Բոլոր ժամանակներում կրթական համակարգերը ցանկացել են հասարակությանը ենթարկել լայնածավալ որակական փոփոխությունների, որը պայմանավորված է եղել մի կողմից աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից` սեփական ազգային կրթական համակարգերի կայացմամբ: Ժամանակակից կրթական հայեցակարգերը փորձում են ապահովել նոր սերնդի գիտելիքահեն, մշակութային զարգացումը՝ հենվելով հումանիզմի, ժողովրդավարության և կրթության հեռանկարների գաղափարախոսության վրա:
Այսպիսով, վստահաբար կարող ենք ասել, որ կրթական հասարակությունների զարգացումը չի կարող կայանալ առանց ինտեգրացիոն գործընթացների, համագործակցությունների, կրթական փոխանակումների և նոր հայեցակարգերի ընկալման զարգացման հեռանկարների:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի զարգացման կարևորագույն առաջնահերթություններից է կրթական ծրագրերի փոխանակումները, համագործակցությունները, կապերը` իր բոլոր ուղղություններով:
Սույն հոդվածում կփորձեմ անդրադառնալ իմ աշխատանքային գործունեության մեկ տարվան՝ ներկայացնելով կրթական փոխանակումների, համագործակցությունների, ինտեգրացիոն նախագծերի իրականացման իմ քայլերը, մոտեցումները, ջանքերը:
2025 թվականին կրթահամալիրի կողմից հերթական անգամ ինձ վստահվեց համակարգելու «Ձմեռային ազգագրական փառատոն 2025» ստուգատեսը: Փառատոնն ունի ավելի քան ութ տարվա պատմություն և ամեն տարի իր կրթական համայնքին ներկայանում է նոր թեմայով, փորձելով ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունը՝ հանրակրթական, ընտանեկան դպրոցների և գործընկերային կապերի ավելի լայն ներառումով: Ստուգատեսի այդ տարվա թեման էր ձմեռային ազգային տոները և տարածաշրջանային կրթական, միջմշակութային, համագործակցային կապերը: Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի առաջարկով, որոշեցինք փառատոնի ընթացքում ավելի լայն շեշտադրում կատարել հայ-իրանական մշակութային առնչություններին և կապերին:
Իմ հրավերով «Հայ-իրանական սովորույթներ. նմանություններ, տարբերություններ» թեմայով Հյուսիսային դպրոցի Արտասահմանում ունեցանք հետաքրքիր հանդիպում իրանահայ մշակութային գործիչ, լրագրող, թարգմանիչ, մանկավարժ Ժորժ Աբրահամյանի հետ: Հանդիպումն ավարտվեց իրանահայերի պարի ուսուցմամբ: Այս թեմայով հանդիպումը բավականին ոգևորիչ էր:
Եվ այսպես, կարծես գտնվեց «կծիկի» այն ծայրը, որով հայ-իրանական կրթամշակութային կապերը պետք է նոր հարթության վրա հանդես գային: Ժորժ Աբրահամյանի հետ հանդիպումը խթան էր նոր, հետաքրքիր թարմ գաղափարների, կապերի և համագործակցությունների իրականացման համար:
Ժորժ Աբրահամյանի առաջարկով իրանական թեմայով հաջորդ հանդիպումը կայացած «Համեղ զրույցներ Նարինե Գրիգորյանի հետ. հայ-իրանական խոհանոց» նախագծի շրջանակում, որտեղ դպրոցի համեղ խոհանոցում Նարինեն պատրաստեց իրանական հալվա, իրանական խմորեղեն՝ Քուլուչե, իրանական աղցան, իրանահայկական Կարմիր փլավ: Խոհանոցային հանդիպումից կարճ ժամանակ անց Նարինեն ունեցավ շատ հետաքրքիր «Ասեղնագործության աշխատարան», որտեղ սովորողներին ներկայացրեց ասեղնագործության և թելարվեստի գաղտնիքները:
Տպավորված լինելով ազգագրական փառատոնի հայ-իրանական կրթամշակութային հարաբերությունների իրականացման շուրջ կրթահամալիրի ջանքերով՝ ես և Հյուսիսային դպրոցի ծրագրի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը Ժորժ Աբրահամյանի կողմից ստացանք հրավեր 2025 թ. փետրվարի 11-14-ը մասնակցելու «Թեհրանի զբոսաշրջության և հարակից ոլորտների ցուցահանդես TITE»-ին: Որոշումը բարդ էր, սակայն կրթահամալիրի ջանքերով և օգնությամբ համաձայնվեցինք մասնակցել ցուցահանդեսին:
Թեհրանի միջազգային զբոսաշրջության և հարակից ոլորտների ցուցահանդեսը զբոսաշրջության ոլորտում առաջնային իրադարձություն էր, որը ցուցադրում էր ոլորտի վերջին միտումները, ապրանքներն ու ծառայությունները: Կենտրոնանալով զբոսաշրջության և հարակից ոլորտների խթանման վրա՝ այս ցուցահանդեսը համախմբում էր մասնագետներին, ցուցադրողներին և այցելուներին ամբողջ աշխարհից: Մենք Թեհրանում ներկայացրինք կրթահամալիրը՝ իր հնարավոր կրթամշակութային համագործակցության եզրերով, ձեռք բերեցինք հայ-իրանական բարեկամությանը խթանող և զարգացնող մի շարք պայմանավորվածություններ, որոնք կարճ ժամանակում կյանքի կոչվեցին:
Ես և Քնարիկը առաջին անգամ էինք Թեհրանում և շատ տպավորված: Այս չորս օրերի ընթացքում փորձեցինք հնարավորինս ծանոթանալ իրանական մշակույթին, համեմատել, նորովի վերարժևորել և գնահատել այն:
Պետք է առանձնահատուկ շեշտեմ հայ-իրանական կրթամշակութային հետագա կապերի զարգացման շուրջ Քնարիկ Ներսիսյանի ջանքերը: Շնորհիվ գրագետ համագործակցության՝ մայիսին 12-15-ին կրթահամալիրում իրականացվեց «Հայ-իրանական մշակութային օրեր»-ը, որը համակարգում էր Քնարիկ Ներսիսյանը: Լինելով հայ-իրանական կրթամշակութային կապերի նորածիլ ակունքների մի մասը՝ ինձ շատ ոգևորեց «Հայ-իրանական մշակութային օրեր»-ի իրականացման գաղափարը: Այս անգամ ևս փորձեցի անմասն չմնալ նախագծից և նրա զարգացման, տարածման և կայացման հարցում ունենալ իմ փոքրիկ լուման:
Իմ հրավերով «Հայ-իրանական մշակութային օրեր»-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի Արտասահման-հարթակում հյուրընկալեցինք երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Լիլիթ Երնջակյանին: Տիկին Երնջակյանը ներկայացրեց «Հայ-իրանական երաժշտական փոխառնչություններ» թեման: Թեման լսարանի համար բավականին հետաքրքիր էր, ծավալուն և ընդգրկուն:
Իմ հրավերով «Հայ-իրանական մշակութային օրեր»-ի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում հյուրընկալեցինք կոնսերվատորիայի իրանցի, իրանահայ և ժողովրդական գործիքներ մասնագիտացմամբ սովորող ուսանողներին: Հանդիպումը համակարգեց օտարերկրյա ուսանողների ուսումնական հարցերով պատասխանատու, Երաժշտության պատմության ամբիոնի դասախոս, երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը: Ուսանողները հանդես եկան համաշխարհային, հայկական դասական ստեղծագործությունների գործիքային կատարումներով: Իրանահայ ուսանողների հետ համագործակցությունը շարունակվեց նաև հետագայում այլ համերգների շրջանակում:
Դարձյալ իմ հրավերով հայ-իրանական խոհանոցի գիտակ Նարինե Գրիգորյանին հյուրընկալեցինք Սեբաստացի կենտրոնի խոհանոց-ակումբում: Նրա հետ միասին պատրաստեցինք իրանական, իրանահայկական ավանդական խոհանոցի ուտեստներ: Նարինեն ներկայացրեց հայկական և իրանական խոհանոցի նմանությունները, տարբերությունները և առանձնահատկությունները:
Հայ-իրանական մշակութային օրերի» տոնական ամփոփումը կայացավ Կապույտ մզկիթում, որտեղ համերգային մասի համակարգողը ես էի և իմ սովորողները: Մենք ներկայացանք կոմիտասյան երգերով և գործիքային կատարումներով:
Հայ-իրանական կրթամշակութային կապերի զարգացման շրջանակում կրթահամալիրի ու իրանական դեսպանատան մասնակի հովանավորությամբ և Ժորժ Աբրահամյանի ջանքերով Միջին դպրոցի մի խումբ սովորողների և դասավանդողների հետ հունիսի 7-16-ը «Ճամփորդություն դեպի գրականության և այգիների քաղաք Սպահան, Շիրազ» նախագծով եղանք Իրանաում: Նախագիծը համակարգում էր պարսկերենի մասնագետ Դիանա Նազարյանը, իսկ խմբին ուղեկցում՝ Ժորժ Աբրահամյանը: Ճիշտ է՝ Իրանում ստեղծված պատերազմական իրավիճակը թույլ չտվեց, որպեսզի մենք վայելենք մեր վերջին օրը Սպահանում։ Մենք անմիջապես շարժվեցինք Սպահանից՝ մեր հետևում թողնելով հայկական վանքերը, թաղամասերը՝ խոստանալով անպայման վերադառնալ: Այդուհանդերձ այս ճամփորդությունը ևս անմոռանալի էր իր մշակութային հրաշագեղությամբ, գույներով, բազմազանությամբ և նոր բացահայտումներով:
Նախորդ տարին հարուստ էր ոչ միայն միջազգային կրթական կապերով և համագործակցություններով, այլև հայաստատնյան բազմաթիվ կրթական փոխանակումներով, հրավիրյալ մասնագետներով:
Ուզում եմ շեշտել «Հոգևոր կրթության կարևորությունը սովորողների շրջանում» թեմայով հանդիպումը երիտասարդ գրող, խմբագիր, հաղորդավար, բլոգեր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի սպասավոր Թովմաս ուրարակիր Առաքելյանի հետ: Հանդիպումը կազմակերպելուց առաջ ունեի մտավախություն, որ գուցե սեբաստացիական լսարանը դժվար ընկալի և արձագանքի հոգևոր թեմայով զրուցները: Սակայն ի զարմանս ինձ՝ եղավ ճիշտ հակառակը: Թովմասի հետ հանդիպումը անցավ մի շնչով, բազմաթիվ հարցադրումներով և թեմայի շուրջ հիրավի մեծ հետաքրքրվածությամբ:
Կարևոր եմ համարում «Կոմիտասյան օրեր» -ի և «Հարթակում ծնողն է» նախագծերի շրջանակում իմ կողմից համակարգված Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ տեղի ունեցած Կոմիտասի վոկալ երաժշտության համերգը կրթահամալիրում, որի ընթացքում հանդես եկան օպերային երգչուհի Օֆելյա Համբարձումյանը և նրա դասարանի սաները: Այս համերգից առաջ նույնպես ունեի մտավախություն, որ դահլիճին չի հետաքրքրի կոմիտասյան երգերի նման համերգային մատուցումը, սակայն նորից, ի զարմանս ինձ՝ եղավ հակառակը:
2025 թվականը հարուստ էր արդյունավետ ճամփորդություններով և կրթական փոխանակումներով:
«Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝ Էջմիածին» նախագծով, ոչ միայն եղանք հոգևոր մայրաքաղաքում և շրջեցինք սրբավայրերում, այլև այցելեցինք «Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի Մաչանենց կրթահամալիր», որտեղ ունեցանք շատ գեղեցիկ երաժշտական համագործակցություն: Մեր սովորողների համար հանդես եկան արվեստի դպրոցի քանոնահարների և դհոլահարների խմբերը, իսկ «Շրջիկ նվագարաններ» նախագծային խմբի անդամները ներկայացան իրենց գործիքային կատարումներով: Միասին երգեցինք Կոմիտաս և ընթերցեցինք Չարենց:
Ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ արվեստի դպրոցի սաները կրթական փոխայցելությամբ եղան կրթահամալիրում և որպես հյուրեր մասնակցեցին Հյուսիսային դպրոցի համակարգմամբ կազմակերպված «Թմկաբերդի առումը» խորագիրը կրող ապրիլի 25-յան ուրբաթ-համերգին:
«Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արարատի մարզ՝ Դվին» նախագծով Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ եղանք Դվինում: Այս ճամփորդությունը ևս հագեցած էր բազմաթիվ համագործակցություններով: Այցելեցինք տեղի միջնակարգ դպրոց, որտեղ չորրորդ դասարանցիների հետ համատեղ իրականացրինք «Հակաբացիլ Կոմիտաս» և «Կարդում ենք Թումանյան» նախագծերը, որից հետո եղանք «Գրադարակ» ակումբում և միասին ունեցանք շատ-շատ հետաքրքիր քննարկում «Հեքիաթներ և առասպելներ» թեմայով , այնուհետև ծանոթացանք կրթահամալիրյան մայրենի լեզվի մայիսյան ֆլեշմոբին: Ճամփորդության ավարտին եղանք Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում: Տեր Եղիշե քահանայի օրհնությունը ստանալուց հետո միասին իրականացրինք «Ուսումնական ժամերգություն» նախագիծը, ծանոթացանք եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների հետ, ընկերացանք, միասին երգեցինք, պարեցինք, խաղացինք, իրականացրինք ծաղկատունկ:
Կրթական փոխանակումներով 1-3-րդ դասարանների սովորողների հետ «Զատկածես» նախագծով եղանք Խարբերդի, իսկ «Համբարձման ծես» նախագծով՝ Եղիպատրուշի դպրոցներում:
Տարեվերջյան ամենաարդյունավետ կրթամշակութային ճամփորդությունն եմ համարում «Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ՝ Գառնի, Գեղարդ»-ը, որի շրջանակում այցելեցինք Գառնի բանավանի հիմնական դպրոց, որտեղ ունեցանք երաժշտապարային, ընթերցողական համատեղ գործունեություն:
Նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ նույն նախագծային խումբը փոխադարձ այցով եղավ կրթահամալիրում և ունեցավ ուսումնական մեկ լիարժեք օր կրթահամալիրում:
Այսպիսով, ամփոփելով այս մի քանի ամիսների ընթաքում հայ-իրանական, հայաստանյան դպրոցների հետ իրականացված կրթամշակութային կապերի, կրթական փոխանակումների և դրանց զարգացման շուրջ իրականացված մեր բազմաթիվ քայլերն ու ջանքերը՝ վստահաբար կարող եմ ասել, որ դրանք ուսումնական էին, նորարարական, արդյունավետ և հետաքրքիր:
Թե ինչպիսի զարգացում կունենան այդ քայլերը հետագայում, ցույց կտա ժամանակը: Վստահ եմ մի բանում: Երբեք չպետք է վախենալ նոր կապերից, ծանոթություններից, փորձարկումներից, համագործակցություններից և չպետք է դադարել փնտրել այն նոր «կծիկները», որոնց «ծայրերը» գտնելը հիրավի, այնքան հետաքրքիր է և հաճելի:
