Կրթական և մարզական փոխանակումների նախագծերում հետևողականությունը հեղինակային ծրագրի տարածման և արդյունքների գրանցման արդյունավետ գործիք է։
Կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս իրականացվող կրթական և մարզական փոխանակումների նախագծերը հանդիսանում են հեղինակային կրթական ծրագրի տարածման, համագործակցության և կրթական-մարզական արդյունքների գրանցման կարևոր բաղադրիչ։ Այդ նախագծերը նախագծվում, մշակվում և իրականացվում են կրթահամալիրում գործող կրթական փոխանակումների կարգի համաձայն։

Ըստ սահմանված կարգի՝ կրթական փոխանակում է համարվում այն նախագիծը, որը նախատեսում է առնվազն մեկական փոխադարձ այցելություն։ Այդպիսի նախագծերը ներառում են հեղինակային կրթական ծրագրի ներկայացում, կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ստուգատեսների մասնակցություն, համատեղ ուսումնական պարապմունքներ՝ այդ թվում մարզական, երգի-պարի, ուսումնական ճամփորդություններ, բարձունքի հաղթահարում, պլեներներ և համատեղ ուսումնական նախագծեր։
Կրթահամալիր այցելող խմբերը կարող են տեղավորվել կրթահամալիրի սովորողների տներում, կացարաններում կամ առանձին դպրոցներում։ Նախագծերի նախապատրաստական փուլը, ընթացքն ու արդյունքները հետևողականորեն լուսաբանվում են mskh.am կայքում և համապատասխան ենթակայքերում։
Կրթական մարզական փոխանակումները իրականացնում ենք օրացույցով հաստատված, որևէ տոնի, ծեսի, ուսումնական նախագծի շրջանակում։
Կրթական-մարզական փոխանակումների արդյունքները
Կրթահամալիրի օրացույցով նախատեսված ունենք ամենամյա մարզական նախագծեր՝
Կրթական փոխանակումների ընթացքում ստեղծվում են շոշափելի արդյունքներ։ Այդպիսի արդյունավետ համագործակցության օրինակ է 2025թվականի նոյեմբերի 19-21-ը կրթահամալիրում անցկացված «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց առաջնությունը։ Մրցաշարի պաշտոնական բացումը և փակում տեղի ունեցավ կրթահամալիրի մարմարյա սրահում։

Մրցաշարին մասնակցեց ընդհանուր առմամբ 8 թիմ՝
- կրթահամալիրի ավագ և միջին դպրոցների բասկետբոլի ակումբների 2 թիմ,
- Երևան քաղաքի, Չարենցավանի և Մարտունու մարզադպրոցների 6 թիմ։
Մասնակից թիմեր
- Երևանի թիվ 181 դպրոց
Մարզիչներ՝ Հասմիկ Գասպարյան, Սարգիս Սարգսյան - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի բասկետբոլի ակումբ
Մարզիչ՝ Ալինա Թումասյան - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի բասկետբոլի ակումբ
Մարզիչ՝ Ալինա Թումասյան - Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոց
Մարզիչ՝ Վարդան Դավթյան - Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց
Մարզիչներ՝ Թովմաս Մուրադյան, Անահիտ Խաչատրյան - Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց
Մարզիչ՝ Բելլա Ղազարյան - Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց
Մարզիչ՝ Դիաննա Հովհաննիսյան - Երևանի «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի բասկետբոլի ակումբ
Մարզիչ՝ Դիաննա Հովհաննիսյան
Այս արդյունքին հասնելուն նպաստել են տարվա ընթացքում իրականացված ուսումնական ճամփորդությունները, մարզական ճամբարները, պատասխան մարզական այցերը, ինչպես նաև կրթահամալիրում և արտագնա կազմակերպված ընկերական մարզական խաղերը։
Կրթահամալիրում կազմակերպված բասկետբոլի բաց առաջնությանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցի թիմերը մասնակցում են արդեն 7-8 տարի անընդմեջ։ Կրթահամալիրի թիմերը պատասխան այցով մասնակցում են Չարենցավանի մարզադպրոցի առաջնություններին և ընկերական խաղերին։ Գարնանային մանկավարժական ճամբարի ընթացքում, մարտի 27-ին կրթահամալիրի բասկետբոլի ակումբի սովորողները Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում մասնակցեցին Չարենցավանի գավաթ մրցաշարին։ Մրցաշարին մասնակցում էին 6 թիմեր, և կրթահամալիրի սովորողները գրավեցին պատվավոր 3-րդ տեղը։ Մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և գավաթով։
Սուսերամարտի ամենամյա միջազգային բաց մրցաշար
Այս միջազգային մրցաշարը նույնպես երկարատև և արդյունավետ համագործակցությունների և կրթական մարզական փոխանակումների արդյունքն է, այն անցկացվեց կրթահամալիրում դեկտեմբերի 4-7-ը։
Մրցաշարին մասնակցեց ընդհանուր առմամբ 7 թիմ՝
- Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր և միջին դպրոցների, լրացուցիչ կրթության սուսերամարտի ակումբներ: Մարզիչներ՝ Միքայել Ղազարյան և Ռոբերտ Խաչատրյան
- Նորագավիթի սուսերամարտի մանկապատանական մարզադպրոցի սուսերամարտիկներ: Մարզիչ՝ Արմեն Նավասարդյան
- Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սուսերմարատիկներ։ Մարզիչ՝ Հենրիկ Ղարագոզյան, Կարո Ավագյան
- Գյումրու սուսերամարտի մանկապատանական մարզադպրոցի սուսերմարտիկներ: Մարզիչ՝ Միհրան Ղազարյան, Նաիրա Համազասպյան
- Երևանի հրաձգության մանկապատանական մարզադպրոցի սուսերմարատիկներ: Մարզիչներ՝ Ռուզաննա Կարապետյան, Գագիկ Հովհաննիսյան, Բաղդասարյան Արսեն
- Վրաստանի սուսերամարտի մարզադպրոցի սուսերամարտիկներ։ Մարզիչներ՝ Սոսո Կապիանիձե, Զուրաբ Ջագաշվիլի
- Երևանի օլիմպիական մանկապատանեական համալիր մարզադպրոց։ Մարզիչ՝ Նարինե Հայրապետյան
Սուսերամարտի մրցաշարը դարձել է միազգային, որովհետև մասնակցում են Վրաստանի սուսերամարտիկները, այս տարի արդեն 2 ակումբ։ Մրցաշարն անցկացվում է 2 մարզաձևից՝ ճկասուսեր և խցասուսեր։
Կրթահամալիրային մրցաշարերին մրցանակային տեղ գրաված մարզիկները պարգևատրվում են կրթահամալիրի ինժեներատեխնիկական լաբորատորիայում ստեղծված մեդալներով և գավաթներով։

Մարզական բաղադրիչը՝ ճամփորդությունների և ճամբարների անբաժանելի մաս
Կրթահամալիրի կազմակերպած բոլոր ճամփորդություններն ու ճամբարները, անկախ նրանից, նախաձեռնողը մարզիչն է, թե դասավանդողը, պարտադիր ներառում են մարզական բաղադրիչ։ Այդ բաղադրիչը ընդգրկում է՝
- առավոտյան պարտադիր նախավարժանք,
- ընկերական մարզական խաղեր (բասկետբոլ, հանդբոլ),
- քայլարշավներ,
- բարձունքի հաղթահարում։
Կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հետ ճամորդեցինք դեպի Տավուշ։ Ճանապարհին կրթական փոխանակումների շրջանակում մենք չէինք կարող առիթը չօգտագործել և չհյուրընկալվել մեր գործընկեր Ծաղկունքի հիմնական դպրոցում՝ բասկետբոլ խաղալու։ Խաղը սկսելուց հետո հասկացանք, որ Ծաղկունքի դպրոցի 9-րդ դասարանի սովորողները ֆիզիկապես գերազանցում են մեր 9-րդ դասարանի սովորողներին, բայց բասկետբոլը ուժային խաղ չէ, և մեր սովորողները իրենց լավ տեխնիկայի շնորհիվ կարողացան հաղթանակ կորզել։
Ճամփորդությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է ֆիզիկական, մարզական ակտիվության, թիմային աշխատանքի և առողջ ապրելակերպի ձևավորման վրա՝ ապահովելով կրթության և սպորտի ամբողջական զարգացում։
Բասկետբոլի բաց մրցաշար․ խաղում են կրթահամալիրի 9-րդ դասարանի մարզիկները և Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի բասկետբոլիստները։
