Օրեր առաջ Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանից տեղեկացանք, որ Բիոլճակի վերակառուցման սուբվենցիա ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Հիշեցնեմ, որ Բիոլճակի վերակառուցումը 2017-ից մինչև 2019 թթ․ կրթահամալիրի համար համարվում էր Էկոտուրի հիմնական ուղղություններից։

Բիոլճակի վերակառուցման գործում կան լուրջ ներդրողներ, որոնց հետ շուտով կկնքվի կառավարման, շահագործման պայմանագիր և նրանք կստանձնեն նաև համայնքի ջրահեռացումը։ Քննարկվում է, որ ներդրողները համայնքում կիրականացնեն աղբահեռացում և կկառուցեն աղբի վերամշակման գործարան։

Ներդրողները ռուսաստանաբնակ հայեր են, ովքեր ժամանել են հայրենիք, որպեսզի Փարաքարում ներդրում և բիզնես ծրագրեր իրականացնեն։ Նրանցից մեկի պապիկը 1905 թ-ին տեղափոխվել է Փարաքար, հայրը սովորել է տեղի դպրոցում։

Քանի որ Բիոլճակի նախագիծը պահանջում է ընդլայնում, որպեսզի սպասարկի ողջ համայնքին, ասել է թե մոտ 10000 բնակչության, ապա համայնքի ղեկավարը նոր նախագծի մրցույթ է հայտարարել։ Շուտով կհայտարարվի նաև շինարարության մրցույթ։ Համայնքի ղեկավարը հայտնում է, որ Բիոլճակի ծախսերի հետ կապված համայնքը իր ֆոնդից նույնպես ներդրումներ է իրականացնելու, ինչպես նաև ունի կոյուղագծերի կառուցման ծախսերի մոտ 70% -ը իր վրա վերցնելու հնարավորություն։ Համայնքն ունի մոտ 4000 մ հողատարածք, որոնց նպատակային օգտագործման նշանակությունը փոխելու համար Սամվել Վարդանյանը դիմել է ՀՀ կառավարությանը։ Ներկայիս հողատերերը, որոնք նպատակային չեն օգտագործել իրենց հողատարածքները, կզրկվեն դրանցից, իսկ նոր հողատերերը, ովքեր դիմել են տնամերձ, գործարան, այգի և այլ նպատակով հող ձեռք բերելու համար, վճարելու են հողի դիմաց, որոնց գումարները համայնքի ղեկավարը ևս ուղղելու է այս ծրագրերի իրականացմանը։

Բիոլճակի վերակառուցումը կտևի մեկ ու կես ամիս։ Զուգահեռ համայնքում կիրականացվեն կոյուղագծերի կառուցում և Շադրլու ջրանցքը վերջնականապես կազատվի կոյուղուց։ Փարաքարի դպրոցականները սկսել են ակտիվ հավաքել պլաստիկի և թղթի թափոնները և հետևել, որ Շադրու ջրանցքը դադարի լինել աղբանոց։

Կոյուղագծերի կառուցումը կտևի 7 ամիս, որից հետո կոյուղագծերը կմիացվեն Բիոլճակ տանող կոյուղատարերին։ Ոռոգման ջրով կապահովվեն Փարաքար համայնքի, ինչպես նաևՄուսալեռան և Էջմիածնի հողերը։

Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնին ընդառաջ՝ Փարաքարի Միջնակարգ դպրոցի սովորողները՝ ուսուցչուհի Մարգարիտա Նավոյանի ղեկավարմամբ, եղան Շադրլու ջրանցքում և սեբաստացիների հետ նախագծեցին, էսքիզներ արեցին, թե ինչպես են պատկերացնում Շադրլու ջրանցքը։ Փառատոնին մասնակցելու միտքը նրանց ոգևորել էր, հատկապես, երբ իմացել էին ՀՀ կառավարության որոշման մասին՝ Բիոլճակի վերակառուցման վերաբերյալ։ Փարաքարի սովորողների նկարները մասնակցեցին հունիսի 21-ին կայացած Փառատոնի ցուցահանդեսին։

TV mskh Էկոլուրը հոկտեմբերի  25-ին էկոզինվորների հետ այցելեց Փարաքարի համայնքապետարան՝ պարզելու, թե ինչ փուլում են գտնվում Փարաքարի Բիոլճակի վերակառուցման և համայնքում կոյուղագծերի կառուցման աշխատանքները։ Նշեմ, որ այս երկու սուբվենցիոն նախագծերը ՀՀ կառավարության կողմից հաստատվել են, (առաջինը՝ մոտ 70 միլիոն դրամ, երկրորդը՝ 60 միլիոն դրամ), սակայն այն մասին, թե համայնքը որքանո՞վ է այսօր պատրաստ ներդնելու պահանջվող գումարների 45%-50%-ը և իրականացնելու նախագծերը, որոնք 2017 թ-ից մինչ օրս սեբաստացիների կողմից ընդգրկված են եղել էկոտուրի հիմնական ուղղություններում, իսկ համայնքի համար ունեն կենսական նշանակություն, պարզեցինք համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանից և նրա տեղակալ Գոռ Սարիբեկյանից:

Համայնքապետարանի նոր ղեկավարներին ներկայացրեցինք կրթահամալիրի իրականացրած՝ «Գետը համայնքում» և «Թափոնների կառավարում» նախագծերը, մեր համագործակցությունը համայնքապետարանի և Փարաքարի դպրոցների հետ, ներկայացրեցինք «Բլեյան ցանց»-ը և «Քանդակագործության, Շրջակա միջավայրի և ճարտարապետության միջազգային փառատոն»-ը, որի շրջանակում համայնքի դպրոցականների հետ ստեղծել ենք Շադրլու ջրանցքի բարեկարգման, կանաչապատման և կամուրջների վերանորոգման էսքիզներ, որոնց կանդրադառնանք վերոհիշյալ երկու նախագծերի ավարտից հետո։

Նախագծերի վերաբերյալ հարցազրույցը՝ Էկոլուրի պատրաստած նյութում։