Վերադառնալով ֆիզարձակուրդից՝ 2025 թվականի սեպտեմբերից ստանձնեցի 5 տարեկանների դաստիարակի պատասխանատվությունը։ Քանի որ այս տարիքային խմբի հետ աշխատելու փորձ չունեի, աշխատանքի անցնելուց առաջ մեծ ուշադրություն դարձրի նախապատրաստական փուլին․ ուսումնասիրեցի գործող կրթական ծրագիրը, գործընկերներիս անհատական բլոգները, ինչպես նաև նախակրթարանի «2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագրի» բլոգը։ Այդ ամենը ոչ միայն օգնեց պատկերացում կազմել տարիքային առանձնահատկությունների և կրթական առաջնահերթությունների մասին, այլև ավելի վստահ և գիտակցված մուտք գործել նոր աշխատանքային փուլ։

Խմբի հետ շատ սահուն և բնական հարմարվեցի․ երեխաների հետ արագ ձևավորվեցին վստահելի և ջերմ հարաբերություններ, ինչը դարձավ հետագա աշխատանքի ամուր հիմք։ Այդ փուլին անմիջապես հաջորդեցին հետաքրքիր և բազմաբովանդակ նախագծերը, որոնց երեխաներն ակտիվ մասնակցեցին, և ձևավորվեց ստեղծագործական միջավայր։

Քանի որ իմ մանկավարժական մոտեցման առանցքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում համագործակցային նախագծերը, սկզբից իսկ որոշեցի ուսումնական տարին հագեցնել բազմազան և իմաստային համագործակցությամբ՝ ներգրավելով ոչ միայն երեխաներին, այլև գործընկերներին, ծնողներին և տարբեր կրթական միջավայրեր։ Այս ընտրությունը պայմանավորված էր համոզմամբ, որ համատեղ գործունեության միջոցով է հնարավոր ստեղծել լիարժեք, փորձառական և երեխայակենտրոն կրթական գործընթաց։

Այս տարիքի սաների համար միջտարիքային շփումը կարևոր է սոցիալականացման, հաղորդակցական հմտությունների և վստահության ձևավորման համար։ Այդ նպատակով համագործակցեցինք երկրորդ դասարանի սովորողների հետ՝ թվային գրագիտության զարգացման շուրջ։

Երկրորդ դասարանի սովորողներն աջակցեցին 5 տարեկաններին Paint ծրագրի յուրացման գործընթացում՝ հանդես գալով որպես խորհրդատու և օգնող գործընկերներ։ Նրանք համբերատար ներկայացնում էին ծրագրի գործիքները, օգնում պատկերներ ստեղծել, գունավորել և ավարտին հասցնել աշխատանքները։

Այս միջտարիքային համագործակցությունը նպաստեց միաժամանակ երկու խմբերի զարգացմանը․ փոքրերը ձեռք բերեցին թվային հմտություններ և ինքնավստահություն, իսկ մեծերը դարձան ավելի պատասխանատու, աջակցող և համագործակցող։ Արդյունքում ձևավորվեցին վստահելի և դրական հարաբերություններ, որոնք հիմնված էին հավասար գործընկերության և փոխադարձ հարգանքի վրա։

Հինգ տարեկանների ծրագրով սովորողների ծնողների ներգրավվածությունը կրթական գործընթացին շատ կարևոր է։ Ընտանիք–խումբ համագործակցությունը նպաստում է երեխայի ամբողջական զարգացմանը և կրթական միջավայրի բաց ու վստահելի դառնալուն։

Համագործակցության շրջանակում Տիրայրի մայրիկը սաներին ներկայացրեց հայկական ազգային խաղերը։ Խաղի և շարժման միջոցով երեխաները ծանոթացան ազգային մշակութային ժառանգությանը, սովորեցին համագործակցել, պահպանել կանոններ և զգալ թիմային աշխատանքի արժեքը։ Ազգային խաղերը նպաստեցին նաև երեխաների ֆիզիկական ակտիվության և սոցիալական հմտությունների զարգացմանը։

Արինայի հայրիկի հետ հանդիպման ընթացքում երեխաները ծանոթացան բալետին՝ որպես արվեստի յուրահատուկ ձևի։ Նրանք երաժշտություն լսեցին, դիտեցին շարժումներ և փորձեցին շարժման միջոցով ինքնուրույն արտահայտվել։ Այս գործունեությունը նպաստեց գեղագիտական ճաշակի ձևավորմանը, զգացմունքների արտահայտմանը և արվեստի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը։

Բնապահպանական դաստիարակությունը այս տարիքում կարևոր է, քանի որ հենց այս փուլում են ձևավորվում բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի հիմքերը։ Ջերմոց-լաբորատորիայի հետ համագործակցության ընթացքում երեխաները մասնակցեցին սերմահավաքի և սերմնացանի աշխատանքներին։

Ջերմոց այցելությունների միջոցով սաները ծանոթացան բույսերի աճի փուլերին, խնամքի անհրաժեշտությանը և պատասխանատվության կարևորությանը։ Նախատեսվում է ստեղծել բույսերի անկյուն, որը կծառայի որպես շարունակական դիտարկման, խնամքի և փորձառական ուսումնառության միջավայր։

Այս համագործակցությունը նպաստեց, որ երեխաներն առավել հետաքրքրասեր ու պատասխանատու դառնան և կապվեն բնության հետ։

Ստեղծագործական գործունեության շրջանակում համագործակցեցինք Ալիսայի հետ․ երեխաները կավով աշխատեցին։ Կավագործությունը հնարավորություն տվեց երեխաներին շփվելու բնական նյութի հետ, փորձարկելու, ձևավորելու և արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները։

Աշխատանքը նպաստեց մանր մոտորիկայի զարգացմանը, երևակայության խթանմանը, ինքնարտահայտման և ստեղծագործական մտածողության ձևավորմանը։ Երեխաները հնարավորություն ունեցան ստեղծելու անհատական աշխատանքներ և զգալու ստեղծագործական հաջողության փորձը։

Դպրոց-պարտեզում կազմակերպված բաց ստուգատեսները դարձան համագործակցության արդյունավետ հարթակ։ Դրանց ընթացքում ծնողները հանդես եկան ոչ միայն որպես դիտորդ, այլ նաև որպես ակտիվ մասնակից՝ ներառվելով համատեղ գործունեությանը։

Բաց ստուգատեսները հնարավորություն տվեցին երեխաներին ներկայացնելու իրենց աշխատանքները, արտահայտելու իրենց փորձառությունները և զգալու սեփական աշխատանքի կարևորությունը։ Ծնողների ակտիվ մասնակցությունը նպաստեց կրթական գործընթացի թափանցիկությանը և փոխադարձ վստահության ձևավորմանը։

Ուսումնական ագարակի հետ համագործակցության արդյունքում իրականացվեցին Լավաշթխիկ և գաթաթխիկի ծեսերը։ Երեխաները ծանոթացան հայկական ազգային խոհանոցին, ավանդույթներին և ծեսերին՝ մասնակցելով պատրաստման ամբողջական գործընթացին։

Բացի այդ, մասնակցեցինք ձիավարության․ սաները շփվեցին կենդանիների հետ, կերակրեցին նրանց և ձիավարեցին։ Այս փորձը նպաստեց երեխաների հուզական զարգացմանը, պատասխանատվության և բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։

Դպրոց-պարտեզում իրականացվող նախագծային գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն խմբային, այլև անհատական մոտեցմամբ։ Այդ նպատակով կրթական գործընթացում կարևոր տեղ է զբաղեցրել համագործակցությունը հոգեբանի և լոգոպեդի հետ, որը շարունակական, գործնական և ինտեգրված աշխատանք է։

Հոգեբանի հետ համագործակցությունը նպատակ ուներ աջակցելու երեխաների սոցիալ–հուզական զարգացմանը, խմբում փոխհարաբերությունների ձևավորմանը և ինքնարտահայտմանը։

Հոգեբանի ներկայությունը հատկապես արդյունավետ էր նախագծային գործունեության ընթացքում, երբ երեխաները աշխատում էին խմբերով, և կարևորվում էին համագործակցությունը, հերթապահությունը ու փոխադարձ հարգանքը։

Հինգ տարեկանների զարգացման խմբում իրականացրած նախագծային գործունեության փորձը ցույց տվեց, որ բազմաշերտ համագործակցությունը՝ միջտարիքային, ընտանիք–նախակրթարան և տարբեր կրթական միջավայրերի միջև, ունի էական ազդեցություն երեխայի համակողմանի զարգացման վրա։ Համագործակցային նախագծերը նպաստում են փորձառական ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը, կրթական միջավայրի հարստացմանը և բաց, վստահելի ու ստեղծագործական ուսումնական համայնքի ձևավորմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով