Ինչպե՞ս կրթությունը դարձնել կիրառելի, ոգեշնչող և դասարանի սահմաններից դուրս՝ միջմշակութային համագործակցության միջոցով ուսուցումը կապելով իրական աշխարհի, գործող հաստատությունների և գործուն և փորձառու անհատների և իրողությունների հետ: Ինչպե՞ս տարբեր իրադրություններում այլ մշակույթի ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու արդյունքում գործնականում արդյունավետ կիրառել ձեռք բերած լեզվական գիտելիքները և անգլերեն գրավոր ու բանավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս են աշխատում միջազգային կրթական կազմակերպությունները, որոնք ազդում են մեր երկրի և հասարակության զարգացման վրա։ Այս հարցերի պատասխանը գտնելու նպատակով իրականացնում ենք «Ծանոթանում ենք հաստատություններին» կրթական նախագիծը՝ որպես հետևողական և զարգացող նախաձեռնությունների շարք, որն ուսուցումը դուրս է բերում դասասենյակից և տանում իրական միջավայր։
Նախագիծը միտված է ոչ միայն միջմշակութային հաղորդակցության հաստամանը, իրազեկության բարձրացմանը և կարողունակությունների զարգացմանը, այլև սովորողների մոտ գլոբալ գործընթացների նկատմամբ մտավոր հետաքրքրության և քննադատական մտածողության ձևավորմանը։ Չէ՞ որ այսօրվա սովորողները վաղվա առաջնորդներն են, և մեր ապագան պետք է լինի ապահով ու հուսալի ձեռքերում:
Միջազգային կառույցների հետ համագործակցությունը կարևոր տեղ ունի կրթահամալիրի Զարգացման ծրագրում: Այն նպաստում է սովորողների համախմբմանը, մասնակցությանը և միջմշակութային փոխըմբռնմանը՝ հանդիսանալով ժողովրդավարական հասարակության համար կենսական նշանակության գործոն։ Միջազգային կազմակերպությունների հետ ծանոթացման առաջին փուլում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները ուսումնասիրել են ՄԱԿ-ի կառուցվածքը, զարգացման նպատակները, և տարբեր ոլորտներում աչքի ընկած և բազում մրցանակների արժանացած 10 սեբաստացիներ 2023 թ.-ին այցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նրանց հաճելի անակնկալներ էին սպասվում: Նախ՝ ներկայացել են, ծանոթացել և ինտերակտիվ զրուցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ: Վերջինս, հիացած սեբաստացիների անգլերեն խոսքով, շտապել է րոպե առաջ միանալ հանդիպմանը: Նա մեծ ոգևորությամբ է անցկացրել իր առաջին հանրային հանդիպումը կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների հետ, որոնք շատ հետաքրքրված էին հումանիտար գիտություններով (այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ), ԲՏՃՄ-ով, արվեստով և այլն ոլորտներով։
Ապա՝ սովորողները մասնակցել են «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» հանրամատչելի ձեռնարկի շնորհանդեսին։ Նրանք հանդիպել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատակիցների, գրքի հեղինակներից բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի հետ: Հասմիկը, ոգևորված սովորողներից մեկի գործունեությամբ, ցանկացել է նրա մասին ևս գրել՝ դարձնելով նրան իր ապագա գրքերից մեկի կերպար: Վերջում թատրոնի դերասան Կարեն Բարբարյանը սեբաստացիների մասնակցությամբ խաղ է կազմակերպել։ Խաղին ակտիվ մասնակցելը հնարավորություն է տվել սովորողներին գործնականում ծանոթանալու հաշմանդամության տեսակների, հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական սահմանափակումների հետ, հարգալից լինելու նրանց «յուրահատկությունների» նկատմամբ և նոր հայացքով դիտարկելու բարձրաձայնվող խնդիրները:
Այս այցը դարձել է մեկնարկային կետ՝ վերացական հասկացությունները վերածելով իրական փորձի և առաջացնելով հետաքրքրություն միջազգային համագործակցության թեմաների հանդեպ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանի համակարգմամբ համագործակցությունը շարունակվում է առ այսօր: Հանդիպման մասնակիցներն արձագանքում են, որ նախագծին մասնակցելն իրենց հնարավորություն է տվել հետագայում հաջողությամբ փորձնակ կամ կամավոր լինելու ՄԱԿ-ի ծրագրերում:
Սովորողներից հինգը 2025 թվականի հոկտեմբերին հնարավորություն են ունեցել մասնակցելու ՄԱԿ-ի 80-ամյակի տոնակատարության կամավորական աշխատանքին՝ արժանանալով հավաստագրերի՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից: Այդ կապակցությամբ Հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետազոտական վարժարանի ուսումնական պլանի բաղադրիչ է նաև կամավորական աշխատանքը: 2025-26 ուսումնական տարվա զարգացման ծրագրում առավել կարևորել ենք կամավորական աշխատանքները, ինչպես կրթահամալիրում, այնպես էլ այլ կազմակերպություններում: Իսկ միջազգային նախագծերը, որպես շուրջտարյա կարևոր աշխատանք, նպաստում են միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությանը»: «Սովորողները, շփվելով և հաղորդակցվելով օտար պետություններ ներկայացնող դեսպանների, տարբեր պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ըստ էության, ոչ միայն զարգացնում էին իրենց հաղորդակցման հմտությունները, այլև՝ ձեռք բերում նոր գիտելիք դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, քաղաքական գործընթացների, ինչպես նաև արարողակարգերի վերաբերյալ,- իր բլոգում գրել է կամավորության մասնակից 12-րդ դասարանցի Դավիթ Մուրադյանը,- նման բարձր մակարդակի միջոցառման մի մասնիկը դառնալը ոչ միայն եզակի հնարավորություն էր, այլև մեծագույն պատիվ, քանզի կամավոր սովորողներից յուրաքանչյուրը քաջ գիտակցում էր արարողության նշանակությունն ու պատշաճ ընթացքի ապահովման կարևորությունը»։
Համագործակցությունը հնարավորություն է տալիս հետաքրքրություն ձևավորելու և Հայաստանի հետագա զարգացումներին հետևելու, օրինակ` Դավիթը հետաքրքրված է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված 2026-2030 թվականների Հայաստան – ՄԱԿ կայուն զարգացման Համագործակցության շրջանակային փաստաթղթով:
Կայուն զարգացման նպատակներն ուսումնասիրելու նպատակով 2025 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել ենք «ՄԱԿ-ի և Կայուն զարգացման նպատակների ուսումնասիրություն» նախագիծը, որին մասնակցել են տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ դասարանցիների գրեթե բոլոր սովորողները: Նախկինում ևս թե՛ նախորդ տարիների սովորողների հետ, թե՛ «Մուտք վարժարան» ճամբարի աշխատարանի մասնակիցների հետ արտացոլել ենք այս նախագիծը:
Սակայն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ այցելությունը ՄԱԿ-ով հետաքրքրված լինելու միակ տարբերակը չէ: Տարբեր տարիների իմ մի շարք սովորողներ մասնակցել են ՄԱԿ-ի մոդելին՝ ԴիլիՄՈՒՆ-ին և ԵրեՄՈՒՆ-ին՝ արժանանալով մրցանակների:
Սովորողներիցս երեքը 2024թ. մայիսին ԵրեՄՈՒՆ-ի շրջանակում այցելել են Ֆրանսիա՝ ծանոթանալու ՄԱԿ-ի կառույցներին, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքին: Նրանք ճանաչողական այցով ներկա են եղել նաև Ֆրանսիայի Սենատում և Եվրոպայի խորհրդում, ծանոթացել դրանց գործունեության հետ: Այս այցերը խորացրել են նրանց պատկերացումները գլոբալ դիվանագիտության մասին և նպաստել են միջազգային համագործակցության զարգացմանը։
2026թ. մարտին 11-րդ դասարանցի Ավետ Չամսարյանը երկրորդ անգամ է մասնակցելու ԴիլիՄՈՒՆ-ին։ Իսկ 2026թ. հունվարին Սամվել Թամազյանի հետ անդրադառնալու ենք ՄԱԿ-ի մոդելին՝ որպես աշխատարանի հիմնական ուղղության:
Մեր կողմից լավ ուսումնասիրված հաջորդ նախագծերից է «Եվրոպական միության ուսումնաասիրության նախագիծը», որը իրականացրել ենք տարբեր դասարաններում: Ի պատասխան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ կատարած մեր պատասխան այցի՝ 2025 թ. մայիսին կրթահամալիր է այցելել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից դեսպանը մեկնել է Արևմտյան դպրոց-պարտեզ, Ուսումնական ագարակ, որտեղ ականատես է եղել բակային, ազգային խաղերի, կանաչ օրվա միջոցառմանը, փակ լողավազանում լողի պարապմունքի, բացօթյա նախաճաշի, ապա երաժշտական պարապմունքի և պլեների, ֆուտբոլի և մարզական պարապմունքի, հիպոթերապիայի, ձիավարության դասի, կենդանիների և խաղողի թառմաների խնամքի, շնասերի ակումբի պարապմունքի և ծննդյան ծեսի: Այցելությունն ավարտվել է Կլոր սեղանով և ընդունելությամբ, որոնք տեղի են ունեցել Արևմտյան դպրոց-պարտեզի վերնատանը։ Հանդիպմանը մասնակցել են Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողներ ու դասավանդողներ: Նա տպավորված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հսկայածավալ աշխատանքով և կիթահամալիրի բեղուն գործունեությամբ, որը ակադեմիական կրթությունից զատ տալիս է կյանքի հմտություններ և տրամադրում է միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթություն: 2024թ. մայիսի 3-ին դեսպան Վասիլիս Մարագոսի հետ տեղի է ունեցել հանդիպում «Բացահայտելով Եվրոպական միությունը» շուրջտարյա տեղեկատվական նախագծի շրջանակում։ Դեսպանը կարևորել է ինտերակտիվ հանդիպումը, քանի որ նրա կարծիքով երիտասարդները գտնվում են Հայաստանի հետ Եվրոպական միության համագործակցության հիմքում, և երիտասարդության հզորացումը ԵՄ-ի հիմնական առաջնահերթություններից է՝ ժողովրդավարության, տնտեսական և տարածաշրջանային զարգացման տեսանկյունից: Այդ մասին հոդված կա «Դպիր»-ում: Հուսանք՝ այս համագործակցությունը ևս տևական կլինի:
Արդեն երրորդ տարին է, որ սեպտեմբերի 26-ին իմ 10-12-րդ դասարանցիների խմբերի հետ իրականացնում ենք «Եվրոպական լեզուների ուսումնասիրություն» կարճաժամկետ նախագիծը, որով նշանավորում է Լեզուների եվրոպական օրը: 2001 թվականից ի վեր ամեն տարի, Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպական հանձնաժողովի հետ, համատեղ նշվում է Լեզուների եվրոպական օրը: Դրանով կոչ է արվում ցանկացած տարիքում, ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցից դուրս, սովորել մեկից ավելի լեզուներ՝ համոզված լինելով, որ լեզուների բազմազանությունը միջմշակույթային հաղորդակցման բանալին է և Եվրոպայի մշակութային ժառանգության տարրերից մեկը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Հայաստանի միակ դպրոցն է, որտեղ սովորում են Եվրախորհրդի ութ լեզուներ:
Կարևոր են նաև միջազգային կրթական հանդիպումները: Այդ հանդիպումների շնորհիվ իմ սովորողներից ոմանք ընդունվել են Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC) տարբեր մասնաճյուղեր, մասնավորապես՝ Գերմանիա և Ճապոնիա, Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), որն ունի ամերիկյան հավատարմագրում և տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրագույն կրթություն, Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ), որը շնորհում է հայկական և ֆրանսիական (եվրոպական) պետական դիպլոմներ, ինչպես նաև արտերկրի համալսարաններ, օրինակ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չեխիայի: Միջազգային կրթություն ստացած սովորողները հաճույքով գալիս են դպրոց՝ սեբաստացիական համայնք, հանդիպում են սովորողների հետ՝ կիսելով իրենց փորձառությունը: Այս տարի «Թեմատիկ հանդիպումներ» նախագծի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ 2022-2023թթ. շրջանավարտ Լուսի Ղարիբյանի հետ, ով ներկայացնում էր Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանում սովորելու իր փորձը, Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի UWC Ռոբերտ Բոշի քոլեջի շրջանավարտ Շուշան Փաշինյանի հետ, ով ներկայացնում էր UWC քոլեջում ուսումնառության փորձը: Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր դպրոցի շրջանավարտների շնորհիվ, ովքեր սովորում են Քաթարի մասնաճյուղի ամերիկյան համալսարաններում, տեղի է ունենում հանդիպում Նորթվեստերն համալսարանի Քաթարի մասնաճյուղի ընդունելության և ռազմավարական հավաքագրման տնօրենի օգնական Քերոլ Քեթչիջյանի հետ: Նա ներկայացնում է Նորթվեստերն համալսարանի և կրթական քաղաքի այլ համալսարանների, մասնավորապես՝ Նորթվեստերն և Ջորջթաունի համալսարանի Քաթարի մասնաճյուղի ընդունելության կարգի, սովորելու պայմանների վերաբերյալ տեղեկություններ: Արդյունքում՝ մի շարք սովորողներ դիմում են Նորթվեստերն և Ջորջթաունի համալսարանի Քաթարի մասնաճյուղ:
Այս տարի՝ հոկտեմբերի 3-ից 27-ը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում սովորողների հետ հանդիպել են 10 միջազգային կրթական հաստատությունների
ներկայացուցիչներ։ Հանդիպումները կազմակերպել էր Ավագ դպրոցը: Հյուրերը ներկայացնում էին հետևյալ հաստատությունները՝
–«Էդունեթվորք» (Edunetwork) կրթական խորհրդատվական ընկերությունը
–UWC Հայաստանի ազգային կոմիտեն (որի արդյունքում այս տարի որոշ սովորողներ դիմել են UWC)
–Պրահայի լեզվաբանական ինստիտուտը (Prague Language Institute) (PLI)
–Լեզուների միջազգային ակադեմիայի (International Language Academy/ Canada) Կանադայի մասնաճյուղը
–«Լոնդոն Այ» (London Eye ITC) միջազգային ուսումնական կենտրոնը
–Շվեյցարիայի Մոնտանա ինստիտուտը (Institut Montana Switzerland),
–Կիրառական գիտությունների միջազգային համալսարանը (IU/International University of Applied Sciences)
–«Յունիվերսիթի բրիջ» (University Bridge) կազմակերպությունը
–Փարիզի խոհարարական դպրոցը (Le Cordon Bleu Paris)
–Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) (The American University of Armenia (AUA)):
Մանրամասները այստեղ՝ Կրթական իրազեկման հանդիպումներ․․․
Միջազգային կառույցների հետ համագործակցությունը տևական է: Հաջորդ այցելությունը նախատեսում ենք փետրվարին ՝ Համաշխարհային բանկի հաայաստանյան գրասենյակ:
