան արկղերում և տեղափոխվում արտադրամաս՝ վերամշակման համար։ Դպրոցներում հավաքված պլաստիկե շշերը փոխանցվում են պլաստիկի արտադրամաս, իսկ խոհանոցներում առաջացած սննդի մնացորդները տեղափոխվում են Ուսումնական ագարակ՝ որպես կենդանիների կեր։

Բակային աշխատանքները կրթահամալիրում կազմակերպվում են ուսումնական, հայրենագիտական և հանրօգուտ աշխատանքների ընթացքում։ Սովորողները ձեռք են բերում գործնական հմտություններ, սովորում են համագործակցել, պատասխանատվությամբ վերաբերվել իրենց դպրոցական միջավայրին և շրջակա բնությանը։ Այս գործընթացը նպաստում է գիտակից, նախաձեռնող և սոցիալապես պատասխանատու սովորողի ձևավորմանը՝ ամրապնդելով նրանց կապը իրենց դպրոցի, համայնքի և բնության հետ։

Բույսերի և կենդանիների խնամքով զբաղվող սովորողների հանրօգուտ աշխատանքները շուրջտարյա են, և հենց այդ պատճառով որոշեցինք նախաձեռնել «Կանաչ օր կրթական պարտեզում» նախագիծը։

Նախագիծը մեկնարկել է 2024–2025 ուսումնական տարվա ապրիլ ամսին։ Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց նախագծին մասնակցում է իր նախաձեռնություններով։

Նախագծի կարևոր առանձնահատկությունն այն է, որ փորձում ենք մեր աշխատանքներում ներգրավել առանձին անհատների, ծնողների և կրթական այլ ծրագրերի մասնակիցների՝ ստեղծելով համագործակցային և կենդանի կրթական միջավայր։

Առաջին համագործակցությունը եղել է «Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets» ընկերության և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հետ։ Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets ընկերության աշխատակիցները և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցի սովորողները Սարալանջում տնկել են հարյուրից ավելի վայրի նշենի, խնձորենի և կաղնի։

Ահա՛ տիար Բլեյանի հաղորդումը այդ օրվա աշխատանքների վերաբերյալ։

Կրթահամալիրի դպրոցներում հանրօգուտ աշխատանքներն ամենօրյա գործունեություն են, բայց որոշեցինք յուրաքանչյուր հինգշաբթի իրականացնել «Կանաչ օր» կրթական պարտեզում նախաձեռնությունը՝ շաբաթվա աշխատանքների ներկայացմամբ և նոր համագործակցությունների ստեղծմամբ։ Յուրաքանչյուր հինգշաբթի՝ երկրագործական աշխատանքներ կատարելուց հետո, աշխատող սովորողները վայելում են խոհարարության խմբի տեխնոլոգ-սովորողների թխած հացով և պանրով պատրաստված բրդուճները։

Դասավանդողի համար մեծ ձեռքբերում է այն, որ սովորողն իր ձեռքով կարողանում է տնկել ծառ կամ թուփ, հետևողականորեն ջրում և խնամում է այն, ապա հոգնած նստում է քարին և երգու պարով վայելում է ընկերների թխած հացից պատրաստված բրդուճները։

Սովորողների հետ ստեղծեցինք կայք, որտեղ հրապարակվում են կանաչ օրվա բոլոր աշխատանքները։

Աշխատանքները նույն եռանդով շարունակվեցին մինչև ամառ։ Ամռան ընթացքում կրթահամալիրի սովորողները և դասավանդողները խնամել են գարնանը տնկված ծառերն ու բույսերը։

2025-2026 ուսումնական տարվա աշնանը «Կանաչ օր կրթական պարտեզում» նախաձեռնությունը շարունակվեց նույն ռիթմով՝ յուրաքանչյուր հինգշաբթի, օրվա գրաֆիկով։ Երկու ամիս անընդհատ ընթանում էին աշխատանքներ։

Համագործակցություն ունեցանք Օհանյան կրթական կենտրոնի և «ԷՅ Թի ՓԻ» ընկերության հետ։ Համագործակցության արդյունքում ձեռք բերեցինք 60 բարբարիսի տնկի, 60 սիրիական վարդի տնկի և 10 հացենի։ Համագործակցության մասին պատմում է 8-րդ դասարանի սովորող Էրիկ Հակոբյանը։

 Օհանյան կրթական  կենտրոնը սեմինար կազմակերպեց սեբաստացիների համար, որը բավականին գիտելիքներ և փորձ փոխանցեց մեր սովորողներին։ Այս համագործակցությունը շարունակական է։

Ծառերն ու թփերը տնկվեցին կրթահամալիրի բոլոր դպրոցներում։ Կրթահամալիրի դպրոցներում համագործակցությունները բազմաթիվ են։

Հաջորդ համագործակցությունը  «Պտղատու ծառեր» նախաձեռնության համակարգողի հետ է,  գարնանը մեզ կտրամադրեն 20 պտղատու ծառ, որոնք կտնկենք կրթահամալիրի դպրոցներում։

Արատես դպրական կենտրոնի կրթական միջավայրը շատ ու շատ սեբաստացիների գիտակցության զարգացման համար կարևոր դեր է կատարում։ Դեպի Արատես եռօրյա ճամփորդությունները յուրաքանչյուր սովորողի ավելի են մոտեցնում բնությանը և իրական կյանքին։

2025–2026 ուսումնական տարվա աշնանը Արատեսում տնկվեց 60 խնձորենի, տանձենի, սալորենի և բալենի։ Արատեսում հանրօգուտ աշխատանքները շատ են։

Բերքահավաքի ժամանակ սովորողների զրույցներին հետևելն ինձ համար շատ հետաքրքիր է․ ինչպես են մեկը մյուսին սովորեցնում խնձորը ճիշտ քաղել, որ չվնասվի, ծառի տակ թափված խնձորներն առանձնացնել, բերել Երևան և Ուսումնական ագարակում գտնվող ձիերին կերակրել, հնձած խոտը հավաքել և տեղավորել, քայլքով անտառ հասնել և վնասատուների դեմ պայքարել, աղբի տեսակավորում իրականացնել, հաց թխել, մածուն մերել, բալենիների և մասրենիների տնկարան ստեղծել և այլն։

Հիշում եմ՝ տարիներ առաջ համացանցում պատահական գտանք մի կաթնամթերքի արտադրամաս, կապվեցինք և պայմանավորվեցինք, որ սովորողների հետ այցելենք և ուսումնասիրենք արտադրության նրբությունները։ Այցի ժամանակ սովորողներից մեկն ընկերոջը ցածրաձայն հարցրեց․ «Արատես գալո՞ւ ես»։ Այդ արտահայտությունը, երբ լսեց արտադրամասի տնօրենը, միանգամից աչքերը լցվեցին, սկսեց արագ-արագ սովորողներից հարցուփորձ անել Արատեսից։ Պարզվեց՝ մեր կրթահամալիրի շրջանավարտ է։

Նա սովորողներին բացատրում էր, որ Արատեսը և կրթահամալիրն իրեն կյանքի շատ կարևոր դաս են տվել, որը ոչ մի այլ միջավայր չի կարող տալ։

«Կանաչ օր կրթական պարտեզում» նախագիծը շարունակական, երկարաժամկետ նախաձեռնություն է։ Այս նախագծին մասնակցող սովորողները վաղ տարիքից ձեռք են բերում գյուղատնտեսության և արդյունաբերության մի շարք հմտություններ, որոնք կօգնեն նրանց արագ կողմնորոշվել արտադրական կամ գյուղատնտեսական ոլորտներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով