«Շարականների բովանդակությունը շատ հարուստ է. արտահայտում են կրոնական զգացմունք։ Բովանդակուկության գլխավոր մասերն ա. հավատի էական մասը, բ. Քրիստոսի տնօրինությունները, գ. եկեղեցուս խորհուրդները, դ. ս. Գրքից կտորներ, որոնք լուսաբանում են Քրիստոսի տնօրինությանց որևէ գաղափարը, և ե. սրբերը, որոնք նպաստեցին քրիստոնեական ճշմարիտ լուսո տարածման։ Այսպիսի բազմակողմանի բովանդակություն ունեցող բանաստեղծական մի ս. գիրք, անշուշտ պետք է, որ ունենար և բազմապիսի եղանակ, համապատասխան կրոնական զգացմունքին»։ Կոմիտաս Վարդապետ

Մինչև գրերի գյուտը, հայոց եկեղեցիներում երգեցողությունը սաղմոսերգությունն էր։ Ժամանակի ընթացքում սաղմոսերգությանը կից զարգացան շարականի եղանակները։ Մեզ հայտնի չէ, թե սաղմոսերգությունն ինչպիսի եղանակով էր երգվում. հավանաբար ժողովրդական հին եղանակներով։

5-րդ դարում գրերի գյուտը, Սուրբ Գրքի թարգմանությունը հոգևոր երգեր առաջ բերեցին։ Հետզհետե զարգացան եկեղեցական պաշտամունքն ու ժամերգությունը։ Հանդես եկան մի շարք երգիչներ, հորինեցին շարականներ, ճառեր։ Եվ այսպես սաղմոսերգությունը փոխվեց շարականի։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես այլընտրանքային երաժշտական բաղադրիչ, շատ կարևոր են ամեն ուրբաթ իրականացվող Ուսումնական ժամերգությունները։

Ամեն ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչև 9:15-ը տևող ուսումնական ժամերգությունը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։

Ուսումնական ժամերգության համակարգողը կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնն է, կենտրոնի ղեկավարն ուսումնական շրջանի համար նախօրոք ըստ օրացույցի նախապատրաստում է պատասխանատուների ցուցակը, այսինքն՝ ամեն ուրբաթ դպրոցներից մեկը լինում է ժամերգության պատասխանատու։ Ուսումնական ժամերգության մասնակիցները կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն են, դպրոց-պարտեզների, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողները, կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրում գտնվող նախագծային խմբերը, ծնողները, հյուրերը։ Ժամերգությունը կազմակերպվում է Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Պարապմունքի ծրագրի կազմումը, կազմակերպումը, սպասարկումը, վարումը, լուսաբանումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է։ Ժամերգության բոլոր ներկաները մասնակիցներ են, ծրագիրը ներկայացնողները՝ դասարաններ, երգչախմբեր, համույթներ։ Միասնական շարականները բոլորը բերանացի գիտեն, մյուս մասնակիցները ծրագրին հետևում և ելույթին միանում են իրենց անհատական թվային գործիքներով։ Նախքան շարական սովորեցնելը, սովորողներին բացատրում ենք հոգևոր երաժշտության կարևորությունը, որ նրա մեջ կա վեհություն, ցնծություն, ուրախություն։ Այն դրական է, լուսավոր, ուղղորդում է դեպի Աստված, չունի ագրեսիա, վայրագություն։ Մեր եկեղեցական երաժշտությունն ունի հազարամյակների պատմություն, և այնտեղ կոդավորված է մեր ժողովրդական իմաստությունը։ Անկախ մեր գիտակցությունից՝ այն ներգործում է մեզ վրա, սակայն մենք պետք է թույլ տանք, որ այն մտնի մեր գիտակցության մեջ։

Տեքստերը գրաբար են, հետևաբար՝ համագործակցում ենք մայրենիի ուսուցիչների հետ։ Տեքստերի բովանդակությունը մանրամասն յուրացնելուց հետո անցնում ենք երաժշտական մասին։

Երեխաներին սովորեցնում ենք եկեղեցում գտնվելու կարգուկանոնը (ցանկալի է, որ աղջիկները գլխաշոր կրեն, տղաները հանեն գլխարկը, բարձրաձայն չխոսեն, ժամերգության ժամանակ չնստեն, մաստակ չծամեն և այլն)։

Ժամերգության ընթացքում երգվում են միասնական շարականներ, այսինքն՝ երգում են բոլոր ներկաները։ Այդ շարականներն են՝ «Առավոտ լուսո», «Քրիստոս ի մեջ», «Սուրբ Աստված», «Մանուկների Հայր մեր», «Հայրապետական մաղթերգ»։

Բացի մասնական շարականներից՝ պատասխանատու դպրոցը նաև ներկայանում է առանձին երգեցիկ խմբի կատարմամբ, որը հիմնականում երգում է եկեղեցու պատշգամբում՝ երգեհոնային երաժշտության նվագակցությամբ։ Այս խմբերի հետ տարվում է անհատական աշխատանք՝ ձայնավարժություններ, վոկալային հմտությունների ուսուցում, հոգևոր երաժշտության կատարման տեխնիկա։

Ժամերգությունների ժամանակ երբեմն Աստվածաշնչից հատվածներ են ընթերցվում։ Հետազոտական վարժարանի սովորողների երկսեռ երգեցիկ խումբը յուրաքանչյուր ժամերգության ժամանակ երգում է նոր ուսուցանած շարական՝ Կոմիտասի « Հայր մեր»-ը, «Աշակերտք Քրիստոսի»-ն, «Առ ամենասուրբ Աստվածածին»-ը, «Նայեաց սիրով»-ը, « Գովեա Երուսաղեմ»-ը։

Բացի դասարանական երգեցողությունից՝ «Հետազոտական վարժարան» օղակը (10-12-րդ դասարաններ) ունի երկսեռ երգչախումբ, որի կազմում ամեն անգամ նոր սովորողներ են ավելանում․ շատ-շատ սովորողներ ազատվում են այն բարդույթից, որ իրենք լավ ձայն կամ լավ երաժշտական լսողություն չունեն։ Այսպիսի խմբերի հետ, ինչպես արդեն նշեցի, տարվում է անհատական աշխատանք, որը շատ է տարբերվում դասարանական խմբերի հետ տարվող աշխատանքից՝ սկսած ձայնը մշակելուց մինչև կատարողական շատ նուրբ նրբերանգներ։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ հաճախ սովորողներն իրենք են ցանկանում մասնակցել նոր շարականի ուսուցմանը և ներկայացմանը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է «Սեբաստացիներ» վոկալ համույթը, որին մասնակցում են կրթահամալիրի երաժշտության ուսուցիչները։ Սա մի երաժշտական լաբորատորիա է, որտեղ բազմաձայնում և մշակում ենք երգեր, կատարում ու տարածում։ Համույթի ցանկում կարևոր տեղ ունեն նաև հոգևոր երգերը։ Սա նույնպես ունի իր ազդեցությունն ուսումնական ժամերգությունների կազմակերպման գործում։ Նշեմ նաև, որ վոկալ համույթը ևս իր կատարումներով մասնակցում է ուսումնական ժամերգություններին։

2024թ․-ի հունիսի 7- ին կրթահամալիրում իրականացրինք ուսումնական պատարագ։ Դպրոցներից յուրաքանչյուրը կատարեց պատարագից մեկ հատված։ Հետազոտական վարժարանի երգեցիկ խումբը կատարեց Մ. Եկմալյանի պատարագից հատված՝ «Լցաք»-ը։

Հատկանշական էր 2025 թ.-ի մայիսի 16-ին 12- րդ դասարանցիների մասնակցությամբ «Ցտեսություն նախագծով ուսումնական ժամերգություն»-ը։ Սա 12- րդ դասարանների վերջին ուսումնական ժամերգությունն էր, որին մասնակցեցին բոլորը։ Հնչեցին միասնական շարականներ, առանձին երկսեռ երգչախմբով կատարումներ և տաղ, որը կատարեց շրջանավարտներից մեկը։ Այս նախագիծը կլինի շարունակական և տարեցտարի ավելի ու ավելի կզարգանա՝ ընդգրկելով բոլոր սովորողներին։

Ընդհանուր պարապմունքների ժամանակ նույնպես երգում ենք շարականներ։ Ուսումնական ճամփորդությունների ժամանակ երգում ենք բոլոր գործող և խոնարհված եկեղեցիներում , կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարում, ամրապնդում, տարածում ենք հոգևոր երգերը, շարականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով