«Այսօրվա երիտասարդները վաղվա առաջնորդներն են»
Նելսոն Մանդելա
Նախագծի նախաձեռնումը
Առաջնորդ լինելու համար երիտասարդները պետք է ունենան պատշաճ գիտելիքներ, լինեն իրազեկ քաղաքացիներ և լուծեն հրատապ խնդիրներ: Ելնելով սեբաստացիների առնչություններից և այն նկատառումից, որ հայաստանյան փորձագիտական ու քաղաքական շրջանակներում քննարկվում է Հայաստանի՝ Եվրոպական միության (ԵՄ) անդամության թեկնածու դառնալու մասին թեման՝ 2023-2024 ուս. տարում հետազոտական վարժարանի անգլերենի 10-12-րդ դասարանցիները ձեռնամուխ են եղել «Բացահայտելով Եվրոպական միությունը» շուրջտարյա տեղեկատվական նախագծի իրականացմանը:
Նախագիծն արդիական է, քանի որ գլոբալ փոփոխությունների համատեքստում թևակոխում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր փուլ: Հայաստանում Գելլափ
Ինթերնեյշնլ Ասոցիացիայի կողմից 1100 անձանց շրջանում 2024թ հուլիսի 3-ից 6-ին անցկացված հարցման համաձայն՝ հայաստանցի հարցվողների 56,7%-ը կողմ է արտահայտվել ԵՄ անդամակցությանը: Սակայն միշտ չէ, որ ցանկությունները և հնարավորությունները համընկնում են: Պետք է հաշվի առնել մարտահրավերները ևս: Եվրոպական երկրի՝ ԵՄ թեկնածության հայտ ներկայացնելուն հաջորդում է տևական՝ մոտ տասնամյա գործընթաց, բանակցությունների ու պարտավորությունների կատարման երկար շղթա, որը, սակայն, երաշխավորված չէ, որ կավարտվի հաջողությամբ։
Նախագիծը նաև շարունակական է, քանի որ այն «Ծանոթանում ենք հաստատություններին» ավելի ընդգրկուն նախագծի մաս է կազմում, որի շրջանակում ՄԱԿ-ի կառույցներն ու Կայուն զարգացման նպատակներն ուսումնասիրելուց հետո 2023թ. այցելել ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, հանդիպել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ: Իսկ 2024 թ. սեպտեմբերի 26-ին իրականացրել ենք «Եվրոպական լեզուների ուսումնասիրություն» կարճաժամկետ նախագիծ:
«Բացահայտելով Եվրոպական միությունը» նախագծով նախատեսվում էր ուսումնասիրել ԵՄ անդամ երկրները, ինստիտուտները, ոլորտները, անդամակցության մարտահրավերները և բացահայտել զանազան ասպեկտներ: Նախագծի շրջանակում 12-րդ դասարանցիներն ուսումնասիրել են Եվրոպական միության ինստիտուցիոնալ կառուցվածքը, 10-րդցիները՝ ԵՄ անդամ երկրները, 11-րդ դասարանցիները՝ ոլորտները և որոշ երկրների խմբեր՝ Բալկաններ, Բենիլյուքս, իսկ նախագծի ավարտին՝ մայիսին խաղաղության և միասնության խորհրդանիշ Եվրոպայի օրվան ընդառաջ` այցելել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Կարողունակություններ և հմտություններ, որ զարգացել են այս նախագծի իրականացման ընթացքում
Նախագիծն իրականացնելիս սովորողները ձեռք են բերել մի շարք կարողունակություններ և հմտություններ, որոնցից է քննադատական մտածողությունը: Օրինակ՝ նրանք կատարել են համեմատություններ և հակադրություններ՝ համեմատելով ԵՄ-ն Եվրախորհրդի հետ, որի անդամ է Հայաստանը: Նաև կիրառել են դեդուկցիա՝ ընդհանուրից դեպի մասնավորին և ինդուկցիա՝ մասնավորից ընդհանուրին ընթացող տրամաբանական մտահանգում: Անդրադառնանք ձեռք բերած կարողականություններից որոշներին:
Լեզվական գրագիտություն և կարողունակություն
Նախագծի շնորհիվ սովորողները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել բազմաթիվ նյութեր ԵՄ մասին, լսել և հասկանալ կենդանի հնչող զրույցը դեսպանի հետ, խոսողի տեսակետը և վերաբերմունքը: Քանի որ հանդիպումը ինտերակտիվ էր, սովորողներն արտահայտել են իրենց տեսակետները՝ հիմնավորելով այն նախապես հավաքված փաստերով, տարբեր աղբյուրներից քաղված տեղեկություններով: Դրանց հիման վրա արել են դատողություններ և եզրահանգումներ:
Սովորել սովորելու կարողունակություն
Սովորողները մտագրոհի ընթացքում ներկայացրել են, թե ԵՄ ինչ ասպեկտի են կամենում անդրադառնալ, ինքնուրույն հավաքել են տեղեկատվություն, մշակել այն և հանրային ներկայացրել: Այդ ընթացքում ձեռք են բերել պլանավորման հմտություն՝ առաջադրանքները բաժանել են քայլերի, սահմանել են կոնկրետ թիրախներ և ուղիներ որոնել դրանց հասնելու համար: Նաև զարգացրել են մեդիա գրագիտություն՝ գնահատելով ուսումնասիրվող աղբյուրների որակը և արժանահավատությունը: Ձեռք են բերել ժամանակի կառավարման, շարունակական կրթության և համագործակցային հմտություններ, որ կարող են կիրառել ակադեմիական և իրական կյանքի համատեքստում: Ընդ որում, սովորողները նախապես ներկայացրել են նախագիծը միմյանց, լսել ու հաշվի առել ընկերների դիտողությունները, հետադարձ կարծիքներն ու քննադատությունը:
Մշակութային կարողունակություն
Նախագծի շնորհիվ խորացել են սովորողների մշակութային բազմազանության ըմբռնումն ու գնահատումը, զարգացել են բաց մտածողության և միջմշակութային արդյունավետ հաղորդակցության հմտությունները, գլոբալ համագործակցության ձգտումը: Սովորողները ծանոթացել են անդամ երկրների մշակույթին: Նախագիծն իրականացնելիս ծանոթացել են նաև ԵՄ-ի ստեղծման նախապատմությանը՝ միասնական Եվրոպայի կայացման գաղափարին, որի հիմքում ԵՄ հիմնադիր հայրերից՝ ֆրանսիայի 1948-1952թթ. արտաքին գործերի նախարար Շումանի 1950թ. միջազգային ճանաչում ունեցող հռչակագիրն է, ինչը հավանության է արժանացել Արևմտյան Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի կողմից:
Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն
Նախագիծն իրականացնելիս սովորողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ԵՄ արժեքներին, վերլուծել տարածաշրջանային և գլոբալ արդի հիմնախնդիրները՝ արձագանքելով դրանց որպես իրազեկ և պատասխանատու քաղաքացիներ:
Թվային և մեդիա կարողունակություն
Սովորողները քննադատաբար են վերլուծել մեդիան` տարբերակելով քարոզչության մանիպուլատիվ գործիքները և նպատակները։ Նաև պատրաստել են սահիկաշարեր՝ կիրառելով տարբեր ՏՀՏ գործիքներ:
ԵՄ առնչություններ
11-րդ և 12-րդ դասարանների իմ որոշ սովորողներ քաջատեղյակ են ԵՄ կառուցվածքի և գործառույթների մասին՝ ԵՄ երկրների կամ կառույցների աշխատանքը ներկայացնող դերախաղերի շնորհիվ, մյուսները ճամփորդել են ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու երկրներ՝ միջազգային փառատոների մասնակցելու, զբոսաշրջության կամ սովորելու նպատակով: Էլ չխոսենք հարևան Վրաստան կատարած բազմաթիվ փոխայցելությունների մասին: Կարինե Միքայելյանը սովորում է Ավստրիայում՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում, Շուշան Փաշինյանը՝ Գերմանիայում UWC Ռոբերտ Բոշ քոլեջում: 2024թ. մայիսին ՄԱԿ-ի երևանյան մոդել կազմակերպության կազմում (YereMUN) Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 3 սովորող՝ YereMUN-ի «Լավագույն պատվիրակ» ճանաչված Նունե Հովհաննիսյանը, Անգելինա Հակոբյանը և Լաուրա Թորոսյանը մասնակցել են Ֆրանսիայի քաղաքական գիտությունների համալսարանի կազմակերպած «ՄԱԿ-ի մոդել» խաղ-վեհաժողովի աշխատանքներին, այցելել են Եվրախորհրդարան և այլ կառույցներ: Ավելի վաղ Մարիետ Սիմոնյանի նախաձեռնությամբ՝ Շուշանը և ևս 5 սեբաստացի սովորողներ Փարիզում մասնակցել են Հայ-ֆրանսիական կրթական Մկնիկ աշխատանոցի պարապմունքներին: Նաև սովորողները կրթահամալիրում ուսանում են ԵՄ անդամ երկրների լեզուներ՝ ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, ինչպես նաև ԵՄ անդամության թեկնածու երկրների լեզուներ՝ վրացերեն և թուրքերեն:
Եվրախորհրդի և Եվրամիության տարբերությունները
Նախագիծն ուղղված է իրազեկության բարձրացմանը: 12-րդ դասարանցիները, որ աչքի են ընկնում մտավոր հետաքրքրությամբ, հսկայական աշխատանք են կատարել ուսումնասիրելու Եվրամիությունն ու իր կառույցները՝ դրանք համեմատելով Եվրախորհրդի հետ: Ըստ այդմ՝ ԵՄ-ն ու Եվրոպայի խորհուրդը (Եվրախորհուրդ) տարբեր կառույցներ են, թեպետ ունեն նույն դրոշն ու օրհներգը, որին անդրադարձել է Նարե Նավասարդյանը: Այդ մասին ներկայացրել է Անգելինա Հակոբյանը: Եվրախորհուրդը 1949 թ. ստեղծված՝ մարդու իրավունքներով զբաղվող առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է, որը կազմված է 46 անդամ պետություններից, և որին Հայաստանն անդամակցել է 2001 թ. ։ Ռուսաստանը, որ ԵԽ աշխատանքներին մասնակցում էր 1996-ից, 2022թ. հեռացվել է Եվրոպայի խորհրդից նախարարների կոմիտեի որոշմամբ, իսկ 2024թ. Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից:
12-րդ դասարանցիները պարզել են, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները ԵԽ երկրներ են: Եվրոպական միությունը (ԵՄ) միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը բաղկացած է 27 եվրոպական երկրներից և վարում է ընդհանուր տնտեսական, սոցիալական և անվտանգության քաղաքականություն։ Այն ունի վերազգային բնույթ: Շենգենյան տարածքը ներառում է ԵՄ անդամ բոլոր 27 երկրները՝ բացառությամբ Իռլանդիայի և Կիպրոսի: Շենգենյան երկրներ են նաև Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, որոնք ԵՄ անդամ չեն: Ինչպես գիտենք, ԵՄ դրամական արժեքը եվրոն է, սակայն Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Շվեդիան եվրոգոտու ոչ անդամ երկրներ են:
ԵՄ ինստիտուտները
12-րդ դասարանցիները մանրամասն քննարկել են ԵՄ 7 հիմնական ինստիտուտներն ու դրանց գործառույթները:
1․ Եվրոպական խորհուրդը, որ ներկայացնում է ԵՄ անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարների վեհաժողովը, սահմանում է Եվրամիության ընդհանուր քաղաքական ուղղություններն ու առաջնահերթությունները: Եվրոպական խորհրդին է անդրադարձել Անգելինա Հակոբյանն իր հանրային ներկայացման մեջ:
2. Եվրոպական միության խորհրդի կամ նախարարների խորհրդի կազմի մեջ են մտնում նախարարներ՝ մեկական նախարար Եվրամիության անդամ պետությունների կառավարություններից՝ ըստ քննարկվելիք քաղաքականության ոլորտի: Ի թիվս այլ ինստիտուտների՝ այդ մասին ներկայացմամբ հանդես է եկել Տիգրան Այվազյանը:
3. Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության գործադիր և ամենակարևոր մարմինն է։ Նրա հիմնական դերն է՝ առաջարկել նոր օրենքներ և քաղաքականություններ, մոնիտորինգի ենթարկել դրանց իրականացումը, կառավարել ԵՄ բյուջեն: Եվրահանձնաժողովի աշխատանքին անդրադարձել է Ալբերտ Զախրաբեկյանն իր սահիկաշարում:
4. ԵՄ օրենսդիր մարմինը Եվրախորհրդարանն է, որը ներկայացրել է Նունե Հովհաննիսյանը: Եվրոպական միության խորհրդի հետ միասին Եվրախորհրդարանն ընդունում է օրենքներ՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությամբ։ Ավելի վաղ Լաուրա Թորոսյանը և Լևոն Սահրադյանը 2024թ. փետրվարին Երևանում մասնակցել են Եվրոպական երիտասարդական պառլամենտի դերախաղերին՝ հանդես գալով Եվրախորհրդարանի Մշակույթի և կրթության (CULT) և Շրջակա միջավայրի, հանրային առողջապահության և սննդամթերքի անվտանգության (ENVI) հանձնաժողովների անունից: Լաուրան նաև վարում է «Հասկանալով Եվրոպան» կազմակերպության անհատական դասընթացներ, իսկ Լևոնը Երիտասարդ եվրոպական դեսպան է: Ուստի նա մեծ հաջողությամբ ներկայացրել է ԵՄ վերաբերյալ հիմնական փաստերը:
Մյուս 3 ինստիտուտների թվում է 5. Եվրոպական միության արդարադատության դատարանը, որին անդրադարձել է Կարինե Գոմցյանն իր սահիկաշարում՝ ուշադրություն է հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այն չշփոթվի ԵԽ կառույց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ: Այն ԵՄ գլխավոր դատական մարմինն է և հսկողություն է իրականացնում ԵՄ իրավունքի միատեսակ կիրառման և մեկնաբանման նկատմամբ՝ անդամ պետությունների ազգային դատական մարմինների հետ համագործակցությամբ և լուծում է ազգային կառավարությունների ու ԵՄ ինստիտուտների միջև իրավաբանական վեճերն ու կարող է միջոցներ ձեռնարկել ԵՄ ինստիտուտների դեմ ֆիզիկական անձանց, ընկերությունների կամ կազմակերպությունների անունից, որոնց իրավունքները խախտվել են:
6. Եվրոպական կենտրոնական բանկի, ինչը նկարագրել է Մանե Աբգարյանը, գլխավոր գործառույթներն են եվրագոտու դրամավարկային քաղաքականության մշակումն ու իրականացումը, եվրահամակարգի պաշտոնական (ոսկեարժութային) պահուստների կառավարումը, եվրոյի թողարկումը, առանցքային տոկոսադրույքների որոշումը: ԵԿԲ-ի գլխավոր նպատակը եվրագոտում գնային կայունության պահպանումն է։
7. Աուդիտորների եվրոպական դատարանը, որի մասին հանդես է եկել Տիգրան Հարությունյանը, ստուգում է Եվրամիության ֆինանսները: Դրա գլխավոր նպատակն է կատարելագործել ֆինանսական կառավարումը և հաշվետվություն ներկայացնել պետական հիմնադրամներից գումարների ծախսման գործընթացի վերաբերյալ:
Հակոբ Գևորգյանը ներկայացրել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը:
ԵՄ անդամակցություն
ԵՄ անդամ երկրներն, անկասկած, ունեն բազմաթիվ առավելություններ և օգուտներ, որին անդրադարձել է Լևոն Սահրադյանն իր ելույթում և որի մասին ընդարձակ տեղեկատվություն կա Սոնա Հովհաննիսյանի բլոգում: Այն արծարծել է Տիգրան Հարությունյանն իր բացման խոսքում հանրային ներկայացման ժամանակ, ինչպես նաև Տիգրան Այվազյանը՝ բլոգում: Սակայն ինչպե՞ս անդամակցել ԵՄ-ին: Քննարկումների արդյունքում սովորողները պարզել են, որ ԵՄ անդամակցությունը երկար և դժվարին գործընթաց է. Որպեսզի որևէ եվրոպական երկիր անդամակցի Եվրամիությանը, այն պետք է բավարարի որոշակի տնտեսական և քաղաքական պայմաններ, որոնք հայտնի են որպես կոպենհագենյան չափանիշներ: Առանցքային չափանիշների թվում հետևյալներն են՝ լինել եվրոպական երկիր, ունենալ կենսունակ շուկայական տնտեսություն, ապահովել կայուն տնտեսական աճ և ԵՄ ներսում շուկայական ուժերին դիմագրավելու կարողություն, ԵՄ միանալու հետ կապված (ներառյալ քաղաքական, տնտեսական և դրամական միավորման պարտականությունները հաղթահարելու) կարողություններ, ունենալ կայուն կառույցներ, որոնք կերաշխավորեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և փոքրամասնությունների հանդեպ հարգանքը: 11-րդ դասարանցի Լևոն Ենգիբարյանը Բալկանների մասին ներկայացման մեջ շեշտում է, որ ԵՄ անդամ լինելու համար երկիրը պետք է լինի տնտեսապես հզոր: Արևմտյան Բալկանների այն երկրներն են ԵՄ անդամ դարձել, որոնց համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ -ն 11, 723 ԱՄՆ դոլար արդյունքից բարձր է: Արտածելով՝ ընդհանուրից մասնավոր մտահանգում անելով, կարող ենք հարցնել. արդյո՞ք Հայաստանի ՀՆԱ-ն (8,575 ԱՄՆ դոլար) այնքան բարձր է, որ այն հավակնի ԵՄ անդամակցության: Փորձագետների կարծիքով Հայաստանի տնտեսության համար հիմնաքարային 2 ուղղությունները՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, զգալիորեն զիջում են առկա աճի տեմպերին։ Հայաստանի ինչպես ՀՆԱ, այնպես էլ տնտեսական ակտիվության ցուցանիշի կառուցվածքում գերիշխում են առևտրի, սպասարկման, ծառայությունների և շինարարության ոլորտները։
Նաև պարտադիր պայման է, որ «անդամության հայտ ներկայացրած երկիրը կոնֆլիկտ չունենա իր հարևանների հետ»։ Հայաստանի հետ հարաբերություններում ԵՄ-ն փորձում է հավասարակշռության մեջ պահել մի կողմից ժողովրդավարության իր հանձնառությունը, մյուս կողմից՝ իր աշխարհաքաղաքական շահերը, որոնց հիմքում ԵՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգությունն է: Այն ապահովելու և ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով ԵՄ-ն էներգետիկ գործարք է կնքել հարևան Ադրբեջանի հետ։ Եվրահանձնաժողովի մասին իր ներկայացման մեջ նաև էներգետիկ գործընկերությանն է անդրադարձել Ալբերտ Զախրաբեկյանը: Հայաստանը ներկայումս փոխկապակցված է Ռուսաստանի և նրա հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, ինչը բարդացնում է ԵՄ անդամակցության թեկնածության հարցը։
ԵՄ ընդլայնում
ԵՄ ընդլայնումը քաղաքական գործընթաց է, որի արդյունքում նոր երկրներ են անդամակցում
Եվրամիությանը։ 1952 թ․ հիմնադրումից ի վեր Եվրամիությունն ընդլայնվել է 7 անգամ։
Եվրոպական երկրների միավորման գործնական առաջին քայլն իրականացրել են
Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը՝ 1948 թ. հիմնելով Բենիլյուքս մաքսային միությունը, ինչին անդրադարձել է 11-րդ դասարանցի Լիլիթ Արևշատյանն իր սահիկաշարում: 1951 թ. Փարիզում ստորագրվել և 1952 թ. ուժի մեջ է մտել Ածխի և պողպատի եվրոպական համայնքի (ԱՊԵՀ) ստեղծման մասին պայմանագիրը: Տնտեսական ինտեգրացիայի խորացման նպատակով 1957 թ. Հռոմում ԱՊԵՀ անդամ 6 պետությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հիմնել են Եվրոպական տնտեսական համայնքը (ԵՏՀ) կամ ընդհանուր շուկան և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը։ Փաստորեն, Եվրոպական միություն բարձրագույն կառույցը միավորվում էր և հիմնվում նախկինում գոյություն ունեցող եվրոպական այդ երեք համայնքների վրա: Դրանց ավելացվում էր նաև արտաքին և անվտանգության միասնական քաղաքականությունը և քաղաքական ու իրավական համագործակցությունը՝ այսպիսով կազմելով մի բարդ համակարգ, որը հայտնի է որպես «երեք սյուներ»։
1973թ. առաջին ընդլայնման արդյունքում ԵՏՀ-ին են միացել 3 երկիր` Դանիան, Իռլանդիան և Միացյալ Թագավորությունը, 1981թ. 1` Հունաստանը, իսկ 1986թ. 2 երկիր՝ Իսպանիան և Պորտուգալիան: 1995թ. Եվրամիությանը միացել են Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Այդ կառույցը ԵՏՀ իրավահաջորդն է 1993 թ. Մաաստրիխտի պայմանագրի ստորագրումից ի վեր:
1989 թվականի նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Բեռլինի պատի փլուզումը: Դրան է անդրադարձել 11-րդ դասարանցի Սյուզի Մելիքյանը՝ Բեռլինի պատի անկումը սահիկաշարով: Ուշագրավ է, որ Սյուզիի տատիկը ներկա է եղել այդ իրողությանը: Բեռլինի պատի փլուզումից հետո ԵՄ անդամակցել են նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները:
Ի սկզբանե սահմանափակվելով Արևմտյան Եվրոպայով՝ ԵՄ-ն 21-րդ դարասկզբին լուրջ ընդլայնում ձեռնարկեց: 2004թ. ԵՄ-ին միացել են 10 երկիր՝ Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան, 2007թ. 2 երկիր` Բուլղարիան ու Ռումինիան և 2013թ. 7-րդ ընդլայնման ժամանակ՝ Խորվաթիան:
Հաջորդ ընդլայնման նպատակով թեկնածուի կարգավիճակ ստացած Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան բարեփոխում են իրենց ազգային օրենքները՝ համապատասխանեցնելով ԵՄ կանոններին, կանոնակարգերին և չափանիշներին:
Եվրամիության ընդլայնման բաղկացուցիչ մաս է նաև Արևելյան գործընկերությունը։
ԵՄ տարբեր ոլորտներ
Մյուս 11-րդ դասարանցիներն անդրադարձել են ԵՄ տարբեր ոլորտների: Աբել Բաբայանը ներկայացրել է Կրթությունը և դպրոցական համակարգը ԵՄ-ում, Հայկ Աիդին՝ Բարձրագույն կրթությունը ԵՄ-ում, Քեթրին Աղաջանյանը՝ Ռոք և մետալ երաժշտությունը ԵՄ-ում, Մարիա Տիշաքճեանը՝ Եվրոպական հարևանության քաղաքականությունը:
Անչափ հետաքրքիր էր Նանե Ժամհարյանի սահիկաշարը, որի ընթացքում նա ինդուկցիայի՝ մասնավորից ընդհանուրի մտահանգման միջոցով ներկայացրել է Ֆրանսիական արդի արվեստը՝ բերելով իր ծանոթ ֆրանսիացի արվեստագետի օրինակը որպես արդի արվեստ ստեղծողի:
Քանի որ ժամանակը սահմանափակ էր ոչ բոլոր սովորողներն են հնարավորություն ունեցել հանրային ներկայացնելու իրենց պատրաստած սահիկաշարերը: Ավելի վաղ Դավիթ Մազլումյանը ներկայացրել էր Զբոսաշրջությունը ԵՄ-ում, իսկ Սոնա Ավետյանը՝ Կինոն ԵՄ-ում: Քանի որ սպորտը ԵՄ-ում խիստ հանրաճանաչ է, դրան անդրադարձել են Տիգրան Գրիգորյանը և Սոնա Սահակյանը:
Բրիտանիայի վերաբերյալ նախագծում Մարիա Տիշաքճեանը ներկայացրել էր Բրեքսիթը՝ Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից:
Դեսպանի հետ հանդիպում
2024թ. մայիսի 3-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպման ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց անգլերենի իմացությունը՝ միաժամանակ սովորելով՝ ինչպես լինել ակտիվ քաղաքացի և լսելի դարձնել իրենց ձայնը։
Դեսպանը կարևորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների հետ հանդիպումը, քանի որ նրա կարծիքով երիտասարդները գտնվում են Հայաստանի հետ Եվրոպական միության համագործակցության հիմքում, և երիտասարդության հզորացումը ԵՄ-ի հիմնական առաջնահերթություններից է ժողովրդավարության, տնտեսական և տարածաշրջանային զարգացման տեսանկյունից: Դեսպանը սովորողներին տրամադրել է խոր և համապարփակ տեղեկատվություն Եվրոպական միության ստեղծման, դրա հիմքում ընկած խաղաղության գաղափարի, ԵՄ կառույցների աշխատանքի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանում ԵՄ աջակցության ծրագրերի մասին:
Ամեն տարի՝ մայիսի 9-ին ԵՆ-ն նշում է Եվրոպայի օրը՝ պատմական «Շումանի հռչակագրի» տարեդարձը, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Անդրադառնալով Եվրոպայի օրվան՝ դեսպան Մարագոսը ներկայացրել է ԵՄ նշանաբանը՝ «Միասնություն բազմազանության մեջ», ԵՄ ստեղծման խորհուրդը և փիլիսոփայությունը: Ըստ այդմ՝ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժան Մոնեի մշակած նախագծի հիմքում ընկած էր Երկրորդ համաշխարհային պատերազմում երբեմնի հակամարտող Գերմանիայի և Ֆրանսիայի արդյունաբերությունների հիմնական ճյուղերի միասնականացման գաղափարը: (Հայաստանում հայտնի են Ժան Մոնե Գործողությունները, որոնք ԵՄ «Էրազմուս+» միջազգային ծրագրի ներքո ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում): Ոգեշնչված Մոնեի՝ միասնական Եվրոպայի ստեղծման գաղափարով, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանն առաջարկել է այդ երկրների ածխի և պողպատի ողջ արդյունաբերությունը դնել վերազգային կառույցի հսկողության և ղեկավարման տակ՝ Գերմանիային զրկելով այդ ժամանակ ռազմական արդյունաբերության հանգուցային հիմքերի՝ պողպատի և դրա ձուլման համար անհրաժեշտ ածխի նկատմամբ բացարձակ մենաշնորհից։ Նախատեսվում էր նաև արևմտաեվրոպական մյուս երկրների մասնակցությունը: Այն դիտարկվում էր որպես եվրոպական դաշնության կառուցման առաջին քայլ, որը հետագայում լիովին պետք է բացառեր ռազմական գործողությունների վերսկսումը՝ Եվրոպայում պատերազմը դարձնելով անիմաստ։ Շումանը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակն է «պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև նյութապես անհնարին»: Արդյունքում պողպատն ու ածուխը, որ պատերազմի համար անհրաժեշտ հումք են, կդառնան հաշտեցման և խաղաղության գործիքներ։ Հաջողված համագործակցությունը հստակ ցույց տվեց, որ ինտեգրացիոն գործընթացն անշրջելի է և պետք է էլ ավելի խորանա։ Ըստ դեսպանի՝ շատ քաղաքացիներ եվրոպական միավորման նախագծի ամենամեծ ձեռքբերումը համարում են միասնական շուկայի և ընդհանուր արժույթի հիմնաքար հանդիսացող չորս ազատությունները, որ կարգավորում են ապրանքների, մարդկանց, ծառայությունների և կապիտալի տեղաշարժը ԵՄ-ում:
Հանդիպումն ինտերակտիվ էր: Դեսպանի հարցին պատասխանել է Աբել Բաբայանը: Սովորողներն, այդ թվում Քեթրին Աղաջանյանն ու Լևոն Սահրադյանն իրենց հերթին հարցեր են ուղղել դեսպանին, որոնց նա իրատեսորեն է պատասխանել: Սովորողներն իրենց տպավորությունների մասին գրել են իրենց պատումներում:
Դեսպանն անդրադարձել է նաև ԵՄ-Հայաստան հարաբերություններին, Հայաստանում ԵՄ աջակցության ծրագրերին և համագործակցությանը, նշելով, որ տարբեր ծրագրերի իրականացմամբ համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ Եվրոպական միությունն իր ներդրումն է բերում Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին։ ԵՄ-ն և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» փոխարինեց 1999թ․ ստորագրված «Գործընկերության և համագործակցության
համաձայնագրին»:
Դեսպան Մարագոսը տպավորված էր սեբաստացի սովորողների գիտելիքներով: Հաջորդ քայլը սեբաստացիներինն է՝ նորին գերազանցությանը հրավիրել կրթահամալիր և ծանոթացնել իրենց ձեռքբերումների հետ: