«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական միջավայրը կառուցվում է ստեղծագործականության, ազատ մտածողության և սովորողի անհատականության զարգացման շուրջ։ Այդ միջավայրում կարևոր տեղ ունեն այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ոչ միայն ստանալու գիտելիք, այլև ստեղծելու, արտահայտվելու, կիսվելու և համագործակցելու։ Այսպես ձևավորվել է երրորդ դասարանի դասարանական ռադիոն՝ «Ծիածան»-ը, որը դարձել է դասարանի կյանքի կարևոր բաղադրիչներից մեկը։
Դասարանական ռադիոն ստեղծվել է որպես կենդանի, շարժուն և զարգացող հարթակ, որտեղ սովորողները հանդես են գալիս որպես հաղորդավարներ, նյութերի հեղինակներ, հարցազրուցավարներ և հետազոտողներ։ Ռադիոն ոչ միայն տեղեկատվություն փոխանցելու միջոց է, այլև ուսումնական, դաստիարակչական և հաղորդակցական կարևոր գործիք։
Ինչո՞ւ «Ծիածան»
Ռադիոյի անվան ընտրությունը, գաղափարախոսությունը և լոգոտիպը սովորողներն են որոշել՝ համատեղ քննարկումների, առաջարկությունների և քվեարկության միջոցով։ Անվան ընտրությունը պատահական չէ։ Ծիածանը բնության ամենագեղեցիկ երևույթներից է, որը միավորում է տարբեր գույներ՝ ստեղծելով ամբողջական և ներդաշնակ պատկեր։ Այդպես էլ մեր դասարանն է՝ կազմված տարբեր բնավորություններով, հետաքրքրություններով, կարողություններով ու մտածողություններով սովորողներից։ Յուրաքանչյուր երեխա իր գույնն ունի, իր առանձնահատկությունը, և միասին կազմում են մի ամբողջություն։
«Ծիածան» անունը փոխանցում է ներառականության, բազմազանության և փոխադարձ հարգանքի գաղափարը։ Ռադիոն մի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր սովորողի ձայնը կարևոր է, և յուրաքանչյուր կարծիք կարող է հնչել։ Սա հատկապես կարևոր է տարրական դասարաններում, երբ ձևավորվում են ինքնարտահայտման և ինքնավստահության հիմքերը։ Այն սովորողներին փոխանցում է կարևոր մի գաղափար՝ տարբեր լինելը ոչ թե խոչընդոտ է, այլ առավելություն։ Ռադիոն հենց այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է գտնել իր տեղը, իր ձայնը և իր գույնը։
Մեր ռադիոյի համար ստեղծել ենք կարգախոս՝ «Ծիածան՝ երբ բոլոր գույները մեկ տեղում են», փորձել ենք ընդգծել ներառական կրթության, համագործակցության և փոխադարձ հարգանքի կարևորությունը։
Լոգոտիպի ստեղծման համար օգտագործել ենք Paint համակարգչային ծրագիրը։ Սովորողներն ինքնուրույն ընտրել են գույները, ձևերը և պատկերները՝ փորձելով նկարի միջոցով փոխանցել ռադիոյի գաղափարախոսությունը։ Այս փուլը նպաստել է թվային գրագիտության, ստեղծագործական մտածողության և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը։
Ռադիոյի կազմակերպումը և թողարկումները
«Ծիածան» ռադիոն թողարկվում է յուրաքանչյուր շաբաթ՝ պահպանելով պարբերականությունը և շարունակականությունը։ Յուրաքանչյուր թողարկում նախապես պլանավորվում է՝ թեմայի ընտրությունից մինչև հաղորդման կառուցվածքը։ Թեմաները հիմնականում տեղեկատվական են և ընտրվում են այնպես, որ համապատասխանեն սովորողների տարիքային առանձնահատկություններին և ուսումնական ծրագրին։
Ռադիոյի պատրաստման ընթացքում երեխաները սովորում են՝
- հավաքել և մշակել տեղեկատվություն
- տարբերակել հիմնականն ու երկրորդականը
- կառուցել տրամաբանական և հասկանալի խոսք
- պահպանել խոսքի մշակույթը
Այս գործընթացը նպաստում է լեզվական մտածողության զարգացմանը և խոսքային հմտությունների ամրապնդմանը։ Ռադիոն նաև խթանում է համագործակցային աշխատանքը։ Սովորողները սովորում են թիմում աշխատել, լսել միմյանց կարծիքները, կիսել պարտականությունները և միասին հասնել արդյունքի։ Յուրաքանչյուր թողարկում փոքրիկ նախագիծ է, որի հաջողությունը կախված է բոլորի մասնակցությունից։
Տեղեկատվական թեմաների դերը
Ռադիոյի թեմաների տեղեկատվական լինելը նպատակ ունի զարգացնելու սովորողների աշխարհընկալումը և հետաքրքրասիրությունը։ Երեխաները սովորում են տարբեր աղբյուրներից որոնել տեղեկատվություն, ընտրել կարևորն ու հետաքրքիրն ու այն հասկանալի և գրավիչ ներկայացնել։
Տեղեկատվական հաղորդումները օգնում են սովորողներին կապ հաստատել դասարանական և իրական կյանքի միջև, օրինակ՝ բնության մասին հաղորդումները լրացնում են բնագիտության դասերը, տոների մասին պատմությունները՝ մշակութային կրթությունը, իսկ գրքերի մասին խոսքը խթանում է ընթերցանությունը։
Այսպիսով, ռադիոն դառնում է ուսուցման շարունակություն՝ այլ ձևաչափով, որը երեխաների համար ավելի կենդանի, հետաքրքիր և սրտամոտ է։
Վերլուծական փուլ
Յուրաքանչյուր հաղորդում սկսվում է թեմայի ընտրությամբ։ Սովորողները քննարկում են, թե ինչն է հետաքրքիր, օգտակար և համապատասխան դասարանի ու դպրոցի կյանքին։ Քննարկման ընթացքում նրանք սովորում են ձևակերպել հիմնավոր կարծիքներ, լսել միմյանց տեսակետները և ընտրել առավել նպատակահարմար թեման։
Այնուհետև բովանդակությունն են կազմում․ սովորողները հավաքում են տեղեկատվություն, առանձնացնում հիմնական գաղափարները։ Թեմաներն ընտրում ենք՝ ելնելով շրջակա միջավայրից, նյութերը կապում ենք «Ես և շրջակա աշխարհը» առարկայի հետ։
Հաջորդ քայլը տեքստի կազմումն է։ Սովորողները ձևակերպում են խոսքը՝ հաշվի առնելով լսարանի տարիքային առանձնահատկությունները, խոսքի հստակությունը և հաղորդման նպատակը։ Տեքստը խմբագրվում է համատեղ․ ուշադրություն ենք դարձնում լեզվական ճիշտ ձևակերպումներին և խոսքի մշակույթին։
Նաև փորձնական ձայնագրում ենք․ սովորողները լսում են իրենց ձայնը, փորձում են ուղղել և հաջորդ անգամ առավել ճիշտ խոսել։
«Ծիածան»-ի կրթական և դաստիարակչական արժեքը
Դասարանական ռադիոն կարևոր դեր ունի սովորողների ինքնավստահության ձևավորման գործում։ Բարձրախոսի առաջ խոսելը, սեփական ձայնը լսելը, լսարան ունենալը մեծ փորձ է հատկապես երրորդ դասարանի սովորողների համար։ Նրանք հաղթահարում են ամաչկոտությունը, սովորում են արտահայտվել և հավատալ իրենց հնարավորություններին։
Ռադիոն նաև նպաստում է պատասխանատվության զարգացմանը։ Սովորողները գիտակցում են, որ իրենց պատրաստած նյութը լսելու են ուրիշները, ուստի պետք է ուշադիր, ճշգրիտ և լուրջ լինել։
Բացի այդ, «Ծիածան»-ը ստեղծում է ջերմ, միասնական միջավայր։ Ռադիոն դասարանը միավորում է ընդհանուր նպատակի շուրջ, ամրացնում փոխհարաբերությունները և սիրուն հիշողությունների հարթակ է դառնում։
Եզրակացություն
«Ծիածան» դասարանական ռադիոն պարզապես հաղորդումների շարք չէ։ Այն կրթական միջավայր է, որտեղ սովորողները սովորում են խոսել, լսել, մտածել, ստեղծել և համագործակցել։ Այն հարթակ է, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է դառնալ լսելի և կարևոր։
Ինչպես ծիածանը, այնպես էլ մեր ռադիոն միավորում է տարբեր գույներ ու ձայներ՝ ստեղծելով միասնական գեղեցիկ և կենդանի ամբողջություն։ Եվ ամեն շաբաթ, հերթական թողարկմամբ, «Ծիածան»-ը նորից ու նորից հիշեցնում է՝ կրթությունը կարող է լինել ստեղծագործ, ուրախ և բազմագույն։
