Հայկական նվագարանները յուրահատուկ ու գեղեցիկ հնչողությամբ երաժշտական գործիքներ են, որոնք ունեն դարավոր պատմություն և բնորոշ են մեր ժողովրդի մշակույթին ու գեղարվեստական ճաշակին։ Դրանք ստեղծվել և կատարելագործվել են դարերի ընթացքում՝ արտացոլելով հայ ժողովրդի կյանքը, հոգեվիճակն ու աշխարհընկալումը։ Հայկական երաժշտությունը սերտորեն կապված է այս նվագարանների հետ, քանի որ դրանց միջոցով փոխանցվել են թե՛ ուրախ, թե՛ տխուր զգացմունքներ։

Ես՝ Մարիամ Մնացականյանս, լինելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժիշտ-դասավանդող և տիրապետելով սազ և դափ նվագարաններին, որոշեցի կրթահամալիրում համախմբել բոլոր այն սովորողներին, ովքեր որևէ նվագարան են նվագում։ Իմ համոզմամբ՝ ազգային նվագարանների ամենաարդյունավետ պրոպագանդան, դրանց ճանաչումն ու տարածումը կարող է իրականանալ հենց հանրակրթության միջոցով։

2018թ․ «Սեբաստիո» համույթ

2018թ-ից սկսած կրթահամալիրում սկսեց գործել ազգային նվագարաններից կազմված խումբ, որին անվանեցինք «Սեբաստիո»։ Բավականին հետաքրքիր գործունեություն ծավալեց խումբը՝ մասնակցելով կրթահամալիրյան տարատարիք սովորողների հետ համագործակցային նախագծերի։ Սովորողները հանդիպեցին երաժիշտ կատարողների հետ, իրենց հետաքրքրող հարց ու պատասխաններով ծանոթացան մի շարք նվագարանների հետ։

«Սեբաստիո» համույթի կազմը ժամանակի ընթացքում աստիճանաբար սկսեց փոփոխվել և համալրվել նոր անդամներով։ Խմբում ներառվեցին ոչ միայն փորձառու սովորողներ, այլև այն սովորողները, ովքեր նոր էին սկսել իրենց առաջին քայլերn ազգային նվագարանների աշխարհում։ Շատերը դեռ բավարար մակարդակով չէին տիրապետում գործիքին, սակայն դա երբեք խոչընդոտ չհանդիսացավ համույթին միանալու համար։

Ազգային նվագարանների համույթը շաբաթական երկու օր կանոնավոր պարապում է։ Պարապմունքների ընթացքում կատարվում է անհատական աշխատանք յուրաքանչյուր երաժշտի հետ՝ ուղղված գործիքն առավել վարպետորեն տիրապետելուն, տեխնիկական հմտությունների զարգացմանը և ստեղծագործությունների ճիշտ մեկնաբանմանը։ Դրանից հետո կազմակերպվում են միասնական պարապմունքներ, որոնց ընթացքում համույթի անդամները միասին աշխատում են համերգային ծրագրի վրա՝ ապահովելով կատարումների ներդաշնակությունն ու համախմբվածությունը։

Այս գործընթացում մեզ համար առաջնայինը ոչ թե սովորողների բարձր երաժշտական կարողություններն են կամ տեխնիկական պատրաստվածությունը, այլ նրանց հետաքրքրությունը, ցանկությունը և ազգային նվագարանների հետ շփվելու հնարավորությունը։ Կարևոր է, որ սովորողները իմանան հայկական նվագարանների պատմությունն ու ճանաչեն հնչողությունը, փորձեն դրանք իրենց ձեռքում, զգան դրանց յուրահատուկ շունչը, և աստիճանաբար նվագելու ցանկություն առաջանա։

Պարապմունքների ընթացքում հանդիպում են մի շարք դժվարություններ, որոնք հիմնականում կապված են գործիքների տեխնիկական առանձնահատկությունների, երաժիշտների անհատական պատրաստվածության տարբեր մակարդակների, ինչպես նաև ժամանակի սահմանափակ լինելու հետ։ Որոշ դեպքերում բարդություններ են առաջանում ռիթմի և տեմպի միասնականության պահպանման, ինտոնացիոն ճշգրտության, ինչպես նաև տարբեր գործիքների հնչողության համադրման ընթացքում։ Բացի այդ, երբեմն նկատվում է անհատական պարապմունքներից միասնական աշխատանքի անցնելու դժվարություն, ինչը խմբից պահանջում է լրացուցիչ ուշադրություն և համբերատար աշխատանք։

Համույթի գործունեությունը կառուցվում է այնպես, որ յուրաքանչյուր սովորող կարողանա իրեն զգալ թիմի կարևոր անդամ՝ անկախ իր նախնական կարողություններից։ Համատեղ պարապմունքները, փորձերն ու ելույթները նպաստում են ոչ միայն երաժշտական հմտությունների զարգացմանը, այլև համագործակցության, փոխադարձ աջակցության և մշակութային ինքնագիտակցության ձևավորմանը։ Այսպիսով, «Սեբաստիո» համույթը դարձավ ոչ միայն երաժշտական խումբ, այլև կրթական միջավայր, որտեղ ազգային նվագարանների ճանաչումն ու տարածումը բնական, ներառող և ոգևորիչ կերպով է իրականացվում։

Համույթին կարող են միանալ ոչ միայն սովորողները, այլև ծնողներն ու դասավանդողները, ովքեր արդեն տիրապետում են որևէ ազգային նվագարանի կամ ունեն ցանկություն այն սովորելու։ Այս բաց և ներառական մոտեցումը հնարավորություն է տալիս ստեղծելու բազմասերունդ երաժշտական միջավայր, որտեղ փորձն ու նոր սովորելու պատրաստակամությունը լրացնում են միմյանց։ Ծնողներն ու դասավանդողները, ներգրավվելով համույթի աշխատանքներին, իրենց օրինակով խրախուսում են երեխաներին, նպաստում ազգային մշակույթի հանդեպ հետաքրքրության խորացմանը և ամրապնդում կրթահամալիրի համայնքային կապերը։

Այս ձևաչափը համույթը վերածում է ոչ միայն երաժշտական խմբի, այլև մշակութային հարթակի, որտեղ ազգային նվագարանների ուսուցումն ու տարածումը դառնում են համատեղ, կենդանի և շարունակական։

Ազգային նվագարանը հանրակրթության համակարգում կունենա կարևոր և նկատելի հաջողություն։ Այն նպաստում է աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ազգային երաժշտական արժեքների ճանաչմանը և պահպանմանը։ Ազգային նվագարաններում ներգրավված սովորողները ձեռք են բերում ոչ միայն երաժշտական հմտություններ, այլև թիմային աշխատանքի, կարգապահության և պատասխանատվության զգացում։ Համույթն ակտիվորեն մասնակցում է դպրոցական միջոցառումներին, տոնական հանդիսություններին, ինչը բարձրացնում է կրթական հաստատության մշակութային մակարդակը և խթանում աշակերտների հետաքրքրությունն ազգային մշակույթի նկատմամբ։ Ազգային նվագարանի գործունեությունը նաև օգնում է բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին՝ նրանց համար ստեղծելով հետագա մասնագիտական աճի հնարավորություններ։

Այժմ կրթահամալիրում գործում է «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը։ Խմբում ներգրավված են կրթահամալիրի բոլոր դպրոցներից ազգային նվագարանների տիրապետող սովորողները։ Համույթի երաժշտական ծրագիրը ձևավորվում է՝ հաշվի առնելով սովորողների կատարողական հնարավորություններն ու հմտությունները։ Հիմնականում կատարվում են ազգային, ֆոլկլորային և կոմիտասյան ստեղծագործություններ։

Հատված փորձից՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով