«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  յուրօրինակ է իր տեսակով, աշխատանքային  ճկունությամբ: Կրթահամալիրում առանձնակի տեղ է տրվում ազգային ինքնությանը և երաժշտությանը: Յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է ընդհանուր պարապմունքով, ժամը՝ 09:00-ին։ Միասին պարում ենք, երգում մեր սիրելի երգերը և միասնական ընթերցում։ Պարապմունքը տևում է ընդամենը 15 րոպե և ավարտվում միասնական պարով։ Սակայն այդ կարճ ժամանակահատվածը լցված է էներգիայով ու դրական տրամադրությամբ՝ ձևավորելով մի ամբողջ աշխատանքային օրվա ուրախ կազմակերպված և արդյունավետ ընթացք։ Սա համախմբող և զարգացնող կրթական հարթակ է:

Գրեթե ամեն օր կարող ես հայտնվել կրթահամալիրի 7 օղակներից մեկում` Հարավային, Հյուսիսային, Արևմտյան, Արևելյան դպրոց-պարտեզներում, Քոլեջում, Միջին, Ավագ դպրոցներում և նորովի բացահայտել կրթահամալիրը: 7 միմյանց շատ նման, բայց, միևնույն ժամանակ, շատ տարբեր օղակներ՝ իրենց յուրահատկություններով:

Աշխատելով կրթահամալիրի տարբեր օղակներում, կազմակերպելով առավոտյան ընդհանուր պարապմունքներ՝ կարող եմ նշել մի քանի տարբերություն:

Կրտսեր սովորողների համար սա հիասքանչ հարթակ է օրն սկսելու ակտիվ, ուրախ, ընկերական ջերմ միջավայրում: Հարթակ, որն օգնում է կրկնելու և ամրապնդելու իմացածը: Տարատարիք ընկերների կողքին կարող են էլ ավելի համարձակ պարել, երգել, ասմունքել: Եվ, ինչն ամենակարևորն է, փոքր տարիքից կարող են տեսնել և ընկալել միասնականության գաղափարը, ուժը:

Միջին և Ավագ սովորողների համար պատկերն այլ է: Տարիքին զուգահեռ ի հայտ են գալիս, ձևավորվում բնավորություն, խառնվածք, ամոթխածություն, սեփական ուժերի թերագնահատում, ինչ-որ վախեր՝ ծիծաղի, ծաղրանքի արժանանալու:
Եվ ամենօրյա ընդհանուր պարապմունքը հենց այն միջավայրն է, որն օգնում է ազատվելու այս ամենից: Միանալով սիրելի ուսուցիչներին, ընկերներին՝ հետզհետե վերանում են բոլոր բարդույթները:

Եթե կրտսեր դպրոցում ծրագիրը հստակ որոշվում է երաժիշտի և այլ ուսուցիչների կողմից, էստեղ արդեն կարևոր պայման է դիտարկել, ընդգրկել սովորողի նախասիրությունները, ուսումնասիրել տարիքային առանձնահատկությունները:
Ուղղակի, ինքնակամ կազմված ծրագիրը երբեք չի կարող մեկ սրահում համախմբել այս չափ տարատարիք և տարբեր սովորողների: Եվ վերջ ի վերջո ընդհանուր պարապունքը պարտադրանք չէ և չպետք է լինի, սա միմյանց հետ օրը համերաշխ, համախմբված սկսելու, օրվա, շաբաթվա նորություններին տեղեկանալու, նոր տաղանդաշատ սեբաստացիներ բացահայտելու հարթակ է:

Դե ինչ, անցնենք ընդհանուր պարապմունքի երաժշտական կողմին:

Անհատական կատարումներից սկսվող ճանապարհ

Ընդհանուր պարապմունքի ամենասպասված և սիրելի բաժինը անհատական կատարումներն են՝ բոլորիս հայտնի հին և նոր երգեր, տարբեր գործիքային կատարումներ /դաշնամուր, շվի, սաքսոֆոն, ջութակ, ֆլեյտա, կիթառ, դհոլ…/, տարբեր ժամանակների ստեղծագործություններ՝ Բախից մինչ մեր օրեր…

Առաջին քայլը միշտ եղել է անհատական աշխատանքը։ Յուրաքանչյուր սովորող ունի իր ձայնային հնարավորությունները, սեփական անհանգստությունները և բնական վախը բեմից։ Անհատապես աշխատելու արդյունքում սովորողը  կարողանում է  վստահ կանգնել և ներկայանալ։ Սա շատ կարևոր  փուլ է, որտեղ  սովորողը սկսում է հասկանալ, որ իր ձայնը կարևոր է, լսելի է և հասկացված։

Շատ երեխաներ բեմից խոսելիս, երգելիս լուրջ անհանգստանում են։ Բայց երբ տեսնում են, որ լսարանն իրենց ընդունում է, լսում, օր օրի փոխվում են։ Այդ փոփոխությունը երաժշտական կրթության ամենահետաքրքիր կողմերից է:

Անհատական կատարումներ 

Դասարանական համույթներ. ամբողջական դասարան՝ բեմում

Նախորդ տարի միտք առաջացավ ստեղծելու  դասարանական համույթներ։ Սկզբում թվում էր՝ մի ամբողջ դասարան բեմ բարձրացնելը գրեթե անհնար է՝ ամաչկոտություն, տարբեր բնավորություններ, վախ պատասխանատվությունից… Բայց արդեն տեսել ենք մի բան․ անհատական երգողների հաջողությունը վարակիչ է։ Երբ մի քանի սովորողի տեսնում են բեմում՝ հաջողված ու ազատ, հասակակիցներն սկսում են մտածել՝ «եթե նա կարողանում է, ես էլ կարող եմ»։

Արդյունքում ծնվեց հետաքրքիր մի երևույթ. դասարաններն սկսեցին ինքնակամ խնդրել համույթ կազմել, երգել և ելույթ ունենալ։ Սա ամենամեծ ձեռքբերումներից մեկն է՝ ինքնակամ, սիրով  առանց որևէ պարտադրանքի: Իսկ այդ ցանկությունն արդեն մեծ հաղթանակ է՝ վախի հաղթահարման, ազատ ինքնարտահայտման և համագործակցության։

Դասարանական համույթը միայն երգ չէ․

  • սովորողները միասին են ընտրում ստեղծագործությունը
  • կազմակերպում են փորձեր/անգամ օգտագործելով իրենց դասամիջոցները/
  • բաշխում են դերեր, ընտրում հագուստ
  • սովորում են աշխատել՝ միմյանց լսելով
  • և ամենակարևորը՝ սովորում են լինել միասնական

Երբ բեմում 8-10 և ավելի սովորող միաժամանակ երգում են, նրանցից յուրաքանչյուրը զգում է մի բան՝ ինքն է ամբողջի մի մասը, և, առանց իրեն, այդ ամբողջը չի հնչի նույն կերպ։

Դասարանական համույթներ

Բեմը՝ հաղթահարման հարթակ

Բեմը մեզ համար միայն ներկայացում չէ։ Բեմը դառնում է աշխատանք։ Սովորողը հասկանում է, որ չի ամաչում, չի կաշկանդվում, կարողանում է ներկայանալ, կարողանում է լսել ուրիշներին և միաժամանակ ներկայացնել իրեն։ Այս գործընթացն օր օրի ձևավորում է ինքնավստահություն, ազատություն և պատասխանատվություն՝ ինչպես սեփական ձայնի, այնպես էլ ամբողջ խմբի հնչողության նկատմամբ։

Երբ սովորողը բեմում իրեն ազատ է զգում, նա այլ ոլորտներում էլ դառնում է ավելի վստահ։ Սա երևում է խոսքում, հարաբերություններում, թիմային աշխատանքում, նույնիսկ դասաժամին դասարանում։

Երաժշտական արդյունք, ահատական զարգացում

Ընդհանուր պարապմունքը երաժշտական կրթություն է, բայց նաև անձնային զարգացում։ Արդյունքները շատ տեսանելի են․

  • ինտոնացիոն ավելի մաքուր երգեցողություն
  • երաժշտական լսողություն և հիշողություն
  • անսամբլային,խմբային  մտածողություն
  • կատարողական մշակույթ
  • ստեղծագործական երևակայություն

Բայց ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ սովորողն այլևս չի վախենում։ Նա կարողանում է ներկայանալ իր դասարանին, դպրոցին և հասկանում է, որ իր ձայնն արժեք ունի։

Ավելի վաղ կատարված փորձեր՝

Վերջաբան

Սա պարզապես երաժշտական պարապմունք չէ․ սա մի միջավայր է, որտեղ սովորողը զարգանում է ինչպես տարբեր ոլորտներում /գրականություն, մշակույթ, մաթեմատիկա…/, այնպես էլ անձնական՝ ձեռք բերելով ինքնավստահություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով