21-րդ դարը կրթական համակարգի առջև դնում է նոր պահանջներ՝ սովորողին պատրաստելու արագ փոփոխվող աշխարհին, որտեղ մասնագիտական կողմնորոշումը սկսվում է շատ ավելի վաղ, քան նախկինում էր։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն նախագծային, համագործակցային և հետազոտական կրթական նախաձեռնությունները, որոնք սովորողին հնարավորություն են տալիս բացահայտել իր հետաքրքրությունները, հմտությունները և ապագա մասնագիտական ուղին։ Նախագիծը կրում է ուսումնահետազոտական բնույթ և միտված է անգլերենով հետազոտություն կատարելու, ներկայացնելու, թիմային աշխատանքի զարգացմանը, սովորողներին ժամանակակից, զարգացող մասնագիտություններին ծանոթացմանը և մասնագիտական կողմնորոշմանը, ինչու չէ նաև իրենց հետաքրքրությունների բացահայտմանը։ Այն նախատեսում է շարունակական հանդիպումներ, քննարկումներ և գործնական փուլեր։

Հոկտեմբերը կրթահամալիրում նշանավորվում է հեղինակային մանկավարժական աշնանային հավաքով, նոյեմբերը` «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնը»  կրթահամալիրի ուսումնական նախագծով, որն սկսելով և համախմբելով բազմաբովանդակ կրթական նախաձեռնություններ՝ շարունակվում է կրթահամալիրային բազմաբովանդակ նախագծերով, մշակումներով և հանդիպումներով, կրթական նորարական մոտեցումների փոխանակմամբ և ամփոփվում է հարիսայի ծիսական համտեսով, ցուցահանդես-վաճառք-հանգանակություններով կրթահամալիրի բոլոր դպրոցներում:

Այս ուսումնական տարում «Սեբաստացու օրերի» շրջանակում ներկայացանք դեռևս հոկտեմբերին մեկնարկած նախագծով: Աշնանային 20-րդ հեղինակային մանկավարժական հոբելյանական հավաքի շրջանակում Հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորողների հետ «Կամուրջ դեպի վարժարան» նախագծի շրջանակում «Արդի մասնագիտությունները․ 21-րդ դարի մասնագիտությունները» թեմայով համագործակցային նախագիծ մեկնարկեցինք միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորողների հետ: «9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրով կամուրջ դեպի հետազոտական վարժարան» նախագիծը նոր նախաձեռնություն և նոր փորձ է, որն իրականացվում է Միջին դպրոցի հետ համատեղ։ Այն նպատակ ունի շուրջտարյա նախագծային գործունեության միջոցով Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորողներին ծանոթացնել հետազոտական վարժարանի կրթական միջավայրին, ուսումնառության մոդելին և նախագծային մշակույթին՝ ապահովելով կրթության շարունակականությունն ու գիտակցված անցումը ավագ դպրոց։

Հետաքրքիր է նշել, որ 11-րդ դասարանի ընտրության խմբի մի շարք սովորողներ այս նախագիծն իրականացրել էին դեռևս 9-րդ դասարանում՝ ուսումնասիրելով ժամանակակից մասնագիտություններ, դրանց պահանջները, անհրաժեշտ հմտությունները և զարգացման հնարավորությունները։ Այսօր, երբ հետ հայացք եմ գցում իրենց ներկայացրած աշխատանքներին և մասնագիտական նախասիրություններին, նկատում եմ, որ դեռևս 9-րդ դասարանում այս նույն սովորողներից ոմանք արդեն ունեին հստակ կողմնորոշում, իսկ որոշներն ավելի կոնկրետացրել են իրենց մասնագիտական դիրքորոշումները:

Նոր փուլում նախագիծը դարձավ երկկողմանի ուսումնառության հարթակ․ 11-րդ դասարանի սովորողների համար՝ սեփական ընտրության մեջ հաստատակամ լինելու, նոր մասնագիտություններ բացահայտելու և փորձը կրտսերներին փոխանցելու հնարավորություն, իսկ 9-րդ դասարանի սովորողների համար, բացի ուսումնահետազոտական բնույթ կրելուց, հետազոտական վարժարանի նախագծային միջավայրին ծանոթանալու և ավագ դպրոցին ուղղված կամուրջ կառուցելու կարևոր քայլ՝ մուտք ավագ դպրոցի նախագծային միջավայր:

Նախագծի մեկնարկի մասին հոկտեմբերյան ամփոփման մեջ (անգլերեն ամփոփում) ներկայացրել ենք այն աշխատանքները, որոնք կատարել ենք շաբաթական հանդիպումների ընթացքում։ Առաջին հանդիպման ընթացքում 11-րդ դասարանի սովորողները՝ Յանա Սուքիասյանը, Մանե Հովսեփյանը և Մարիա Բաբաջանյանը, ծանոթացան 9-րդ դասարանցիների հետ։ Սովորողները ներկայացրին իրենց հետաքրքրությունները, խոսեցին արդի մասնագիտությունների մասին և քննարկեցին 21-րդ դարում առավել պահանջված ոլորտները։ Երկրորդ հանդիպման ընթացքում նախագիծը ներկայացվեց սահիկաշարով՝ հստակեցնելով նպատակները, խնդիրները և ուսումնասիրման փուլերը։ Գործնական փուլում սովորողները բաժանվեցին խմբերի՝ ըստ մասնագիտական հետաքրքրությունների։ Ձևավորվեցին չորս խմբեր, որոնցում գերակշռում էին տեխնոլոգիական ոլորտի և արվեստի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող սովորողները։ 11-րդ դասարանի սովորողները ներկայացրին տեղեկատվության որոնման և աղբյուրների ընտրության արդյունավետ մեթոդներ՝ կարևորելով վստահելի և ճշգրիտ աղբյուրների օգտագործումը։ Անհատական օրինակով ներկայացվեցին նաև մասնագիտության ուսումնասիրության կարևոր ուղղությունները (Յանա Սուքիասյան՝ UI/UX ոլորտի օրինակով)՝ ընդգծելով հմտությունների, կրթական ուղիների և մասնագիտական պահանջների ուսումնասիրության կարևորությունը։

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնը»  կրթահամալիրի ուսումնական նախագծի շրջանակում ամփոփեցինք երկամսյա մեր նախագծային համագործակցությունը բաց-պարապմունք-հանրային ներկայացմամբ: Ներկա էին կրթահամալիրի անգլերենի դասավանդողներ և սովորողներ, Լանջաղբյուրի դպրոցի մեր ընկերները, ամերիկացի կամավոր դասավանդողը իր սովորողների հետ, ովքեր մասնակցելով ընթացիկ քննարկումներին, խոսեցին իրենց ընտրած մասնագիտությունների մասին: Ամփոփումը նախատեսվում էր այլ օր, բայց Լանջաղբյուրի դպրոցի մեր ընկերների հետ որոշեցինք միասնական ամփոփել, ինչու չէ նաև նրանց ներկայացնել երկամսյա համագործակցային նախագծի մեր արդյունքները։

Բաց դասի ընթացքում 11-րդ դասարանի սովորողները ներկայացրին այն մասնագիտությունները, որոնք 21-րդ դարում աստիճանաբար դառնում են ոչ պահանջված՝ արհեստական բանականության և ավտոմատացման զարգացման հետևանքով, ինչպես նաև անդրադարձան ապագայում պահանջված մասնագիտություններին։ Քննարկումից հետո 9-րդ դասարանի սովորողները ներկայացրին իրենց աշխատանքները։ Հետաքրքիր էր լսել Եվա Մարտիրոսյանի հանրային ներկայացումը ապագայի մասնագիտության ընտրության հիմնավորված մոտեցումների վերաբերյալ, քանի որ նա բազմակողմանի ուսումնասիրել էր այն մասնագիտությունը, որով ցանկանում էր զբաղվել, նշելով, որ այս կողմնորոշման հիմքում ընկած են 11-րդ դասարանի սովորողների ուղղորդումները։ Գաբրիելա Թալաշյանն իր ուսումնասիրությունն ամփոփեց սահիկաշարով։

Ներկայացնում եմ Յուրա Գանջալյանի նախագծի երկլեզու ամփոփումը․
Նոյեմբերի 19-ին հետազոտական վարժարանի անգլերեն դասավանդող Անահիտ Ամիրխանյանի 11-րդ դասարանցիների խմբի և Միջին դպրոցի անգլերեն դասավանդող Անահիտ Մելքոնյանի 9-րդ դասարանցիների խմբի, ինչպես նաև Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցից ժամանած սովորողների և դասավանդողների համագործակցային սովորող-սովորեցնեղ նախագիծը.

Բաց դասն ամփոփեցին նաև 11-րդ դասարանի սովորողները ընդգծելով, որ 9-րդ դասարանցիների հետ համագործակցությունը եղել է հետաքրքիր, օգտակար և կրթականորեն կարևոր փորձ։ Նրանք կարևորում են մենթորի դերում հանդես գալու հնարավորությունը՝ միաժամանակ լինելով ուղղորդող և աջակցող ընկեր կրտսեր սովորողների համար։ Սովորողների կարծիքով խմբային և թիմային աշխատանքը ստեղծել է վստահելի և ակտիվ միջավայր, որտեղ կրտսերները կարողացել են բացահայտել իրենց հետաքրքրությունները, հաղթահարել անորոշությունն ու վախերը, իսկ ավագները՝ գիտակցել ուսուցչի աշխատանքի բարդությունն ու պատասխանատվությունը։ Նշվում է նաև, որ նախագիծը նպաստել է անգլերենով հաղորդակցվելու, մասնագիտական բառապաշարի և հանրային ներկայացման հմտությունների կատարելագործմանը։

Մարիա Բաբաջանյանը նշում է, որ նախագիծը եղել է հետաքրքիր և երկկողմանի ուսուցողական փորձ․«Խմբերով աշխատելն ու մենթորի դերում հանդես գալը շատ հաճելի էր։ Այս փորձը կրթական էր թե՛ նրանց, թե՛ մեզ համար»։
Նրա խոսքով՝ նախագիծը հատկապես օգտակար էր այն սովորողների համար, ովքեր դժվարանում են ապագա մասնագիտության ընտրության հարցում, քանի որ այն հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր մասնագիտական ուղիների։ Նա կարևորում է նաև բաց դասի մթնոլորտն ու հանրային ներկայացումը, որոնք դարձան նախագծի տրամաբանական ամփոփումը։

Մանե Հովսեփյանն իր ամփոփման մեջ շեշտում է մենթորի դերի պատասխանատվությունն ու ուսուցչական աշխատանքի բարդությունը․
«Ես հասկացա, թե որքան դժվար է լինել ուսուցիչ՝ բոլորին ներգրավել և կենտրոնացած պահել»։
Նրա համար կարևոր էր ոչ միայն գիտելիք փոխանցելը, այլ նաև աջակցող ընկեր լինելը․
«Ինձ համար կարևոր էր լինել ոչ միայն բացատրող, այլ նաև ընկեր և աջակցել նրանց ցանկացած հարցում»։
Նա նշում է, որ նախագիծը նպաստեց հաղորդակցական դժվարությունների հաղթահարմանը և սովորողների միջև վստահության ձևավորմանը։

Մարի Անանյանը նախագիծը գնահատում է որպես համագործակցության և ստեղծագործական աշխատանքի արդյունավետ օրինակ․
«Մենք մեզ կազմակերպեցինք փոքր խմբերի մեջ՝ միավորելով երկու դասարանների սովորողներին՝ թիմային աշխատանքն ու ստեղծագործական միտքը խթանելու համար»։
Նրա դիտարկմամբ՝ համատեղ աշխատանքը նպաստեց ինչպես 9-րդ դասարանցիների մասնագիտական պատկերացումների հստակեցմանը, այնպես էլ 11-րդ դասարանի սովորողների առաջնորդական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Ասյա Հարությունյանը կարևորում է նախագծի ամբողջ ընթացքը՝ առաջին հանդիպումներից մինչև վերջնական ներկայացումներ։ Նրա համար նախագիծը դարձավ խոսքային, հետազոտական և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ հարթակ։

Այս համագործակցային սովորող-սովորեցնող նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց, որ տարիքային տարբեր խմբերի միջև իրականացվող նախագծերը ոչ միայն նպաստում են գիտելիքի փոխանցմանը, այլև ձևավորում են վստահություն, պատասխանատվություն և ապագայի հանդեպ գիտակցված վերաբերմունք։ «Արդի մասնագիտությունները․ 21-րդ դարի մասնագիտությունները» նախագիծը դարձավ իրական կամուրջ՝ Միջին դպրոցից դեպի Հետազոտական վարժարան և դեպի գիտակցված մասնագիտական ընտրություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով