Ուսուցման մինչև վերջ  անհատականացումը մնում է իմ ուսուցչական երազանքներից գուցեև ամենամեծը։ Ինչո՞ւ երազանք, որովհետև մեր հանրակրթական համակարգը այդպես էլ պայմաններ չի ստեղծում այն լիարժեք իրագործելու համար։ Հանրակրթության պետական չափորոշիչները, որոնք հիմնականում կարողունակություններին են ուղղված, ի վերջո վերածվում են ավարտական, միասնական քննությունների, որոնք ուղղակիորեն պարտադրում եմ նաև միասնական, ընդհանրացված ուսուցում, որոնք հիմնականում տեսական գիտելիքին են ուղղված։
Իսկ քանի որ բոլոր պետական և մասնավոր կրթական համակարգերը, անկախ իրենց իրականացրած ծրագրերից, ենթարկվում են նույն չափորոշիչներին և համապատասխան կրթական աստիճանը ավարտում են նույն ավարտական կամ միասնական քննություններով, հետևաբար ցանկացած կրթական ծրագրի դեպքում էլ այս ամենը չեն կարող անհատականացված ուսուցման համար խոչընդոտ չհանդիսանալ։

Այնուամենայնիվ մեր կրթահամալիրում գործող հեղինակային ծրագրերը, որոնք իրականացվում են նախևառաջ նախագծային ուսուցմամբ, առավելագույն պայմաններն են ստեղծում ուսուցումը անհատականացնելու համար։

Ահա այդպիսի մի ուսումնական գործընթաց էր բանավոր խոսքի զարգացմանն ուղղված մայրենիի մեր այս ,,Անհատական նախագծեր ըատ նախասիորությունների,, շարքը։

Բանավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքները ես, որպես մայրենիի ուսուցիչ, կարևորել եմ իմ ողջ մանկավաժական գործունեության ընթացքում: Որքան էլ որ սովորողի գրագետ խոսքի ձևակերպման ուղղությամբ աշխատում են բոլոր դասավանդողները, դրա զարգացումը համարել եմ նախևառաջ մայրենիի ուսուցչի կարևորագույն խնդիրներից մեկը։ Սովորողը սովորաբար ուսումնական գործընթացում կաշկանդվում, չի կարողանում մտքերն ազատ արտահայտել։ Այդ փաստը նշում են գրեթե բոլոր առարկայական ուսուցիչները։ Ինչպես կազմակերպել ուսուցումը, որ սովորողը ոչ միայն պահպանի իր մայրենիի արտահայտման բնածին կարողությունը, ցանկանա խոսել, արտահայտվել, փորձի ավելի ճշգրիտ, հասկանալի արտահայտել իր միտքը, կարևորի բանավոր խոսքը, ուշադիր լինի իր ընտրած բառի, արտահայտչաձևի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, թե այսօր եթերներից, համացանցի տարբեր հարթակներից երբեմն ինչ աղավաղված խոսք է հնչում։ Նույնիսկ բարձրագույն ամբիոններից հնչած խոսքը երբեմն այնքան ոչ հստակ, կցկտուր է լինում, որ դժվար է հասկացվում ասելիքը։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ տարատարիք սովորող խոսքի ընդհանուր մակարդակի վրա։ Հասկանալի է, որ դա խնդիր է, որն իր լուծումը  պետք է ունենա նաև հանրակրթության մեջ։

Նախագիծը սկսեցինք դեկտեմբերին, և քանի որ 12-13 տարեկանների համար տոնական տրամադրությունները շատ ավելի վաղ են սկսվում, քան Ամանորյան եռուզեռը, այս նախագծերը մեծ ոգևորություն առաջացրին, մի տեսակ տոնականություն հաղորդեցին ուսումնական պարապմունքներին։ Ըստ առաջարկված նախագծի՝ պետք է յուրաքանչյուրը մենակ, ընկերոջ կամ ընկերների հետ ընտրեր, թե ինչ է անելու և ինչպես է ներկայացնելու։

  • Հարցազրույցների, քննարկումների ձայնագրություն-տեսագրություններ:

Այս աշխատանքն ուղղված է մայրենի խոսքի  և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքի  մշակմանը:  Թեմայի ընտրությունը, հարցերի կազմումը, դրանք ներկայացնելը, զրույցի բռնվելը, արագ կողմնորոշվելը, ըստ իրավիճակի՝ նոր հարցերի առաջադրումը կարևոր հմտություններ են, որոնք ձեռք է բերում սովորողը հարցազրույցներ վարելիս:

Ներկայացնեմ նախագծերից մեկը։

  • բանաստեղծությունների, գրական ստեղծագործությունների տեսագրություն-ձայնագրություններ

Թվային տեխնիկայով  կատարվող հաջորդ աշխատանքը բանաստեղծությունների, գրական այլ ստեղծագործությունների ձայնագրություն-տեսագրությունն է: Սա գրականությունը մարդկայնացնելու, սովորողին մոտեցնելու և կարդալու, փնտրելու, ընտրելու ցանկություն առաջացնելու միջոց է: Սովորողները ձայնագրում-տեսագրում են իրենց ընտրած ստեղծագործությունը, ձայնագրվելու-տեսագրվելու համար ջանք են գործադրում՝ լավ կարդալու, ներկայանալի ընթերցանության համար: Սրանով լուծվում են մի քանի խնդիրներ՝ ընթերցել, փնտրել, գտնել այն ստեղծագործությունը, որն ուզում են ներկայացնել, և մի քանի անգամ ընթերցելով, ձայնագրման-տեսագրման պատրաստելով հղկել լավ կարդալու տեխնիկան:

Կարդում եմ Տերյան։ Անրի Սարգսյան

Սովորողներ կան, որոնց դժվար է ոգևորել ամենօրյա ուսումնական աշխատանքով։ Սակայներբ նրանք ունենում են նախասիրություն, որը համարում են իրենց կյանքի գործը, այն ներկայացնելու, հանրայնացնելու համար ճիգ ու ջանք չեն խնայում։
Հենրին և Միքայելը բավականին բծախնդրորեն աշխատեցինք իրենց այս նախագծի վրա։ Նախապատրաստական աշխատանքը բավականին երկար տևեց՝ ինչ են խոսելու, ինչպես են ներկայացնելու իրենց սիրած սպորտաձևը՝ ֆուտբոլը։ Միայն այն, որ տեսանյութը նկարեցին մի քանի անգամ,արդեն խոսում է, թե նրանք որքան են կարևորել իրենց այս նախագիծը։ Վերջնական տարբերակում խոսքի սխալներ, մտքի վրիպումներ իհարկե եղան։ Բայց այն աշխատանքը, որը նրանք կատարեցին այս ողջ ընթացքում, հատկապես Միքայելի համար աննախադեպ էր։ Մեր Միքայելը չի սիրում խոսել։ Գուցե պատճառն այն է, որ դժվարանում է մտքերը հստակ արտահայտել։ Ուսումնական գործընթացում մեկ-երկու նախադասությունից ավել չի ասում։ բայց արի ու տես այս նախագծին սիրով մասնակցեց և բավականին լուրջ մոտեցավ իր ասելիքին։ Վրիպումների համար ներող եղեք, տղաներն ամեն ինչ արել են, որ ներկայանալի տեսանյութ ստացվի։ Դե, ստացվել է այն, ինչ ստացվել է։

Որևէ ստեղծագործության քննարկումը խաղարկային դատարանով ներկայացնելը մեր գրականության ուսումնական պարապմունքներում հաճախակի ենք իրականացնում։
Երևի թե պատահական չէր, որ սովորողների մի խումբ ընտրեց հենց այս դատ-քննարկումը որպես նախագիծ։ Հետաքրքիր էր հետևել սովորողների այս խմբի աշխատանքին։ Որևէ կերպ չեմ միջամտել, ամբողջական իրենց սցենարն է եղել՝ ստեղծագործության ընտրությունից սկասած, դատ-քննարկման դերաբաշխումովու իրականացումով վերջացրած։ Թե ի՜նչ ոգևորությամբ են դա արաել, դժվար է ներկայացնել։
Ահա տեսանյութը․

Մյուս խմբային աշխատանքը, որ սիրով կատարեցին սովորողները,,Անսպասելի հարցեր,, նախագիծն էր։ Նախ՝ գրավոր կազմեցին հարցեր։ Հարցերի կազմման սկզբունքն այն էր, որ դրանք պետք է ուղղված չլինեին տեսական գիտելիքներին։ Ավելի շատ պիտի լինեին, հետաքրքիր, դիմացինի համար անսպասելի հարցեր, որոնց ընկերը պետք է հնարավորին չափ արագ պատասխաներ։ Այս նախագիծը պահանջում էր և՛ ստեղծականություն, և՛ արագ կողմնորոշվելու ունակություն, և՛ մտքի ճկունություն։
Ահա տեսանյութը․

Ծանոթացեք նաև մյուս նախագծերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով