Ժամանակակից մանկավարժության մեջ նախագծային ուսուցումը դիտարկվում է որպես արդյունավետ մեթոդական գործիք, քանի որ այն հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացը դարձնել նպատակային, փորձառական և խթանող: Հատկապես տոնական համատեքստում իրականացվող նախագծերը ոգևորում են սովորողներին և նպաստում, որ նրանք ավելի հուզական դառնան։
Ամանորյա շրջափուլում իրականացրած «Տոնական օրացույց» նախագիծը, ինտեգրված խաղային մեթոդներով և ուսումնական առաջադրանքներով, ուղղված էր սովորողների համակողմանի զարգացմանը;
Նախագիծը իրականացրել ենք 2-րդ դասարանի սովորողների հետ։ Այն կազմակերպվել է օրեցօր բացվող պարկերի սկզբունքով, որոնցից յուրաքանչյուրում եղել է քաղցրավենիք և առաջադրանք՝ հստակ գործունեությամբ: Առաջադրանքներն ընտրվել են՝ հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները, կարողություններն ու հմտությունները։ Յուրաքանչյուր առաջադրանքում, որն անհրաժեշտ էր կատարել, կարևորել ենք դրական և ջերմ հույզերը, փոխադարձ հարգանքը, համբերատարությունը, դիմացինին հարգելու, սիրելու և աջակցելու փոքրիկ մասնիկները, որոնք հետագայում դառնալու են ժպիտ արթնացնող հիանալի հուշեր։
Նախագիծը հնարավոր է իրականացնել բոլոր դասարաններում՝ առաջադրանքները փոփոխելով և համապատասխանեցնելով տվյալ տարիքային խմբին և սովորողների հետաքրքրություններին։
Ի ուրախություն ինձ՝ նախագիծը սիրվեց սովորողների կողմից․ յուրաքանչյուր օր անհամբերությամբ սպասում էին պարկերի բացվելուն՝ հետաքրքրվելով, թե երբ են բացելու հաջորդ պարկը, ինչ առաջադրանք է իրենց սպասվում, ինչ գործունեությամբ են զբաղվելու։ Սակայն այս հետաքրքրության ու սպասմա լարվածությանը զուգահեռ կային նաև որոշակի դժվարություններ, որոնք, կարծում եմ, բնական էին նման գործունեության համար։ Առաջին հերթին ժամանակի ճիշտ բաշխման խնդիր առաջացավ․ առաջադրանքները պետք էր կատարել հստակ հերթականությամբ, իսկ որոշ դեպքերում դրանց իրականացումն ավելի շատ ժամանակ էր պահանջում, քան նախատեսված էր, ուստի անհրաժեշտություն առաջացավ վերանայել աշխատանքի ընթացքը։
Խոչընդոտներն հարթելու համար նախ՝ վերանայվեց առաջադրանքների հերթականությունը՝ հաշվի առնելով դրանց բարդությունն ու ժամանակատար լինելը։ Որոշ առաջադրանքներ տեղափոխվեցին հաջորդ օրեր, իսկ մյուսները՝ բաժանվեցին ավելի փոքր փուլերի, որպեսզի ավելի հեշտ իրականացնենք նախատեսածը։
Մյուս դժվարությունը կապված էր սովորողների մասնակցության հետ։ Որոշ սովորողներ ուզում էին առաջինը կամ երկրորդը պարկը բացել։ Սա որոշակի անհանգստություն և փոքրիկ տարաձայնություն առաջացրեց, որը հենց նախագծի իրականացման սկզբնական փուլում ստացավ պարզ և արդար լուծում․ որոշեցինք վիճակահանության միջոցով խնդիրը լուծել։ Վիճակահանությամբ հնարավոր եղավ հարթել խոչընդոտները՝ պահպանելով հավասարություն, ձևավորելով համբերատարություն և ապահովելով բոլորի մասնակցությունը։
Նախագծի առաջադրանքները եղել են բազմաբնույթ՝ ներառելով ստեղծագործական, ճանաչողական, հաղորդակցական խոհանոցային և տեխնոլոգիական գործունեության տարբեր ձևեր:
Ստորև կարող եք ծանոթանալ նախագծի շրջանակում իրականացրած նախագծերից մի քանիսին, որոնք դարձան անչափ սիրելի սովորողների համար և ժպիտ ու ուրախություն պարգևեցին իրենց սեբաստացի ընկերներին։
Տեխնոլոգիական գործունեության ընթացքում գունավոր թղթերի միջոցով ամանորյա բացիկների պատրաստեցինք։ Աշխատանքն սկսվեց մի սեղանի շուրջ համախմբվելով։ Սովորողները պատրաստեցին անհրաժեշտ բոլոր նյութերը և սկսեցին պլանավորել, թե ինչ են ստեղծելու։ Ամեն մեկն ընտրեց իրեն անհրաժեշտ նյութերը՝ չափեց, կտրատեց ու սոսնձեց։ Իսկ երբ ինչ-որ մեկին օգնություն էր պետք լինում, սիրով աջակցում էին միմյանց։
Խոհանոցային գործունեության շրջանակում սովորողների հետ պատրաստել ենք ամանորյա թխուկներ: Խոհանոցային գործունեություն պարբերաբար ենք իրականացնում սովորողների հետ, բայց այս մեկը տարբերվում էր․ սովորողները առավել պատասխանատվությամբ էին մոտենում աշխատանքին։ Նախ՝ առաջադրանք էր, որը պետք էր պատվով կատարել, և երկրորդ՝ թխուկները պետք է հյուրուսիրեինք Ամանորի ծեսին մասնակից ծնողական համայնքին։
Գործունեությունը հաջողեց և խթանեց դպրոց–ընտանիք համագործակցությունը՝ ստեղծելով ջերմ ու միասնական մթնոլորտ:
Նախագծում ներառված առաջադրանքներից մեկը նախատեսում էր կազմակերպել թեյախմություն, որը կրում էր սոցիալ – հուզական բնույթ: Թեյախմության համար ընտրվել էր կրթահամալիրի բակը՝ որպես բաց և ոչ ֆորմալ կրթական միջավայր: Երաժշտության և ազատ զրույցների ուղեկցությամբ սովորողները վայելել են թեյը փոխվստահության, հանգստության և փոխադարձ շփման մթնոլորտում:
Նախագծի շրջանակում առանձնահատուկ նշանակություն է ունեցել «Անակնկալ ծանոթիդ» առաջադրանքը։ Առաջադրանքը կատարելու ընթացքում սովորողների հետ որոշեցինք անակնկալ մատուցել հարևան դասարաններում սովորող երեխաներին՝ նրանց դասարաններում աննկատ թողնելով շոկոլադ՝ «Ջերմացի՛ր» գրությամբ: Այս գործունեությունը նպաստեց փոխադարձ հարգանքի և համերաշխության ձևավորմանը։
Նախագծի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի հետ: Հետևելով առաջադրանքին՝ սովորողներն անմիջական մասնակիցը եղան ամանորյա կավե խաղալիքների պատրաստման ստեղծագործական գործընթացի:
Հատկանշական է, որ նախագծի ընթացքում ստացված նյութական արդյունքներից առավել կարևոր էին այն հույզերը, որոնք ապրում էին երեխաները: Նրանց ոգևորությունն ու անկեղծ երջանկությունն էապես գերազանցում էին կանխատեսված պատկերացումները և վերածվում էին ուսուցման խրախուսման։
Ըստ իս՝ սովորողների ոգևորությունը, ջերմ հույզերը և անկեղծ երջանկությունն ակնհայտ ցուցիչներ են նախագծի հաջողության համար:
Այսպիսով, կարծում եմ, որ «Տոնական օրացույց»-ը արդյունավետ նախագիծ է, որը հնարավորություն է տալիս տոնական թեման ներառել ուսուցման գործընթացում, համադրել ուսուցումն ու խաղային գործունեությունը, սովորողների համար ձևավորել կառուցողական և ստեղծարար միջավայր:
