Թատրոնը, եթե ուզում է ապրել, պետք է վերադառնա…
Թատերական ներկայացում պատրաստելը դպրոցական միջավայրում միշտ էլ մի փոքր ռիսկային է. սահմանափակ ժամանակ, տարբեր կարողություններով ու բնավորություններով սովորողներ, մեծ ակնկալիքներ։ Այսպիսի մի ռիսկային, բայց նաև հետաքրքիր նախագիծ համակարգելու հնարավորություն ունեցա, երբ իմացա, որ ֆրասիահայ բեմադրող, «Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին կրթահամալիրում պետք է բեմադրվի Լեռ Կամսար։ Ժամանակը սուղ էր. ընդամենը երկու շաբաթ։

Ժիրայր Չոլաքյանը(տե’ս «Տարբերվողը` Ժիրայր Չոլաքյան…») կրթահամալիրի երկար տարիների բարեկամն է և անհատ գործընկերներից։ Բլեյան-Չոլաքյան ընտանեկան կապը մի այլ պատմություն է, որը իր բարերար ազդեցությունն է թողնում ինչպես դպրոցի, այնպես էլ դասավանդողների և սովորողների վրա։ Պարոն Չոլաքյանը Հայաստան այցերի ընթացում անպայմանորեն որևէ նախագիծ է իրականացնում կրթահամալիրում, հանդես գալիս բանախոսություններով։ Դրանք հիմանկանում միտված են արևմտահայերենի կենսունակության պահպանմանը։ Մանագիտական բնույթից ելնելով պարոն Չոլաքյանը կրթահամալիրի ավագ և միջին, կրտսեր օղակներում իրականացնում է բեմադրություններ։ Ամեն անգամ այդ բեմադրությունների կյանքի կոչվելուն օգնում են մայրենիի դասվանդողները՝ Մարիետ Սիմոնյան, Սոֆյա Այվազյան, Հուրի Աթթարեան, Նունե Մովսիսյան և ուրիշներ։ Վերջին տարինեին բեմադրվել են Գուրգեն Մահարու «Մուտքը»՝ Ավագ դպրոցում, Եղիա Գասպարյանի «Երուսաղեմի մեջ» թատերգությունը՝ Միջին դպրոցի սովորողների հետ, վերջինս ներկայացվել է նաև «Գագարին» նախագծով Ծաղկունքի բաց դպրոցում։
Լեռ Կամսար բեմադրելուն աջակցելու աշխատանքը ինձ համար դարձավ կարևոր փորձ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում համակարգել թատերական խումբը և ստանալ ամբողջական, կենդանի ներկայացում, ինչպես աշխատել վաստակաշատ բեմադրիչի հետ։
Առաջին մարտահրավերը սովորողների խումբը հավաքելն էր։ Հեղինակն անծանոթ է, տեքստերը՝ հաճախ խորը ենթաշերտերով։ Եվ դա էլ պատճառ դարձավ, որ առաջարկենք հենց Ավագ դպրոցի սովորողներին։ Անհրաժեշտ էր գտնել այնպիսի սովորողների, որոնք իրապես հետաքրքրված են թարտոնով և գրականությամբ։ Չեմ ասի, որ ամեն բան հարթ ընթացավ. եղան սովորողներ, որոնք մեկ կամ երկու փորձից հետո լքեցին խումը, նույնիսկ նախավերջին օրը ստիպված եղանք նոր սովորողի հետ աշխատել։ Սակայն հենց կրթահամալիրի մոբիլությունն էլ հենց օգնեց կազմակերպիչների, կոլեգա դասավանդողների միջոցով գտնել այն սովորողներին, որոնք հետաքրքրված են թատրոնով, բեմով։
Արդյունքում խմբում ներգրավվեցին 9 սովորողներ 10-12-րդ դասարաններից։
Առաջին փուլում՝ մինչև ներկայացման բուն փորձերը, սովորողների հետ խոսեցինք ո’չ դերերի, ո’չ տեքստերի, այլ Կամսարի մասին՝ ինչպիսի մարդ էր նա, ինչու և ում էր ծաղրում, հեգնում, քննադատում, ինչից էր ցավում։ Այդ փուլը չափազանց կարևոր էր․ երբ սովորողները հասկացան, թե ինչի համար ենք այս ամենը անում, աշխատանքը ինքն իրեն սկսեց հավաքվել։
Երկրորդ փուլում կարդացինք տեքստերը։ Կամսարին հասկանալը այդքան էլ հեշտ է, քանի որ նրա գործերում թաքնված են պատմական, քաղաքական, սոցիանական ենթաշերտեր և դրանք պետք է բացվեն։ Քանի որ տեքստերից յուրաքանչուրը առանձնանում էր իր թեմատիկայով և գաղափարներով, տեքստի նման ընթերցումը ավելի հեշտացրեց գործը։ Ներկայացումը կրում էր «Մեռելին վրա բժիշկ չեն կանչեր» ընդհանրական վերնագիրը, սակայն ներառված էին Կամսարի տարբեր ստեղծագործություններից հատվածներ՝ «Մեռելին վրա բժիշկ չեն կանչեր», «Յոթ անգամ զոհված զինվոր մը», «Տգիտություն և գիտություն», «Զրույց սատանայի հետ», «Բարեկանդան», «Ֆիկտիվ պաշտոնյաներու…», «Աստված կլսե ամենօրյա զեկուցում»։ Այս գործերում Կամսարը սուր հեգնանքով բացահայտում է հասարակության ներսում գոյություն ունեցող հակասությունները՝ ծաղրելով ոչ միայն «վերևներին», այլև հասարակ մարդու վարքագիծը։ Նրա երգիծանքը հաճախ վերածվում է սոցիալական բողոքի, սակայն երբեք չի կորցնում հումորի թեթևությունն ու կենսականությունը։ Լեզուն հասկանալը նույպես կարևոր էր։ Լեռ Կամսարի լեզուն պարզ է, կենդանի և խոսակցական։ Նա լայնորեն օգտագործում է ժողովրդական խոսք և առօրյա բառապաշար, կարճ, դիպուկ նախադասություններ, հեգնանք, սարկազմ և լեզվական խաղեր։ Նրա լեզուն հաճախ թվում է թեթև, սակայն այդ պարզության տակ թաքնված է խոր սոցիալական միտք և քննադատական վերաբերմունք իրականության հանդեպ։
Երրորդ փուլում կատարվեց դերաբաշխում։ Յուրաքանչյուր սովորող, արդեն ծանոթ լինելով բուն տեքստերին, ստացավ իր համապատասխան մասը։ Ժամանակի սղության պայմաններում փորձերը պետք է լինեին հստակ ու նպատակային։ Յուրաքանչյուր փորձի համար ունեինք կոնկրետ խնդիր՝ այսօր աշխատում ենք կերպարների վրա, հաջորդ անգամ՝ խոսքի հնչեղության, հետո բեմական շարժման։ Սա թույլ տվեց խուսափել ավելորդ ծանռաբեռվածությունից ու խառնաշփոթից։ Փորձերը ուսումնական գործընթացից հետո էին, ինչը հեշտացնում էր աշխատանքի ժամային գրաֆիկի կազմակերպումը(ամեն օր 2 ժամ)։
Պետք է նշել, որ պարոն Չոլաքյանը իր գործի պրոֆեսիոնալն է, խստապահանջ, մանրուքների հանդեպ ուշադիր։ Նա սկզբից ի վեր չմոտեցավ սովորողներին որպես դեր կատարողների, այլ որպես սովորողների, որոնք պիտի փորձեն հասկանալ և վերապրել Լեռ Կամսարին։ Նրա համար առաջնայինը տեքստը անգիր անելն չէր, այլ գաղափարի ընկալումը, խոսքի ներքին հնչեղությունը, հեգնանքի ճիշտ շեշտադրումը։ Փորձեցինք ամեն կերպ գտնել կապը մեր օրերի հետ, հասկանալ՝ ինչու է այդ հեգնանքը այսօր էլ ցավոտ ու արդիական։ Ժիրայր Չոլաքյանը մեծ ուշադրություն էր դարձնում մանրուքներին՝ խոսքի ինտոնացիային, դադարներին, հայացքներին։
Կարծում եմ նաև չպետք է մոռանալ սովորողներին, որոնք իրենց վրա վերցրին թատրոն խաղալու պատասխանատվությունը և ամենայն լրջությամբ մոտեցան իրենց գործին։
Իմ՝ որպես համակարգողի գործն այս գործընթացում ավելի շատ դարձավ կամուրջ՝ ապահովելու աշխատանքային պայմանները, ժամանակի ճիշտ բաշխումը, փորձերի կազմակերպումը, որպեսզի բեմադրիչը կարողանա կենտրոնանալ ստեղծագործական մասի վրա։ Սա նաև ինձ համար եղավ կենդանի փորձառություն, թե ինչպես կարելի է բեմադրել որևէ ստեղծագործություն, միգուցե նաև խիզախեմ ինքս բեմադրել որևէ գործ։
Բեմականացման դեկորների, զգեստների համար օգտվեցիք կրթահամալիրի Քոելջից և փայտամշակման արհեստանոցից, ինչը հնարավորություն տվեց առանց խուճապի կազմակերպել բեմի դեկորացիան։
Վերջին փուլը բուն ներկայացումն էր։ Ներկաների խոսքերից հասկացանք, որ հաջողել ենք և մի լավ շունչ քաշեցինք։ Ներկայացմանը ներկա էր նաև Լեռ Կամսարի Թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, ով նույնպես գնահատանքի խոսքեր ասաց և խոսեց նաև Կամսար մարդու մասին։ Կարծում ենք՝ նախագիծը շարունակական կլինի և առաջին իսկ հնարավորության դեպքում նորից կաշխատենք Կամսարի հետ՝ ի դեմս պարոն Չոլաքյանի։
Փաստացի այս աշխատանքը համագործակցային աշխատանքի արդունք է։ Բեմադրությունը չի ստեղծվում մեկ անձի ուժերով․ այն պահանջում է տարբեր դերակատարների սերտ համագործակցություն։ Գործընթացում ներգրավվում են՝ սովորողները՝ որպես դերակատարներ, ընթերցողներ, մեկնաբանողներ, դասավանդողները՝ որպես խորհրդատուներ և ուղղորդողներ, բեմադրիչը՝ որպես ստեղծագործական ամբողջի ձևավորող, երբեմն նաև ծնողներն ու դպրոցական համայնքի այլ անդամներ։
Այս համագործակցային միջավայրը զարգացնում է թիմային աշխատանքը, փոխադարձ պատասխանատվությունը, հաղորդակցման և լսելու կարողությունները։ Սովորողները սովորում են իրենց անհատական դերերը ներդնել ընդհանուր նպատակի մեջ։
Ներկայացման ավարտին հասկացանք, թե որքան կարևոր և արդյունավետ գործ է արվել այդ երկու շաբաթների ընթացում և օրինակ-դաս քաղեցինք՝ ինչպես կարելի է գաղափարը դարձնել իրականություն, եթե իսկապես ցանկություն կա։
Քանի որ նմանատիպ ներկայացումները շարունակական բնույթ են կրում, հարկ է նշել նաև դրանց հեռանկարային լինելու փաստը։
Նմանօրինակ բեմադրությունը մեկանգամյա միջոցառում չեն․ դրանք թողնում է երկարաժամկետ ազդեցություն, քանի որ զարգացնում են սովորողների խոսքի մշակույթը, բեմական մտածողությունը և ինքնարտահայտման հմտությունները, խթանում են լեզվի և գրականության նկատմամբ հետաքրքրությունը՝ ստեղծագործությունը կենդանացնելով բեմում, ձևավորում են մշակութային ճաշակ և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։
Ներկայացումները կրթահամալիրի մշակութային կյանքի շարունակական ուղղություն են՝ նոր բեմադրությունների, նախագծերի հիմք, իսկ շնորհաշատ բեմադրիչներից ձեռք բետված փորձը՝ անգին։
Ներկայացման համակարգման փորձին անմիջապես հաջորդեց «Կարդում ենք Լեռ Կամսար» նախագիծի մշակումը։ Կամսարի մասին տեղեկությունները, նրա ստեղծագործություները թարմ էին, ինչը հնարավորություն տվեց համակողմանի մոտնենալ նրա կյանքին և ստեղծագործություններին։ Նախագիծը հնարավորություն կտա Ավագ դպրոցի և Քոելջի դասավանդողներին օգտվել հասանելի աղբյուրներից և ճիշտ պատկերացնել դասավանդման ընթացքը։
Անուշ Ներսիսյան
