«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Իմացումի հրճվանք» ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնելու անառարկայական ուսուցում: Սովորողն ազատ է իր ուսումնական գործունեության մեջ․ ստեղծագործում է առանց վախենալու, վստահ արտահայտում է իր կարծիքը, առաջարկություններ անում:
Եթե համեմատենք սովորողի և դասավանդողի գործունեության առանձնահատկությունները, կտեսնենք, որ նույն ազատությունն իր գործունեության մեջ ունի նաև դասավանդողը։ Մասնագիտությամբ լինելով արևելագետ՝ կրթահամալիրում աշխատանքի եմ անցել որպես դասվար, քանի որ շատ եմ սիրում աշխատել տարատարիք սովորողների հետ, նրանց հետ բացահայտել, սովորել, «ապրել իմացումի հրճվանք»։ Մանկավարժությամբ հետաքրքրված դասավանդողները, ստանալով կրթահամալիրի աջակցությունը, կարողանում են դառնալ իրենց մանկավարժական գործի հեղինակներ՝ ստեղծողներ ու պատասխանատուներ։ Տարիների ընթացքում միշտ նպատակ եմ ունեցել կրթահամալիրում զբաղվել նաև հիմնական մասնագիտությամբ։ 2024-2025 ուստարին հայտարարվեց նախաձեռնությունների տարի։ Կրթահամալիրը ոչ միայն առաջարկում է հանդես գալ նախաձեռնությամբ, այլև ամեն կերպ աջակցում դրա իրականացմանը, կազմակերպմանը: Տարիների ընթացքում ակումբի կազմակերպման ձևի, բովանդակության հետ կապված կային տարբեր մտքեր, այս ամեն բերվեց վերջնական տեսքի, դարձավ նախագիծ՝ Թուրքերենի բաց ակումբ: Սրան զուգահեռ հրապարակվեց լեզվի առարկայական ծրագիրը: Կրթահամալիրի կողմից համաձայնություն և աջակցություն ստանալուց հետո դասավանդողները, սովորողները ստացան ակումբին անդամակցելու հրավեր: Հավաքվեց մի խումբ, որտեղ կային 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, սեբաստացի համայնքի անդամներ՝ սովորողի ծնող, բարեկամ:
Ակումբի պարապմունքները անցկացվում են Հարավային դպրոցում, սակայն կրթահամալիրում չկան տարածքային սահմանափակումներ, կրթահամալիրի մյուս դպրոցներից ևս սովորողներ ու դասավանդողներ են միացել ակումբին: Ակումբի պարապմունքներն իրականացվում են յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը՝ ժամը 14:30: Նախապես հրապարակվում է տվյալ շաբաթվա աշխատակարգը:
Որպես ակումբի կազմակերպման հիմնական առանձնահատկություն՝ ընտրված է լեզուն տեղում սովորելու մեթոդը: Խաղերի, թեստային աշխատանքների, մրցույթների միջոցով կազմակերպվում է լեզվի ուսուցումը տեղում:
Սեպտեմբերի 18-ից սկսած՝ ամեն հինգշաբթի Հարավային դպրոցում անցկացվում է հանդիպում-պարապմունք։ Առաջին հանդիպմանը ակումբի մասնակիցները ծանոթացան, բոլորը խոսեցին նպատակի մասին՝ ինչու՞ սովորել թուրքերեն։ Մասնակիցները լեզուն սովորելուց բացի՝ սիրով լսում են Թուրքիայի մասին տեղեկություններ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են լեզվին, կիսվում են իրենց տեղեկություններով, պատմում Թուրքիա կատարած ճամփորդությունների մասին։
Լեզուն սովորելու ընթացքում ակումբի մասնակիցները մեծ ոգևորությամբ են ծանոթանում այն բառերին, որոնց հանդիպել են հայերենի բարբառներում, օրինակ՝ göz(գյոզ)-աչք, oda(օդա)- սենյակ, aslan(ասլան)- առյուծ և այլն։ Մասնակիցները պատմում են այս բառերի՝ իրենց տատիկների, պապիկների գործածության մասին, բերում օրինակներ, այսինքն բացի լեզուն սովորելուց՝ միշտ կա կենդանի, ակտիվ ակումբային կյանք, հետաքրքիր և իսկական զրույց-քննարկում։
Անդրադառնամ ակումբի մասնակիցների փոփոխվող թվին․ սեպտեմբերից մինչ դեկտեմբեր ունեցանք ավելացումներ, որոշ անդամներ չշարունակեցին ակումբին անդամակցությունը, ինչը ևս համարում եմ բնականոն, կենդանի ընթացք։ Քանի որ ակումբի բաց լինելը շեշտվել է հենց սկզբից, մեզ միացել են սովորողներ երկրորդ, երրորդ ամիսներից, ունենք սովորողներ, ովքեր ակումբի տվյալ օրվա պարապմունքին առաջին անգամ ներկա գտնվելուց հետո են միացել, մասնակցել, իրենք են որոշել միանալ կամ ոչ։ Յուրաքանչյուր պարապմունքի աշխատակարգը կազմվում է հաշվի առնելով հնարավոր նոր մասնակիցների առկայությունը, նոր թեմա, անցած թեմաների կրկնություն՝ արագ հարցերի, երկխոսությունների միջոցով, բոլոր դասերին ունենում ենք տեսանյութեր և ձայնանյութեր, որպեսզի մասնակիցները խոսելուց բացի լսեն, ընդ որում լսեն ոչ միայն իրար, այլ նաև լեզվակիրներին։
Ինչպես արդեն նշվեց, խաղը օգնում է արագ յուրացնել տրված թեման, օրվա բառաֆոնդը։ Ակումբի հոկտեմբերի 30-ի աշխատակարգով նախատեսված էր ամփոփել նախորդ երկու դասին սովորած Թվական անուն թեման, անվանել 1-ից 100 թվերը։ Թեման լավ յուրացնելու համար ակումբի մասնակիցների հետ որոշեցինք խաղալ լոտո թուրքերենով։
Խաղի վերջում մասնակիցները իրենք էլ չզգացին՝ որքան արագ հիշեցին բոլոր թվերը։
Խաղերի համար կարևոր է խնամքով պատրաստվելը:
Խաղ 1․ Ինքնաշեն բառախաղ։ Մասնակիցները բաժանվում են խմբերի, յուրաքանչյուր խմբին տրվում են լամինացված քարտեր՝ բառերի հայերեն և թուրքերեն տարբերակները, խմբերը մրցում են՝ ո՞ր խումբն ավելի արագ կկազմի բառազույգերը:
Խաղ 2․ Խմբային խաղ: Խմբի յուրաքանչյուր մասնակցի տրվում է ինքնաշեն խաղաքարտ-թերթիկ, որի վրա գրված է անցած թեմաներով, բառերով պարզ համառոտ նախադասություններ, կայուն կապակցություններ: Խմբի մասնակիցը ընտրում է մեկին, ընթերցում քարտի նախադասությունները, թիմակիցը փորձում է լսել, կրկնել, թարգմանել: Այսպիսով ամրապնդում ենք անցածը, զարգացնում թուրքերեն լսելու, կարդալու կարողությունը:
Առաջին ուսումնական առաջին շրջանը ակումբի մասնակիցները ամփոփեցին դեկտեմբերի 19-ին թեստային աշխատանքով, ամփոփեցին սովորած թեմաները, բառերը։ Սովորելու, սովորեցնելու ընթացքում շատ կարևոր է մոտիվացիան՝ ցույց տալ սովորողին իր ձեռքբերումը, օգնել, կրկնել, պարզեցնել, ապացուցել, որ նա հասկացել է, հիշում է, կարողանում, և նրա այդ պահի ընտրությունը ճիշտ է։
Ակումբի մասնակիցների պակասելը ուղիղ համեմատական է ուսուցման որակի բարձրացմանը, այսինքն մնում են հենց այն մասնակիցները, ովքեր իսկապես հետաքրքրված են, ովքեր վստահ ուզում են սովորել։ Վերջին պարապմունքներին արդեն մասնակիցները ներկայացնում են երկխոսություններ։
Լեզվի ուսուցման առարկայական ծրագիրը գրվել է նախապես, բայց ուսուցման ընթացքում փոփոխվել է՝ կախված խմբի առանձնահատկություններից, սովորելու ընթացքից, հետաքրքրությունից։
Այս ամիսների ընթացքում ակումբն ինձ տվեց և տալիս է իմ սպասածից շատ ավելին։ Առաջին հերթին մասնագիտական աճ, մեծահասակների հետ որպես դասավանդող աշխատելու կարևոր փորձ և, իհարկե, նոր ընկերներ։
Ամփոփում են մասնակիցները՝
