«Ես կարողանում եմ»  ստուգատեսը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1-3-րդ դասարաններում: Ստուգատեսի իրականացման ժամանակահատվածը մայիս ամիսն է, որը համընկնում է երրորդ ուսումնական շրջանի ավարտի հետ։
2024- 2025 ուսումնական տարում  Արևելյան դպրոցի 1-1 դասարանի դասվարն եմ եղել, այդ նույն դասարանում շարունակում եմ դասավանդել։ Այն թվով չորրորդ դասվարական դասարանն է, որի հետ աշխատում եմ։  Նախորդ երեք դասարաններում երեքական  տարի դասավանդել եմ՝ ապահովելով «Մուտք» և «Ելք» սահուն անցումը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար շատ կոնկրետ ձևակերպված պահանջով և տեսանելի արդյունքով անցկացվում է «Ես կարողանում եմ» ստուգատեսը՝ որպես արածի ամփոփում։ Այն իր մեջ ներառում է պետական չափորոշիչն ու կրթահամալիրի այլընտրանքային կրթության բաղադրիչները։ Յուրաքանչյուր սովորողի համար լրացվող զարգացման բնութագրի տեսանելի ձևն է։
Առաջին դասարանում «Ես կարողանում եմ» ստուգատեսի չափման գործիքներն են
Մեդիաայբբենարանների և թվադարանների  հրապարակումը, որոնք մեկ տարվա ընթացքում սովորողի կողմից ստեղծված և խնամքով հավաքված փաթեթներ են։ Այդ փաթեթները նկարված են համակարգչային Paint ծրագրով, անհատական են և հավաքված են հաջորդականության սկզբունքով։ Ստեղծելով ամբողջական փաթեթ՝ սովորողն ինքնաբերաբար դառնում է գրաճանաչ, զարգանում է երևակայությունը, տիրապետում է կոնկրետ համակարգչային ծրագրի։ Ձեռք է բերում սկսած գործը ավարտուն տեսքի բերելու կարողություն։
«Ես կարողանում եմ» հաշվետու պատումները կենդանի պատումներ են, որտեղ երևում է, որ արդեն գրաճանաչ դարձած առաջին դասարանցին կարողանում է ընթերցել, հաշվել, կատարել բնագիտական փորձեր, լողալ, հեծանիվ վարել, աշխատել համակարգչով և, ամենակարևորը, այդ ամենը կարողանում է անկաշկանդ ներկայացնել։ Այո՛, անկաշկանդ ներկայանալը կարևոր հմտություն է, որ հատկապես սեբաստացի սովորողներն արագ յուրացնում են։
Մեդիան մեզ տալիս է այն հնարավորությունը, որ ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ համադրել սեպտեմբեր և հունիս ամիսները և յուրաքանչյուր սովորողի կտրվածքով տեսնել զարգացման բնականոն փուլերի հաջորդականությունը։ Այդ զարգացման հաջորդականությունն էլ իր հերթին ապահովում են կրթահամալիրի օրացույցով հաստատված նախագծերն ու ստուգատեսները։

Ստեղծագործական երևակայության (ռոդարիական հնարներ) ստուգատես
Ստուգատես, որ իրականացվում է կրթահամալիրի կրտսեր դպրոցում։ Որպես ստուգատեսի սկիզբ հայտարարում ենք ապրիլ ամիսը, որը իր զարգացման գագաթնակետին է հասնում հունիսյան ճամբարային օրերին։
Որպես ուղեցույց ունենալով «Ստեղծագործական երևակայության քերականություն» գիրքը՝ տարբեր մեթոդական հնարքներով խաղում, յուրացնում, ստեղծագործում ենք։
Այդ շրջանում «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը դառնում է մեր ընթերցանության նյութը։ Գրեթե բոլոր սովորողներին այդ գիրքը դուր է գալիս։ Հեքիաթները կարճ են, զվարճալի և անսպասելի լուծումներով։ Սովորաբար պատմվածքները ընթերցելուց հետո փորձում ենք խաղալ։

Այցելություն՝ Գեղագիտության ազգային կենտրոն
Ժամանակավոր ցուցադրություն, որը շատ համահունչ էր ռոդարիական հնարքների և նոր լուծումների հետ

Որպես մեկ տարվա արածի ամփոփում՝ որոշեցի սովորողների հետ հանդես գալ ներկայացմամբ, ցույց տալով եռալեզու ուսուցման կարևորությունը, ռոդարիական հնարքների կիրառումը։
Այդ ներկայացումը պետք է լիներ ավանդական այբբենարանի հանդեսների այլընտրանքը։ Ընտրվեցին մեզ ծանոթ ու արդեն սիրելի դարձած ստեղծագործություններ՝ բնականաբար ռոդարիական լուծումներով։ Իմ միտքը վարակիչ եղավ գործընկերներիս համար․ ռուսերենի, անգլերենի, երաժշտության ուսուցիչները նույնպես միացան։ Յուրաքանչյուրս, պահելով մեր բաժին երկինքը, ունեցանք տպավորիչ ու հավես եռալեզու ներկայացում։ Հատկապես սիրուն ստացվեց այն կտորը, երբ յուրաքանչյուր երկիր ներկայացնելուց հնչում էր տվյալ երկրի հիթ կատարումներից որևէ մեկը։

«Այբ, բեն, գիմ՝ յոթը՝ մեկում» թատերական երաժշտական ներկայացումն է, որն ուղեկցվեց
Մեդիաայբբենարանների շնորհանդեսով։
Ինչպես արդեն նշել եմ՝ եռալեզու ռոդարիական ներկայացման գաղափարը ծնվել է «Հեքիաթներ հեռախոսով» գրքի ընթերցումից։ Ներկայացվող հեքիաթներն են՝ «Մեկ և յոթ», «Ինչպես են հորինում թվերը», «Ճանապարհորդ կապիկները»՝ ռուսերենով, «Շփոթ պապը»՝ անգլերենով։

Ջանի Ռոդարիի «Մեկ և յոթ»  պատմությունը ընտրվեց ոչ միայն, որ իմ սիրելիներից է, այլև այն պատճառով, որ բավականին ուսանելի է, խաղարկային և բազմաշերտ։ Պատմությունում խոսվում է յոթ տարբեր տղաների մասին, որոնք նույն երեխան են, ով ութ տարեկան է, արդեն գիտի կարդալ, գրել և հեծանիվ վարել՝ առանց ղեկը բռնելու։ Սովորողների հետ ութը փոխեցինք յոթով, որ պատմության հերոսներն իրենց հասակակից լինեն և այդպիսով ինտեգրումն ավելի հեշտ լինի։ Եթե պատմության մեջ խոսվում էր տղա երեխաների  մասին, որոնք ապրում էին աշխարհի տարբեր ծայրերում, և նրանց ծնողներն ունեին տարբեր մասնագիտություններ, իսկ նրանք լինելով այդքան տարբեր՝ ունեին միևնույն ձգտումներն ու ցանկությունները, ապա մեզ մոտ այդ յոթ հերոսների  մեջ կային և՛ տղաներ, և՛ աղջիկներ։
Սցենարը յուրացնելու արդյունքում սովորողները սովորեցին յոթ երկրի անուն՝ իրենց մայրաքաղաքներով,  սովորեցին տարբերակել այդ յոթ երկրների դրոշները, որոնք ինքնակպչուն  տարբերանշանի տեսքով ամրացված էին իրենց գունավոր գլխարկներին։ Գլխարկ, հագուստ, ինքնակպչուն ու այլ մանրուքներ, որոնք նախապես մշակվել էին և օգնում էին լրացնել սովորողների խաղը։ «Ինչպես են հորինում թվերը» պատմությունը նույնպես օգտագործվել էր սցենարի մեջ, որը ներկայացմանը մի փոքր զավեշտ ու ռիթմ հաղորդեց։ Չկորցնելով այն հիմնական ասելիքի սրությունը՝ «Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են»։ Այս վերջին պարբերությունը կարևորելով՝ սովորողներ հետ շատ նուրբ քննարկում ունեցանք։

 Հայերենով ներկայացմանը որպես սահուն շարունակություն եկան ռուսերեն լեզվով «Ճանապարհորդ կապիկները», ապա անգլերենով «Շփոթ պապը»։ Կարևորելով բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը ներկայացմանը՝ այնպես էինք հաշվարկել, որ բոլորն էլ խաղի իրենց կտորն ունենան, չնայած այն բանին, որ բոլոր երգերը, պարերն ու խաղը միասնական էին։ Արդյունքում ստացանք մեր կողմից մշակված եռալեզու, ռոդարիական հնարքներով երաժշտական խաղ-ներկայացում։
Հանդիսատեսի համար (ծնողներ, դասավանդողներ) հաճելի անակնկալ էր, նախ՝ իրենք սցենարին ծանոթ չէին, հետո՝ արդյունքն իրենց իրոք զարմացրեց։
Ընթացքում զավեշտալի բաներ շատ էին լինում, օրինակ՝ սովորողներից մեկը ոչ մի կերպ չէր կարողանում արտաբերել «թավջութակահար» բառը և ամեն անգամ մի նոր բառ էր ասում, ու բոլորս միասին սկսում էինք անկեղծ ծիծաղել։
Դասարանում ունենալով առանձնահատուկ կարիքով սովորող՝ ոչ թե անտեսել, այլ հակառակը՝ իրեն կենտրոն բերելով՝ կարևորել էինք հենց իր մասնակցությունը։

Սցենարը լրամշակելուց օգտվել եմ արհեստական բանականությունից։ Օրինակ՝ խնդրել եմ, որ այդ յոթ երկրների դրոշները դասավորի մի էջի մեջ, որ հեշտ լինի տպել։ Տղաների անունները փոխարինի աղջիկների անուններով, որոնք տիպիկ են այդ երկրին, օգնի վերնագիր գտնել և այլն։
Ներկայացման մեջ օգտագործված բոլոր աքսեսուարները նախապես ընտրել և պատվիրել եմ Temu օնլայն հարթակում։
Ներկայացման իրականացումը և՛ իմ, և՛ երեխաների մոտ ինքնավստահություն ավելացրեց, որի վրա հետագայում ավելի հեշտ կլինի ինչ-որ բան կառուցելը։
Այս ներկայացումը նաև դարձավ ուսումնական նախագծերի հետևողական շարքի մշակում։

«Յոթ ու մեկ» համերգ ներկայացում/1-ին դասարան, 2021- 2022 ուստարի/
« Այբ, բեն, գիմ»՝ յոթը՝ մեկում/ 1-ին դասարան, 2023-2024 ուստարի/
Այս երկու տարբեր վերնագրերը և տարբեր մոտեցումներով ներկայացումները միևնույն  սցենարի շուրջ բեմադրել եմ երեք տարի առաջ և հիմա։ Կոնկրետ ինձ հետաքրքիր էր դիտարկել առաջին և երկրորդ բեմադրությունների տարբերությունները։
Չնայած այն բանին, որ խնդիրը նույնն է, լուծումներն են տարբեր, արդյունքը ներկայանալի է։

«Եռալեզու պատմություններ ռոդարիական հնարքներով»/3-րդ դասարան, 2024-2025 ուստարի/

Ուսումնական նախագծերի հետևողական շարքի մեկ այլ օրինակ էլ սովորողների անհատական ռադիոթողարկումներն են իրենց հին ու նոր մեկնարկով․
«Մենք» անհատական ռադիոխմբագրություններ/ 2021-24 ուստարի/
«Ամենա-ամենա » անվանակարգով վկայականներ հանձնվեցին (վկայականները պատրաստել ենք սովորողների հետ` օգտագործելով canva ծրագիրը)։
«Մենք ռադիո» անհատական թողարկումների մեկնարկ և հետևողական շարունակություն 2025թ․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով