Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին մենք՝ մանկավարժներս, վերլուծում և ամփոփում ենք մեր իրականացրած նախագծերը։ Այս տարվա իմ ամենասիրելի և հաջողված նախագծերից մեկն էր ««Ընթերցանության անկյուն․ գրադարակների ստեղծում» շուրջտարյա նախագիծը, որը միասնական է 2-5 տարեկանների համար, մանրամասն մշակումը հասանելի է կրթահամալիրի լաբորատորիայի բլոգում։
Նախագիծը մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա մարտ ամսին նախորդ տարվա 5 տարեկանների խմբի հետ, ապա 2025-2026 ուստարում ստացել է նոր թափ ու զարգացում իմ նոր 5 տարեկանների հետ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների լաբորատորիան և Սեբաստացի հիմնադրամը նվեր-գրքեր էին պատրաստել սաների համար: Նախագծի հիմնական նպատակն է եղել բոլոր խմբերում ստեղծել սաներին հասանելի գրադարակներ՝ ապահովելով միասնական մոտեցում, որտեղ ծնողները, սաները և դաստիարակները միասին կկարողանան ընթերցել և զբաղվել ինքնակրթությամբ։
Գրադարակները պատրաստվեցին կրթահամալիրի փայտամշակման լաբորատորիայում: Կտորե հատվածները կարվեցին կարի արհեստանոցում՝ ուսանողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Այսպիսով՝ գրադարակը դարձավ ոչ թե պարզապես գնված կահույք, այլ կրթահամալիրի տարբեր օղակների ստեղծագործական աշխատանքի արդյունք։
Լաբորատորիան և հիմնադրամը սաների համար պատրաստել էին հատուկ նվեր-գրքեր։ Կարևոր է նշել, որ ընթերցվող գրականության ցանկը պատահական չէր ընտրված. այն մշակվել էր Լաբորատորիայի և Հիմնադրամի ղեկավարների, մայրենիի լաբորատորիայի և այլ մասնագետների կողմից՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները։
Բացի այդ՝ նախագծին մեծապես աջակցեցին ծնողները, ովքեր իրենց հերթին նվեր-գրքեր բերեցին՝ թարմացնելով ու համալրելով խմբասենյակի գրադարակները։
Սաների ոգևորությունը մեծ էր, երբ իմացան, որ գնում են գրքեր ստանալու: Արևելյան դպրոցից քայլքով ուղղվեցինք դեպի «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Ուրախ տրամադրությամբ վերադառնալով խմբասենյակ՝ սաներն իրենք դասավորեցին գրքերը նորաստեղծ գրադարակներում։
Գրադարակների ստեղծումից հետո ընթերցանությունը դարձավ մեր խմբի առավոտյան ամենասպասված ծիսակարգը։ Սա պարզապես տեքստի ընթերցում չէ, այլ ստեղծագործական բազմաշերտ գործընթաց, որն իրականացվում է հետևյալ քայլերով․
Այդ օրվանից օրը, առավոտյան պարապմունքը սկսում ենք ընթերցանությամբ։ Շաբաթվա սկզբին սաների հետ միասին ընտրում ենք գիրքը, որը դառնում է՝
- Այդ շաբաթվա ընթերցանության ուղեկիցը՝ հուշելով նոր մտքեր ու խաղեր
- Միասին զրուցում-քննարկում ենք ստեղծագործությունը
- Սաները փորձում են գրքերում բառեր կարդալ, փորձում են ճանաչել տառերը, մասնակցել ընթերցանությանը
- Ինչ-որ պահի ընդհատում են` գուշակելով ինչ կլինի, կարող էր լինել հետո
- Ուշադրությամբ ու կլանված լսում են հեքիաթը
- Ազատ արտահայտում են իրենց մտքերը․․․
Այնուհետև նրանց առաջարկում եմ պատմել նույն հեքիաթը՝ փորձելով արտահայտել իրենց հույզերը։ Քանի որ հեքիաթը պատմելիս ես փոխում եմ դեմքիս արտահայտությունը, ձայնի ինտոնացիան, շարժումները և ժեստերը։ Նրանք ուրախ հերոսի դեպքում ինձ պես ժպտում են, տխուր պահին տխուր դեմք են անում, վախենալու պահին՝ վախի արտահայտություն։ Այսպես սանն ավելի խորն է հասկանում հերոսի զգացումները, պատումը դառնում է կենդանի և հիշվող, սովորում է կապել խոսքը հույզերի հետ։ Զարգանում է նաևի սանի ինքնավստահությունը, նա փորձում է բեմադրել, խաղում է ռոդարիական հնարքներով․ ինչ եղավ, վեր հանում հիմնական միտքը, ինչպես օրինակ 5 տարեկան հետաքրքրասեր Էլինան, ընտրելով գրադարակից գիրք, սաների համար պատմեց գրքի մասին և հարցեր տալով ստացավ իրեն հուզող պատասխանները։
Մանկավարժական փորձը ցույց տվեց մի հետաքրքիր օրինաչափություն․ սաները հաճախ ձգտում են հեքիաթը վերարտադրել նույնությամբ՝ պահպանելով այն բառապաշարն ու հույզերը, որոնք լսել են առաջին անգամ։ Սա պարզապես կրկնություն չէ, այլ ստեղծագործության լիարժեք յուրացում և վերապրում։
Այս մոտեցումը հիմնված է մի քանի առանցքային սկզբունքների վրա․
Պատմությունների ընթերցմանը հաճախ հաջորդում են՝
- Պլաստիլինով ստեղծագործական աշխատանք,
- Տեխնոլոգիական աշխատանք, որի օգնությամբ հեշտ են յուրացվում, հիշվում ստեղծագործությունները։
Ահա այդպիսի աշխատանք էր «Փիսոն գնում է գրադարան» ստեղծագործությունը։ Բերանացի պատմելուց հետո սաները պլաստիլիով ծեփեցին ստեղծագործության հերոսին՝ կատվին, և գրեցին «կատու» բառը։
Հեքիաթից սովորած բառի ծեփը ավելացվեց «Բառերի պատ»-ի վրա։ Հեքիաթի ընթերցմանը հաջորդում է նաև տեսանյութերի, մուլտֆիլմերի դիտումը։
Ըստ միասնական նախագծի՝ միջավայրը հատուկ կահավորված և հարմարեցված պետք է լինի սաների համար՝ գունավոր և զվարճալի ձևավորմամբ փափուկ բարձեր, խաղային գորգեր՝ նստելու և խաղալու համար, ցածր դարակներ։
Նախագծի հետագա զարգացմանը նպաստում է ընթերցասերների լսած հեքիաթը իրենցից փոքր ընկերներին պատմելու , ընտանիքի անդամների համար պատմելու ցանկությունը։ Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակում 5 տարեկան սանը լինում է փոխանցող: 2-4 տարեկանների համար պատմեցին Ղ. Աղայանի «Արևի հրամանը» հեքիաթը, ընթացքում երգեցին «Կաքավիկ» և «Արև, արև» երգերը, պատմեցին արևի մասին:
Նախագծի հետագա զարգացմանը մասնակից է նաև ընտանեկան դպրոցը։ Վերջինս իր ներդրումն ունեցավ գրադարակի ստեղծմանը։
Գրքի տոնին սաները միմյանց նվիրել էին գրքեր: Այդ գրքերը տանն ընթերցելուց հետո, բերեցին դպրոց, գրադարակը թարմացրին և համալրեցին նոր գրքերով, որը շարունակական բնույթ է կրում։
«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում սաներին հյուր էր եկել 5 տարեկան Սյունեի հայրիկը՝ Սմբատ Պետրոսյանը:
Սաների ընտրությամբ նա ընթերցեց Հ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը, պատմեց հեղինակի մասին։
Մեծ գրադարաններ տեսնելու ցանկությամբ 5-6 տարեկան սաների հետ այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» և «Խնկո Ապոր անվան ազգային մանկական» գրադարաններ։
Այս անգամ ծանոթացանք գրադարանի մանկական գրականությանը, թե ինչպես պետք է օգտվել գրադարանից։ Իմ փորձը ցույց տվեց, որ գրադարակներ ունենալու անկյունը կարևոր է և արդյունավետ։
Նախագծի արդյունքում ստեղծված նյութերը՝
- Ընթերցանության անկյուն։ Գրադարակների ստեղծում
- Լիլիթ Ալթունյան «Կապույտ աղվեսը»
- Հարթակում ծնողն է․ հեքիաթասաց հայրիկը
- Ջաննի Ռոդարի «Անտեսանելի Տոնինոն»
- Ջաննի Ռոդարի «Թարս հարցեր»
- Ղազարոս Աղայան «Երկու այծ»
- Ջաննի Ռոդարի «Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել»
- Աննա Իսաբեկյան «Փիսոն մանկապարտեզում»
- Ղազարոս Աղայան «Մեղուն և հավը»
- Աննա Իսաբեկյան «Փիսոն գնում է գրադարան»
- Մոլորակներ
- Ղազարոս Աղայան «Ծառերի գանգատը»
- Ջանի Ռոդարի «Երիտասարդ խեցգետինը»
- Հ․ Գրիգորյան «Քո առաջին բառերը»
- Հ․ Թումանյան «Պոչատ աղվեսը»
- Ջ․ Ռոդարի «Կոնֆետի անձրևը»
- Հետաքրքրասեր Էլինան
- «Փիսոն մանկապարտեզում». ընթերցանության անկյուն
- «Երեք խոզուկները»
- Հ․ Թումանյան «Ճամփորդները»
