«Ասա՛ ինձ, և ես կմոռանամ, սովորեցրո՛ւ ինձ, և ես կհիշեմ, ներգրավի՛ր ինձ, և ես կսովորեմ»։

Բենջամին Ֆրանկլին

«Օտար լեզվի դասավանդումը Հետազոտական վարժարանում» նախագիծը մի գործընթաց է, որտեղ պատասխանները գալիս են հետազոտությունից, խմբային աշխատանքից և ակտիվ մասնակցությունից։ Նախագիծը շուրջտարյա է, ընդգրկում է երեք դասարան՝ 10-րդ, 12-րդ և 9-րդ։ Դասավանդվող լեզուն անգլերենն է։ Այս հոդվածում ցանկանում եմ ներկայացնել արդեն հաջողված և սիրված նախագծի նպատակների, կառուցվածքի և ակնկալվող արդյունքների համակարգված նկարագրություն։

Ինչպես արդեն ներկայացրել եմ, «Օտար լեզվի դասավանդումը Հետազոտական վարժարանում» նախագիծը նպատակ ունի ստեղծելու համագործակցային ուսումնական միջավայր, որտեղ Հետազոտական վարժարանի սովորողները, այս դեպքում 10-րդ և 12-րդ դասարանցիները, որպես արդեն փորձառուներ, կհանդիպեն 9-րդ դասարանցիների հետ՝ ներկայացնելով անգլերենի ուսուցման կառուցվածքն ու մեթոդները։ Հավանաբար ձեզ մոտ հարց կառաջանա` ինչո՞ւ նաև 10-րդցիներ, կարող եմ պատասխանել. մասնակիցների մեծ մասը եկել է այլ դպրոցներից, և որովհետև նրանք բավականաչափ զարգացրել են քննարկումներ վարելու և պատասխանատվություն ստանձնելու հմտությունները։ Հենց նորեկներն են մատնանշում, որ Հետազոտական վարժարանում կրթությունը կազմակերպվում է ազատ, ստեղծագործ և նախագծային ուսուցման սկզբունքով, և այն առանձնանում է նրանով, որ սովորողներն ունեն լայն հնարավորություն՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան սեփական անհատական դասընթաց ձևավորելու, համագործակցելու տարբեր միջազգային կազմակերպությունների ու դպրոցների հետ, գործնական հմտություններ՝ հանրային խոսք, թիմային համագործակցություն, հետազոտելու և ինքնուրույն աշխատելու կարողություններ ձեռք բերելու, ինչն էլ նրանց առջև մի նոր աշխարհ է բացում։  Նրանք խոսում են ոչ միայն Հետազոտական վարժարանում սովորելու առավելությունների, այլ նաև թերությունների մասին, նաև առաջարկում են լուծումներ։ Իսկ ինչ վերաբերում է 9-րդցիներին, ապա նրանք արդեն երկընտրանքի մեջ են՝ շարունակե՞լ ուսումը կրթահամալիրի վարժարանում, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով նրանց մասնակցությունը մեծապես կօգնի 9-րդ դասարանցիներին հասնել ավելի բարձր մակարդակի՝ ճանաչելով դասավանդման նոր մոտեցումները։ Բացի այդ, այս նախագծի հիմնական նպատակներից է 9-րդ դասարանցիների համար ձևավորել ուսումնական պատկերացում Հետազոտական վարժարանում օտար լեզվի դասավանդման կառուցվածքի մասին, իսկ 10-րդ և 12-րդ դասարանցիներին՝ հնարավորություն ընձեռել խորացնել իրենց գիտելիքները և ձեռք բերել ուսուցման փորձ։
Նախագիծը բաժանված է երկու հիմնական փուլերի՝ նախապատրաստական և ներկայացման:

  1. Նախապատրաստական փուլ (10-րդ և 12-րդ դասարանցիների համար)
    Այս փուլում 10-րդ և 12-րդ դասարանցիներն ուսուցչի աջակցությամբ ձևավորում են 2-4 հոգանոց խմբեր և ընտրում թեմաներ, որոնց շուրջ պետք է ստեղծեն ուսումնական նյութեր: Օգտագործելով խաղեր, տեսաֆիլմեր, պրեզենտացիաներ, երկխոսություններ և այլն՝ նրանք պատրաստում են նյութեր, որոնք կներկայացնեն 9-րդ դասարանցիներին: Մեթոդների բազմազանությունը հնարավորություն է տալիս ներգրավելու բոլոր սովորողներին, խթանելու նրանց հետաքրքրությունը և նպաստելու որոշ հմտությունների զարգացմանը: Օրինակ՝ 12-րդ դասարանցիները ներկայացրել են իրենց երեք տարվա հետաքրքիր նախագծերը, բանավեճերը, քննարկումները և այլն։ The 12th graders are presenting their debates, projects, research works, discussions and so on. 10-րդ դասարանցիները առաջարկել են քննարկման տարբեր թեմաներ, օրինակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանում սովորելու առավելությունների և թերությունների մասին» ։   Should Exams Be Abolished From Schools? Սովորողները նախօրոք պատրաստվել էին քննարկմանը՝ արտահայտելով իրենց տեսակետները ուսումնական բլոգներում:  Սիրով պետք է նշեմ, որ արդեն սկսել ենք հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը լինելու է ձմեռային ճամբարի ընթացքում։ Այս անգամ կրկին հանդես են գալու 12-րդ դասարանցիները։ Նախատեսել ենք ընտրված ֆիլմերի դիտում, քննարկում և թարգմանություն։

2. Ներկայացման փուլ (10-րդ և 12-րդ դասարանցիների կողմից)
Նախագծի երկրորդ փուլում 10-րդ և 12-րդ դասարանցիները իրականացնում են իրենց նախապատրաստած ինտերակտիվ աշխատանքները։ Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է քննարկումների թեմաներ, խաղեր, պատմվածքների վերլուծություն և թարգմանություններ։ Նման մոտեցումը նպաստում է 9-րդ դասարանցիների ակտիվ մասնակցությանը և հետաքրքրության բարձրացմանը, քանի որ նրանք հնարավորություն են ստանում անմիջականորեն մասնակցել ուսումնական գործընթացին՝ խաղերի, քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով։ Անպայման ուզում եմ առանձնահատուկ կերպով խոսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանում սովորելու առավելությունների և թերությունների մասին»  նախագծի շրջանակում անցկացրած բաց դաս-քննարկման մասին։ Քննարկմանը մասնակցում էին նաև Լանջաղբյուր գյուղի սովորողներն իրենց ուսուցիչների հետ։ Քննարկումը մեծ հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց սովորողների շրջանում: Բաց դաս-քննարկմանը ներկա էր Վարժարանում կամավորական հիմունքներով անգլերենի ուսուցիչ աշխատող պարոն Սթիվ Սնիդերոն, ով հիացմունք արտահայտեց սովորողների անգլերենով հաղորդակցվելու կարողությունների, քննադատական մտածողության և կազմակերպչական հմտությունների, անձնական դիրքորոշում ունենալու և այն պնդելու, ինչպես նաև ուրիշի կարծիքը հարգելու հմտությունների մասին։ Բանավեճը՝ ուսուցման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, կրկին ապացուցեց, որ այն թույլ է տալիս խթանելու սովորողների մոտիվացիան և քննադատական մտածողությունը:

Նախագծի ավարտին ակնկալվում են մի քանի կարևոր արդյունքներ․

  1. 9-րդ դասարանցիների համար
    Սովորողները կստանան ամբողջական պատկերացում Հետազոտական վարժարանում օտար լեզվի դասավանդման կառուցվածքի և մեթոդների մասին, կկարողանան ավելի ճիշտ գնահատել ուսուցման նոր և այլընտրանքային մոտեցումները, որոնք նպաստում են նրանց ակտիվ մասնակցությանը ուսումնական գործընթացին։
  2. 10-րդ և 12-րդ դասարանցիների համար
    Սովորողները կզարգացնեն իրենց հաղորդակցման հմտությունները ու կազմակերպչական կարողությունները։ Ուսուցման փորձ ձեռք բերելը կօգնի նրանց կատարելագործել ոչ միայն իրենց անձնական հմտությունները, այլև կդարձնի ավելի պատասխանատու։
  3. Համագործակցային մթնոլորտի ձևավորում
    Նախագծի միջոցով կձևավորվի համագործակցային մթնոլորտ տարբեր դասարանների միջև, որը կխթանի վստահության ու փոխադարձ հարգանքի մշակույթի առաջացումը։ Ակնկալվում է, որ այս մոտեցումը կբարելավի նաև ընդհանուր կրթական միջավայրը։
  4. Քննադատական մտածողության և ստեղծագործական հմտությունների զարգացում
    Բանավեճերի, ֆիլմերի դիտման և պատմվածքների վերլուծության միջոցով սովորողները կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը և վերլուծական կարողությունները։ Սա կարևոր քայլ է նրանց ընդհանուր կրթական զարգացման գործընթացում, քանի որ նման գործողությունները խթանում են նաև ստեղծագործական մտքի և նոր լուծումների ձևավորումը։

Այսպիսով՝ այս նախագծի գլխավոր առավելությունը դրա ինտերակտիվ և համագործակցային բնույթն է, որը հիանալիորեն խթանում է աշակերտների ակտիվ մասնակցությունը և ինքնուրույնության զարգացումը։ Ուսումնական գործընթացում կիրառվող բազմաբնույթ մեթոդները՝ խաղեր, քննարկումներ, ֆիլմերի դիտումներ, վերլուծություններ, թույլ են տալիս սովորողներին ձեռք բերել նոր գիտելիքներ, նոր բառապաշար և պատասխանատվություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով