«Հանգիստը բնավ դատարկություն չէ. այն օգտակար զբաղմունքի ժամանակն է»։
Բենջամին Ֆրանկլին
Այս հանճարեղ միտքը, կարծում եմ, լավագույնս բնորոշում է այն մոտեցումը, որը պետք է ընկած լինի յուրաքանչյուր դասավանդողի և սովորողի արձակուրդի հիմքում։ Սովորաբար «արձակուրդ» բառը մեր գիտակցության մեջ ասոցացվում է պարտականությունների ժամանակավոր դադարեցման և բացարձակ հանգստի հետ, սակայն իրականում սա այն բացառիկ շրջանն է, երբ լռում է ուսումնական եռուզեռը, և սկսում է խոսել անհատի ստեղծագործական ներուժը։ Երբ ազատվում ես պարտադիր ուսումնական ծրագրերից, հնարավորություն ես ստանում սեփական ժամանակդ տնօրինելու այնպես, ինչպես թելադրում է ներքին հետաքրքրությունդ։ Սա այն պահն է, երբ հնարավորություն ունես բացահայտելու սեփական թաքնված նախասիրություններդ, փորձարկելու նոր մեթոդներ, ստեղծագործելու, ինքնակրթվելու և զարգացնելու այն ստեղծագործական կարողությունները, որոնք աշխատանքի ծանրաբեռնվածության մեջ հաճախ ստվերում են մնում։
Մաթեմատիկայի դեպքում արձակուրդը կարող է դառնալ բացառիկ ժամանակահատված, երբ դասավանդողը կամ սովորողը զբաղվում է ոչ ստանդարտ խնդիրների լուծմամբ, օրինակ՝ ուսումնասիրում է ֆլեշմոբի կամ օլիմպիադայի խնդիրները (դպրոցական փուլից մինչև հանրապետական փուլ)։
Ելնելով նախասիրությունից՝ դասավանդողը կարող է թարգմանչությամբ զբաղվել (հոդվածներ թարգմանել) կամ մասնակցել մասնագիտական ծրագրերի, իսկ սովորողը՝ խորացնել գիտելիքները և զարգացնել ինքնուրույն ուսուցանելու հմտությունները: Արձակուրդը՝ ստեղծագործական այս ընթացքը, կարծես դառնում է մասնագիտական կամուրջ։ Այն թույլ է տալիս դասավանդողին մշտական կապի մեջ լինելու իր գործընկերների և սովորողների հետ՝ կիսվելով նոր լուծումներով ու գաղափարներով, ինչու չէ՝ նաև նրանց օգնելով։ Արձակուրդը վերածվում է ոչ թե մեկուսացման, այլ համագործակցության հարթակի։ Այն դառնում է ուսուցողական մոդել, որը կարող է ծառայել որպես օրինակ այն դասավանդողների համար, ովքեր պատրաստվում են գնալ ֆիզարձակուրդ կամ պարզապես արձակուրդ։
Հատկապես ֆիզարձակուրդի պարագայում հաճախ կարելի է լսել այն թյուր կարծիքը, թե փոքրիկի խնամքը, այն էլ չորրորդ երեխայի, կարող է դանդաղեցնել մասնագիտական աճը կամ խանգարել աշխատանքին։ Իրականում պատկերն այլ է. նոր ծնված երեխան ոչ թե խանգարում է աշխատանքին, այլ դառնում է էներգիայի անսպառ աղբյուր։ Փոքրիկի ներկայությունը դասավանդողին տալիս է նոր ուժ, թարմ հայացք և ներշնչանք՝ ավելի մեծ եռանդով ստեղծագործելու, թարգմանելու կամ մասնագիտական ծրագրերի մասնակցելու համար։ Սա այն ժամանակն է, երբ ծնողական ջերմությունը խառնվում է մասնագիտական սիրո հետ՝ ստեղծելով զարգացման մի նոր հարթակ։
Արձակուրդը դարձնելով ստեղծագործության և ուսուցողական աշխատանքի մի ժամանակահատված՝ մենք վերածում ենք այն սովորական «հանգստի», դադարից արժեքավոր ու արդյունավետ ժամանակի, որը նպաստում է և՛ անձնական, և՛ մասնագիտական աճին:
Ներկայացնում եմ այն աշխատանքները, որոնք կատարել եմ ֆիզարձակուրդի ժամանակ, որոնք նաև շարունակել եմ՝ վերկսկելով աշխատանքս կրթահամալիրում։
1. Ֆլեշմոբյան խնդիրների լուծում, աջակցություն մաթեմատիկա դասավանդողներին, սովորողներին
Ամեն ամսվա վերջին չորեքշաբթի կրթահամալիրի կայքում, ինչպես նաև «Մաթեմատիկա» մասնախմբի էջում, տեղադրվում են մաթեմատիկայից առաջադրանքներ՝ հինգ տարբեր մակարդակով։ Առաջադրված տարբերակներից սովորողը ընտրում է իրեն հարմարը, լուծում առաջադրած խնդիրները և պատասխանները լրացնում դրանց համար նախատեսված տեղում։ Առաջադրանքները կարող են կատարել մենակ, խմբով կամ ծնողների հետ։
Մեծ ուրախությամբ պետք է նշել, որ ուղիղ տասը տարի է, որ կրթահամալիրի կայքում ամեն ամիս անխափան տեղադրվում են մաթեմատիկական խնդիրներ՝ միավորելով մաթեմատիկայով հետաքրքրված սովորողներին։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սովորողները սիրում և սպասում են մաթեմատիկական ֆլեշմոբին։
Հունվար 1
Փետրվար 1, 2
Մարտ 1, 2
Ապրիլ 1, 2
Մայիս 1, 2
Հունիս 1, 2
Հուլիս 1, 2
Օգոստոս 1, 2
Սեպտեմբեր 1, 2
Հոկտեմբեր 1, 2
Նոյեմբեր 1, 2
Դեկտեմբեր 1, 2
2. Թարգմանական աշխատանք` ռուսերենից հայերեն, անգլերենից հայերեն
Կատարածս թարգմանությունները հրապարակվել են «Դպիր» մանկավարժական հանդեսում։
Մի մասն էլ հրապարակվել է, երբ վերադարձել եմ աշխատանքի։
«Դպիր» մանկավարժական հանդեսը կրթահամալիրի դասավանդողներին և սովորողներին միավորող էլեկտրոնային հարթակ է, որտեղ դասավանդողները կիսվում են իրենց փորձով, գաղափարներով ու նախաձեռնություներով։ Հանդեսում հրապարակվում են մանկավարժական հոդվածներ, ուսումնական նախագծեր, դասավանդման փորձի նկարագրություններ, ինչպես նաև մեծ թվով ուսումնական թարգմանություններ, որոնք օգնում են դասավանդման գործընթացը սովորողների համար ավելի ստեղծագործ, հետաքրքիր և օգտակար դարձնելուն։
Արձակուրդին կատարածս թարգմանությունները տե՛ս ստորև․
Ի՞նչ է մաթեմատիկան, ո՞րն է նրա առաջընթացի հիմքը
Ինչպես է արհեստական բանականությունը խաղ հորինել
Հին խնդիրը՝ նոր ձևով
Աջակողմյան ձի
Դոմինոյի նվազագույն կոշտ դասավորություններ
80-80-20 աստիճանային չափերով եռանկյուն, առաջին մաս
80-80-20 աստիճանային չափերով եռանկյուն, երկրորդ մաս
3. Սպասարկում «Տիգրան Հայրապետյան» գրադարանին
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարան է, որը կրում է հայ հրապարակախոս, մտավորական և ազատ մտածող Տիգրան Հայրապետյանի անունը։ Գրադարանը սովորողների, դասավանդողների և ընթերցասերների համար հարմարավետ, ջերմ միջավայր է, որտեղ պահվում են բազմազան գրքեր, ժողովածուներ, ամսագրեր և էլեկտրոնային նյութեր։ Այն ոչ միայն ընթերցանության վայր է, այլ նաև սովորողների համար ուսումնական միջավայր, դասավանդողների համար՝ ուսումնական քննարկումներ կազմակերպելու գրական ակումբ։
Կրթահամալիրի դասավանդողներն հեղինակային կրթական ծրագրերի շրջանակում ուսումնական փաթեթներ, ժողովածուներ և այլ նյութեր են տրամադրում գրադարանին։
Արձակուրդի ընթացքում պատրաստել եմ «Խնդիրների ժողովածու», որի խնդիրները մասնագիտական հավաքների ժամանակ լուծել են մաթեմատիկա մասնախմբի դասավանդողները։ Այս աշխատանքն օգնություն էր մաթեմատիկա դասավանդողներին, մասնախմբի ղեկավարին։ Այս խնդիրները նաև նախատեսված են Ավագ դպրոցի սովորողների համար։ Աղբյուրը տե՛ս այստեղ՝ https://kvant.mccme.ru/
4. Լուծել եմ դպրոցական օլիմպիադայի խնդիրները (ինչպես այս տարվանը, այնպես էլ նախորդ երկու տարիներինը)։
Այս աշխատանքը նորից օգնություն էր ինչպես մաթեմատիկա դասավանդողների, այնպես էլ սովորողների համար։
Լուծումները ստորև․
5-րդ դասարան 1
5-րդ դասարան 2
5-րդ դասարան 3
6-րդ դասարան 1
6-րդ դասարան 2
6-րդ դասարան 3
7-րդ դասարան 1
7-րդ դասարան 2
Սա պարզապես մեկանգամյա նախաձեռնություն չէ, այլ շարունակական նախագիծ․ չէ՞ որ բոլոր աշխատաողներն էլ ունեն արձակուրդի կարիք․ յուրաքանչյուր ոք, անկախ աշխատանքի վայրից կամ աշխատանքի բնույթից, տարվա ընթացքում ունենում է իր հասանելիք արձակուրդը։ Նախագիծը կածես լինի «ստեղծագործական էստաֆետ», որը կարող է փոխանցվել մեկից մյուսին։ Երբ մեկը վերադառնում է նոր գաղափարներով, մյուսն է պատրաստվում մեկնել՝ իր հետ տանելով նախորդների փորձը։ Այս աշխատանքը դարձավ այն շարժիչ ուժը, որը վերդարձրեց ինձ կրթահամալիր՝ այս անգամ նոր ուժով, նոր եռանդով, նորանոր բացահայտումներով։
