«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն անընդհատ զարգանում է, առաջանում են նոր գաղափարներ։ Ես՝ որպես մանկավարժ, անմասն չեմ մնում և իմ գործունեության մեջ նոր մտքեր, գաղափարներ եմ ներառում։ Այս ուսումնական  տարի ղեկավարում եմ  առաջին դասարան․ նոր սովորողներ են, նոր ընտանեկան միջավայր, ինչը հնարավորություն է տալիս սկսել մի նախագիծ, որը շուրջտարյա է դառնալու, և իրականացնելու ենք ըստ կրթահամալիրի օրացույցի։ Նախագիծը ուսումնական-արտադրական, խոհանոցային գործունեություն է, որը շարունակվում է ընտանիքում։ Այս նախագծի իրականացմանը  նպաստում է նաև Հարավային դպրոց-պարտեզում գտնվող թոնրատունը, որը սովորողներին հնարավորություն է տալիս ծիսական գործունեություն իրականացնել, անդրադառնալ ավանդական հայկական խոհանոցին՝ լավաշ թխել, գաթա պատրաստել, թթու դնել և այլն։
«Խոհանոցային գործունեությունը կրտսեր դպրոցում» նախագծի գաղափարը ծնվեց, երբ սեպտեմբերին մասնակցեցինք կրթական և մարզական շքերթներին։ Մարզական շքերթի ավարտին սովորողներին մի մեծ զամբյուղ սալոր հյուրասիրեցին։ Դասարանում լվացինք, և սովորողներն անուշ արեցին պինդ սալորները, իսկ հասած, փափուկ սալորները չկերան։ Մենք էլ որոշեցինք պատրաստել թթու լավաշ։

Սալորի կորզները հանեցինք և լցրեցինք կաթսայի մեջ,  դրեցինք գազօջախին, մի քիչ եռալուց հետո սպասեցինք, հովացավ ու սկսեցինք քամել։ Ստացվեց երեք սկուտեղի չափով։ Մի քանի օր հետո թթու լավաշները պատրաստ էին։ Մի լավաշը անուշ արեցինք, մյուս երկուսը գեղեցիկ փաթեթավորեցինք, որ ներկայացնենք ցուցահանդես- հանգանակությանը։

«Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր»  նախագծի շրջանակում Հարավային դպրոց-պարտեզի 1․1 դասարանի սովորողներն իրականացրին «Լավաշթխիկի» ծեսը և «Թթուդրիկը»։
Հայկական ավանդական հացը՝ լավաշը, դարեր ի վեր թխվել է թոնրի մեջ: Սովորողները նախապատրաստական աշխատանքների ընթացքում ծանոթացել են լավաշի պատմությանը, սովորել լավաշթխիկի երգեր: Երկարացված օրվա ճամբարի ընթացքում Նելլի Կարապետյանի հետ սովորողները պատրաստել էին լավաշի խմորը։
Առավոտյան այգեպան Արթուրը վառեց թոնիրն ու վառարանը։ Մարիամ Մնացականյանի հետ, հացթխիկի ազգային երգեր երգելով, սովորողները կարտոֆիլները շարեցին տաք վառարանի վրա։ Լավաշի խմորը գրտնակով բացեցին, իսկ խոհարար տիկին Անահիտը թոնրի մեջ թխեց անուշաբույր լավաշները։ Թոնրից դուրս եկած յուրաքանչյուր լավաշին երջանիկ ու շատ ուրախ սովորողներն ասում էին ջա՜ն։
Շատ համով լավաշով, կանաչիով, պանրով ու կարտոֆիլով բրդուճներ պատրաստեցինք ու անուշ արեցինք։
Սովորողներն ինքնուրույն են, ուշադիր, քանի որ թոնրատանը պետք է զգույշ լինել, ուշադիր ընկերոջ հանդեպ։ Այնուհետև ծանոթացան լավաշթխիկի նոր աշխատանքային պարագաներին՝ գրտնակ, թոնիր, խաչերկաթ, շամփուր, ռափադան՝ սուփռեն։ Իմացան, որ լավաշի խմորը պատրաստում են ցորենի ալյուրից։

Թթուդրիկի ծեսին ներկայացրին, թե ինչ բանջարեղեն է հարկավոր։ Այնուհետև ռուսերենի դասավանդող Բելլա Մովսիսյանի հետ ռուսերեն անվանեցին բանջարեղենի անունները, երաշժտության դաստիարակ Մարիամ Մնացականյանի հետ գովեցին թթվի բանջարեղենին և պատրաստեցին կերպարներ։ Կերպարներով հորինեցին հեքիաթ՝ «Ճամփորդ բանջարեղենը», «Կարմրաթուշ բազուկը», «Կարմիր-կանաչ լոլիկները»։
Սովորողները լվացին բանջարեղենը, քերիչով մաքրեցին գազարի, բազուկի կեղևը, զիգզագ դանակով կտրատեցին գազարն ու բազուկը։ Առաջին անգամ էին տեսնում, որ կարելի է գեղեցիկ ձևավորել, կտրել գազարը։ Հերթով բոլորը կտարտեցին, որ մեր թթուն գեղեցիկ լինի։ Դանակով կտրատեցին նեխուրը, սովորեցին նոր բառեր՝ նեխուր, դափնու տերև և այլն։ Իրականացնելով բնագիտական փորձ՝ պատրաստեցին աղաջուր, հաշվեցին, թե քանի գդալ խոշոր աղին որքան ջուր է հարկավոր, տեսան, որ աղը լցնելով՝ գույնը մնաց նույնը, սակայն փոխվեց համը։ Երկու շաբաթ հետո մեր համով թթուն պատրաստ էր։

Սովորողները ընտանեկան դպրոցում ևս դրել են թթու՝ տատիկի, մայրիկի հետաքրքիր բաղադրատոմսերով․

Նմանօրինակ աշխատանքները նպաստում են սովորողի բազմակողմանի զարգացմանը՝ ներգրավելով բոլոր առարկաները՝ խոսքի զարգացում, մաթեմատիկա, տեխնոլոգիա, ես և շրջակա աշխարհը։ Սովորողները հաճախ են օգտագործում օտարալեզու բառեր։ Այս աշխատանքները նպաստում են, որ ճիշտ և գրագետ խոսեն։ Գործունեությունը նպաստել է նաև բառուսուցմանը․ սովորել ենք «թթու», «գաթա», «լավաշ», «սալոր» բառերը, թթվի տարաների պիտակները ձևավորելու ընթացքում գրել ենք «թթու» բառը։ Սովորում են, թե որ բանջարեղենը որտեղ է աճում, ինչով է օգտակար հում կամ թթու դրած բանջարեղենը։ Օրվա ավարտին խաղացինք «Բողկ-կաղամբ» ուշադրությունը զարգացնող խաղը։
Համագործակցային նախագծով հյուրընկալեցինք «Տունտունիկ» կրթարանի սաներին, ծնողներին և ուսուցիչներին․ միասին պետք է թթու դնեինք։ Առաջին դասարանի սովորողները, արդեն որպես փորձառու թթու դնողներ, պարերգով ու խաղերգով իրականացրին ծեսը։ Շատ հետաքրքիր ու ստացված օր ունեցանք։

Ցուցահանդես-հանգանակությունը սպասված է, քանի որ սովորողներն ու ծնողները մտածում են, որոշում, թե ինչ պետք է ներկայացնեն։ Պատրաստվում են՝ ստեղծելով հետաքրքիր աշխատանքներ։
Առաջին դասարանցիներն էլ անմասն չեն մնացել և պատրաստել են յուրահատուկ աշխատանքներ թե՛ դասարանում, թե՛ ընտանեկան դպրոցում։
Բոլոր աշխատանքները տարբերվող են․ առաջին անգամ են սովորողներն ու ծնողները մասնակցում նմանօրինակ նախագծի։
Այդպիսի հետաքրքիր աշխատանք էր բաստուրմայի պատրաստումը։


Պատրաստում ենք բաստուրմա

Սովորողները մսի վրա խոշոր աղ լցրեցին և թողեցին մի քանի օր, այնուհետև լավ լվանալուց հետո մսի կտորները դրեցին ծանրոցի տակ։
Ասեղին թել անցկացրին և, մսի վերևի հատվածին ամրացնելով, կախեցին, որ չորանա։ Չորանալուց հետո պատրաստեցին չամանե խյուսը, և մսի չոր կտորները դրեցին մեջը։ Մի քանի օր հետո հանեցին, կախեցին, որ լավ չորանա։ Պատրաստ լինելուց հետո  փաթեթավորեցին, որ ներկայացնեն ցուցահանդես-վաճառքին։
Ընտանեկան դպրոցում ցուցահանդեց վաճառք-հանգանակության համար պատրաստել են հետաքրքիր աշխատանքներ՝

Մոտեցավ սիրված ու սպասված տոնը՝ Ամանորը։ Մեր ամանորյա տոնախմբության համար պետք է պատրաստեինք տարեգաթա և ասիլ-վասիլներ։ Մեզ օգնության եկավ Դանիելի մայրիկ Մերին։ Մայրիկն «Ուսումնական պարապմունքի կազմակերպիչ» նախագծով  սովորողների հետ պատրաստեց տարեգաթա՝ մեջը դնելով մետաղադրամ։ Սովորողները  խմորը գրտնակով բացեցին, նախշազարդ կաղապարներով կտրատեցին և ուղարկեցին ջեռոց՝ թխվելու։ Սովորողներն անհամբեր սպասում էին, թե ում է բաժին հասնելու մետաղադրամը, ով է լինելու տարվա հաջողակը։

Նախագծերն իրականացնելիս մենք կարողացանք իրագործել մեր առաջ դրված նպատակները և  գրանցել  հաջողություններ սպասվածից ավելի։
Նախագիծը հունվարյան ստգատեսներին ևս կշարունակենք․ կպատրաստենք փոխինձ, ղափամա, դդմով տարբեր ուտեսներ։ Գարնանը՝ զատկատոնին, կպատրաստենք չամչով փլավ, զատկական ուտեստներ, որին ընտանեկան դպրոցը անպայման կմասնակցի։ Նախատեսում եմ նախագիծը շարունակել երկրորդ և երրորդ դասարաններում, որպեսզի զարգացումն էլ ավելի տեսանելի լինի։

Ամփոփումները տեսանյութերի տեսքով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով