Նախաբան

Կրթության մեջ հնարավոր է պարզապես փոխանցել գիտելիք, բայց նաև հնարավոր է ստեղծել միջավայր՝ փորձելու, սխալվելու, մտածելու և ստեղծելու համար։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հենց այս երկրորդ մոտեցմամբ է ձևավորվել Տեխնոլաբը՝ որպես կրթահամալիրում գործող ինժեներական միջավայր, որտեղ գաղափարները ձևավորվում են գործնական աշխատանքի ընթացքում։ Տեխնոլաբը միավորում է ինժեներական ուղղվածության մի քանի լաբորատորիաներ, որոնք գործում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ սերտ համագործակցությամբ։ Դրանց կազմում են Սարքաշինության, ՏՏ և ռոբոտաշինության, Անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ինժեներատեխնիկական լաբորատորիաները, որոնց կարևոր բաղադրիչն է էլեկտրոնիկայի բաժինը։ Յուրաքանչյուր լաբորատորիա ունի իր անցած ճանապարհը, փորձը և նպատակը, սակայն Տեխնոլաբում դրանք չեն տարանջատվում․ այստեղ ինժեներական միտքը զարգանում է համատեղ նախագծերի, փոխադարձ աջակցության և միասնական լուծումների միջոցով։ Թեև արդեն որոշակի ժամանակ է, ինչ կրթահամալիրում գործում են առանձին լաբորատորիաները, Տեխնոլաբը՝ որպես այդ բոլոր միջավայրերի համախմբում, ձևավորվել է շուրջ մեկ տարի առաջ։ Այն դարձել է ինժեներական մեծ հարթակ, մեծ միջավայր, որտեղ ինժեներությամբ հետաքրքրված յուրաքանչյուր սովորող կարող է գտնել իրեն, իր հետաքրքրությունները և իր զարգացման ուղղությունը։ Տեխնոլաբում աշխատում-սովորում են տարատարիք սովորողներ՝ 4-րդ դասարանից մինչև 12-րդ, և այդ բազմազանությունն այստեղ դիտվում է որպես առավելություն (ինժեներական ամենատարբեր խնդիրների տարակարծիք ընկալումների տեսանկյունից), և սա զարգացման կարևոր ռեսուրս է: Սովորողներն իրենց ընտրությամբ են ձևավորում ինժեներական ուղղվածության խմբերը։ Նրանք իրականացնում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային նախագծեր՝ աշխատելով իրական խնդիրների շուրջ։ Գործնական աշխատանքը Տեխնոլաբում համարվում է ինժեներական մտածողության ձևավորման ամենակարճ և արդյունավետ ճանապարհը՝ մեխանիկական գործիքներով աշխատանքից մինչև էլեկտրոնիկայի հանգույցների հավաքում, ծրագրավորում և համակարգերի փորձարկում։ Տեխնոլաբում արդեն կայացած և կարևոր ուղղություններից մեկն է «սովորող-սովորեցնող» նախագիծը, որի շրջանակում ավագ տարիքի սովորողները դասավանդում են կրտսերներին՝ փոխանցելով իրենց գիտելիքներն ու կուտակած փորձը։ Այս ձևաչափը ոչ միայն նպաստում է գիտելիքի շարունակական փոխանցմանը, այլև ձևավորում է պատասխանատվություն, համագործակցություն և թիմային մշակույթ։ Լաբորատորիաների համատեղ աշխատանքի վառ օրինակներից մեկն է Robo Ranger ռոբոտը՝ նախագիծ, որը ծնվեց հենց այս միջավայրում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է Տեխնոլաբը հանրակրթության շրջանակում իրականացնում ինժեներական նախագծեր՝ գաղափարից մինչև մրցութային հարթակ հասնող ամբողջական ճանապարհով։ Այս պատմությունը հենց այդ միջավայրում ծնված մի ռոբոտի պատմությունն է։ Պատմություն, որը սկսվում է Տեխնոլաբից։

Robo Ranger

Յուրաքանչյուր ռոբոտ ունի իր պատմությունը։ Ոմանք ծնվում են գործարաններում, մյուսները՝ լաբորատորիաներում՝ գաղափարների, փորձարկումների, սխալների ու նոր լուծումների ճանապարհով։ Robo Ranger-ի պատմությունն սկսվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Տեխնոլաբում՝ մի միջավայրում, որտեղ տեխնոլոգիան միայն ուսուցում չէ, այլ ապրող գործընթաց։ Տեխնոլաբը՝ որպես կրթահամալիրի ինժեներական ուղղության կարևոր բաղադրիչ, այս անգամ իր շուրջը համախմբեց սարքաշինության և էլեկտրոնիկայի լաբորատորիաները։ Սովորողներից ձևավորվեց փոքր, բայց նպատակասլաց թիմ, որը որոշեց իր ուժերը փորձել Ռոբոտների հայաստանյան 17-րդ առաջնությունում՝ ստեղծելով ինքնավար ռոբոտ-մեքենա։ Թիմում ընդգրկված էին Ավագ և Միջին դպրոցի սովորողներ: Տարիքային տարբերությունը խոչընդոտ չդարձավ, հակառակը՝ այն դարձավ ուժեղ կողմ։ Յուրաքանչյուրը թիմ բերեց իր հետաքրքրությունները, իր հարցերը և իր լուծումները։ Robo Ranger-ն սկսեց ձևավորվել հենց այդ բազմազանության մեջ։ Այս տարվա առաջնությունն ուներ կոնկրետ թեմա՝ «Լոգիստիկան ապագայի քաղաքում»։ Մրցույթի գաղափարը պահանջում էր ստեղծել այնպիսի ինքնավար ռոբոտ, որը կկարողանար հայտնաբերել տարբեր տեսակի բեռներ, ճանաչել դրանք, տեսակավորել և տեղափոխել պայմանական քաղաքի հակառակ ծայրում գտնվող համապատասխան տարրաների մեջ։ Առաջադրանքը մեխանիկական ճշգրտության, էլեկտրոնիկայի հուսալի լուծումների և խելացի ծրագրավորման միավորում էր։ Ռոբոտի ստեղծման ճանապարհը հարթ չէր։ Այն սկսվեց թղթի վրա արված սխեմաներից, անցավ մեխանիկական կառուցվածքների փորձարկումներով, էլեկտրոնային հանգույցների հավաքումով ու ծրագրային բազմաթիվ ուղղումներով։ Շատ օրեր լաբորատորիան փակվում էր ավելի ուշ, քան նախատեսված էր։ Երբեմն Robo Ranger-ը չէր կարողանում ճիշտ տարբերակել բեռները, երբեմն՝ դժվարությամբ էր տեղափոխում դրանք դեպի նախատեսված տարրաները, բայց յուրաքանչյուր այդպիսի պահ դառնում էր սովորելու հնարավորություն։ Աշխատանքները կառուցվում էին համագործակցության վրա․ սարքաշինության և էլեկտրոնիկայի լաբորատորիաները գործում էին որպես մեկ ամբողջություն, իսկ էլեկտրոնիկայի ուղղությամբ աշխատանքները համակարգում էր լաբորատորիայի դասավանդող Տիգրան Հայրապետյանը։ Սովորողները ոչ միայն կատարող էին, այլ որոշում կայացնող, առաջարկող և փորձարկող։ Robo Ranger-ը կամաց-կամաց սկսեց ավելի վստահ կողմնորոշվել «ապագայի քաղաքի» իր լոգիստիկ միջավայրում։ Երբ ռոբոտն արդեն ուներ իր շարժման տրամաբանությունը և տեխնիկական դիմագիծը, առաջ եկավ մի կարևոր հարց՝ անունը։ Քննարկումները երկար տևեցին։ Տարբեր գաղափարներ առաջ եկան, մերժվեցին, վերափոխվեցին։ Վերջապես առաջարկը եկավ հենց սովորողներից, և բոլորը միաձայն համաձայնեցին։ Ռոբոտը կոչվեց Robo Ranger՝ անուն, որը փոխանցում էր նրա ինքնավարությունը, շարժունությունը և հետազոտողի բնույթը։

Robo Ranger-ի առաջին մեծ փորձությունը մարզային ընտրական փուլն էր, որտեղ մասնակցում էին Երևանի, Կոտայքի և Արարատի ընդհանուր 27 մարզերի թիմերը։ Լարված մրցակցային պայմաններում Robo Ranger-ը կարողացավ վստահորեն իրականացնել առաջադրանքը՝ գտնել բեռները, ճիշտ տեսակավորել և տեղափոխել դրանք համապատասխան տարրաների մեջ։ Արդյունքում Տեխնոլաբի թիմը զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։ Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Դիլիջանի UWC միջազգային դպրոցում։ Այստեղ արդեն հավաքվել էին Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից ժամանած 157 թիմեր։ Մրցույթն այլ մակարդակի էր՝ ավելի բարդ առաջադրանքներ, ավելի խիստ տեխնիկական պահանջներ և մեծ պատասխանատվություն։ Սակայն Robo Ranger-ը և նրա ստեղծողները կարողացան պահպանել իրենց կենտրոնացվածությունն ու թիմային աշխատանքը։ Արդյունքում թիմը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Այս արդյունքը հատկապես արժեքավոր է, քանի որ Տեխնոլաբն առաջին անգամ էր մասնակցում նման մասշտաբի ռոբոտաշինական առաջնության։ Բայց Robo Ranger-ի պատմության մեջ ամենակարևորը մրցանակային տեղը չէ։ Ամենակարևորն այն ճանապարհն է, որ անցան սովորողները՝ գաղափարից մինչև իրական, ինքնավար ռոբոտ, լաբորատորիայից մինչև հանրապետական մրցահարթակ։ Robo Ranger-ի պատմությունը շարունակություն կունենա։ Իսկ Տեխնոլաբը կշարունակի մնալ այն վայրը, որտեղ տեխնոլոգիան ծնվում է համագործակցությունից, փորձարկումից և ստեղծելու համարձակությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով