Նախաբան
Ամեն անգամ, երբ սկսում ենք նոր ստեղծագործության հետ աշխատել, խաղալ, ինձ մտահոգում է այն, որ ժամանակը միշտ շատ քիչ է, ու որքա՛ն բան ունեմ դեռ սովորեցնելու, տալու, փոխանցելու իմ սովորողներին, ամեն մի մանրուքի, ամեն մի դետալի մեջ որքա՜ն երևակայելու, ստեղծագործելու, աշխատելու տեղ կար: Մտածելու համար խաղաղ, անշտապ միջավայր է պետք, բայց բոլորս անընդհատ շտապում ենք։ Երբեմն չենք էլ գիտակցում՝ ինչից ենք ուշանում ու ինչու ենք շտապում, որովհետև ձևի ու բովանդակության խառնաշփոթում հաճախ կորցնում ենք ինքներս մեզ, մոռանում մեր իրական ասելիքն ու անելիքը:
Հիմա կհարցնեք, թե այս երկար ու բարակ նախաբանն ինչ կապ ուներ վերնագրի հետ, որի համար էլ հավանաբար բացել ու ուզում եք կարդալ հոդվածը: Թատրոնի ընտրությամբ գործունեության դասերը շաբաթական մեկ օր են՝ երկու դասաժամ, սովորողներն էլ աներևակայելի ստեղծագործ են, աշխատասեր, բազմակողմանի զարգացած, լի անսպառ էներգիայով: Արդեն պարզ է չէ՞, թե որքան թերի է մնում միշտ ու գրեթե ամեն բան, թերի բովանդակային, վերլուծական, մտածելու, ստեղծելու մտային կարողության անտակ, անսահման հնարավորությունների շեմին:
Արդեն երրորդ տարին է, որ մեր թատերախումբը հրավեր է ստանում մասնակցելու ստվերախաղքի ազգային փառատոնին: Փառատոնին մասնակցում են սիրողականից մինչև նեղ մասնագիտական խմբեր՝ տարբեր հնարավորություններով, ինտելեկտով, կարողություններով:
Ու ամեն անգամ ես ուրախանում եմ, որովհետև մեր բոլոր բացթողումներն ինչ-որ կերպ լրացվում են։ Այն, ինչ ես չեմ հասցնում տալ, սովորեցնել, երեխաները տեսնում ու ստանում են այդ միջավայրում․ այլ կերպ ասած՝ տարվա ընթացքում ստացածը լրացնում են, բացթողածը՝ համալրում:
Մեր առջև դրված նպատակները
Ստեղծագործական փորձի ձեռքբերում։ Փառատոնի մասնակցելիս սովորողները բեմ բարձրանալու, նոր պայմաններում, միջավայրում հանդես գալու փորձ են ստանում։
Ինքնավստահության զարգացում։ Հանրության առաջ ելույթ ունենալը օգնում է հաղթահարել վախերը և վստահել սեփական ուժերին։ Ու ամեն անգամ նոր միջավայրում լինելուց նորովի են վերանայում իրենք իրենց:
Մասնագիտական հմտությունների զարգացում։ Շփվում են այլ խմբերի, բեմադրիչների, դերասանների հետ, նոր մեթոդներ ու մոտեցումներ ճանաչում։
Փորձի փոխանակում։ Ծանոթանում են տարբեր համայնքների, կրթական կենտրոնների մեթոդներին, միջոցներին, աշխարհայացքին։
Թիմային աշխատանքի ամրապնդում։ Համատեղ ճանապարհորդությունը և ելույթները ուժեղացնում են խմբային միասնությունը, խումբը դառնում է մեկ մարմին ու սկսում են հանուն ընդհանուրի գործել:
Մոտիվացիայի բարձրացում։ Փառատոնը երեխաների համար թատրոնով զբաղվել շարունակելու խթան է։ Յուրաքանաչյուր սեպտեմբեր այն սովորողները, ովքեր առաջին տարվանից հաճախում են, հարցնում են՝ արդյոք ունենք հրավեր, ապա սկսում են ամենայն պատասխանատվությամբ, հուզումով պատրաստվել, սպասել: Նրանք, ովքեր նոր են սկսում գալ թատրոն, փորձում են հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները, որ մասնակցեն փառատոնին:
Գնահատում և հետադարձ կապ
ժյուրիի, մասնագետների, հանդիսատեսի կարծիքները օգնում են տեսնել ուժեղ կողմերը, գնահատել, հպարտանալ դրանցով, նաև տեսնում են իրենց բացթողումներն ու այն կողմերը, որոնք բարելավման կարիք ունեն:
Նոր համագործակցային կապեր
Փառատոների ժամանակ հանդիպում ենք տարբեր խմբերի, որի արդյունքում ձևավորվում են տարբեր համագործակցային նախագծեր, փոխադարձ հրավերներ: Այսպիսով՝ փառատոների ժամանակ ձևավորված ծանոթություններից մեկը Մեղրաձոր այցելությունն էր ( նախատեսում ենք փոխադարձ այցելություն հունվարին), մյուսը՝ Գալչյան արվեստի կենտրոնի հետ համատեղ նախագիծը: Բայց հիմնարար և ամենասիրուն համագործակցությունը դպրոցի ներսում է` երգի ընտրության գործունեության հետ:
Անհնար է չխոսել ծնողական համայնքի մասին։ Փառատոները դառնում են նաև ընտանեկան ուրախ օրեր. մասնակից սովորողների ընտանիքները գալիս են քաջալերելու, խրախուսելու ու մեզ ոգևորելու համար: Այս միջավայրում ծանոթանում են միմյանց, մտերմանում: Միասին կիսում ենք հույզերը, ուրախությունն ու լարվածությունը, միասին թեյում ենք, ճաշում, պարում ու երգում:
Համագործակցությունը թատրոնի և երգի խմբերի միջև
Թատրոնի ձևավորումը կամ ներկայացման պատրաստումն անցնում է տարբեր փուլերով։ Այդ փուլերի մասին ես և իմ սովորողները պատմում ենք այս տեսանյութում, նայեցի՞ր, անպայմա՛ն նայիր, որ հետոն ավելի պարզ լինի քեզ համար: Միջավայրի՝ Թատրոն-ավտոբուսի մասին կարող եք կարդալ իմ հոդվածը «Դպիր» ամսագրում: Քանի որ այս տարվա ընթացքում մեր ստեղծագործական եռուզեռում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում համագործակցությունը երգի խմբի հետ, թույլ տվեք հակիրճ ներկայացնել նաև այս փորձը:
Երբ առաջին անգամ մասնակցեցինք փառատոնին և մրցանակի արժանացանք «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում, ժյուրիի անդամները հատուկ նշեցին, որ ներակայացումն առանձնանում էր նաև նրանով, որ երաժշտական ձևավորումը ձայնագրված չէր, այլ երգում էին հենց իրենք՝ սովորողները․ այդ տարի ես և սովորողներն էինք ընտրել երգերը: Հիշում եմ՝ այդ ժամանակ նաև ինձ ասացին, որ արժանի եմ «Լավագույն ուսուցչուհի» անվանակարգին, ու ես անչափ, անսահման ոգևորվել էի, հպարտ էի, հոգիս թևածում էր ու նոր գործեր մոգոնում: Վերադառնանք երաժշտական ձևավորմանը: Ես երաժիշտ չեմ և գիտեի, որ մեզ համար շատ կարևոր է մասնագետի օգնությունն ու աջակցությունը: Եկանք ու այս մասին պատմեցինք երգի դասավանդող Ջուլի Ղազարյանին։ Նշեմ, որ այս հանգամանքը սովորողներին շատ էր ոգևորել: Ջուլին մեծ սիրով սկսեց իր խմբի հետ համագործակցել մեզ հետ՝ մենք խաղում էինք, իրենք՝ երգում՝ ներկայացումները դարձնելով ավելի գունեղ, պայծառ ու որակյալ: Այդպես մեր երկրորդ մասնակցությունը փառատոնին եղավ համատեղ, ու այդ տարի մենք արժանացանք մրցանակի «Լավագույն նկարչական և երաժշտական ձևավորում» անվանակարգում:
Այս տարի փառատոնին առանձնահատուկ էինք պատրաստվում, որովհետև խումբը շատ մեծ էր, կազմված՝ հին ու նոր, փորձված ու անփորձ դերակատարներով, երգողներով, որովհետև ընտրել էինք մի թեմա, որը գուցե մի փոքր բարդ էր 5-6-րդ դասարանների սովորողների համար, բարդ էր նաև ստվերներով բեմադրելու համար: Համառորեն աշխատում էինք համատեղ, միասնական ուժերով, իրար օգնելով և ոգևորելով, մենք՝ սովորողներին ու իրար, սովորողները՝ մեզ ու իրար: Սա ամենասիրունն է, ամենաուսուցողականն ու ամենակայունն այս ամբողջ պատմության մեջ: Համագործակցային նախագծերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ընկեր Ջուլիի բլոգում:
Այս տարվա փառատոնին արժանացանք «Ազգային արժեքների պահպանում» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերին։ Ժյուրին նշեց, որ հանդիսատեսի մեծամասնությունը փակ քվեարկությամբ ընտրել էր մեր թատերախումբը:
Այսպիսով՝ ինչ մասնագիտական հմտությունների են տիրապետում սովորողները՝ փառատոներին մասնակցելով։
Դերասանական վարպետություն․ կերպարի վերլուծում, զգացմունքների փոխանցում, խոսքի և շարժման համադրում բեմի վրա, ուրիշների աշխատանքի հետ ծանոթացում:
Բեմական խոսք և արտահայտչականություն․ ձայնի ճիշտ օգտագործում՝ մեծ ու փոքր տարածքների համար, հստակ արտասանություն, պարզ խոսք, ձայնի ելևէջների կառավարում։
Բեմական շարժում, տիկնիկավարության հմտության բարելավում․ ճիշտ դիրք, ազատ շարժում բեմում, մարմնի լեզվի գիտակցված կիրառություն, փոքր տարածքներում տեղավորվելու, տարածքը ճիշտ օգտագործելու կարողության ձևավորում։
Երաժշտության և թատրոնի համադրում ․ երգի, ռիթմի և դերասանական խաղի ներդաշնակ միավորում ներկայացման ընթացքում։
Տեխնիկական գիտելիքներ․ ծանոթություն լուսավորության, ձայնային սարքավորումների, լուսային ձևավորման, բեմական ռեկվիզիտի օգտագործման հետ։ Ամեն անգամ ընդլայնում են ստվերախաղքի մասին իրենց ունեցած տեղեկությունների պաշարը:
Մասնագիտական գնահատման ընկալում․ ժյուրիի կարծիքների և մասնագիտական դիտարկումների ըմբռնում, սեփական ստեղծագործության ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն:
Արվեստի այս ճյուղում բազմազանություն․ ամեն անգամ խմբերը հանդես են գալիս նոր լուծումներով, նորարությամբ:
Փափուկ հմտություններ, որոնք ձևավորում են սովորողի մեջ
Խմբային աշխատանք և համագործակցություն․ հասկանալ, թե ինչպես աշխատել թիմով, լսել ուրիշների կարծիքները և միասին լուծումներ գտնել։ Այստեղ, իհարկե, երբեմն առաջանում են դժվարություններ, որի մասին կպատմեմ «Խնդիրներ» բաժնում:
Ժամանակի կառավարում․ փորձերի և պատրաստության ընթացքում սովորում են բաշխել ժամանակն ու հետևել ծրագրին։ Սովորաբար փառատոները տեղի են ունենում նոյեմբերի վերջին։ Մասնակցության համար պարտադիր պայման է նոր ներկայացում ունենալը, ու մենք միշտ շատ քիչ ժամանակ ենք ունենում, շատ կարևոր է լինում հասցնելը, հասցնելու համար կազմակերպված աշխատելը:
Անհատական պատասխանատվություն․ յուրաքանչյուրը սովորում է պատասխանատվություն ստանձնել իր դերի և պարտականությունների համար, զուհագեռ հետևում է և փորձում աջակցել ընկերոջն ու ընդհանուր կազմակերպչական աշխատանքներին:
Ստեղծարարություն և ինքնակատարելագործում․ սովորողներն անընդհատ զարգացնում են, բացահայտում սեփական ստեղծագործական ունակությունները և սովորում կիրառել նոր հմտություններ։
Ձեռք են բերում ինքնավստահություն․ բեմի վրա հանդես գալով՝ սովորողներն ավելի վստահ են զգում իրենց, սկսում են բացահայտել իրենց ուժեղ և թույլ կողմերը:
Արձագանքների ընդունում և վերլուծում․ սովորում են լսել և գնահատել քննադատությունը՝ հետևություններ անելով:
Հաղորդակցման հմտություններ․ սովորում են հստակ արտահայտել և հիմնավորել սեփական միտքը, լսել և հասկանալ մյուսներին։
Լարվածության՝ սթրեսի կառավարում․ սովորում են ինքնակառավարում՝ բեմի լարվածության և սխալների առաջացրած խուճապի պայմաններում։
Ստեղծարար, ստեղծագործ մտածողություն․ ստեղծագործաբար են մոտենում խնդիրների լուծմանը, առաջարկում են նոր գաղափարներ, սկսում են ինքնուրույն մտածել։
Այս փափուկ հմտությունները երեխաներին օգնում են հաջողության հասնել ոչ միայն արվեստում, այլև կրթության, սոցիալական միջավայրում և ապագա մասնագիտական կյանքում։ Ես տեսնում եմ, թե ինչպես են սովորողներն ամեն ներկայացում ստեղծելուց, խաղալուց, փառատոնի մասնակցելուց, ճամփորդելուց հետո ավելի ու ավելի պատասխանտու, կազմակերպված, աշխատասեր դառնում։
Մանկավարժությունը հավանաբար հենց նման բաների մասին է՝ կյանքի ուսմունքի, կյանքում կարևոր հմտություններ ձեռք բերելու: Այսօր այնքա՜ն հասանելի է տեղեկատվությունն ու մասնագիտացումը, միևնույն ժամանակ այնքա՜ն կարևոր այս թվայնացման աշխարհում մարդկային որակներ ու հմտություններ ունենալը:
Առաջացած խնդիրները և դրանց լուծումները
Եթե ձեզ թվում է, որ այս բուռն աշխատանքային ընթացքում խնդիրներ չենք ունենում, ապա սխալվում եք: Մի քանի կետով պատմեմ խնդիրների մասին։
Ժամանակի սղություն. փորձերի և պատրաստության համար պահանջվող ժամերը հաճախ չեն համապատասխանում մեր առօրյա զբաղվածություններին։ Յուրաքանչյուր խմբի հետ հանդիպում ենք շաբաթական մեկ օր, երկու դասաժամով, որը հեղինակային մանկավարժությամբ ձևավորած թատրոնի համար շատ քիչ է։ Մենք անընդհատ շտապում ենք, անընդհատ ժամանակը չի հերիքում: Այս խնդրի համար լուծում չունենք, որովհետև տարեցտարի շատանում է թատրոնի ընտրությամբ գործունեության սովորողների թիվը:
Սովորողների անհատական հետաքրքրություններ. խմբի անդամների անհատական հետաքրքրությունների տարբերությունները կարող են բարդացնել համատեղ աշխատանքը, նյութի ընտրությունը և բեմադրական աշխատանքները, քանի որ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը և ստեղծագործական պատկերացումները։ Մենք սովորաբար քննարկում ենք յուրաքանչյուր առաջարկ, փորձում այն համեմատել մեր ունեցած հնարավորությունների և կարողությունների հետ, ըստ այդմ՝ որոշում կայացնում: Երբ սովորողը տեսնում է, որ իր առաջարկը չընդունվեց խմբի կողմից ոչ թե նրա համար, որ խմբին դուր չեկավ, այլ որովհետև եղած հնարավորություններով այն կյանքի կոչելը բարդ կամ անհասանելի էր, ընդունում է որոշումն ու իրեն մերժված, արհամարհված, անպիտան չի զգում:
Տեխնիկական հմտությունների պակաս. յուրաքանչյուր սեպտեմբեր նոր սովորողներով համալրվում է թատրոնի խումբը, նրանց հետ հաճախ կարիք է լինում փոքր-ինչ ավել աշխատանք տանել՝ խոսքի, տիկնիկավարության և այլ հմտությունների ձևավորման համար: Նաև լավ դեկորացիաներ պատրաստելու համար տեխնոլոգիական հմտությունների կարիք է լինում։ Մեզ օգնում են տեխնոլոգները, բայց իրենք էլ գրեթե միշտ ծանրաբեռնված են լինում նախագծերով: Ընտրում ենք այնպիսի նյութեր, որտեղ տեխնոլոգիական աշխատանքը նվազեցված է, գրեթե զրոյացված: Սա, իհարկե, խնդրի լավագույն լուծում չէ, որովհետև կարելի է անսահման գեղեցիկ գործեր անել․ տեխնոլոգիական աշխատանքի բացը մեր թևերը կապում է, մեր հնարավորությունները սահմանափակում:
Երբեմն միևնույն դերի համար մի քանի սովորող են ցանկություն հայտնում խաղալու. սա հաճախ պատահող երևույթ է: Սովորաբար նույն դերի համար ունենում ենք փոխարինողներ․ տարբեր սովորողներ հերթափոխով խաղում են դերը։ Այստեղ բարդ է խաղընկերոջ հետ հարմարվելը, բայց նաև լավ է, որովհետև խաղընկերոջը փոխելով՝ սովորողը ձեռք է բերում ճկունություն: Այս տարի մի հիանալի երևույթի ականատես եղանք։ Աստղիկը, ով նոր էր եկել թատրոն և ուզում էր լինել գլխավոր դերակատար, ոչ մի կերպ չէր ընկալում, որ դերը կարող է փորձել նաև ուրիշը, անընդհատ նեղվում էր, նեղանում, որ ինքը երբեմն կարող է բեմ չբարձրանալ: Ես որոշեցի Աստղիկին վստահել ներկայացման լուսային ձևավորումը, սովորեցրեցի, և նա այնքան գոհ ու երջանիկ էր, որ ընթացքում անգամ մոռացավ իր դերի մասին:
