Ուսումնական գործընթացում կարևոր է գործընկեր դպրոցներ գտնելը, համագործակցային նոր կապեր ստեղծելը, փոխայցելություններ կազմակերպելը։ Կրթահամալիրը տարածում է իր տարիների ավանդը՝ ցույց տալով լավագույն օրինակ։ Ինչու՞ չտարածի իր հեղինակայինը, ստեղծածը, մշակածը։ Բլեյան ցանցը բաց է, հանրային է բոլորի համար, իսկ գործընկերային կապերը նպաստում են ցանցի ընդլայնմանը։
2024 թվականի նոյեմբերի սկզբին նոր ծանոթություն ստեղծեցինք Դիլիջանի թիվ 4 դպրոցի հետ։ Հեռավար ծանոթություն ունեինք, քանի որ նրանք արդեն մասնակցել էին հոկտեմբերի 17-ին կրթահամալիրի կազմակերպած «Դեպի բարձունք» նախագծի առցանց քննարկմանը։ Կապը հաստատվեց նոյեմբերի 8-ին՝ «Աշունը Դիլիջանում» նախագծով, մեր՝ Դիլիջան այցով։ Ճիշտ է ասված, որ ծանոթությունը վերածվում է ընկերության, երբ միասին ճանապարհ եք անցնում։ Էն էլ ի՜նչ ճանապարհ․․․
Առաջին հանդիպմամաբ էլ դրվեց ընկերության ամրաքարը։
Պայմանավորվածության համաձայն մեզ հյուրընկալեցին իրենց դպրոցում, շրջայց կազմակերպեցին, պատմեցին իրենց հաջողությունների մասին, որից հետո ուղևորվեցինք Գոշ։ Գոշավանք վանական համալիրի տարածքում միասին շրջեցինք, զրուցեցինք: Դիլիջանցի սովորողները պատմեցին Գոշավանքի մասին, ներկայացրին տեղեկություններ, փաստեր: Տաք եղանակը տրամադրում էր լանջերին նստոտել, պառկել, մտերմիկ զրուցել, ծանոթանալ իրար հետ:
Ժամանակն էր ուղևորվել Աղավնավանք: Հենց գյուղ տանող կամրջակի մոտից սկսեցինք քայլքը: Բարձունքում գտնվող վանք տանող ուղին հեշտ չէր, դժվար էր մեր 4-5-րդ դասարանցիների և Դիլիջանի միջին դպրոցի սովորողների խառը խմբի համար, որովհետև կտրուկ վերելք է։ Եվ երբ դժվարությունը միասին է հաղթահարվում, սկսվում է ընկերությունը։ Սկզբում առջևից քայլում էին Դիլիջանի դպրոցի ավելի ավագ սովորողները, հետո խառնվեցինք, դարձանք ուղղակի մեկ խումբ: Դիլիջանցիների խմբի ավելի ավագ սովորողները օգնում էին մերոնց, վերցնում ուսապարկերը, համոզում, որ հետ չընկնեն, ճանապարհը կիսատ չթողնեն։
Կենու պուրակով՝ Դիլիջանի ազգային արգելոցով էր ձգվում մեր քայլքի ուղին։ Կենու պուրակը՝ իր աշնանային շքեղ հանդերձանքով, մեզ հիացնում էր: Ճանապարհի եզրով հոսող գետակը, մեղմ քամուց պարելով թափվող գունագեղ տերևները, թռչունների ծլվլոցը մեզ ուղեկցում էին և մոռացնել տալիս հոգնածության և դժվարության մասին: Քայլքի երկարությունը յոթ կիլոմետր էր: Վերջապես ներքևից երևաց Աղավնավանքը՝ թաքնված ճյուղերի ետևում: Եկեղեցում աղոթք արեցինք բոլորով։ Եկեղեցու խնամված տարածքում միասին սնվեցինք, հանգստացանք: Միասին ուտելը, մեր ուտելիքով կիսվելը, հյուրասիրելը և հյուրասիրվելը մտերմացնում են թե՛ երեխաներին, թե՛ մեծերին։ Միասնական երգ ու պարը դարձան մեր ամուր ընկերության գրավականը: Դժվարությունը հաղթահարված էր, բարձունքը՝ նվաճված:
Վայրէջքը ավելի դյուրին էր, որովհետև արդեն միայն իջնելու էինք: Իջնելու ճանապարհին ականջիս էր հասնում, որ սովորողներն իրենց սոցցանցերի էջերով են կիսվում, հեռախոսահամարներով փոխանակվում։ Հաճելի էր։ Կամրջակի վրա բաժանվեցինք՝ նորից հանդիպելու խոստումով՝ այս անգամ՝ կրթահամալիրում։
Դեպի Աղավնավանք ճամփորդության մասին իր բլոգում պատմում է 5-րդ դասարանի սովորող Միլանա Մկրտչյանը։
Մեր հաջորդ հանդիպումը, ինչպես և ծրագրել էինք, տեղի ունեցավ կրթահամալիրում՝ Միջին դպրոցի սովորողների մի խմբի համակարգմամբ։ Հունվարյան ճամբարի օրերին մենք ուղարկեցինք մեր հրավերը, որը սիրով ընդունվեց։ Շրջայցը տպավորիչ էր հյուրերի համար։ Կրթահամալիրը իր դպրոցներով, ուսումնական կենտրոններով, հեղինակային ծրագրով հետաքրքրել էր նրանց։ Նրանց ի սկզբանե, իհարկե, դուր էին եկել մեր ճամփորդությունները, համակարգչային ուսուցումը և բաց ցանց լինելը։
Մեր հաջորդ հանդիպումը 2025 թվականի մայիսի 28-ին էր՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը։
Նախագծի նպատակն էր «Ուսումնական ժամերգության» ֆլեշմոբով ամրապնդել համագործակցությունը Դիլիջանի թիվ 4 դպրոցի հետ։ Ժամերգության ծրագիրը նախապես ուղարկվել էր իրենց դպրոցին։ Տեղեկացված էին, պատրաստվել էին։ Սովորողների, ուսուցիչների, ծնողների մի մեծ խմբով սպասում էին մեզ։ Դեպի Ջուխտակ քայլքը նախատեսված էր իրականացնել մայիսի 28-ին։ Այդ օրը մենք պետք է հասցնեինք պայմանավորված ժամին լինել նախապես որոշված վայրում։ Քանի որ մենք մի քիչ ավելի շուտ էինք հասել, ուստի սպասեցինք, մինչև մեզ միացավ դիլիջանցիների խումբը։ Մեզ ուրախացրեց այն փաստը, որ նրանց խումբը սպասվածից շատ ավելի մեծ էր՝ 4-րդցիներ, ծնողներ, ուսուցիչներ։ Առույգ, ուրախ, իրար հետ զրուցելով, ծանոթանալով ճանապարհ ընկանք։ Մեր հին ընկերներից մի քանի հոգի էին միացել այս խմբին, որպեսզի հանդիպեն մեզ։ Շատ ջերմ ընկերական հանդիպում էր։
Ուղիղ ժամը 12։00-ին Ջուխտակից մենք էլ միացանք «Ուսումնական ժամերգություն» ֆլեշմոբին։ Այն փաստը, որ շարականները երգում էին թե՛ սովորողները, թե՛ ծնողները, թե՛ մեզ միացած զբոսաշրջիկների մեծ խումբը, պարզ դարձրեց, որ մենք կարևոր գործ արեցինք՝ որպես տարածողներ, նախաձեռնողներ։ Խոնարհված Ջուխտակում առ Աստված բարձրացրած մեր աղոթքը բարի էր, ուխտը՝ օրհնված։
Միասին սնվեցինք վանքի մոտակայքում, կիսվեցինք մեր բրդուճներով, ջրով, տպավորություններով։ Մեր համագործակցությունը ավելի ամրացավ։ Ուշագրավ է այն փաստը, որ առաջին բարձունք հաղթահարելու ժամանակ՝ Աղավնավանք բարձրանալիս, դիլիջանցիները վերցրել էին անհարմար տարաներով սնունդ, ինչը նաև ծանր էր մեկ մարդու համար։ Սովորողները շատ դժվարացան ամբողջ ճանապարհին։ Իսկ այս անգամ արդեն նրանք սեբաստացիական ուսապարկերով և բրուճներով էին եկել։ Փորձի տարածումը հաջողվել էր։
Օգոստոսի 25-27-ին «Բնապահպանական ճամբար Արտանիշում» նախագծով սեբաստացիների, դիլիջանցիների և նորհաճնեցիների ընկերական, համագործակցային խումբը՝ թվով 23 սովորող և 3 դասավանդող, ուղևորվեց դեպի Արտանիշ՝ իրականացնելու վրանային ճամբար։
Պայծառ, հաճելի եղանակը, համերաշխ խումբը մեզ խոստանում էին գեղեցիկ օրեր։ Երեկոյան խարույկի փայտը բերում էին դիլիջանցի ավագ տղաները՝ պատրաստակամ, պատասխանատու։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի սովորողները 9-10-րդ դասարանցիներ էին, ովքեր անմիջապես իրենց վրա վերցրին սեբաստացի- հաճնեցի 3-5-րդ դասարանցի կրտսեր ընկերների անվտանգության պատասխանատու գործը։ Այս տարատարիք խումբը բացառիկ համերաշխ մթնոլորտում ընկերացավ, հարազատացավ, կենցաղավարեց 3 անմոռանալի օրեր։ Իրականացրինք պարուսուցում՝ գյովնդ։ Դիլիջանի խմբի պատասխանատուն՝ Մարինե Դավթյանը, ով այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, դասավանդում է ազգային երգ ու պար։ Նա մասնագիտությամբ երաժիշտ է։ Մարինեն սիրով իր վրա վերցրեց պարուսույցի դերը, դե Դիանա Ղազարյանն էլ հետ չէր մնում։
Մեր առջև դրված էր խնդիր՝ մայրամուտը դիտել Շշասարի գագաթից։ 17։00-ին ճանապարհվեցինք։ Զարմանալի էր, որ տրտնջացող, դժվարացող չկար խմբում։ Ավագները կրտսերներին օգնելով, զրուցելով հասան գագաթ։ Այն տեսարանը, որ բացվում է բարձունքից, չքնաղագույն է, իսկ այն զգացողությունը, որ ունենում ես դրան հասնելով, այլ է, բառերով հնարավոր չէ նկարագրել։ Երբ տեսնում ես, թե ինչպես են երեխայի աչքերը լայն բացվում զարմանքից, հասկանում ես, որ արժեր չարչարանք կրել վերևում հայտնվելու համար։ Արևը դանդաղ գլորվում էր դեպի արևմուտք՝ վերջին շողերը մարելով։ Ամեն անգամ, բարձունքին հայտնվելով, բացվում են լիաթոք շնչելու ուղիներս, նոր լիցք եմ ստանում, ամեն տեսակ մանր խնդիրները չնչին են թվում, անհետանում իսպառ։ Արարչի ստեղծագործության վկան եմ դառնում և մոտենում նրան։ Ուրիշ պատկեր է, խաղաղ ու լուռ ապրումի վայելք։ Բարձունքից մայրամուտը դիտել է պետք յուրաքանչյուրին։

Երեկոյան մեզ սպասում էր համեղ խորոված, խարույկի շուրջ ջերմ, մտերմիկ զրույց, երգ։ Շատերն առաջին անգամ էին վրանում գիշերում։ Սկզբնական մտավախությունները առաջին գիշերվանից հետո հաղթահարվել էին, իսկ երկրորդ գիշերն արդեն հմուտ և վարժված էին։
Առավոտյան մեզ այցելեց կրթահամալիրի հիմնադիր տիար Բլեյանը։ Ճամբարականները սպասում էին անհամբեր։ Հանդիպումը կայացավ ափին, որովհետև մեր օրակարգով լողի ժամ էր։ Օգոստոսի 27-ին կրթահամալիրի օրացույցով նախատեսված էր ամառային վրանային ճամբարի ամփոփում- քննարկում։ Մեզ հերթափոխելու էր Միջին դպրոցի մուտքի ճամբարը։ 14։00-ին սկսվեց քննարկումը, որի մասնակիցներն էին երկու խմբերը։ Խոսեցինք վրանային բնապահպանական ճամբարի ձեռքբերումների, հետագա բարեփոխումների, ընդլայնելու մասին։ Մեծ գոհունակություն մեր Սևանին, Տիարին, յուրաքանչյուրիս՝ այս վրանային կայանը ունենալու համար։
Եռօրյա ճամբարի մասին պատմում է 5-րդ դասարանցի սովորող Արտաշես Հակոբյանը։
Հոկտեմբերի 22-24-ը «Աշնանային Դիլիջան» համագործակցային նախագծով մեկնեցինք Դիլիջան։
Նախապես պայմանավորվածություն ունեինք՝ համատեղ քայլքով Մաթոսավանք գնալ։ Ունեինք նաև այլընտրանքային ուղղություն․ նախորդ օրերի անձրևների հետևանքով անտառամիջյան արահետի անանցանելիությունը հաշվի առնելով, քայլելու էինք դեպի Ջուխտակ վանք։ Առավոտյան նախաճաշից հետո մեկնեցինք Ջուխտակ-Մաթոսավանք տանող արահետների խաչմերուկ, որտեղ էլ պայմանավորվել էինք հանդիպել դիլիջանցիներին։ Այս անգամ քայլելու էինք ութերորդ դասարանցիների, իրենց դասղեկ Արևիկ Հարությունյանի և արդեն մեր լավ ընկեր Մարինե Դավթյանի հետ։ Քայլեցինք, ծանոթացանք, զրուցեցինք, երեկոյան թեյի համար մասուր հավաքեցինք։ Ես սիրում եմ քայլել, նոր շունչ ստանալ բնությունից, բայց երբ մեր առաջնորդները տեղացի երեխաներն են, ովքեր պատմում են վայրի, տեղանքի, պտղի, ծառի ու թփի մասին, ավելի հրապուրիչ է դառնում ճանապարհը։ Գիտեն մասուրի ու կաղնի մասին, որ արահետը որ կողմից անցնել, որ ավելի անվտանգ լինի, որ կողմից եկող սև ամպն է անձրևաբեր և նման մանրամասներ, ինչը դյուրին է դարձնում ճանապարհը։ Ջուխտակում ունեցանք ուսումնական ժամերգություն։ Եկեղեցու բակում միասին շուրջպար բռնեցինք, միասին կիսվեցինք մեր բրդուճներով, սուրճով։ Ուսումնական ժամերգության և շուրջպարերի տեսանյութը՝ ստորև։
Եռօրյա ճամբարի մասին պատմում են 6-րդցիներ Մարի Շիրակյանը և Եվա Հովհաննիսյանը։
Դիլիջանցիներն արդեն գիտեն մեր սովորույթների մասին։ Գիտեն մեր ժամերգությունների, ազգագրական երգ ու պարի, քայլքերի հանդեպ մեր սիրո մասին։ Գիտեն, որ սեբաստացի լինելը յուրահատուկ մշակույթ է, ինչը տարածվելու հատկություն ունի։ Գիտեն նաև, որ սեբաստացի թե՛ ուսուցիչը, թե՛ սովորողը նախաձեռնող են և Բլեյան ցանցի տարածող։
Մենք պայմանավորվեցինք հանդիպել կրթահամալիրում ՝ հունվարյան ճամբարի օրերին, այնուհետև՝ Արատեսում։ Գործընկերային այս կապը խոստումնալից է։ Առաջ կգան նոր նախագծեր, նոր նախաձեռնություններ։
