Ժամանակակից աշխարհում նախադպրոցական կրթությունը դադարել է լինել պարզապես «երեխա պահելու» գործընթաց։ Այն վերածվել է ստեղծագործական, հետազոտական և կենդանի միջավայրի, որտեղ դաստիարակը ոչ թե վերահսկող է, այլ երեխայի ավագ ընկերն ու ուղեկիցը՝ պարտեզապանը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունը պարզապես ուսումնական ծրագիր չէ. այն դռներ է բացում դեպի կրթական նոր մշակույթ։ Նախադպրոցական կրթությունը վերաիմաստավորվում է որպես ստեղծագործական ու հետազոտական բաց հարթակ, որտեղ փոխվել է նաև մասնագետի դերը. նա ոչ թե սովորական դաստիարակ է, այլ՝ պարտեզապան (եզրույթի հեղինակ՝ Աշոտ Բլեյան)։ Քոլեջի ուսանողը չի սպասում դիպլոմ ստանալուն՝ աշխատել սկսելու համար. նա սկսում է կամավոր աշխատել, արարել և պատասխանատվություն ստանձնել հենց առաջին կուրսից։

Ո՞վ է պարտեզապանը
Պարտեզապանը հեղինակային մանկավարժության որակավորում ստացած մասնագետն է, ով իրականացնում է նախադպրոցական կրթության կազմակերպումը՝ հիմնվելով զարգացնող միջավայրի և նախագծային ուսուցման սկզբունքների վրա։ Քոլեջի շրջանավարտը ստանում է նախադպրոցական կրթության դաստիարակի պետական որակավորում և տիրապետում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հեղինակային կրթական ծրագրին ու մեթոդաբանությանը։ Պարտեզապանը կրթական միջավայր ստեղծողն է, ով ապահովում է սանի ֆիզիկական, հուզական և իմացական անվտանգ ու ներդաշնակ զարգացումը:

Պարտեզապան-մանկավարժը՝

  • Ձևավորում է բաց և անվտանգ ուսումնական տարածք, որը խրախուսում է ինքնուրույն հետազոտությունը, խաղը և ուսումնառությունը։
  • Կիրառում է մանկավարժական դիտարկման մեթոդներ՝ բացահայտելու յուրաքանչյուր սանի առանձնահատկությունները և կառուցելու նրա զարգացման հետագիծը։
  • Մշակում և իրականացնում է ուսումնական նախագծեր (ծեսեր, բնագիտական փորձեր, տեխնոլոգիական աշխատանք), որոնց միջոցով սաները սովորում են «կատարելով»։
  • Աջակցում է սանին ինքնասպասարկման, հաղորդակցման և համագործակցային հմտությունների ձեռքբերման հարցում՝ նրան համարելով գործընթացի իրավահավասար մասնակից։

Մեզ համար առանցքային է ոչ միայն վերջնարդյունքը, այլև շարունակական զարգացումը։ Պարտեզապան-մանկավարժը քայլում է սանի հետ նրա ամենօրյա փոքրիկ հայտնագործությունների ճանապարհին՝ խրախուսելով հարցադրումները, փորձարկումներն ու անկաշկանդ հետազոտությունը:

Կրթահամալիրի Քոլեջը (թե՛ հիմնական, թե՛ միջնակարգ կրթության հիմքով), իրականացնելով «Նախադպրոցական կրթություն» մասնագիտական ծրագիրը, նպատակ է դրել պատրաստել մանկավարժների, ովքեր ունակ են սովորել՝ ապրելով, սովորեցնել՝ սիրելով, զարգանալ՝ խաղալով։ Ուսանողը սովորում է ոչ թե լսարանում նստած, տեսություն գրելով, այլ՝ անմիջական գործունեությամբ, փորձառությամբ։ Ուսուցման հիմքը նախագծային մեթոդն է։ Չկան ձանձրալի դասախոսություններ. ուսանողն առաջին իսկ օրվանից հայտնվում է ստեղծագործական լաբորատորիայում։ Շղթան սկսում է ձևավորվել Քոլեջի լսարանից և իր տրամաբանական ավարտին հասնում, ապա և՝ զարգացումն ապրում պարտեզային խմբերում։

Ուսանողների աշխատանքը բաժանված է հստակ փուլերի, որոնք ապահովում են մասնագիտական աճը.

  • Ուսանողը ինքնուրույն մշակում է իր  աշխատանքային օրացույցը՝ համաձայն նախադպրոցական (2-4, 5 տարեկաններ) ուսումնական ծրագրի։
  • Յուրաքանչյուր նախագծի համար ընտրվում է  ուսանող-համակարգող, ով պատասխանատու է նախագծի ամբողջական փաթեթի համար։
  • Ուսանողը դասավանդողի հետ քննարկում է նախագծերը (օրինակ՝  «Թթուդրիկ», «Լավաշթխիկ», «Խաղողածես»)՝ ուսումնասիրելով դրանց մանկավարժական, հոգեբանական, ծիսական կողմերը։
  • Նախագիծը տեղափոխվում է կրթահամալիրի  դպրոց-պարտեզներ, (Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզներ, Քոլեջ-պարտեզ), որտեղ ուսանողը գործընթացի անմիջական իրականացնողն է։
  • Նախագծային աշխատանքը նկարահանվում է, վերլուծվում և հրապարակվում ուսանողի անհատական բլոգում՝ որպես  ամփոփում-հաշվետվություն՝ մասնագիտական օրագիր, որտեղ երևում է թե՛ սանի, թե՛ ապագա պարտեզապանի աճը։

Պրակտիկան որպես կենսակերպ. «Սովորել՝ սովորելով» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում փորձառությունը և տեսությունը երբեք չեն հակադրվում իրար՝ որպես երկու տարբեր ափեր. դրանք հոսում են նույն հունով, համադրվում, փոխլրացնում միմյանց։ Մենք առաջնորդվում ենք «Սովորել՝ սովորելով» բանաձևով։ Ուսանողներն ըստ նախագծերի պարբերաբար լինում են 2-4 և 5-6 տարեկանների խմբերում, սովորում են իրական շփման միջոցով՝ տեսնելով սանի իրական հույզերն ու կարիքները։ Փորձառու դաստիարակ-մենթորների օգնությամբ ուսանողը յուրացնում է, թե ինչպես կազմակերպել քունը, սնունդը կամ առավոտյան ծեսը ոչ թե հրամաններով, այլ խաղի և սիրո միջոցով։ Կրթահամալիրի բաց միջավայրը՝ առանց պայմանական ցանկապատերի, Ուսումնական ագարակով, լողավազանով ու բացօթյա լաբորատորիաներով, ուսանողի համար դառնում է ներքին ազատության հարթակ։ Այն սովորեցնում է լինել ճկուն, չկաղապարվել պատերի մեջ և չվախենալ պատասխանատվությունից։ Երբ միջավայրը թելադրում է ազատություն, ուսանողի մտածողությունն էլ դառնում է անսահմանափակ։

Քոլեջի ուսանողների մի մասը գալիս է այլ միջավայրից, աշխատում է պետական ու մասնավոր այլ հաստատություններում, որտեղ դեռ գործում են ավանդական կարծրատիպերը։ Կրթահամալիր մուտք գործելու պահից սկսվում է ամենակարևոր փոխակերպումը: Ինչպե՞ս ենք փոխանցում այլընտրանքը: Նախ՝ սկզբում լինում է զարմանք՝ «ինչպե՞ս կարելի է սանին թողնել ցեխի հետ խաղալ», կամ՝ «ինչպե՞ս կարող է դաստիարակը սանի հետ գլուխկոնծի տալ»։ Երբ ուսանողը տեսնում է ինքնուրույն ու երջանիկ սանին, նա սկսում է հավատալ մեթոդին։ Ուսանողը պարզապես «ապրում է» խմբի առօրյայով և աստիճանաբար վարակվում «սեբաստացիական» ազատ ոգով։

Հատկանշական է սերնդափոխության մոդելը. օրինակ՝ 3-րդ կուրսի արդեն փորձառու ուսանողները, հանդես գալով որպես կազմակերպիչներ, Ուսումնական ագարակում 1-ին կուրսեցիների հետ միասին իրականացնում են ծեսը։ Նրանք ոչ միայն հմտություններ են փոխանցում նորեկներին, այլև օգնում են նրանց ինտեգրվել կրթահամալիրի յուրահատուկ միջավայրին։ Մեր ուսանողների համար ծեսը վերածվում է հետազոտական ու ստեղծագործական ուսումնական նախագծի՝ Լավաշթխիկ, Թթուդրիկ, Խաղողածես, Հարիսայի ծես, Ատամհատիկի ծես…

Ուսանողի ուղին Քոլեջում ինքնաճանաչման ճանապարհ է, որը ներառում է.

Բլոգավարություն. Մասնագիտական օրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բլոգավարությունը մասնագիտական կենսակերպ է։ Ուսանողի բլոգը  նրա անհատական կրթական տարածքն է, որտեղ առաջին կուրսից սկսած հավաքագրվում է նրա ողջ մասնագիտական ուղին։ Բլոգում երևում է ուսանողի մասնագիտական կայացումը։ Բլոգավարությունը ուսանողին հնարավորություն է տալիս գործնականում կիրառել ինքնավերլուծական մանկավարժություն։ Յուրաքանչյուր հրապարակում նոր առիթ է՝ վերլուծելու սեփական աշխատանքը, խորությամբ ըմբռնելու 2-4 և 5-6 տարեկան սաների հետ շփման նրբությունները և փաստագրելու այն հաջողված մեթոդները, որոնք կիրառվել են խմբերում։

Տարիների ընթացքում բլոգը վերածվում է հարուստ մեթոդական շտեմարանի, որտեղ յուրաքանչյուր տեսանյութ, լուսանկար և վերլուծություն դառնում են ապագա պարտեզապանի վարպետության շտեմարան։ Յուրաքանչյուր ուսանողի բլոգ կենդանի հարթակ է, որտեղ արտացոլվում և արժևորվում է մասնագիտական աճի յուրաքանչյուր քայլը՝ դիտարկումից մինչև սեփական նախաձեռնություն։

Սեբաստացի քոլեջի ուսանողը նախադպրոցական կրթության ոլորտ է մտնում ոչ թե որպես տեսաբան, այլ որպես փորձառու պարտեզապան-մանկավարժ, ով ունի իր սեփական ձեռագիրը, սեփական մեդիահարթակը և, որ ամենակարևորն է, սանի հետ ազատ ու անկաշկանդ հաղորդակցվելու կարողունակությունը։

Պատումներ ուսանողի օրագրից

Սուսաննա Հովհաննիսյան. «Այսօր պրակտիկայի առաջին օրն էր Քոլեջ-պարտեզում։ Խոստովանեմ՝ սկզբում վախեցա։ Երբ տեսա, թե ինչպես են երեխաները անձրևից հետո բակում ցեխի մեջ «գետեր» փորում, առաջին միտքս էր՝ «իսկ շորիկնե՞րը, իսկ մաքրությո՞ւնը»։ Բայց հետո նկատեցի նրանց աչքերի կայծը. նրանք այդ պահին պարզապես խաղացող երեխաներ չէին, նրանք իսկական հետազոտողներ էին, որոնք ուսումնասիրում էին ջրի ու հողի ուժը։ Ես հասկացա, որ պարտեզապանի գործը ոչ թե երեխային արգելելն է, այլ նրա հետ հավասար այդ «գետը» փորելը։ Այսօր տուն գնացի կեղտոտված շորերով, բայց լիարժեք երջանիկ»։

Լուսինե Ծատուրյան. «Մի առավոտ սաներից մեկը չէր ցանկանում մասնակցել առավոտյան ընդհանուր պարապմունքին։ Ավանդական մոտեցմամբ՝ ես պետք է նրան ստիպեի կամ համոզեի։ Բայց իմ մենթորը պարզապես նստեց նրա կողքին և սկսեց ցածրաձայն երգել։ Սանը ինքնաբերաբար սկսեց շարժվել ռիթմի տակ ու միացավ մեզ։ Այդ օրը ես սովորեցի «լռության» և «նրբանկատության» մանկավարժությունը»։

Անետա Մկրտչյան. «Իմ բլոգում այս օրվա մասին գրելիս հասկացա՝ երեխային գիտելիք տալուց ավելի կարևոր է նրա մեջ զարմանքը պահպանելը։ Դաստիարակ լինել նշանակում է չշտապեցնել երեխային իր եզրակացությունների մեջ»։

Կարինե Շահնազարյան. «Այսօր Արևմտյան դպրոցի պարտեզում երեխաների հետ իսկական փորձարկում արեցինք. փորձում էինք հասկանալ՝ ինչու են տերևները դեղնում։ Մենք չբացեցինք գիրքը, թեմատիկ նկարներ, մենք գնացինք բակ և սկսեցինք ուսումնասիրել ու դիտարկել…»

Լենա Պողոսյան. «Հենց հնչում է հարցը՝ «Ո՞վ կգնա 2-5 տարեկանների խումբ՝ օգնելու կամ դաստիարակին փոխարինելու», մենք՝ ես, Թամարիկն ու Գայանեն, իրար հերթ չտալով, վազում ենք դեպի խմբեր։ Մեզ համար դա պարզապես օգնություն չէ, այլ սիրելի միջավայրում լինելու և սաների հետ նոր արկածներ ապրելու ամենասպասված առիթը»։

Գայանե Սարգսյան. «Քոլեջում հենց սկսվում էր երկար ընդմիջումը, մենք վազում էինք խմբեր։ Դա մեզ համար պարզապես դադար չէր, այլ մեր սիրելի աշխատանքի անբաժան մասը։ Վազում էինք, որովհետև գիտեինք՝ այնտեղ մեզ սպասում են անկեղծ գրկախառնություններ, հազար ու մի «ինչո՞ւ»-ներ և նոր խաղեր հորինելու հնարավորություն։ Մեկ ընդմիջման ընթացքում հասցնում էինք ամեն ինչ՝ և՛ սաների հետ ինքնագլոր վարել, և՛ խնամել բակի բույսերը, և՛ պարզապես լսել նրանց փոքրիկ, բայց այնքա՜ն կարևոր պատմությունները»։

Հեղինակային ծրագրի տարածումը

Ամենահետաքրքիր փուլը սկսվում է, երբ Քոլեջի ուսանողները սովորածը կիրառում են կրթահամալիրից դուրս։ Պետական պարտեզներում հաճախ միջոցառումները բեմադրված արհեստական հանդեսներ են։ Մեր ուսանողները պետական պարտեզներ տանում են կենդանի ծեսը, խաղերը։ Ավանդական մանկապարտեզներ են մտնում իսկական ազգային ծեսերը՝ իրենց խաղերով ու երգերով, պարերով, բառուբանով։ Նրանք իրենց պարտեզներում փոխում են մթնոլորտը՝ դարձնելով այն ավելի ազգային, բնական, կենդանի։ Տնօրեններին և մեթոդիստներին առաջարկում են ոչ թե «ձևական» պարապմունքներ, այլ նախագծեր, ինչպիսիք են՝ «Իմ պատշգամբը», «Կանաչ պարտեզ», «Իմ խաղաստեղծ հայրիկ» և այլն։

Նելլի Իսակովա. «Երբ իմ աշխատավայրում (պետական պարտեզ) առաջարկեցի «Թթուդրիկի» ծեսն իրականացնել, տնօրենը սկզբում վախենում էր խառնաշփոթից։ Բայց երբ տեսան, թե ինչպես են երեխաները մեծ խնդությամբ լվանում բանջարեղենը, երգում ու խաղում, իսկ վերջում ծնողների հետ համտեսում արդյունքը, ամբողջ պարտեզը վարակվեց այդ էներգիայով»։

Այսպիսով, կրթահամալիրի փորձը տարածվում է հանրապետությունով մեկ՝ փոխելով նախադպրոցական կրթության որակը։ Քոլեջի ուսանողը դառնում է փոփոխությունների դեսպան իր աշխատավայրում՝ տարածելով հեղինակային մանկավարժության սերմերը։ Փորձառության ավարտին հաջող մասնակցության և բլոգային լուսաբանումների առկայության դեպքում մասնակիցը ստանում է վկայական, հաստատում, որ տվյալ անձը տիրապետում է հեղինակային մանկավարժության գործիքակազմին և ունի պրակտիկ հմտություններ։

Այս ամենի տրամաբանական ավարտը դիպլոմային աշխատանքն է, որը ուսումնառության ընթացքում իրականացրած նախագծերի ամփոփում-հաշվետվություն է։ Ուսանողը ներկայացնում է իր անցած ճանապարհը, իր բացահայտումներն ու այն «պարտեզը», որը նրան հաջողվել է մշակել։

Վստահ ենք, որ Սեբաստացի քոլեջն ավարտում է ոչ թե պարզապես դիպլոմավորված մասնագետը, այլ գիտակից պարտեզապան-մանկավարժը, ինչից շահում է ոչ միայն կրթական համակարգը, այլև մեր վաղվա քաղաքացին, ով մեծանում է ազատության և սիրո միջավայրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով