Լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ․ այն ճանապարհ է դեպի մշակույթ, հիշողություն և ինքնարտահայտում։ Յուրաքանչյուր նոր լեզու բացում է աշխարհը այլ դիտանկյունից՝ սովորողին հնարավորություն տալով զգալ, մտածել և ստեղծագործել նոր հնչյունների միջոցով։ Իտալերենը՝ երաժշտական հնչողությամբ, արվեստի և պատմության շնչով, իր մեջ կրում է մարդկային զգացմունքների, գեղեցկության և ստեղծարարության հարուստ շերտեր։ 

Իտալերենը (Italiano) պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական լեզուների արևմտաիտալական խմբին։ Աշխարհում իտալերենով խոսում է շուրջ 70 միլիոն մարդ։ Այն պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Վատիկանում, Սլովենիայում և Խորվաթիայի Իստրիա կոմսությունում։ Լեզուն զբաղեցնում է 21-րդ տեղը աշխարհի լեզուների դասակարգման մեջ՝ իր մշակութային և պատմական կարևորությամբ առանձնանալով միջազգային հաղորդակցության ոլորտում։ 

Իտալերենը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցներում դասավանդվում է 2018 թվականից ։ Այն առաջարկվում է որպես ընտրությամբ գործունեություն՝ նախատեսված ինչպես իտալերեն սովորել ցանկացող սկսնակների, այնպես էլ լեզվին արդեն որոշ չափով տիրապետող սովորողների համար՝ անկախ տարիքից։ Ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երկու անգամ՝ երկուական ժամով։ 

Կրթահամալիրի բաց, նախագծային, համագործակցային և անհատականացված կրթական համակարգը հիմք է հանդիսանում իտալերենի ուսուցման հեղինակային մեթոդների ձևավորման համար։ 

Ուսուցումը միտված է ստեղծագործական մտածողության, հաղորդակցական հմտությունների և ինքնուրույնության զարգացմանը։ Այն իրականացվում է նախագծային աշխատանքների, թարգմանականընթերցողական, ճանաչողական և հաղորդակցական նյութերի միջոցով։ Կարելի է ընդգծել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այն եզակի կրթական հաստատություններից է Հայաստանում, որտեղ դասավանդվում է իտալերեն։ 

Իտալերենի ուսուցումը չի սահմանափակվում միայն դասասենյակային միջավայրով․ այն իրականացվում է նաև իրական և փորձառական կրթական միջավայրերում՝ շեշտադրելով լեզվի կենդանի կիրառությունը, ստեղծարարությունը, բազմամշակութային կապերը և սովորողի ակտիվ մասնակցությունը։ Օտար լեզուների դասընթացները կազմակերպվում են նախագծերով, որոնք ուղղված են լեզվամտածողության ձևավորմանը և ազատ հաղորդակցությանը։  Կրթական փոխանակումների նախագծերի շնորհիվ սովորողները հնարավորություն են ստանում շփվելու լեզվակիրների հետ, ծանոթանալու Իտալիայի մշակույթին, խոհանոցին , պատմությանը և հասարակական կյանքին։ Կրթահամալիրը ունի բազմամյա փորձ կրթական փոխանակումների ոլորտում․ համագործակցում է հարևան և եվրոպական երկրների կրթական ու մշակութային կառույցների հետ։ Ուսումնական ճամփորդությունները, փառատոները, ուխտագնացությունները և ճանաչողական այցերը զգալիորեն հարստացնում են լեզվի ուսուցման գործընթացը։ 

Կրթահամալիրում առկա են վերապատրաստման լայն հնարավորություններ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը՝ որպես ուսուցման և լաբորատոր գործիք։ Սա հնարավորություն է տալիս համահունչ քայլել օտար լեզուների ուսուցման ժամանակակից մեթոդաբանական նորամուծություններին։ 

Իտալերենի ուսուցումը հատկապես կարևոր է այն սովորողների համար, ովքեր ունեն ապագա մասնագիտության հստակ կողմնորոշում։ Լեզվական հմտությունները կիրառելի են զբոսաշրջության, բիզնեսի, ներմուծման-արտահանման, միջազգային կազմակերպությունների և արվեստի ոլորտներում։ 

Իտալերենի ուսուցման հիմնական խնդիրներն են՝ 

  • լեզվակիրների հետ իրական հաղորդակցության ապահովումը, 
  • միջմշակութային կապերի հաստատումը, 
  • հայերենից իտալերեն և իտալերենից հայերեն թարգմանությունների իրականացումը, 
  • Իտալիայի աշխարհագրության և պատմության ուսումնասիրությունը տեսադասերի և վիրտուալ ճամփորդությունների միջոցով, 
  • կրթական փոխանակումների կազմակերպումը։ 

Դեսպանության հետ համագործակցությունը՝ որպես հեղինակային մոտեցման առանցք 

Մոտ երեք տարի է, ինչ կրթահամալիրը համագործակցում է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ՝ ստանալով մեթոդական գրքեր, ուսումնաօժանդակ նյութեր, մասնագիտական աջակցություն և լեզվակիր մասնագետների մասնակցությամբ ինտերակտիվ դասեր։ «Սովորում ենք լեզուն լեզվակրից» շուրջտարյա նախագիծը, իրականացված Իտալիայի դեսպանատան հրավիրյալ մասնագետի մասնակցությամբ, մեծ ազդեցություն է ունեցել սովորողների մոտիվացիայի, արտասանության և հաղորդակցական հմտությունների զարգացման վրա։ Դասերը անցկացվել են CLIL մեթոդով՝ խաղային և ինտերակտիվ ձևաչափով։

Միջմշակութային կապերի հաստատում 

Կրթահամալիրը համագործակցում է այն դպրոցների, մշակութային կենտրոնների և միությունների հետ, որտեղ դասավանդվում է իտալերեն, մասնավորապես՝ «Դանթե Ալիգիերի»  միության, ինչպես նաև  Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի  հետ։ 

Հեղինակային մոտեցումների սկզբունքները 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օտար լեզուների, այդ թվում՝ իտալերենի դասավանդման համակարգը հիմնված է բաց կրթական համակարգի, ուսումնական բլոգների, նախագծային ուսուցման, անհատականացման, հաղորդակցական և քննադատական մտածողության զարգացման, ինչպես նաև միջմշակութային կրթության վրա։ Ուսումնական բոլոր նյութերը, հանձնարարությունները, նախագծերը և հետազոտությունները հրապարակվում են դասավանդողի, սովորողների և կրթական բլոգներում։ Գործում են նաև թվային հարթակներ, ինչի արդյունքում ուսուցման գործընթացը դառնում է թափանցիկ, համագործակցային և շարունակական զարգացող։ 

Գործում են mskh.am-ի իտալերեն էջը (թարգմանվում է նաև սովորողների կողմից), մեդիագրադարանը և ուսումնական TV-ին։ Սովորողները վարում են իրենց ուսումնական բլոգները և օգտվում են պատանեկան, մանկական էլեկտրոնային ամսագրերից և YouTube հարթակի իտալերեն սովորեցնող ալիքներից։ 

Ուսումնական բլոգներ 

Բլոգային հարթակները 

  • ամրագրում են առաջընթացը, 
  • ձևավորում են անհատի ուսումնական պատկերը, 
  • ապահովում են փորձի փոխանակում և արդյունավետ հեռավար ուսուցում։ 

Նախագծային ուսուցում 

Նախագծային ուսուցումը սովորողին դարձնում է ստեղծող՝ ընդգրկելով պատմություն, կինո, գրականություն, գաստրոնոմիա, արվեստ և թատրոն։ Իրականացվում են թարգմանական աշխատանքներխոհանոցային նախագծերթատերական ներկայացումներ,գրական ընթերցումներ, զբոսավարական մինի-ներկայացումներ և ուսումնական ճամփորդություններ։ 

Նախագծերն ու ճամփորդությունները ներառում են ինտերակտիվ լեզվի ուսուցում լեզվակրից, թեմատիկ երկխոսություններ, խաչբառերի կազմում, իտալերեն լեզվով խաղերի ստեղծում, իտալական երգերի կատարումԻտալիայի քաղաքների և տեսարժան վայրերի ուսումնասիրություն, ֆիլմերի դիտում և քաղաքային թափառումներ։ 

Անհատականացում 

Անհատականացումը կրթահամալիրում սովորողին կենտրոնում դնելու սկզբունքն է, որտեղ կրթությունը հարմարեցվում է սովորողին, ոչ թե մարդը՝ կրթությանը։ Կրթությունը կազմակերպվում է ըստ սովորողի առանձնահատկությունների և զարգացման տեմպի։ Սովորողը կարող է ընտրել իր հետաքրքրություններին համապատասխան նախագծեր և աշխատել անհատական նախագծային առաջադրանքներով։ 

Հաղորդակցական և քննադատական մտածողության զարգացում 

Դասերում առաջնահերթ են բանավոր խոսքը, քննարկումները, դերային խաղերը, վերլուծական և ստեղծագործական առաջադրանքները։ Լեզուն դառնում է մտածողության ձևավորման գործիք։ 

Միջմշակութային կրթություն 

Սովորողները ուսումնասիրում են Իտալիայի մշակույթը, պատմությունը, ավանդույթները, աշխարհագրությունը, տոները, արվեստը և խոհանոցը՝ համեմատելով հայկական մշակույթի հետ։ 

Իտալերենի դասավանդման հեղինակային մոտեցումները 

Դրանք ներառում են թարգմանություններ հայերենից իտալերեն և հակառակը, ուսումնաճանաչողական նյութերի մշակում, Ջաննի Ռոդարիի մանկական ստեղծագործությունների թարգմանություն, մուլտֆիլմերի թարգմանություն, ինչպես նաև արվեստի և մշակույթի նախագծեր՝ օպերա, երաժշտություն, ճարտարապետություն, գեղարվեստական ժառանգություն։ Իրականացվում են հատուկ նախագծեր՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Բոկաչոյի և Ջաննի Ռոդարիի , Իտալո Կալվինոյի ստեղծագործություններին։ 

Խոհանոցային նախագծերը ներառում են պաստայի, պիցցայի, տիրամիսուի և ռիզոտտոյի պատրաստում, նկարահանում և բլոգային ներկայացում՝ լեզվական բառապաշարի և մշակութային գիտելիքների համադրմամբ։ Գրականության ուսումնասիրությունը իրականացվում է իտալացի հեղինակների ստեղծագործությունների ընթերցմամբ և բանավոր ներկայացումներով։ 

«Սեբաստացու օրեր» 

Տարեկան մեծ նախագիծ է, որը ներառում է ցուցադրություններ, բաց դասեր, լեզվամշակութային դաստիարակություն և համաժողովներ։ Այդ օրերին  նաև ծանոթանում ենք հայ-իտալական վաղեմի մտերմությանն ու կապերին։ 

Համագործակցային նախագծեր 

Իրականացվում են համատեղ աշխատանքներ դասավանդողների, ծնողների և սովորողների մասնակցությամբ՝ ընդարձակելով կրթահամալիրյան համայնքը։ 

Այսպիսով՝ հեղինակային մոտեցումների, նախագծային ուսուցման, մշակութային միջավայրի և դեսպանության հետ համագործակցության համադրությունը տվել է տեսանելի և չափելի արդյունքներ։ Սովորողները զարգացնում են բնական հաղորդակցական հմտություններ, ձեռք են բերում միջմշակութային լայն գիտելիքներ և դառնում են ինքնուրույն ու քննադատական մտածողություն ունեցող անհատներ։ 

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իտալերենի դասավանդումը ժամանակակից, բաց և արդյունավետ կրթական մոդել է, որը նպաստում է բազմալեզու, ստեղծարար և լայն աշխարհայացք ունեցող սովորողների ձևավորմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով