Հոգեբանները պնդում են, որ երեխան մեծ մասամբ ձևավորվում է ընտանիքում՝ ընտանեկան ուղիղ և անուղղակի ներազդման արդյունքում… Այո՛, երեխայի՝ որպես անհատի ձևավորման գործում առաջնային է ընտանիքի դերը, սակայն չմոռանանք նաև դպրոցի մասին, ուր հայտնվում է ցանկացած երեխա՝ անկախ իր ցանկությունից։ Եկե՛ք այս անգամ երեխային, ընտանիքը և դպրոցը դիտարկենք որպես եռամիասնություն և հասկանանք, թե ինչպես է այն գործում երեխայի կյանքի թերևս ամենապատասխանատու և երկարածիգ շրջանում՝ դպրոցում սովորելու տարիներին։

Ընտանիքի համար շատ կարևոր և հիշարժան արարողություն է երեխային առաջին անգամ դպրոց ուղեկցելը։ Փորձենք հիշել, թե ինչ գորովանքով ու հուզմունքով են ծնողներն առաջին անգամ, երեխայի ձեռքը բռնած, ուղեկցում դպրոց։ Երբեմն ուղեկցորդների թիվը բանակ է հիշեցնում՝ տատիկ, պապիկ, մորաքույր ու հորեղբայր․․․

Դպրոցում ուսումնառության առաջին տարիներին երեխան սովորաբար ստանում է ծնողների լիակատար աջակցությունն ու օգնությունը։ Ծնողներն ուղեկցում են նրան դպրոց, հետևում դասերին, երեխայի կողքը նստում և միասին կատարում տնային առաջադրանքները։ Շատ հաճախ տեղյակ են լինում դասարանական խնդիրներից (ուսումնական, միջանձնային), ճանաչում են երեխայի դասընկերներին և նրանց ծնողներին։ Ցավոք քիչ չեն դեպքերը, երբ ծնողներն անգամ խառնվում են դպրոցում, դասարանում կատարված միջադեպերին։

Այս ամենն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Եթե նայենք վեց-յոթ տարեկան երեխայի աչքերով, այո՛, նա գերպաշտպանված է, վստահ, գիտի, որ եթե ինչ-որ բան չկարողանա անել, մեծերը կօգնեն, դասարանում որևէ բան չհասկանա, հայրիկը կամ մայրիկը (գուցե տատիկը, պապիկը) կբացատրեն, եթե իրեն նեղացնեն, ծնողները կբարձրաձայնեն այդ մասին, կհարվածեն իրեն, մեծ եղբայրը օգնության կգա և այլն։ Բացասական կողմերից առաջինը երեխային ինքուրույնությունից զրկելն է։ Այսպիսի դեպքերում երեխան դժվարանում է ինքնուրույն որևէ բան անելուց` սկսած ինքնասպասարկումից մինչև ինքնուրույն կողմնորոշվելն ու որոշումներ ընդունելը։

Իհարկե, ուսումնական աշխատանքում շատ կարևոր է ծնողի և ուսուցչի համագործակցությունը։ Եվ, որպես կանոն, կրտսեր դպրոցում դասավանդողն ու ծնողը քայլում են կողք կողքի, իրար ձեռք բռնած՝ ի շահ երեխայի։

Եվ այս ուշադրությունն ու հետևողականությունը երեխային ուղեկցում են կրտսեր դպրոցում ուսուցանելու ողջ ընթացքում։

Այլ է պատկերը, երբ երեխան հայտնվում է միջին դպրոցում։ Միջին դպրոցում աշխատելու տասնհինգ տարվա փորձս ցույց է տալիս, որ միջին դպրոցում սովորելու ողջ ընթացքում ամեն դասարանից մի քանի ծնող է ցանկություն հայտնում տեսնելու իր երեխայի ուսուցչին, սովորողի հետ կապված որևէ հարց, խնդիր քննարկելու, երեխայի առաջընթացի կամ դժվարությունների մասին խոսելու։  Երբեմն մտածում եմ՝ մի՞թե ամեն ինչ շատ լավ է, գոհացնում է ծնողին, թե՞ ժամանակ չունի իր երեխայով հետաքրքրվելու։ Հենց այս հարցերի պատասխաններն էլ մասամբ ստանում եմ, երբ պարբերաբար փորձում եմ ուսումնական գործընթացում ներառել ծնողներին։ Այս նախագծերը կոչվում են ընտանեկան, քանի որ նախատեսվում է, որ դրանք պետք է պարտադիր ընտանիքի անդամների հետ իրականացնեն։ Այս ուսումնական տարում երկու այդպիսի նախագիծ ենք իրականացրել։ Առաջինը Ուսուցչի տոնին նվիրված նախագիծն էր, որի արդյունքում երեխաները պետք է ծնողներից որևէ մեկի հետ կարդային «Աբրահամ Լինքոլնի նամակը՝ որդու ուսուցչին» ստեղծագործությունը։ Այնուհետև ծնողները պետք է նամակ գրեին իրենց երեխայի ուսուցչին։ Ասեմ, որ նմանատիպ առաջադրանքները հեշտ չեն կատարվում, արդյունքների հավաքագրումը տևում է գրեթե մեկ ամիս։
Բայց այս մեկ ամիսն ամենահետաքրքիր ամիսն է։ Ինչե՜ր ասես, որ չեն պատմում սովորողները աշխատանքային գործընթացից։ Նախ՝ հասկանում ես, որ ծնողների մեծ մասն իսկապես տեղյակ չէ երեխայի ուսումնական գործունեությունից․ հիմնականում գերզբաղված են, չեն կարողանում շաբաթվա մեջ ժամանակ գտնել այս մեկ առաջադրանքի համար՝ այն թողնելով շաբաթ-կիրակի օրերին։ Ամենատխուրն այն էր, որ մի շատ պարտաճանաչ սովորող հուզվել էր, քանի որ մայրիկը գիշերներն էր աշխատում, և նրանք չէին տեսնվում, որ միասին կատարեին առաջադրանքը։ Մի ամբողջ դասարան զարմացավ և չկարողացավ զարմանքը թաքցնել, երբ սովորողներից մեկը պարծենում էր, որ իր մայրիկը երբեք չի հետաքրքրվում իր դասերով, և ինքը ոնց համոզել է, մայրիկն ասել է, որ դա իր գործը չէ, և չի հաջողվի ուսուցչին իրեն համոզել։ Տեսնել էր պետք, թե ինչ զարմանքով էին երեխաները լսում այդ պատմությունը և իրավիճակներ էին առաջարկում դասընկերոջը՝ մայրիկին աշխատեցնելու համար։

Ծնողների նամակները պատմում էին իրենց և իրենց երեխաների հարաբերությունների մասին։ Շատ հստակ զգացվում էր, թե ով է իսկապես անհանգստացած իր երեխայով, ով՝ ոչ, ով է պատկերացնում, թե ինչ խնդիրներ ունի կամ կարող է ունենալ իր երեխան դպրոցում, ում համար է իր երեխան մի կողմ, աշխարհը՝ մի։ Չճանաչելով ծնողներից մեծամասնությանը՝ նամակների միջոցով ճանաչեցի, հասկացա, թե ինչ սպասելիքներ ունեն դպրոցից և կրթությունից, իրենց երեխայի ուսուցչից, իրենց երեխայից։ Ինչքա՜ն շատ բան կարող է պատմել մարդու գիրը իր մասին․․․

Ծնողների նամակներն մեկ առ մեկ կարդալուց հետո շատ զարմացել էի, որ ծնողների մեծամասնությունն ակադեմիական գիտելիքի հետ կապված պահանջներ չունի․ ներկայացնում եմ դրանցից մի քանիսը։

Միլլա Մաթևոսյան-Նամակ Միլլայի ուսուցչին
Աստեր Խոստիկյան-Նամակ ուսուցչին՝ Աստերի մայրիկից
Լեո Խանամիրյան —Նամակ իմ մայրիկի կողմից

Ընտանեկան երկրորդ նախագիծը «Ամանորյա ընթերցումներ»-ն էր։ Սովորողները պետք է ընտանիքի անդամների հետ ընտրեին ամանորյա որևէ ստեղծագործություն, տեսագրեին կամ ձայնագրեին ընտանիքի անդամների կամ անդամներից մեկի հետ։ Սովորողների հետ ուսումնասիրեցինք Ամանորյա նախագիծը։ Սովորողներից շատերը միանգամից ինքնուրույն ընտրեցին այն ստեղծագործությունը, որը կուզեին ձայնագրել։ Եղան սովորողներ, ովքեր երկար ժամանակ չէին կողմնորոշվում։ Դասարանում միասին նայեցինք փաթեթը, որոշեցիքն, թե որն է իրենց ընտանիքին հարմար։ Տարբերակներ էինք քննարկում, թե, ասենք, Սամվելի հինգ տարեկան քույրիկը որ մասը կարող է ասել։ Արդյունքում ընտրեցինք բանաստեղծություն, որի մեկ-երկու տունը Սամվելը սովորեցրել էր քույրիկին, և ողջ ընտանիքով արտասանում էին։ Ի՜նչ հավես է, երբ հայրիկն է միանում աշխատանքին՝ Սամվելի ընտանիքի ընթերցումը, Վիկայի հայրիկի նամակը։ Այս աշխատանքը շատ էր զվարճացրել սովորողներին։ Մանեն զարմանքով պատմում էր, թե ոնց է զարմացել, երբ տեսել է, թե մայրիկը ինչպես է ձայնին տարբեր երանգներ տալով ու տոնայնությունը փոխելով խոսում։ «Ես մայրիկիս երբեք այդպիսին չէի տեսել, ընկեր Արևիկ, նենց ծիծաղելի էր»,-ասում էր Մանեն (Մանե, Մարի Յայլոյաններ, մայրիկ)։ Սովորողներից մեկն էլ․ «Վա՜յ, ծիծաղից մեռանք, մինչ ձայնագրեցինք»։

Մայրենիի բազմաթիվ նախագծերի մեջ, ընտանեկան նախագծերը եղել և մնում են ինձ համար ամենասիրելին։ Դրանում մի շատ կարևոր ու սիրուն բան կա․ այն կապն է երեխայի և ծնողի միջև։ Այն երեխայի, ով դեռ մեկ-երկու տարի առաջ ծնողի, ողջ ընտանիքի ուշադրության կենտրոնում էր։ Այն երեխայի, ով գուցե իսկապես դեռ ունի ծնողի աջակցության, օգնության կարիքը, ով, թերևս, հնարավոր է ինչ-որ բան չի հասկացել դասարանում և կարիք ունի, որ իրեն նորից այն բացատրեն։ Գուցե հավելյալ ուշադրության, հոգածության կարքի ունի և ուզում է, որ նորից «հիշեն» իրեն ու այն սիրուն ժամանակները, երբ ընտանիքը համախմբվում էր շատ կարևոր գաղափարի շուրջ՝ երեխային օգնելու։ Ինչո՞ւ է այս կապը մի օր անտես կորում, ե՞րբ է ծնողը հասկանում, որ երեխան արդեն պետք է, կարող է մենակ գլուխ հանել դասերից։ Դասերից գուցե գլուխ կհանի, բայց արդեն հուշերում կպահի այն ջերմ ու սիրառատ ժամանակները, երբ տնային աշխատանք կատարելը ոչ թե պարտականություն էր, այլ ընտանիքի հետ շփվելու, միևնույն գաղափարի և գործի շուրջ հավաքվելու սիրուն առիթ։

Նամակ՝ երեխայիս ուսուցչին (արդյունքներ)

Ալեքս Ավագյան և մայրիկ
Նարե Հայրապետյան և մայրիկ
Վաչե Կարոյան և մայրիկ
Քնարիկ Առուստամյան և եղբայր
Կարապետյան Նարե և եղբայր
Մանե Բուռնուսուզյան և եղբայր
Ռոզի Անանյան և մայրիկ
Գագիկ Խաչատրյան և մայրիկ
Վիկտորյա Միրզոյան և քույրիկ

Ամանորյա ընթերցումներ (արդյունքներ)

Ավետ Բադեյան-Ծնողի նամակը՝ ուսուցչին
Միլենա Գուրուրյան-Մայրիկիս նամակը ուսուցչին
Ռոզի Անանյան-Նամակ ուսուցչին
Արեգ Ալիխանյան-Ուսուցչին նամակ
Դանիել Մուրադյան-Նամակ ուսուցչին
Վաչե Կարոյան-Նամակ ուսուցչին
Միա Ալավերդյան-Հարգելի ուսուցչին
Մանան Ավագյան-Նամակ ուսուցչին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով