5 տարեկանների համար աշխարհաճանաչողությունը սկսվում է սեփական կրթական միջավայրի յուրացումից։ Ուսումնական տարվա մեկնարկին Քոլեջի սաների հետ նախաձեռնեցինք մի հետաքրքիր նախագիծ՝ «Բացահայտի՛ր քո կրթահամալիրը»։ Մեզ համար կրթահամալիրը սոսկ շենք չէ, այլ մի ողջ տիեզերք՝ լի անթիվ գաղտնիքներով ու հետաքրքիր անկյուններով։ Իսկ ինչ է բացահայտումը, եթե ոչ իրական ճամփորդություն:

Սեբաստացի հետազոտողների հետ սկսեցինք մի մեծ արշավ, որը ձգվում է Արևելքից Արևմուտք և Հյուսիսից Հարավ։ Սա միայն տարածքային տեղաշարժ չէ, այլ ինքնահաստատման և միջավայրի յուրացման բնական ճանապարհ։ Մեր քարտեզի վրա գծագրվեցին ամենատարբեր կանգառները՝ Մայր դպրոցի լաբորատորիաներից մինչև Ուսումնական ագարակ, Քոլեջի ջերմոցներից մինչև կրթահամալիրի գողտրիկ ու գունեղ անկյունները։ Յուրաքանչյուր քայլը նոր հմտություն է, իսկ յուրաքանչյուր կանգառը՝ նոր բացահայտված ուսումնական անկյուն։

Մեր առաջին կանգառը Քոլեջի բուսաբանության լաբորատորիան էր, որը դարձավ սաների ամենասիրելի անկյուններից մեկը։ Մեր փորձառու մասնագետը՝ ընկեր Շողիկը, սիրով ու համբերատարությամբ բացահայտեց բույսերի կյանքի «գաղտնիքները»։ Սաները ոչ միայն տեսականորեն իմացան, այլև գործնականում զգացին, թե որքան նրբություն է պահանջում բույսերի խնամքը։ Նրանք սովորեցին ճիշտ ջրելու արվեստը, հասկացան, որ լույսը բույսի համար ոչ միայն ջերմություն է, այլև կյանքի աղբյուր։

Առանձնահատուկ ոգևորություն առաջացրեց փոքրիկ ընտանի կենդանիների հետ շփումը։ Հետևելով կենդանիների կերակրման, ջրի մատակարարման և ամենօրյա խնամքի գործընթացին՝ սաները սկսեցին գիտակցել մի շատ կարևոր արժեք՝ պատասխանատվություն։

Այնուհետև հասանք Արևմտյան դպրոցի փակ լողավազան։ Քոլեջի 5-6 տարեկան լողորդները ծանոթացան լողավազանի կանոններին՝ ինչպես կոկիկ դասավորել հագուստը անհատական զամբյուղներում, որտեղ կախել բաճկոնը, ինչպես պատրաստվել պարապմունքին։ Նրանք սովորեցին նաև լողավազան մտնելուց առաջ և հետո անպայման ցնցուղ ընդունել։ Վերջում բոլորը խնամքով հավաքում են իրենց իրերը՝ զիջելով տեղը հաջորդ խմբին։

Հաջորդը «Տիգրան Հայրապետյան» գրադարանն էր։ Մուտք գործելով գրադարան՝ սաները ոգևորությամբ շրջում էին դարակների միջով՝ շոշափելով ամենագունեղ ու պատկերազարդ գրքերը։ Նրանք ծանոթացան գրադարանի կանոններին, սովորեցին գտնել իրենց հետաքրքրող գիրքը, պահել այն ուշադիր ու խնամքով։ Գրքերի աշխարհում յուրաքանչյուր էջը դառնում է մի նոր բացահայտում՝ լի պատմություններով, հերոսներով ու ջերմ գույներով։

Մեր ճամփորդությունը շարունակվեց Գինու դպրոցում, որտեղ սաները  հնարավորություն ունեցան բացահայտելու գինու պատրաստման ամբողջ ճանապարհը։ Նրանք Քոլեջի հարակից լանջերից հավաքեցին խաղողը, հետևեցին, թե ինչպես են հատիկները ճզմում, չանչերից առանձնացնում։ Սաներին հատկապես զարմացրեց պարանից կախված խաղողի ողկույզների տեսարանը․ իմացան, որ այդպես խաղողը դանդաղ չորանում է և դառնում ավանդական ու համեղ չամիչ։

Կրթահամալիրի Մարմարյա սրահում 5-6 տարեկանները հանդես եկան երգերով, խաղիկներով ու պարերով։  

Մարզական ամիսը եզրափակեցինք Մայր դպրոցի մարզասրահում՝ մարզական հմտությունների ստուգատեսով, որին մասնակցում էին ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները։ Ստուգատեսը սկսվեց աշխույժ նախավարժանքով, հետո անցանք մարզական և ռոդարիական խաղերին։ Գլուխկոնծիներ, ցատկեր, թիմային խաղ ու ժպիտներ․ այս ամենը համախմբում էր ծնողներին ու երեխաներին։ Մարզական այս ձևաչափը վերածվեց ուրախ տոնի՝ շարժումով, ձայնով և բազում փոքրիկ հաղթանակներով։

Հասանք Ագարակ։ Այստեղ սաները մասնակցեցին ծիսական լավաշթխիկի՝ մաղեցին ալյուր, գնդեցին խմոր, թխեցին լավաշ ու բոքոն, երգեցին, պարեցին ու խաղացին։ Թոնիրը, կրակը, ծուխը, ալյուրոտ ձեռքերն ու խմորով ծածկված մռութիկները միախառնվել էին ու ստեղծել ջերմ մթնոլորտ։  Բա՜ Ագարակի կենդանիները… Դա մի ուրիշ պատմություն է այն մասին, թե որքան ոգևորված էին և որքան անհամբեր էին սպասում, թե երբ է իրենց հերթը հասնելու, որպեսզի շոյեն կամ կերակրեն նրանց։

Արևելյան դպրոցի մարզասրահում Քոլեջի և Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները միասին մարզվեցին, խաղացին ու ընկերացան։ Սա ևս մեկ հնարավորություն էր՝ սովորելու համագործակցել, փոխազդել ու թիմով հաղթել։

«Բացահայտի՛ր քո կրթահամալիրը» նախագծով արվող մեր ճամփորդությունները դեռ չեն ավարտվել։ 5-6 տարեկանների համար կրթահամալիրի յուրաքանչյուր անկյուն մի նոր լաբորատորիա է, որտեղ տեսական գիտելիքը դառնում է կենդանի փորձառություն։ Մեր քարտեզի վրա դեռ շատ «չնվաճված» կետեր կան, որոնք սպասում են իրենց հետազոտողներին։

Հարավային դպրոց. երևակայության և համի կանգառ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հարավային դպրոցի թատրոն-ավտոբուսին։ Սա սոսկ տրանսպորտային միջոց չէ, այլ շարժական մի հեքիաթ, որտեղ 5-6 տարեկանները հնարավորություն կունենան դառնալու թե՛ հանդիսատես, թե՛ դերասան՝ զարգացնելով իրենց խոսքն ու երևակայությունը։ Այնուհետև մեզ կհյուրընկալի թոնրատունը, որտեղ հացի բույրն ու կարտոֆիլի պլեճը կհիշեցնեն մեզ մեր ազգային արմատների ու ծիսական մշակույթի մասին։

Մեր ուղին մեզ կտանի Մայր դպրոցի ամենահետաքրքիր անկյունները՝

Ինժեներական լաբորատորիա. Այստեղ 5 տարեկան սաները կփորձեն հասկանալ «ինչպե՞ս է այն աշխատում» հարցի պատասխանը՝ ծանոթանալով կառուցելու և ստեղծագործելու տեխնիկական նրբություններին։

Գորգագործության լաբորատորիա. Սա կլինի գույների ու նախշերի մի իսկական լաբիրինթոս։ Սաները կտեսնեն, թե ինչպես են թելերը հյուսվում միմյանց՝ ստեղծելով պատմություն, և իրենք էլ կփորձեն իրենց առաջին թելը կապել հաստոցին։

Մեր բացահայտումների շղթան կամբողջացնի այցելությունը Լիսիցյան կենտրոն։ Այնտեղ 5 տարեկանները կընկղմվեն ազգային երգ ու պարի, ծեսի ու ավանդույթի մեջ՝ զգալով, որ իրենք կրողն ու շարունակողն են մի հարուստ մշակութային ժառանգության։

Այս ճամփորդությունը ցույց տվեց, որ 5-6 տարեկանների համար կրթական միջավայրը սահմաններ չունի։ Ամեն քայլափոխի նրանք բացահայտում են նոր գույներ, նոր ձայներ ու նոր հմտություններ։ Մենք շարունակում ենք մեր ընթացքը՝ վստահ, որ յուրաքանչյուր կանգառ ավելացնում է մի նոր շերտ աշխարհաճանաչողության մեջ, իսկ կրթահամալիրը մնում է այն բաց ու լուսավոր տիեզերքը, որտեղ յուրաքանչյուր սան իրեն զգում է իսկական հետազոտող և ստեղծող։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով