Հեղինակային կրթական ծրագրերի տարածման, ճանաչման և շարունակական զարգացման համար կարևոր նշանակություն ունեն կրթական փոխանակումները տարբեր ուսումնական հաստատությունների հետ, որոնք հանդիսանում են որպես արդյունավետ միջոց հեղինակային կրթական ծրագրերի տարածման, փորձի փոխանակման և նոր գաղափարների խթանման։ Կրթական փոխանակումները միտված են տարբեր կրթական հաստատությունների, ուսուցիչների, սովորողների միջև համագործակցության ձևավորմանը, զարգացմանն ու ամրապնդմանը, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին ծանոթանալու այլ կրթական միջավայրերի, դասավանդման մեթոդների և ծրագրերի հետ։
Կրթական փոխանակումները ստեղծում են հարթակ, որտեղ հեղինակային կրթական ծրագիրն ապրում է ոչ միայն կրթահամալիրում, այլև տարածվում և դառնում է ճանաչելի ավելի լայն շրջանակներում։ Շատ հաճախ հեղինակային կրթական ծրագրերը դուրս են մնում պետական չափորոշիչների պարտադիր շրջանակից, սակայն իրենց արդյունավետությամբ մի քանի քայլ առաջ են հանրակրթական ծրագրերից՝ հատկապես անհատականացված ուսուցման, ստեղծագործական մոտեցումների և սովորողների ակտիվ ներգրավվածության տեսանկյունից։
Հեղինակային կրթական ծրագրերի տարածման համար արդյունավետ են փոխանակման հետևյալ ձևաչափերը.
- Ուսումնահայրենագիտական ճամփորդությունները՝ կրթական փոխանակման բաղադրիչով.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչ են ուսումնահայրենագիտական ճամփորդությունները, որոնք ունեն նաև տվյալ բնակավայրի/բնակավայրերի ուսումնական հաստատություններ այցելելու, կրթական փոխանակման նախագծերով կապեր ստեղծելու, համագործակցելու բաղադրիչ: Կրթական փոխանակումները այլ կրթական հաստատությունների և կրթական ծրագրեր ու նախագծեր իրականացնող կառույցների հետ համագործակցության համակարգ է և հեղինակային փորձի փոխանցման կարևորագույն բաղկացուցիչ: Կրթական փոխանակումների ընթացքում ստեղծվում են արդյունքներ, որոնք չափելի են և որոնց շահառուները ոչ միայն կրթական փոխանակման կողմերն են /Մանրամասն՝ Կրթական փոխանակումների նախագծի մշակման և իրականացման կարգում/: - Մենթորական բաց լաբորատորիայի շրջանակում իրականացվող գործուղումները տարբեր կրթական հաստատություններ, որոնց ընթացքում ներկայացվում է հեղինակային կրթական ծրագիրը, քննարկվում են հեղինակային մանկավարժության մեթոդներ, տրամադրվում են ուսումնական անհրաժեշտ նյութեր, իրականացվում է փորձի փոխանցում դասավանդման ձևաչափով /Մանրամասն՝ Մենթորական բաց լաբորատորիայի գործունեության ուղեցույցում/:
- Սովորողների կողմից ձեռքբերումների, հաջողված նախագծերի ներկայացում, համագործակցային նախագծերի և հետազոտական աշխատանքների համատեղ իրականացում.
Համագործակցային նախագծերի և հետազոտական աշխատանքների համատեղ իրականացման մասով արդեն ունենք հաջողված փորձ: Արագածոտնի մարզի Պարտիզակի միջնակարգ դպրոցի սովորողներն իրականացրել են «Իմ գերդաստանը» նախագիծը, որի արդյունքները հասարակագիտական ստուգատեսի շրջանակում սեբաստացի սովորողների հետ միասին պարտիզակցիները ներկայացրել են կրթահամալիրում: Սա կրթահամալիրում իրականացվող նախագծային գործունեության հերթական մակարդակն էր, որը օգտակար փորձ կարող է լինել այլ ուսումնական հաստատությունների համար /Արդյունքները՝ այստեղ/:
Կարևոր ձեռքբերում եմ համարում սեբաստացի սովորողի և Արագածոտնի մարզի Սիփան բնակավայրի ազգությամբ քուրդ սովորողների հետազոտական համատեղ աշխատանքի իրականացումն ու արդյունքների ներկայացումը Գյումրիում տեղի ունեցած «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» հանրապետական աշխատարանի ընթացքում և կրթահամալիրում: Նման ձևաչափով հետազոտական աշխատանքի իրականացումը նոր մակարդակի է հասցնում մեր համագործակցությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ /Մանրամասն՝ այստեղ/: - Համատեղ գիտաժողովներ և աշխատաժողովներ, որոնք միավորում են տարբեր հեղինակների և մասնագետների՝ նպաստելով կապերի ամրապնդմանը և գաղափարների խորացմանը.
Որպես պատմության և հասարակագիտության դասավանդող և հասարակագիտական մասնախմբի ղեկավար՝ շատ կարևորում եմ հայագիտական բնույթի գիտաժողովներին մասնակցելը և իմ սովորողներին ու գործընկերներին մասնակից դարձնելը։ Նման գիտաժողովները և՛ բազմաթիվ ու բազմաբնույթ թեմաների շուրջ խորը, համակողմանի գիտելիքի, տեղեկատվության ձեռքբերման, ինքնակրթության, և՛ ոլորտի հայտնի մասնագետների հետ կապեր ստեղծելու, ընդլայնելու հարթակ են ինչպես ինձ և գործընկերներիս համար, այնպես էլ սովորողների համար։ Անշուշտ, դրանք նաև հեղինակային փորձի փոխանցման միջոց են /Ավելին՝ «Դպիր»-ում հրապարակված հոդվածում/:
Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ՝ կրթական փոխանակման բաղադրիչով.
Հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում կրթական փոխանակումներով ճամփորդությունները, որոնց արդյունքում հայաստանյան և Հայաստանից դուրս տարբեր դպրոցների հետ ստեղծվում են համագործակցային կապեր։
Ստորև ներկայացնում եմ կրթական փոխանակումներով իրականացված մի շարք ճամփորդություններ, ինչպես նաև գործընկեր դպրոցների ընդունելություն կրթահամալիրում, որոնց արդյունքում գործընկեր ուսումնական հաստատությունների հետ ամրապնդվել և նոր մակարդակի են բարձրացվել կրթահամալիրի հետ ունեցած կապերը, իսկ այլ ուսումնական հաստատությունների հետ ստեղծվել են նոր կապեր.
- Վայոց Ձորի մարզի ՀերՀերի միջնակարգ դպրոցի ուսուցիչների և սովորողների խումբը հարիսայի համայնքային տոնին
- Անկախության տոնը Սիսական աշխարհում. Այցելություն Սիսիանի ավագ դպրոց,
- «Շիրակացու ճեմարան» կրթահամալիրի դասավանդողների և սովորողների խումբը՝ կրթահամալիրում,
- «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրում. «Շիրակացու օրեր» փառատոն 2025
- Ուսումնական աշնան համագործակցային նախագծերը՝ Սասնա ժառանգների գյուղերում,
- Սասնա ժառանգները՝ կրթահամալիրում,
- Գործընկեր դպրոցները՝ կրթահամալիրում. Բերդավան-Գյումրի,
- Ընդհատված կապերի վերականգնում. Ջավախք-կրթահամալիր,
- Աշնակցիները՝ կրթահամալիրում,
- Սիրադեղյանական օրերի ամփոփումը Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիում,
- Ուսումնահայրենագիտական-հետազոտական-ազգագրական, կրթական փոխանակումներով ճամփորդություն Սասնո ժառանգների տարածաշրջանում՝ Թալին-Աշնակ-Ներքին Բազմաբերդ,
- Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին․Աշնակ, Պարտիզակ, Ներքին Բազմաբերդ,
- Երեք հագեցած օր՝ Սահմանապահ Սյունիքում,
- Կոռնիձորցիները՝ կրկին կրթահամալիրում,
- Գեղակերտի դպրոցականների օրը՝ կրթահամալիրում,
- Հանրապետության օրը՝ հերոսական Սառնաղբյուրում,
- Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին․Գյումրի-Ջանֆիդա,
- ՀՀ-ի քրդական համայնքի ներկայացուցիչները՝ կրթահամալիրում,
Մենթորական բաց լաբորատորիայի շրջանակում իրականացված գործուղումներ տարբեր կրթական հաստատություններ, որոնց արդյունքում ամրապնդվել են եղած կապերը, նաև ձեռք են բերվել նոր կապեր՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Մենթորական բաց լաբորատորիա, որի հիմքում ընկած է կրթահամալիրի առաջարկը։ Առաջարկով մենթորական աշխատանքի փուլեր են․
- կրթահամալիրում մենթորական բաց, շուրջտարյա գործող լաբորատորիայի ձևավորում,
- գործընկերների ծանոթություն,
- անհրաժեշտ օգնության ձևակերպում,
- աշխատանքային ծրագրի և աշխատակարգի կազմում,
- որոշված աշխատանքների իրականացում,
- աշխատանքային յուրաքանչյուր փուլից հետո հաշվետվություն։
Մենթորական բաց լաբորատորիայի շրջանակում իրականացվել են հետևյալ գործուղումները՝
- Մենթորական բաց լաբորատորիայի մեկնարկ Աշնակի և Պարտիզակի միջնակարգ դպրոցներում
- Մենթորական բաց լաբորատորիայի մեկնարկ Կոռնիձորի միջնակարգ դպրոցում
- Գործուղում Վայոց Ձորի մարզի ՀերՀերի միջնակարգ դպրոց
Խնդիրներ և դժվարություններ՝
Չնայած կրթական փոխանակումների առավելություններին, դրանց իրականացման ընթացքում հանդիպում ենք որոշ խնդիրների, մասնավորապես՝
- Կրթական փոխանակման ծրագրերի շարունակականության բացակայություն, մասնավորապես հանրակրթական դպրոցների կողմից փոխադարձ այցի պակասի պատճառով, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ ինքնավարություն, ֆինանսական հնարավորություն,
- Հանրակրթական ուսումնական հաստատությունների կամքի, պատրաստակամության պակաս, քանի որ կրթական փոխանակումը պահանջում է լրացուցիչ ջանք, ռեսուրս, որին ոչ բոլոր հաստատություններն են պատրաստ գնալ,
- Այլ…
Այսպիսով, կրթական փոխանակումները հնարավորություն են տալիս հեղինակային կրթական ծրագրերին դուրս գալ կրթահամալիրի սահմաններից՝ դառնալով տարածելի, ճանաչելի և ընդունելի այլ կրթական միջավայրերում։ Դրանք նպաստում են հեղինակային մանկավարժության փորձի տարածմանը, տարբեր կրթական հաստատությունների հետ նոր կապերի ձևավորմանը, եղած կապերի ամրապնդմանը: Նման հարթակների շարունակական զարգացումը կարող են էապես բարելավել կրթության որակը և խթանել նորարար կրթության տարածումը։
Հեղինակ՝ Վարդան Կարապետյան. Հետազոտական վարժարանի դասավանդող, հասարակագիտական մասնախմբի ղեկավար
