«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի հիմքում նախագծային ուսուցումն է, որտեղ սովորողը ոչ թե պարզապես կատարող է, այլ հետազոտող, ստեղծագործող և իր աշխատանքը հանրայնացնող։

Ըստ 4-6-րդ դասարանների ուսումնական պլանի՝ «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով:

Տեխնոլոգիան կրթահամալիրում միայն առարկա չէ, այն կենսակերպ է և միջավայր։ 4-րդ դասարանից սկսած սովորողը մուտք է գործում մի փուլ, որտեղ գաղափարը դառնում է նյութական արժեք։ Կարուձևի լաբորատորիան այն տեղն է, որտեղ միախառնվում են ավանդական արհեստն ու ժամանակակից դիզայնը։

Տեխնոլոգիական այս բաղադրիչը սովորողների համար շուրջտարյա է, և այն լավ հնարավորություն է ողջ տարվա ընթացքում ստեղծագործելու, ցուցադրելու և զարգանալու։ Հունվարյան ճամբարի ժամանակ ևս կաշխատենք կարուձևի խմբակներով։ Կստեղծենք ոչ միայն կարված զարդեր ու մազակալներ, այլև կսովորենք հելունագործություն։ Հելունով աշխատանքը ճամբարականը կսովորի զրոյից, ըստ նախագծի կաշխատի և կգործի մազակալներ, էջանիշներ, հեռախոսի պատյաններ։

Ճամբարի նախագիծը տե՛ս այստեղ:

Ի տարբերություն այլ դպրոցների՝ մեր ստեղծագործական լաբորատորիայում սովորողը չի սկսում «կարի տեսակներ» թեման սերտելուց։ Աշխատանքը սկսվում է նախագծից։ Օրինակ՝ «Իմ ուսումնական էկո պայուսակը» կամ «Տոնական բարձեր»։

 Ի՞նչ է սա տալիս սովորողին՝ նպատակաուղղվածություն։ Երբ սովորողը գիտի, որ իր կարած դեկորատիվ բարձերը ցուցադրվելու են «Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում կազմակերպված ցուցահանդես-հանգանակության ժամանակ, գիտի, որ իր մասնակցությունն է ունենալու կրթական միջավայրի բարելավմանը, կամ պատրաստում է պայուսակ, որը ծառայելու է իրեն ճամփորդության ժամանակ, նրա պատասխանատվությունը տեխնոլոգիական ստեղծագործության հանդեպ բազմապատկվում է, առաջանում է ոգևորություն և հետաքրքրություն։

Տեխնոլոգիական փուլերը՝ մտքից մինչև բլոգային հրապարակում

1. Հետազոտություն և էսքիզավորում

Յուրաքանչյուր սեբաստացի սովորող նախագծի սկզբում կատարում է մեդիահետազոտություն՝ փնտրում է ձևեր, գույներ և պատմություն։

Ինչպե՞ս է արվում։ Սովորողը նկարում է էսքիզը թղթի վրա կամ թվային գործիքներով (Paint կամ այլ նկարչական ծրագիր)։ Սա զարգացնում է գեղագիտական ճաշակը և մեդիահմտությունները։

2. Նյութագիտություն և էկո գիտակցություն

Կրթահամալիրում կարևորվում է նյութերի երկրորդային օգտագործումը. հին իրերին շունչ տալով՝ ստանում ենք նորը։ Սովորողները վերափոխում են հին ջինսերը կամ բնական կտորների մնացորդները։ Հենց սրա արդյունքում է, որ սովորողը դառնում է բնության պահպանող, հասկանում է կտորի կառուցվածքը՝ հենքաթելն ու միջնաթելը՝ սեփական ձեռքերով կտորը շոշափելով ու կտրելով։

3. Կառուցում և ձևում. գործնական մաթեմատիկա

Այստեղ տեխնոլոգիան հանդիպում է մաթեմատիկային։ 4-6-րդ դասարանցին սովորում է չափումներ անել, հասկանալ մասշտաբը և համաչափությունը։ Ձևանների ( шаблон ) պատրաստումը, կտորի վրա դետալների ճիշտ տեղադրումը, հաշվարկներն ու չափումները զարգացնում են տարածական մտածողությունը։

4. Հմտությունների զարգացում. ասեղից մինչև կարի մեքենա

Սովորողը տիրապետում է հետևյալ տեխնոլոգիական հնարներին՝

• Ձեռքի կարատեսակներ՝ բլանդակար, հետադարձ կար, օղակակար։ Սա մանր մոտորիկայի և համբերության լավագույն մարզանքն է սովորողների համար։

• Կարի մեքենայի յուրացում։ Ուսումնական կարի մեքենաների հետ աշխատանքը սկսվում է անվտանգության կանոնների յուրացումից։ Սովորողը սովորում է կառավարել արագությունը և կարի երկարությունը։

• Վերջնամշակում։ Տեխնոլոգիական գործընթացի կարևոր մաս, որը սովորեցնում է կոկիկություն։ Աշխատանքն ավարտելուց հետո դասավորում և փաթեթավորում ենք մեր ստեղծած իրը։

Ի՞նչ է տալիս այս գործունեությունը սովորողին՝

• Ինքնավստահություն. «Ես ինքս կարող եմ ստեղծել» գիտակցումը սովորողին դարձնում է ավելի անկախ։

• Թվային գրագիտություն. Սեբաստացի սովորողն իր աշխատանքի ընթացքը լուսանկարում է, տեսագրում և պատմում այդ մասին իր ուսումնական բլոգում։ Սա ոչ միայն կարուձև է, այլև սեփական աշխատանքի ներկայացման մշակույթ։

• Աշխատանքային կուլտուրա. Սովորողը սովորում է կազմակերպել իր աշխատանքային սեղանը, խնայողաբար օգտագործել թելն ու կտորը, հարգել դիմացինի աշխատանքը։

• Թիմային աշխատանք. Հաճախ նախագծերը լինում են խմբային, որտեղ մեկը ձևում է, մյուսը՝ կարում, երրորդը՝ ձևավորում։

Սովորողների շուրջտարյա աշխատանքների ամփոփում

Գրապահոցներ

4-6-րդ դասարանների սովորողները՝ որպես ավագ ընկերներ, պարտեզիկների համար կարել են գրապահոցներ։ Այս նախագիծը ողջ կրթահամալիրի պարտեզիկների համար էր, և աշխատանքը կազմակերպվել էր ըստ օղակների։ Սովորողները մեծ ոգևորությամբ կարեցին, ամրացրեցին փայտե տակդիրների վրա և դասավորեցին գրքերը։

Աշխատանքային գոգնոցներ

Սեբաստացի սովորողները բակային աշխատանքներ ունենում են գրեթե ամեն օր։ Բացի բույսերի խնամքից, իրականացվում են նաև տարածքի բարելավման աշխատանքներ։ Սովորողների հետ քննարկեցինք և հասկացանք, որ մեզ պետք են գոգնոցներ, ու անցանք գործի։ Ըստ փուլերի աշխատեցինք և արդյունքում ունեցանք աշխատանքային գոգնոցներ։

Թաշկինակներ

Կրթահամալիրը, որպես ազգայինն ու ծիսականը պահպանող և տարածող, առաջինն է։ Իսկ ի՞նչ ազգային պարերգ ու ծես առանց գունավոր թաշկինակների։ Հարավային դպրոցը պատասխանատու էր ուրբաթ-համերգի համար։ Պարերգերն էլ ավելի գեղեցիկ և լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ էին թաշկինակներ։ Սովորողների հետ կարեցինք պարային թաշկինակներ։

Տոնական բարձեր

Տոնական բարձերի պատրաստումը սկսել էինք ապրիլյան զատկական ծեսից առաջ։ Միասին կարեցինք բարձերը, նախապես արված էսքիզների օգնությամբ նկարազարդեցինք ու փաթեթավորեցինք։ Պիտակավորելուց հետո բարձերը պատրաստ էին զատկական ցուցահանդես-հանգանակությանը։ Քանի որ բարձերի մեծ պահանջարկ եղավ, սովորողների հետ որոշեցինք ուսումնական առաջին շրջանում՝ «Սեբաստացու օրեր» տոնի ընթացքում, ցուցահանդես-հանգանակությանը ևս ներկայացնել մեր ստեղծած բարձերը՝ այս անգամ ամանորյա նկարազարդումներով։

Էկո պայուսակներ

Սովորողների հետ էկո պայուսակները մոդելավորելիս կարևորում ենք չափսերը։ Նպատակն է այնպես անել, որ մեր ուսումնական գործիքները տեղավորվեն պայուսակում, իսկ ճամփորդելիս անպայման տեղ ունենանք հագուստի, սննդի ու ջրի համար։

Հղումներով ներկայացված են սովորողների շուրջտարյա նախագծային աշխատանքներն ու արդյունքները։ Ամփոփում՝

Եզրակացություն

Կարուձևը 4-6-րդ դասարաններում պարզապես կտորներ միացնելը չէ։ Դա ստեղծագործական մտածողության զարգացումն է, որտեղ սովորողը հանդես է գալիս որպես հետազոտող, դիզայներ և արհեստավոր։ Սա կյանքի հմտություն է, որը ձևավորում է գրագետ, շրջապատի հանդեպ ուշադիր և ստեղծող մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով