Ընթերցանությունը՝ որպես սովորողների պատկերավոր և ստեղծական մտածողության միջոց, «Գրականություն» առարկայի կարևորագույն բաղադրիչն է։ Գեղարվեստական գիրքը ոչ միայն օգնում է զարգացնել բառապաշարը, լեզվամտածողությունը, այլ նաև ձևավորել արժեքային համակարգ, հարմարվել սոցիումին, ունենալ քննադատական մտածողություն և բարձրացնել հոգևոր ու բարոյական նորմերի ընկալումը։ Ընթերցանությունը չպետք է լինի միայն ուսումնական պահանջ, այն պետք է դառնա անհատի ամբողջական ձևավորման կարևոր միջոց։
Տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց ժամանակակից սովորողի պահանջները ևս փոխվում են։ Թվում է, թե նվազել է սովորողի՝ գիրք ընթերցելու ցանկությունը, հետաքրքրությունը, սակայն կան թեմաներ, որոնք, անկախ ժամանակից, արդիական են և կարող են գրավել ընթերցողին։ Ինչպես նաև, կարելի է հաշվի առնել դեռահաս սովորողների ինքնարտահայտման ցանկությունը, որն անհատականության ձևավորման շրջանում կարևոր և ցանկալի է հենց իրենց համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ սովորողին կարելի է հնարավորություն տալ և հարթակ տրամադրել, որ հենց ինքը դառնա ընթերցանության նախաձեռնողը։ Կարևորելով սեփական անձը և արժևորելով սեփական խոսքը՝ սովորողը կարող է առաջարկել ընթերցել հենց իր նախասիրությունների և հետաքրքրությունների շրջանակում։ Սա կարող է հատկանշական սկիզբ դառնալ ընթերցանության մեծ ճանապարհի համար։ Ընտրության հնարավորությունը և ազատությունը գրավիչ են ցանկացած սովորողի համար։ Անհրաժեշտ է, որ սովորողը հասկանա՝ ընթերցանությունը ուղղակի ուսումնական պահանջ չէ։ Ընթերցանության կարևորության թեման պետք է քննարկել սովորողների հետ, բացատրել, թե այն ինչ կարող է տալ իրենց , ցույց տալ անձնային զարգացումն ամեն ընթերցանությունից հետո։ Այս ամենը կարելի է անել թե՛ ուղղակի խրախուսման միջոցով, թե՛ անուղղակի՝ օգնելով, որ սովորողն ինքը բացահայտի իր մեջ կատարված փոփոխությունները, վերաիմաստավորի տարբեր երևույթների նկատմամբ սեփական մոտեցումները։
Նշվածից ելնելով՝ մշակել ենք շուրջտարյա ընթերցողական նախագիծ, որին կծանոթացնենք ստորև։






Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբեր ամսից «Գրականություն» առարկայից 8-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք «Ընթերցում ենք սովորողի առաջարկով» նախագիծը։
Նախագծի ընթացքում սովորողներն իրենց ընտրությամբ կամ ծնողների աջակցությամբ առաջարկում են որևէ գրական ստեղծագործություն՝ պատմվածք կամ վիպակ, որը կարդում է ամբողջ դասարանը։ Ընթերցելուն հաջորդում է բանավոր քննարկումը, որը վարում է ստեղծագործությունն առաջարկող սովորողը։
Նախագծի մեջ հեղինակայինը սովորողի առաջարկած գրքի միջոցով դասի կազմակերպումն է հենց սովորողի նախաձեռնությամբ։ Հեղինակայինը նաև այն է, որ սովորողը ազատ է գրական գործ ընտրելու հարցում։ Դասը կառավարում և վարում է սովորողը՝ դառնալով օրվա դասապրոցեսի կազմակերպման հեղինակը։ Դասը դառնում է նաև սովորողի ինքնարտահայտման հարթակ, ընթերցանության դասական քննարկումն էլ լսարանի համար վերածվում է ակտիվ քննարկման և բանավեճի յուրօրինակ ասպարեզի։ Քանի որ դասը վարում է իրենց ընկերը, լսարանն ավելի համարձակորեն է հակադարձում կամ համաձայնվում հնչած մեկնաբանություններին։



Դասի հեղինակը լինելով՝ սովորողը նաև ձեռք է բերում պատասխանատվության զգացում։ Սովորողները գիտեն, որ նախագծի ընթացքում դասավանդողը աջակցում է քննարկում վարող սովորողին, սակայն չի վերահսկում։ Այս քայլերն օգնում են ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է դառնալ դասի հեղինակ։ Նախագծին մասնակցում են բոլոր սովորողները․ հերթականությունը կամայական է, բայց բոլոր սովորողների մասնակցությունը՝ խիստ կարևոր։ Սովորողները, կարևորելով ընկերների արձագանքը, կարևորում են իրենց առաջարկած ստեղծագործության ընտրությունը, ինչից ելնելով էլ՝ ներգրավում են ծնողներին կամ այլ դասավանդողների։
Ընթերցանությամբ և քննարկմամբ չի սահմանափակվում նախագիծը, այն նաև արտացոլվում է սովորողների բլոգներում՝ որպես գրական երկի վերլուծության նախնական փորձ։ Այսպիսով ստեղծվում է ուսումնական նախագծի հետևողական շարք՝ մշակմամբ, արդյունքներով։
Ստորև կարող եք տեսնել ընթացիկ տեսալուսաբանումը՝
Կարող եք ծանոթանալ սովորողների ամփոփումներին՝
«Ես և նա»
Գայանե Աթանեսյան
Լիա Սողոմոնյան
«Գառ-ախպերիկ»
Նիկա Սիրադեղյան
Կառլեն Հովհաննիսյան
Լիա Սողոմոնյան
«Սիրելու տարիք»
Լիա Սողոմոնյան
Կարինա Երիցյան
Վիկտորյա Այվազյան
Գայանե Աթանեսյան
«Սպիտակ ձին»
Լիա Սողոմոնյան
Նիկա Սիրադեղյան
Կառլեն Հովհաննիսյան
Վիկտորյա Այվազյան
Մարկ Ավետիսյան
«Արտիստը»
Լիա Սողոմոնյան
Մարկ Ավետիսյան
Կարինա Երիցյան
Նարեկ Ալեքյան
«Կատուն»
Լիա Սողոմոնյան
Մարկ Ավետիսյան
«Մոգերի ընծաները»
Միքայել Զախարյան
Լիա Սողոմոնյան
Մարկ Ավետիսյան
