Ժամանակակից կրթությունը պահանջում է նոր մոտեցումներ։ Կրթությունն արդյունավետ է դառնում այն դեպքում, երբ սովորողի ուսուցումը հիմնվում է փորձի և դիտարկման վրա, երբ սովորողը պետք է ոչ միայն լսի կամ կարդա, այլ տեսնի, շոշափի, փորձի և սեփական փորձով բացահայտի գիտելիքը։ Դասարանն ինձ համար այն առաջին հարթակն է, որտեղ սովորողները հնարավորություն են ստանում հարցեր տալու, կասկածելու և փորձարկելու։ Հետո հետաքրքրությունը տեղափոխվում է գիտական միջավայր, որտեղ տեսությունը և գործնական փորձը միախառնվում են, և ստեղծվում է կենդանի ուսուցում։ Իմ ամենօրյա աշխատանքը սկսվում է դպրոցում և հաճախ շարունակվում է գիտական միջավայրում։ Այս երկու աշխատանքները մշտապես իրար լրացնում են՝ ստեղծելով կենդանի կամուրջ տեսության և գործնական գիտելիքի միջև։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում փորձում եմ բնագիտությունն այնպես դասավանդել, որ վերածվի գործնական աշխատանքի, կենդանի ուսուցման ։ Դասերը կատարվում են դիտարկումների, փորձերի, համեմատությունների և քննարկումների միջոցով։ Երբ խոսում ենք բույսերի մասին, դուրս ենք գալիս բակ, ջերմոցում հետևում դրանց աճին, խնամում, տնկում, շոշափում և նկարում փոփոխությունները։
Սովորողների մասնակցությունը դասին
Սովորողները շատ ակտիվ են, հարցասեր։ Հաճախ նրանց հարցերը անսպասելի են, բայց շատ խորքային․
-Ինչո՞ւ այս բույսը հիմա չի ծաղկում։
-Ի՞նչ կլինի, եթե քիչ ջրենք։
-Բույսը կարո՞ղ է «հոգնել»։
Նմանատիպ հարցերից հետո դասը վերածվում է կենդանի զրույցի, որտեղ կարևոր է ճիշտ հարց ձևակերպելը և պատասխանը միասին գտնելը։

Առանձնահատուկ կարևորում եմ ներառական միջավայրը։ Կրթության հատուկ կարիք ունեցող սովորողները դասի լիարժեք մասնակիցն են։ Մեկը նկարում է բույսը, մյուսը՝ տնկում, երրորդը՝ պատմում իր նկատած փոփոխության մասին։ Յուրաքանչյուրը մասնակցում է իր կարողությունների սահմաններում, բայց բոլորն ունեն իրենց դերը։ Հաճախ հենց այս երեխաներն են ամենաոգևորվածը լինում։ Նրանց աչքերում բացահայտման ուրախությունն ամենաանկեղծն է։
Բուսաբանության ինստիտուտը՝ բաց դասարան
Այս ուսումնական տարվա ընթացքում Բուսաբանության ինստիտուտը դարձել է մեր աշխատանքի կարևոր վայրը։ Կրթահամալիրում սովորող ութ տարբեր դասարանների սովորողներ այցելեցին Բուսաբանության ինստիտուտ։ Յուրաքանչյուր դասարանի դիմավորել եմ մեծ ոգևորությամբ։
Շրջայցերը պարզապես զբոսանք չէին։ Սովորողների հետ քայլել ենք այգու տարածքում, այցելել ջերմոցներ, գիտական շենքեր։ Փորձել եմ այնպես կազմակերպել աշխատանքը, որ տարատարիք սովորողները ոչ միայն լսեն, այլև ընթացող աշխատանքների անմիջական մասնակիցը դառնան։
Երեխաները դիտել են բույսերի աճի փուլերը, շոշափել հողը, համեմատել տարբեր պայմաններում աճող բույսերը, հարցեր տվել։ Ոմանց համար դա առաջին այցելությունն էր ջերմոց, մյուսների համար՝ առաջին հանդիպումը գիտական կենտրոնում աշխատողների հետ։
Սովորողները մասնակցում էին դիտարկումներով ու հարցերով, մեծերը՝ քննարկումներով, պատճառահետևանքային կապերի որոնմամբ։ Եվ բոլորին միավորում էր նույն զգացումը՝ հետաքրքրությունը։

Գիտական աշխատանքը դասարանում
Իմ աշխատանքը Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի բաժնում թույլ է տալիս դասարան բերել իրական գիտական փորձը։ Այն, ինչ ուսումնասիրում եմ լաբորատորիայում, փորձում եմ հնարավորինս պարզ ու հասանելի ներկայացնել սովորողներին։
Դասի ընթացքում նրանք սովորում են մտածել հետազոտողների պես՝ կասկածել, փորձել, համեմատել, սխալվել և նորից փորձել։ Երբ սովորողներն իրենք են առաջարկում փորձ կատարել կամ հարց են ձևակերպում, հասկանում եմ, որ ուսուցումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

«Գիտության շաբաթ» նախագիծը Բուսաբանության ինստիտուտում
«Գիտության շաբաթ» նախագծի շրջանակում իրականացրել ենք ևս մեկ շատ սիրելի և կարևոր աշխատանք։ Սովորողները Արևելյան դպրոցում պատրաստեցին գիպսե ծաղկամաններ, իսկ ինստիտուտում տնկեցին տարբեր տեսակի բույսեր։
Աշխատանքը սկսվեց համատեղ քննարկումից՝ ինչ բույսեր տնկել, ինչ պայմաններ են անհրաժեշտ դրանց աճի համար և ինչպես պետք է խնամել։ Քննարկումից հետո անցանք գործնական փուլին․ տնկվեցին տարբեր տեսակի բույսեր, և սովորողները մասնակցեցին ողջ գործընթացին։

Տնկված բույսերի մի մասը նվիրեցին ջերմոցին՝ որպես շարունակական խնամքի և հետևողական աշխատանքի օրինակ, իսկ մյուս մասը՝ թփերի հետ միասին, որը նվիրել էր այգու աշխատակիցը, իրենց մշտական տեղը գտան Արևելյան դպրոցի բակում։
Սովորողները բակում տնկում էին բույսերը և հպարտությամբ ասում․ «Այս բույսերը մենք ենք տնկել, և մենք պետք է խնամենք»։ Այս պահը պատասխանատվության, հոգատարության և շարունակական խնամքի իրական արտահայտումն էր։
Դժվարություններ և հաջողություններ
Իհարկե, ամեն ինչ միշտ չէ, որ հեշտ է։ Երբեմն ժամանակը չի հերիքում, երբեմն փորձի արդյունքը այնպիսին չէ, ինչպիսին սպասում էինք։ Բայց հենց այդ պահերն են դառնում ուսուցման ամենաարժեքավոր հատվածները։ Սովորողները հասկանում են, որ գիտության մեջ սխալը ևս ճանապարհ է։

Իսկ ամենամեծ հաջողությունն այն պահերն են, երբ երեխաների աչքերը փայլում են զարմանքից ու բացահայտման ուրախությունից, երբ հերթական բնագիտական փորձը կատարվում է հենց իրենց աչքի առաջ։ Այդ պահին գիտելիքը դադարում է լինել պարզապես խոսք կամ գրվածք և վերածվում է կենդանի, շոշափելի փորձառության, որը արթնացնում է հարցեր, խթանում մտածողությունը և մեծացնում սովորելու ցանկությունը։

Կարևորում եմ, որ սովորողը կրթական գործընթացում չսահմանափակվի միայն լսողի կամ ընթերցողի դերով, այլ դառնա ակտիվ մասնակից։ Երբ նա տեսնում է, շոշափում, փորձարկում և սեփական փորձով բացահայտում ուսումնասիրվող երևույթները, գիտելիքը դառնում է առավել հասկանալի, կենդանի և հիշվող։ Այդ գործընթացում սովորողները սովորում են նկատել անգամ ամենափոքր փոփոխությունները, հետևել բույսերի աճին ու զարգացմանը, ինչպես նաև արձանագրել իրենց դիտարկումները՝ ձևավորելով հետազոտական մտածողության առաջին քայլերը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նման մոտեցումները կրթական գործընթացի անբաժանելի մասն են։ Այստեղ ուսումնառությունը հաճախ դուրս է գալիս դասասենյակի սահմաններից՝ տեղափոխվելով բակ, ջերմոց, լաբորատորիա, իրենց բնակավայր։ Սովորողները մշտապես ներգրավված են դիտարկումների, փորձերի, նախագծային և հետազոտական աշխատանքների մեջ, ինչը նրանց հնարավորություն է տալիս գիտելիքը կապել իրական կյանքի հետ և զգալ սեփական մասնակցության կարևորությունը։
Այս աշխատանքը նպաստում է ոչ միայն բնագիտական մտածողության զարգացմանը, այլև դիտողականության, համբերության և պատասխանատվության զգացման ձևավորմանը։ Ուսուցիչը դառնում է սովորողին ուղեկցող և աջակցող կողմ, ոչ թե միայն տեղեկություն փոխանցող։ Գիտական միջավայրում իրականացվող իմ ուսումնասիրությունները փորձում եմ հնարավորինս պարզ, պատկերավոր և հասանելի ներկայացնել դասարանում՝ դրանք համապատասխանեցնելով սովորողների տարիքային առանձնահատկություններին ու հետաքրքրություններին։
Այսպիսով, երբ դասարանն ու գիտական կենտրոնը միավորվում են, կրթությունը դառնում է կենդանի, իսկ գիտությունը՝ սիրելի։ Այս համատեղ աշխատանքը ոչ միայն հարստացնում է ուսուցչի մասնագիտական փորձը, այլև ձևավորում է մտածող, հետաքրքրված, փորձելուց չվախեցող սերունդ։
Իմ ամենամեծ նվաճումն այն է, որ երեխաները մեծանում են բնության հանդեպ հարգանքով, գիտության նկատմամբ հետաքրքրությամբ և հարց տալու համարձակությամբ։
