«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում բնագիտության ուսուցումը կարևոր դեր ունի սովորողի աշխարհընկալման, մտածողության և բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման գործում։ Համապատասխան կրթահամալիրի կրթական չափորոշիչների՝ բնագիտությունը դիտարկվում է ոչ միայն որպես գիտելիքների փոխանցման առարկա, այլև որպես հետազոտական, փորձարարական և ստեղծագործական գործունեության դաշտ, որտեղ սովորողը հանդես է գալիս որպես ակտիվ ուսումնասիրող։
Բնագիտության ուսուցման գործընթացը կառուցվում է սովորողի բնական հետաքրքրասիրության, անձնական փորձի և շրջակա միջավայրի հետ անմիջական շփման վրա։ Ուսուցումը կազմակերպվում է դիտարկումների, փորձերի, խաղերի, նախագծային և միջառարկայական աշխատանքների միջոցով՝ նպաստելով սովորողի ինքնուրույն մտածելու, հարցեր ձևակերպելու և պատասխաններ որոնելու կարողությունների զարգացմանը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության դասընթացը միտված է սովորողի կարողությունների, արժեքների և հմտությունների համադրական զարգացմանը՝ կարևորելով բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը, առողջ ապրելակերպը և գիտելիքի գործնական կիրառումը առօրյա կյանքում։ Այս մոտեցմամբ բնագիտությունը դառնում է սովորողի ճանաչողական աճի և շրջակա աշխարհի հետ ներդաշնակ փոխհարաբերության ձևավորման կարևոր հիմք։
Կրթահամալիրում բնագիտություն առարկայի շրջանակում իրականացվում են բազմազան նախագծեր, որոնցից այս անգամ կցանկանայի առանձնացնել «Պարտիզապուրակային գործունեություն» նախագիծը, որին մասնակցում է յուրաքանչյուր սովորող։ Նախագծի շրջանակում իրականացրել և իրականացնում ենք տարբեր աշխատանքներ՝ ելնելով եղանակային պայմաններից ու առկա հնարավորություններից։
Բոլոր աշխատանքները կատարվել են մեծ պատասխանատվությամբ և սիրով։ Սակայն ամեն տարի աշնանը, երբ տերևահավաքի արդյունքում մեծ կույտեր էին գոյանում, մեզ անհանգստացնում էր մի կարևոր հարց․ ինչպե՞ս անել, որ այդ տերևները մինչև հաջորդ աշուն վերածվեն հումուսի և օգտակար լինեն մեր այգու համար։ Տեսաֆիլմում երևում է մեր անհանգստությունը, դեռ փնտրտուքի մեջ էինք։
Արդեն մի քանի տարի մեր բակի տերևները հավաքում էինք մեկ տեղում՝ նպատակ ունենալով ստանալ հումուս, սակայն գործընթացը շատ դանդաղ էր, տարածքները՝ սահմանափակ, իսկ արդյունքը՝ անտեսանելի։ Այս իրավիճակը մեզ մղեց որոնողական աշխատանքի։ Համացանցում տարբեր աղբյուրներ ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ անհրաժեշտ է ստեղծել որոշակի պայմաններ՝ տերևների արագ քայքայման համար։
Մեր նպատակը հստակ էր․ աշնանը հավաքած տերևներից մեկ տարվա ընթացքում ստանալ հումուս, որը կօգտագործեինք մեր տարածքի հողի որակը բարելավելու համար։ Ու մենք գտանք լուծումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ էին բակտերիաներ, մուգ գույնի պոլիէթիլենային տոպրակ և ջուր։ Տերևները տեղափոխեցինք հարմար վայր, շերտ առ շերտ ավելացրինք բակտերիաները, առատ ջրեցինք և ծածկեցինք։ Այնուհետև 10 օրը մեկ ջրեցինք, պահպանեցինք անհրաժեշտ պայմանները և համբերատար հետևեցինք գործընթացին։
Այս պատումը, ֆիլմերը և լուսանկարները, որոնք ներկայացնում են մեր աշխատանքի միայն մի փոքր հատվածը (ժամանակի սղության պատճառով դրանց քանակը մեծ չէ), պատմում են երեք տարվա անդադար աշխատանքի մասին։ Սա աշխատանք է, որը նաև սիրո, համագործակցության և ընկերության մասին է։ Ստացված արդյունքը, վստահաբար, այսքան արժեքավոր չէր լինի առանց մեր սովորողների ակտիվ մասնակցության։
Երեք տարի շարունակ այս նախագիծը եղել է մեր ուշադրության կենտրոնում, և այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ այն հաջողված է․ ունենք լավ որակի հումուս, որը ստացվել է ուսումնական գործունեության շարունակականության շնորհիվ։
Այս տեսանյութն էլ այս տարվա ամփոփումն է.
Արդյունքում այսօր ունենք հումուս, որը օգտագործում ենք ծառեր, թփեր և ծաղիկներ տնկելիս։ Մեր ձեռքերով ստացված հումուսը ներկայացրել ենք նաև ցուցահանդես-վաճառքին։ Սա մեզ համար՝ սովորողների մեծ խմբի և ինձ համար, մեծ ձեռքբերում է։
Այս նախագիծը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ուսումնական գործունեությունը կարող է լինել կենսական, շարունակական և իրական արդյունք ստեղծող։ «Պարտիզապուրակային գործունեություն» նախագիծը ոչ միայն ձևավորեց բնապահպանական մտածողություն, այլև սովորողներին սովորեցրեց համբերություն, պատասխանատվություն, թիմային աշխատանք և աշխատանքի արդյունքը գնահատելու կարողություն։ Ստացված հումուսը մեր համատեղ աշխատանքի տեսանելի արդյունքն է, իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ սովորողների մեջ ձևավորված վերաբերմունքը բնության և շրջակա միջավայրի հանդեպ։
