Այս ուսումնական շրջանն սկսվեց բլոգավարության ոլորտում նորարարություններով։ Սկսենք նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում բլոգը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բլոգավարությունը ուսումնական միջավայրի անբաժանելի մասն է։ Այստեղ յուրաքանչյուր սովորող և դասավանդող ունի իր անձնական բլոգը․ այն ուսումնառության օրագիր է՝ նախագծերի, հետազոտությունների, անդրադարձների և ինքնարտահայտման հարթակ։
Բլոգը կրթահամալիրում ոչ միայն տեխնիկական գործիք է, այլ կրթական նոր մշակույթ, որտեղ կարևոր են հեղինակային իրավունքը, պատասխանատվությունը և թվային անվտանգությունը։ Բլոգները հիմնականում բացվում են wordpress.com հարթակում։
Հենց այդ պատճառով կարևոր է, որ կրթահամալիրում գործող յուրաքանչյուր անհատ՝ լինի սովորող, թե ուսուցիչ, տիրապետի բլոգավարության հիմնական կանոններին և կարողանա կողմնորոշվել համակարգում տեղի ունեցող փոփոխություններին։
Մենք ապրում ենք մի շրջանում, երբ համակարգչային ծրագրերի գործառույթներն անընդհատ փոփոխվոմ են։
Կրթահամալիրում, որտեղ ամեն օղակում հարյուրավոր սովորողներ են օգտվում wordpress համակարգից, պետք է անընդհատ տեղյակ լինենք փոփոխություններից, քանի որ յուրաքանչյուր փոքր փոփոխություն սովորողների շրջանում առաջացնում է տագնապային իրավիճակ։
Այս տարի wordpress.com համակարգում շատ փոփոխություններ եղան, որոնց շուրջ աշխատել եմ և՛ սովորողների, և՛ դասավանդողների հետ։ Առաջինը բլոգ մուտք գործելու դժվարությունն էր։ Համակարգում շատ են այնպիսի բլոգները, որոնք իդենտիֆիկացված չեն մեյլով կամ հեռախոսահամարով, ուստի wordpress.com ադմինիստրացիոն համակարգը սկսել էր փակել բլոգները։ Տարիներ առաջ բացված բլոգները անվերադարձ փակվում էին։ Սա մեծ անհարմարություն է, որից ելքը մի փոքր դժվար էր գտնել։
Մի քանի դասավանդողների և բազմաթիվ սովորողների հետ ետ ենք բերել բլոգները, քանի որ ճիշտ ժամանակին գրել ենք կայքի ադմինիստրացիային։ Ինչ է հարկավոր դրա համար՝
- Գրել նամակ այս հղումով https://wordpress.com/support/
- Ապացուցել, որ ձեր բլոգը պատկանում է հենց ձեզ։ Այստեղ նամակում գրում եք ձեր մեյլը, կամ կապող ինչ-որ մեյլ, որը գործածել եք համակարգում։
- Նամակում նաև նշում եք, որ ձեր բլոգային էջում ոչ մի խախտում չեք արել , այլ կայքերից արգելված նյութեր չեք բերել ձեր բլոգ։
- Նամակը խորհուրդ եմ տալիս գրել մի քանի անգամ։
Խորհուրդ․ համակարգը ավտոմատացված է, երբ բլոգը փակվում է, այստեղ պետք է հասկանանք, որ մեխանիզմն աշխատում է առանց մարդու միջամտության և նամակ գրելը շատ կարևոր է։ Նամակին պատասխանում է ոչ թե բոտը, այլ հենց համակարգի աշխատողը, դիտարկում է ձեր բլոգը և պատասխան նամակով տեղեկացնում, որ բլոգը բացվել է։
Ինչ պետք է անեք, որ ձեր բլոգը չփակվի․
- Այլ կայքերից, որոնց նյութերը հեղինակային իրավունքով են պաշտպանված, հղումներ կամ տեքստեր մի տարեք ձեր բլոգ
- Յութուբյան տարբեր ալիքներից հղումներ մի տարեք ձեր բլոգ, տարեք միայն ձեր յութուբյան էջից ձեր պատրաստած նյութերը։
- Բլոգը բացելիս անպայման օգտագործեք ձեզ պատկանող հեռախոսահամար կամ մեյլ, որի գաղտնաբառը հիշում եք, կամ մեյլը գործածում եք։
Բլոգում նաև շատ գործիքներ վճարովի են դարձել։ Եթե ձեր google account-ին կցված է դրամապանակ, զգույշ եղեք, որ ավելորդ գնումներ չկատարեք բլոգային հարթակում։
Բլոգը բացելիս օգտվեք անվճար տարբերակից, որի հիշողության սահմանաչափը քիչ է, ուստի նկարները հատընտիր պետք է լինեն։
Մուտք կրթահամալիր։ Առկա և հեռավար կրթություն
Ուսումնական տարվա առաջին շրջանում, ինչպես նաև դրան նախորդող ճամբարի ընթացքում ունեցել եմ շատ դասընթացներ, որոնք օգնում են յուրացնել բլոգավարությունը։
Մի փոքր «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասին
Կրթահամալիրում սովորողների ընդունելությունն իրականացվում է «Մուտք կրթահամալիր» ճամբարի միջոցով։ Սա ամռանը իրականացվող, նախապատրաստական փուլ է, որի ընթացքում նոր ընդունվող սովորողները ծանոթանում են կրթահամալիրի արժեքներին, ուսումնական միջավայրին և գործառույթներին։
Ճամբարը կազմակերպվում է փուլային ձևաչափով՝ ներառելով աշխատարաններ տարբեր ոլորտներում, ստեղծագործական և թվային գործունեություն, ապա եռօրյա հայրենագիտական ճամփորդություն։ Այսպիսի ճամբարներ կազմակերպվում են սովորողների ընդունելությունը ավելի էֆեկտիվ դարձնելու համար։ Սա նաև օգնում է դասավանդողներին ներկայանալ, ինչպես նաև ճանաչել սովորողներին տարբեր իրավիճակներում։ Այսպիսի ճամբարներ անցկացվում են փուլային եղանակով․ օրինակ՝ այս տարի երկու փուլով։ Ճամբարներին կարող եք ծանոթանալ այստեղ, որը մի օրինակ է Ավագ դպրոցից։ Այսպիսի ճամբարային ընդունելություն իրականացվում է կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում։
Այդ ընթացքում սովորողները ստեղծում են իրենց առաջին բլոգները, սովորում են աշխատել կրթահամալիրի հարթակներում և ինտեգրվում կրթական համայնքի կյանքին։ «Մուտք կրթահամալիր» ճամբարը օգնում է անցումային շրջանը դարձնել համակարգված և հետաքրքիր։
Մուտք ճամբարի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում բացել ենք ավելի քան 100-ից ավելի բլոգ, այնուհետև ունեցել եմ բլոգավարության հեռավար դասեր։
Կրթահամալիրում կարևոր տեղ ունի հեռավար ուսուցումը։ Ունենք սովորողներ, որոնք արտերկրում են, սակայն շարունակում են իրենց ուսումնառությունը ՄՍԿՀ-ում։ Նրանց համար կազմակերպվում է բլոգավարության հեռավար ուսուցում, որպեսզի չկտրվեն կրթական գործընթացից։ Այս ուսումնական շրջանում անցկացրել եմ հեռավար դասեր, որոնց ընթացքում առցանց կապի միջոցով իրականացրել ենք եռօրյա «մուտք ճամբար» արտերկրում գտնվող սովորողների համար։ Սա հնարավորություն է տվել նրանց լիարժեք մասնակցել կրթահամալիրի կյանքին՝ անկախ գտնվելու վայրից։
Ներքևում կթողնեմ վերևում ասվածների հղումները։
Հեռավար բլոգավարության արդյունքները՝
- Անգելինա Գալոյան 12-րդ դասարան
- Մարիաննա Քամալյան 12-րդ դասարան
- Մարիամ Ջանիբեկյան 12-րդ դասարան
- Գոռ Վերդյան 11-րդ դասարան
- Գարիկ Ղազարյան 12-րդ դասարան
- Ժակլին Դադայան 11_րդ դասարան
- Հասմիկ Առաքելյան 11-րդ դասարան
Մուտք ճամբարի ընթացքում բացված բլոգները
Մուտք կրթահամալիր առաջին փուլ։ Բլոգավարության արդյունքներ
Մուտք ճամբարի բլոգավարության արդյունքներ։ Երկրորդ փուլ
Մանկավարժական ճամբար
Մանկավարժական ճամբարը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուսումնական-մասնագիտական հավաքների շրջան է, որը կազմակերպվում է գարնանային, աշնանային, ամառային և ձմեռային արձակուրդներին։
Այն կազմակերպվում է կրթահամալիրի մանկավարժների համար։
Նպատակ ունի․
1. Խթանել մանկավարժների մասնագիտական զարգացումը,
2. Փորձի փոխանակում. կազմակերպվում են դասընթացներ, ուսուցողական պարապմունքներ, որոնք օգնում են դասավանդողներին զարգացնել իրենց դասավանդման հմտությունները, հոգեբանորեն ավելի գրագետ վերաբերմունք դրսևորել սովորողի հանդեպ։
3. Նոր մեթոդների, ծրագրերի ու թվային գործիքների ներկայացում. եթե ուսումնական շրջանում կան նոր գործիքներ, որոնք անհրաժեշտ են ուսումնական պարապմունքները ավելի լավը դարձնելու, ապա սա լավ շրջան է դրանք յուրացնելու։
4. Կրթահամալիրի ընթացիկ ու առաջիկա նախագծերի համատեղ քննարկում. սրանք մանկավարժական ընդհանուր հավաքներին քննարկվող հարցերն են, որոնք ընդհանուր են ՄՍԿՀ-ի բոլոր մասնաճյուղերի համար։
Ճամբարի ընթացքում անցկացվում են աշխատարաններ, քննարկումներ, հարց ու պատասխաններ, փորձարարական դասեր և նախագծային աշխատանքներ։
Կրթահամալիրի կարևոր շրջաններից է, որտեղ ուսուցիչները սովորող են դառնում՝ զարգացնելով ու բարելավվելով իրենց մանկավարժական մտածողությունը։
Այս տարի ինձ համար նոր էր դասավանդողների հետ աշխատանքը։ Սովորել եմ սովորողների հետ բլոգավարության մասին խնդիրները քննարկել, իսկ դասավանդողների հետ նույն կամ նմանատիպ խնդիրների մասին երբեք չէինք խոսել։ Հաճելի էր գիտակցելը, որ իմ գործընկերներին օգնում եմ ավելի լավ տիրապետել բլոգավարության կանոններին։
Այս ուսումնական շրջանի բլոգավարության ճանապարհն ինձ համար լի էր ոչ միայն տեխնիկական աշխատանքով, այլև կենդանի շփումներով, միասին մտածելու, լուծումներ գտնելու ու իրար օգնելու դրվագներով։ Փոփոխվող համակարգերը մեզ երբեմն լարում էին, բայց նույն ժամանակ սովորեցնում էին պատասխանատվությամբ վերաբերվել մեր թվային գործին։
Սովորողների հետ միասին անցած այս ճանապարհը ցույց տվեց, որ բլոգը պարզապես էջ չէ, այլ մեր մտքերի, աշխատանքի ու աճի արտացոլումը։ Հաճելի էր նաև զգալ, որ կարողանում եմ օգտակար լինել գործընկերներիս՝ միասին հաղթահարելով նույն խնդիրները՝ Մանկավարժական ճամբար։ Բլոգավարություն։
Այս ամենը վստահություն է ներշնչում, որ բլոգավարությունը կրթահամալիրում շարունակելու է զարգանալ՝ դառնալով ավելի գիտակից, անվտանգ ու արժեքավոր միջավայր բոլորիս համար։
