2022-2023 ուստարվանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի» 10-12-րդ դասարանների ուսումնական պլանի բաղադրիչ է հետազոտական աշխատանքը։ Անցած ժամանահատվածի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս որոշակի եզրակացություններ անել սկսված աշխատանքի վերաբերյալ։
Հետազոտական աշխատանքը հետաքրքիր և ուսանելի է ինչպես սովորողների, այնպես է դասավանոդողների համար։ Այն ինքնակրթության դրսևորման հիանալի խթան է, որ դասավանդողին ստիպում է խորանալ հատկապես սովորողների կողմից ընտրված զանազան թեմաների բացահայտումներում, ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ և առավել տեղեկացված լինել սովորողների մասնագիտական կողմնորոշման և նախասիրությունների հարցերում։ Միաժամանակ հետազոտական աշխատանքը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում սովորողների մոտ դաստիարակել աշխատանքային ճշտապահության հմտություններ։
«Մ․ Սեբաստացի» Կրթահամալիրում գործող Հետազոտական աշխատանքի կարգի համաձայն՝ «հետազոտական աշխատանքը պետք է ունենա գրախոս։ Խրախուսվում է, որ գրախոսը լինի ոչ կրթահամալիրի դասավանդող։ Կարող է լինել նաև երկու գրախոս՝ կրթահամալիրի մասնագետ և ոչ կրթահամալիրից։»։
Գրախոսությունը սովորողների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքի կարևորագույն բաղադրիչներից է։ Այն ուղղված է սովորողի և նրա ղեկավար խորհրդատուի կողմից իրականացված հետազոտական աշխատանքի հնարավոր թերությունների մատնանշմանը, ինչպես նաև՝ առաջարկություններ ներկայացնելուն։ Գրախոսությունը հետազոտական աշխատանքին հաղորդում է որոշակի լրջություն, պատասխանատվություն։ Սովորողին և ղեկավարին մղում է ավելի խորությամբ պատրաստվել հետազոտական աշխատանքի հրապարակային պաշտպանությանը։
«Մ․ Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հետազոտական աշխատանքներում կիրառվում է գրախոսության երկու հիմնական ձև․ գրախոսը ծանոթանում է հետազոտական աշխատանքին ավարտից հետո, ներկայացնում է գրավոր կարծիք, որը հրապարակվում է սովորողի ուսումնական բլոգում։ Գրախոսությունը ներկայացվում է հետազոտական աշխատանքի հրապարակային պաշտպանության ժամանակ։
Երկրորդ դեպքում գրախոսն աշխատում է հետազոտական աշխատանքի ընթացիկ փուլում, աջակցում ուսումնասիրությանը, հանդես գալիս խորհուրդներով և առաջարկություններով, աշխատանքի ավարտից հետո ներկայացնում է գրախոսություն՝ անդրադառնալով հետազոտական աշխատանքի ընթացքին և հիմնական եզրակացություններին։ Գրախոսությունը ներկայացվում է հրապարակային պաշտպանության ժամանակ։
Կարծում եմ երկու տարբերակներն էլ ընդունելի և կիրառելի են։
ՀԵտազոտական աշխատանքների իրականացման ուսումնասիրությունը վկայում է, որ եթե 2022-23 ուստարում իրականացված հետազոտական աշխատանքներում բավական զգալի թիվ էին կազմում գրախոսության չներկայացված աշխատանքները, ապա հետագայում գրախոսված աշխատանքների թիվն ընդլայնվեց։ Գրախոսների շարքում աստիճանաբար ավելացավ նաև գիտական, կրթական, մասնագիտական շրջանակներից գրախոսների ընտրությունը։ Որոշակիորեն սկսեցին օգտագործվել սեբաստացիական համայնքի հնարավորությունները։ Որոշ հետազոտական աշխատանքներ գրախոսվեցին սովորողների ծնողների (Արեգ Մինասսյան, Արամազդ Ղալամքարյան, Արտաշես Շահնազարյան /ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Հայոց պատմության հարցեր» հանդեսի գլխավոր խմբագիր/) կողմից՝ դրսևորելով բացառիկ անաչառություն և նույնիսկ որոշակի խստություն։
Շահեկան է ճամփորդությունների ժամանակ իրականացվող կրթական փոխանակումների հետևանքով ստեղծված կապերի օգտագործումը հետազոտական աշխատանքներում՝ գրախոսության ներկայացման առումով (Հարթաշենի միջն. դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Ալվարդ Մարտիրոսյան, Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի դասավանդող Անահիտ Ամիրջանյան)։ Նույն կերպ ընդլայվում են կրթահամալիրի կապերը հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների արդյունքում, որոնք ընդգրկվում են սովորողների հետազոտական աշխատանքների իրականացման ընթացքին թե՛ որպես ղեկավար, թե՛ որպես գրախոս (ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյան, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրեն Մկրտիչ Ալեքսանյան, ոսկերիչ Մարտիրոս Քալիճյան, Մ․Մաշտոցի անվան Մատենադարանի Ձեռագրերի կրկնօրինակման բաժնի վարիչ, մանրանկարիչ Լիլիթ Ամիրջանյան, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյան, Լիլիթ Մկրտչյան․ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի տեղակալ, հեռուստառեժիսոր Յուրա Վահանյան, Մհեր Քումունց /Բանասիրական գիտությունների թեկնածու․ դոցենտ, Գորիսի պետական համալսարանի դասախոս, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, գիտաշխատող/, Սերգեյ Ամիրխանյան, «ԳԱՐԱՆՏ ԼՈ ՖԻՐՄ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր և տնօրեն, Աննա Միրզոյան, հոգեթերապևտ, Կամո Ասատրյան, Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի իրավաբան փորձագետ, Հայկական Կարմիր Խաչ Ընկերության կրթական ծրագրերի համակարգող Լուսինե Գրիգորյան և այլք)։
Հետազոտական աշխատանքները գրախոսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Խ․ Աբովյանի անվ․ Մանկավարժական համալսարանի Հայոց և Համաշխարհային պատմության ամբիոնների, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։
Միևնույն ժամանակ կրթահամալիրում իրականացվող հետազոտական աշխատանքների փորձը վկայում է, որ գրախոս ներգրավելը բավական աշխատատար գործընթաց է և մասնագետներին հնարավոր է լինում ներգրավել հիմնականում անձնական կապերի շնորհիվ։ Այս առումով առավել կարևորվում է կրթական փոխանակումների շնորհիվ ձեռք բերված կապերի խորացումը և շարունակականացումը, գիտամանկավարժական հաստատությունների հետ կապերի ամրապնդումը։ Կրթահամալիրի սովորողների համար ավանդույթ է դարձել մասնակցել գիտական կենտրոններում տեղի ունեցող գիտաժողովներին և քննարկումներին, ինչն ընդլայնում է սովորողների մտահորիզոնը և նրանց համար տեսանելի դարձնում գիտական ուսումնասիրությունների դրսևորման բազմազանությունը, իսկ «Ավագ դպրոց-վարժարանին» հնարավորություն է տալիս կրթական կապեր հաստատել նաև գիտա-մանկավարժական շրջանակներից գրախոսներ ընդգրկելու առումով։
Վերջին երկու ուսումնական տարում գրախոսել եմ տասնյակ հետազոտական աշխատանքներ։ Ցանկանում եմ ընդգծել, որ գրախոսությունը ևս դասավանդողի ինքնակրթության բավական լուրջ խթան է։ Սովորողները հետազոտական աշխատանքներ են իրականացնում ամենատարբեր թեմաներով, որոնք հաճախ հեռու են դասավանդողների մասնագիտական և անձնական հետաքրքրությունների շրջանակից, սակայն աշխատանքը ներկայացվում է գրախոսության, ինչը պարտավորեցնում է ուսումնասիրել տվյալ թեման և լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերել։ Այս առումով ինձ համար հատկապես շահեկան էին սովորողներ Արթենի Ջանիկյանի, Անի Սմբաթյանի, Վարդան Վարդանյանի, Անահիտ Աբգարյանի (Քոլեջ), Հրաչուհի Մանվելյանի (Քոլեջ), Հասմիկ Վարդերեսյանի, Սոֆի Խաչատրյանի, Սերգեյ Ջուլհակյանի, Էդվարդ Սիմոնյանի և Յուլյա Բաղդասարյանի հետազոտական աշխատանքները, որոնց գրախոսելու պատիվն ու պատասխանատվությունն ինձ բաժին հասավ։