«Ծեսը ժամանակի մեջ ստեղծված այն տունն է, որտեղ մարդու հոգին իրեն ապահով է զգում»։

Սուրբ Հարության տոնը կամ Զատիկը կրթահամալիրի ծիսական օրացույցի ամենասպասված իրադարձություններից է: Նախագիծը նպատակ ունի ոչ միայն տոնել, այլև սովորողների համար բացահայտել ծեսի խորհուրդը՝ կիրառելով ուսումնառությունը՝ գործունեությամբ սկզբունքը: Կրտսեր դպրոցում ուսումնական գործընթացը պետք է չլինի լոկ տեղեկատվության փոխանցում, այն պետք է լինի ապրում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Զատիկ» նախագիծը հենց այդպիսի կրթության օրինակ է, որտեղ ծեսը ոչ թե թատերականացված ներկայացում է, այլ սովորողի առօրյա գործունեության բնական միջավայր։

Նախագիծը սկսել ենք ծիսական նյութերի ուսումնասիրությամբ: Սովորողներին ծանոթացրի Ռ. Հարոյանի «Զատիկ» գրքի նյութերին, սովորեցինք զատկական ասիկներ և օրհնանքներ, օրինակ՝ «Զատիկը եկավ, դուռը բացեք», «Կարմիր ձու տամ, կարմիր օր տուր» և այլն:

Հաջորդ փուլում սովորողները հորինեցին  հեքիաթներ ու հանելուկներ զատիկի, ձվիկի, ածիկի, ճուտիկի մասին: Այնուհետև այդ հեքիաթները պատկերեցին համակարգչային Paint ծրագրով: Երբ առաջին դասարանցին հորինում է իր հեքիաթը, նա դառնում է փոքրիկ երևակայող։ Մենք խրախուսում ենք սխալվելու ազատությունը և երևակայության թռիչքը, ինչը և հիմք է դնում ինքնավստահ հաղորդակցման համար։

Այս նախագծի ամենագործնական և տեսանելի փուլերից է ածիկացանը, որին սովորողները մեծ ոգևորությամբ  մասնակցեցին: Սովորողները տարբեր տարաների մեջ ցանեցին ցորեն, գարի, ոսպ, լոբի: Նրանք ամեն օր հետևեցին ծիլերի աճին, ջրեցին և կատարեցին դիտարկումներ: Սա սովորեցնում է համբերություն և դիտողականություն։ Նրանք զարմանքով հետևում էին, թե սերմը ինչպես  ծլեց, հատիկը ինչպես բացվեց, ամեն օր ինչքան մեծացավ։

Ուսումնասիրեցինք նաև ձվի կառուցվածքը, սոխի կեղևով ձու ներկելու բնական եղանակը։

Հաջորդիվ դասարանը վերածեցինք արվեստանոցի․ կավից, գունավոր թղթերից, այլ նյութերից պատրաստեցինք զատիկներ, ճուտիկներ և տարբեր նախշերով և կերպարային լուծումներով ձվիկներ, որոնք հետո ներկայացրինք տոնական ցուցահանդես-վաճառքին:

 Սովորողները պատրաստեցին էլեկտրոնային  բացիկներ, որոնցով շնորհավորեցին ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին:

Ծեսը անհնար է պատկերացնել առանց ազգային երգ ու պարի: Ընթացքում սովորեցինք զատկական երգեր, նաև հատվածներ պատարագից։

Ծեսը ծես չի լինի առանց սեբաստացի ընտանիքների։ Սովորողները նախագիծը տանում են տուն. հարցազրույցներ են վերցնում տատիկներից ու պապիկներից՝ պարզելու, թե ինչպես են նրանք տոնել Զատիկը իրենց մանկության տարիներին:

Տանը ծնողների հետ մասնակցում են զատկական խոհանոցային գործունեությանը՝ պատրաստում են չամչով փլավ, տարբեր թխուկներ, ձկնեղեն, կանաչի և այլն, զարդարում են տոնական սեղանը և ընտանիքով նշում տոնը:

Նախագիծն ավարտեցինք մեծ տոնական միջոցառմամբ դպրոցի բակում. խաղացինք ձվակռիվ, ձուգլորոցի, ձուպտտոցի, աքլորակռիվ, այնուհետև օգտվեցինք միասնական զատկական սեղանից: Ծեսն ամփոփեցինք մեծ ու շատ լավ կազմակերպված ցուցահանդես-վաճառքով։

2020 թվականի նոեյմբերին՝ «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի շրջանակում, առաջին անգամ կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք-հանգանակությունը, որտեղ ներկայացված էին սովորողների, դասավանդողների, սեբաստացի ընտանիքների պատրաստած աշխատանքները։ Հավաքագրված գումարը փոխանցվեց Զինվորների ապահովագրության հիմնադրամին։ 2021 թվականին շարունակեցինք կազմակերպել ցուցահանդես-վաճառք-հանգանակություններ կրթական տարբեր ծեսերի, ստուգատեսների ընթացքում, որոնց ժամանակ հավաքագրված գումարները փոխանցվում է  «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին՝ դպրոցի, Արատես դպրական կենտրոնի բարեկարգման համար։

Ժողովրդական, ավանդական ծեսերը կրթական միջավայրում ոչ միայն մշակութային ժառանգության փոխանցման միջոց են, այլև կենդանի հարթակ՝ համագործակցային ուսուցման, հաղորդակցության և համատեղ ստեղծագործ գործունեության համար։ Ծեսերը մեզ համար լավ հնարավորություն են ստեղծում համագործակցելու Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների հետ։ Նմանօրինակ համագործակցություն է Ծաղկունքի ծեսը։

Մինչև բուն ծեսի օրը կապ հաստատեցինք Ծաղկունքի դպրոցի դասվարների հետ, փոխանցեցինք ծիսական երգերի հղումները, ասիկները, նախագծի մանրամասն ընթացքը, քննարկեցինք, թե ինչպես, որտեղ ենք անցկացնելու ծեսը, ինչ կարող ենք միասին անել գյուղում։

Ճամփորդության օրը երգով ու բարձր տրամադրությամբ հասանք Ծաղկունք գյուղ։ Դպրոցի բակում միասին երգեցինք, պարեցինք։ Այնուհետև քայլքով, գյուղը ուսումնասիրելով, գյուղացիների հետ զրուցելով, բարձունք հաղթահարելով, հասանք գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Եկեղեցու բակում երգեցինք, պարեցինք զատկական երգեր ու պարեր, խաղացինք ձվախաղեր և «Ճոպան-ճոպան» խաղը։

«Օրը Ծաղկունքում» ճամփորդությունը մեկն էր այն կրթական-ճանաչողական-համագործակցային այցերից, որից և՛ սովորողները, և՛ դասավանդողները շատ տպավորություններով, ոգևորված, լիացած, նոր ընկերներ ձեռք բերած, պիտի շարունակեն աշխատել և նոր կապեր ստեղծել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով