21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ փոփոխվում են աշխարհը, կրթությունը, մարդկանց մտածողությունը, դասավանդման նպատակներն և մանկավարժական մեթոդները։ Եվ ստացվում է, որ ժամանակակից մարդու, սովորողի առջև դրված են այլ մարտահրավերներ ու խնդիրներ։ Բայց ինչպիսին էլ աշխարհը դառնա, ինչքան էլ փոփոխվեն կրթական համակարգերը և առաջադրված խնդիրները, հաղորդակցման հմտությունների առկայությունը շարունակելու է մնալ կարևոր։ Ժամանակակից աշխարհում սահուն, գրագետ, մտածված խոսքը ոչ միայն գիտելիքի ցուցիչ է, այլև հաջողության հիմք ցանկացած ոլորտում։ Այսօր՝ տեղեկատվության արագ շրջանառության պայմաններում, բանավոր ճիշտ խոսքը ինքնարտահայտման, աշխարհում սեփական տեղը գտնելու, ճիշտ հաղորդակցվելու կարևոր հմտություններից մեկն է։ Բանավոր խոսքի զարգացումն էլ իր հերթին նպաստում է քննադատական-վերլուծական մտածողության զարգացմանը, ինքնավստահության աճին։ Այս պատճառով էլ կրթական գործընթացում առանձնահատուկ կարևոր են այն մեթոդները, որոնք զարգացնում են խոսքի մշակույթը և գիտակից հաղորդակցումը, ինչն էլ իր հերթին նպաստում է լայն աշխարհայացքի ձևավորմանը, հարցին տարբեր տեսանկյուններից նայելու, համադրելու կարողությունների ստեղծմանը։
Հավելենք, որ դպրոցականի միջին տարիքը կարևոր փուլ է անձնային աճի, մտածողության և աշխարհայացքի ձևավորման համար, տարիք, երբ սովորողի հոգեբանական վիճակը շատ փխրուն է, հույզերը՝ երբեմն անկառավարելի։ Եվ կարևոր է այս շրջանում սովորողին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլև կարողություններ և արժեքային համակարգ։
Սովորողի մտածողության, աշխարհայացքի, տեսակետի ձևավորման և զարգացման կարևորագույն և արդյունավետ մեթոդներից է բանավեճը։
Կրթահամալիրի ուսումնական ճամբարների ժամանակ բազմիցս կազմակերպել ենք բանավեճեր, որոնց մասնակցել են հետաքրքրված սովորողները։ Բայց այս ուսումնական տարվա ընթացքում որոշեցի բանավեճի մեթոդը դարաձնել հիմնական գործունեություն, շուրջտարյա նախագիծ։ Դրան նպաստեց այն, որ ճամբարային գործունեության ընթացքում արդեն իսկ ստեղծվել էր հետաքրքրվողների և աշխատանքը շարունակել ցանկացողների խումբ։ Իմ նպատակն էր գործընթացը դարձնել այնպիսին, որ առաջ գա սովորողը՝ որպես կազմակերպիչ և նախաձեռնող, ինչն էլ, կարծում եմ, հաջողվեց։ Սակայն ամեն ինչ ներկայացնեմ սկզբից և մանրամասն։
Նախ՝ ի՞նչ է բանավեճը։ Բանավեճը կարծիքների նպատակաուղղված ներկայացում և հակադրում է, գործունեություն, որի ընթացքում մասնակիցները արտահայտում և հիմնավորում են իրենց տեսակետը՝ լսելով և հարգելով հակադիր դիրքորոշումը։
Ի՞նչ կարող է տալ այս աշխատանքը՝
- բանավոր խոսքի զարգացում, (պարբերաբար տարբեր թեմաների շուրջ խոսելու ընթացքում սովորողները սկսում են ավելի պարզ, սահուն և դիպուկ արտահայտվել),
- քննդատական մտածողություն,
- տարատեսակ հարցերի շուրջ սեփական տեսակետի, դիրքորոշման ձևավորում և արտահայտում,
- աշխարհայացքի ընդլայնում,
- մտածողության զարգացում,
- հանդուրժողականություն (Ի դեպ, այս կետն առավել կարևոր է, քանի որ թեժ քննարկման ժամանակ դժվար է ընդունել այլ կարծիք, երբեմն էլ՝ դասընկերոջդ թույլ տալ արտահայտվել, երբ ինքդ դեռ շատ ասելիք ունես)։
Ինչպես նկատում եք, բանավեճի մեթոդի կիրառման դրական ազդեցությունները շատ են։ Այժմ անդրադառնամ կազմակերպման ընթացքին, առաջացած դժվարություններին և մեր հաջողություններին։
Նախագիծը սկսեցինք իրականացնել 8-3 դասարանում, քանի որ այստեղ կային մի խումբ սովորողներ, ովքեր գրականության դասերի քննարկումներին ոչ մի կերպ չէին խոսում, արտահայտվում, դժվարանում էին։ Առաջարկեցի, որ յուրաքանչյուր ուրբաթ կամ ամսվա ընթացքում երկու անգամ իրականացնենք բանավեճ։ Իհարկե, արձագանքները դրական էին․ սովորական ուսումնական գործընթացից դուրս իրականացվող ցանկացած գործունեություն հետաքրքրություն է առաջաջացնում (գոնե սկզբնական շրջանում) և օգնում է հաղթահարել երբեմն առաջացող առօրյա տաղտուկը։ Երկու սովորողների հետ պայմանավորվեցինք, որ իրենք պետք է համակարգեն աշխատանքը՝ ընտրելով թեմա և կատարելով բոլոր կազմակերպչական աշխատանքները։ Այսինքն՝ բանավեճերի կազմակերպումը դարձավ սովորողի/ սովորողների անհատական աշխատանքը։
Առաջին բանավեճերը հեշտ չտրվեցին․ դժվար էինք պատկերացնում ինչպիսի ձևաչափով անցկացնել, ինչ անել, երբ առաջարկվող թեմայի շուրջ բոլորը դեմ կարծիք ունեն, ինչպես բաժանել խմբերը, որ քննարկվող թեման համապատասխան լինի սովորողների տեսակետին, ցանկությանը, ինչպես եզրափակել, ինչպես լուսաբանել, ինչպես անել, որ խոսելու հնարավորություն ունենան բոլորը, ոչ թե ամբողջ բանավեճը հիմնվի երկու-երեք սովորողի կարծիքի վրա, ինչպես անեմ, որ ինքս չմիջամտեմ ընթացքին՝ խանգարելով կազմակերպիչներին։
Ի վերջո, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ես հասկացա, որ պետք է նախաձեռնությունն ամբողջովին թողնել սովորողներին, հնարավորություն տալ ինքնակազմակերպվելու։
Առաջին բանավեճերն անցկացրին Հայկ Մամյանը և Դանիել Խալափյանը, թեման արհեստական բանականությունն էր։ Ընտրում էինք այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են սովորողների առօրյային, համապատասխանում են տարիքին, հետաքրքրություններին, ինչն էլ նշանակում է, որ մասնակիցն անպայման ասելիք կունենա։ Առաջին բանավեճերի ժամանակ նախատեսված ժամանակի մեծ մասը ծախսում էինք կազմակերպչական հարցերի վրա, կողմերի բաժանվելու, թեման մեկնաբանելու, լռեցնելու և այլն, հետո , երբ բանավեճերն անընդհատ բնույթ ստացան, թեմայի մասին սովորողները տեղեկանում էին նախապես, քանի որ կազմակերպիչներն իրենց բլոգում հրապարակում էին թեման և հարցադրումը, մինչև բանավեճի մեկնարկը ծանոթացնում մասնակիցներին, նախնական հասկանում, թե որ սովորողը որ կողմում կարող է լինել, իսկ մանսակիցը գալիս էր քննարկմանը թեման ուսումնասիրած։ Սա հեշտացրեց գործընթացը և կազմակերպումը։ Ընթացքում բանավեճ անցկացնելու ցանկություն հայտնեցին նաև այլ սովորողներ։ Հետաքրքիր է, որ սովորողները մոտենում էին արդեն թեման պատրաստած և բլոգում նախագծի տեքսի բերած։ Հետո սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել նաև այլ դասարաններ։ Բանավեճերը երբեմն այնքան էին ձգվում, ասելիքն այնքան էր լինում, որ սովորողները ցանկություն էին հայտնում շարունակել նաև ընդմիջման ընթացքում։ Իսկ դասասենյակում հաջորդ ժամին դաս անելու համար մոտեցած դասարանները զարմացած նայում էին, թե ինչ ենք անում դասարանի մի անկյունում հավաքված, հետաքրքրվում էին, հարցնում։ Որոշ ժամանակ հետո պնդեցին․ «Իսկ մենք ինչո՞ւ բանավեճ չենք կազմակերպում» ․․․ Այսպես նախագիծը, որ մշակել էի մի դասարանի համար, իրականացվեց նաև մյուս դասարաններում։ Հո՞ չէի կարող մերժել սովորողներին։ Մյուս դասարաններում ևս առաջ եկան նախաձեռնողներ ու կազմակերպիչներ։
Բանավեճերի թեմաները՝ կազմակերպիչ սովորողների լուսաբանմամբ․
- Արհեստական բանականությունը և նրա ազդեցությունը․ Դանիել Խալափյան,
- Պե՞տք է մարդուն դատել անցյալի սխալների համար, թե՞ ոչ․ Դանիել Խալափյան,
- Արդյո՞ք քննությունը ճիշտ ձև է սովորողի գիտելիքը ստուգելու համար, թե՞ ոչ․ Դանիել Խալափյան,
- Արդյո՞ք 18 տարեկանը չափահաս է․ Դանիել Խալափյան,
- Արհեստական բանականություն․ Հայկ Մամյան,
- Չափահասության տարիք․ Հայկ Մամյան
- Հնարավո՞ր է քննությունների միջոցով սովորողին ճիշտ գնահատել․ Հայկ Մամյան,
- Անցյալի սխալների ազդեցությունը․ Հայկ Մամյան,
- Արդյո՞ք պետք է պահպանել հին ավանդույթները․ Ավետ Ամիրյան
- Արդյո՞ք կարևոր է, որ ուսուցիչը լինի բարի, քան խիստ․ Ամիրյան Ավետ
- Սպո՞րտ, թե՞ արվեստ․ Ավետ Ամիրյան,
- Դպրոցական համազգեստի անհրաժեշտությունը․ Վիկտորիա Մելիքյան,
- Արդյո՞ք պետք է պահպանել ավանդույթները․ Էրիկ Սայունց
- Բարի՞, թե՞ խիստ ուսուցիչ․ Էրիկ Սայունց։
Այպիսով, երեք ամսվա ընթացքում կազմակերպել ենք տասից ավելի բանավեճեր։ Այժմ ներկայացնեմ, թե ինչ դժվարություններ ենք ունեցել՝
- Դեռահասության տարիքում գտնվող և կամակոր Միջին դպրոցի սովորողները ոչ մի դեպքում չէին համաձայնվում տեսանկարահանել ընթացքը՝ համարելով , որ տեսախցիկից ամաչում են, բարդույթավորովում։ Ընթացքում համոզվեցին, որոշ հատվածներ նկարահանվել են և կցված են լուսաբանումներին։
- Դժվար էր բաժանվել «դեմ» և «կողմ» խմբերի, քանի որ հաճախ բոլոր սովորողները նույն կարծիքին էին լինում կամ անպայման ուզում էին իրենց ընկերոջ հետ նույն խմբում լինել։ Որոշեցինք, որ խմբերում անհավասարության դեպքում կազմակերպիչ-սովորողն է որոշում բաժանումը, իսկ մասնակիցը ցանկացած խմբում ցուցադրում էի իր բանավոր խոսքը և վերլուծական միքտը՝ անկախ սեփական կարծիքից։
- Որոշ սովորողներ սկզբում չէին ցանկանում արտահայտվել՝ վախենալով ծիծաղելի վիճակում հայտնվել։ Ընկերական մթնոլորտը, իրար խրախուսելը, կազմակերպիչների ուղղորդումները լուծում տվեցին նաև այս խնդրին։
- Առաջարկված որոշ թեմաների հետ ինքս էլ համաձայն չէի, բայց քննարկումների ընթացքում հասկացա, որ սովորողին ազատ ընտրության հնարավորություն տալը շատ ճիշտ է։ Բոլոր թեմաները նրանց հետաքրքրությունների շրջանակում էին, կազմակերպիչները հստակ կարողանում էին պնդել, թե ինչու այդ թեման, ինչի են ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ, ինչու դա կարող է հետաքրքիր լինել մյուսներին։
- Իհարկե, եղել են նաև կոնֆլիկտներ, դժգոհություններ, բայց բոլորը հաղթահարվել են, որովհետև սիրել ենք այս նախագիծը և ցանկացել, որ ստացվի։
Այժմ անդրադառնամ մեր գրանցած հաջողություններին։
- Սովորողների մոտ ձևավորվեցին կազմակերպչական հմտություններ, նրանք դարձան նախաձեռնող և ինքնուրույն։
- Բացառապես բոլորը, այդ թվում այն սովորողները, որոնք դասերին՝ քննարկումների ժամանակ, չէին խոսում, կարողանում էին ակտիվ արտահայտվել, հստակ ներկայացնել իրենց տեսակետը, հիմնավորել։ Այսինքն ՝ նույնիսկ պասիվ և ամաչկոտ սովորողները դարձան համաձակ և վստահ։
- Կարծում եմ՝ զարգացավ նաև իրար լսելու կարողությունը, քանի որ բանավեճերի ժամանակ երկու կողմերի մասնակիցները արտահայտվում էին՝ հիմնվելով մյուսի ասածի վրա կամ պատասխանում-հակադարձում։
- Սովորողների մոտ առաջացավ յուրահատուկ սեր-կապվածություն մեր դասերի հանդեպ։ Նկատելի էր, որ անհամբեր սպասում են հաջորդ հանդիպումներին։ Ամրապնդվեց սովորող-ուսուցիչ կապը, որը ուսուցման պարագայում անկյունաքարային է։
- Տեսանելի էր ընդգծված պատասխանատվության զգացումը և նպատակասլացությունը, քանի որ այս աշխատանքը պահանջում էր որոշումդ մինչև վերջ կատարել, հաշվետու լինել քո և դասարանի առջև։
- Արդեն խոսել եմ, որ այս տարիքում է ձևավորվում մտածող-վերլուծող մարդը, այն, ինչ տեղի է ունենում, ազդում է սովորողի աշխարհայացքի և մտածողության վրա։ Վստահ եմ, որ մեր տարատեսակ բանավեճ-քննարկումներն իրենց դրական ազդեցությունն են թողել սովորողների աշխարհայացքի ձևավորման վրա։
- Սովորողների համար հետաքրքիր էր լսել իրար․ վստահաբար այս աշխատանքը հնարավորություն տվեց նաև միմյանց ավելի լավ ճանաչել, բացահայտել։
Մասնակից սովորողները ևս արտահայտվել են իրենց բլոգներում՝
- Ալեն Մկրտչյան
- Անահիտ Եսայան,
- Մանանա Ղազարյան,
- Լանա Ներսիսյան,
- Ժասմին Պետրոսյան,
- Գայանե Փաշիկյան,
- Լիլի Սիմոնյան,
- Մարկ Անանյան,
- Մուշեղ Կայայան,
- Դավիթ Հայրապետյան։
Այսպիսով՝ բանավեճերը ուսուցման կարևոր մեթոդ են, որոնց անընդհատ և ճիշտ կիրառումը կձևավորի լայն աշխարհայացք ունեցող, ինքնուրույն մտածող անհատ, կնպաստի հանդուրժող, հարգալից, ներառող կրթական միջավայրի ստեղծմանը։
