2017 թ-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Գետը քաղաքում», այնուհետև լրամշակված «Գետը Համայնքում» նախագիծը՝ ըստ առարկայական բաղադրիչների։ Նախագիծը ներառվեց պատմության, հայրենագիտության, բնագիտության, աշխարհագրության, քիմիայի, ֆիզիկայի և օտար լեզուների առարկայական ծրագրերում։
Նախագիծը ծնվեց Խաչատուր Աբովյանի՝ «Զանգի» հավելվածի ուսումնասիրությունից։ Աբովյանի՝ «Զանգի՛, իմ նազելի բնակավայր» արտահայտությունը մտավ կրթահամալիր՝ Աշոտ Բլեյանի Աբովյան հերոսի լույսով և սեբաստացիներին համակեց սիրով ու հոգատարությամբ Հրազդան մայր գետի նկատմամբ։
Նախագծի շրջանակում անգլերենի դասի ընթացքում կատարեցինք թարգմանություններ՝ Տեղեկություններ և փաստեր գետերի մասին, այնուհետև՝ Խաչատուր Աբովյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Հինգերորդ դասարանցիներն անգլերենի, մայրենիի, բնագիտության և հայրենագիտության դասավանդողների, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի հետ ինտեգրված դաս անցկացրին «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան»-ում։
Սակայն «Գետը համայնքում» նախագծի նպատակը միայն գետերի մասին տեղեկություններով չէր սահմանափակվում։ Այն ավելի խորն էր․ պահանջում էր Հրազդան գետի քարտեզագրում, գետի խնդիրների ուսումնասիրություն, բնապահպանական-լրագրողական հետազոտություն, խնդիրների բարձրաձայնում, լուծումների առաջարկում և գործնական քայլեր՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Երբ սկսեցինք ուսումնասիրել 141 կմ երկարությամբ Հրազդան գետը, նրա վտակներն ու նրանից սկիզբ առնող ջրանցքները, քայլեցինք գետի երկայնքով, մոտեցանք նրան, հասկացանք, որ անելիք շատ ունենք․ պարզապես պետք է սկսել քո իսկ բնակավայրից, քեզ ամենամոտը գտնվող հատվածից և մաքրել Հրազդանը՝ ներառելով տարածաշրջանի, բնակավայրի դպրոցներին, բնակիչներին և մանկավարժի առաքելությամբ ազդել մարդու վրա, փոխել նրան։
Դիտելով Արփինե Թամրազյանի «Բնությունը պահպանելն ու պաշտպանելը սեբաստացիները սովորում են Ա-ից ու Բ-ից էլ առաջ» տեսանյութը, հասկանալի է դառնում, թե ինչպես են սեբաստացիներն իրականացնում նախագծային ուսուցումը, ինչ ակնկալիք են ունենում և ինչ արդյունքի են հասնում։
Որպես Փարաքարի բնակիչ՝ սկսեցի ուսումնասիրել Փարաքար-Թաիրով համայնքներով անցնող «Շադրլու» ջրանցքը, որը նույնպես սկիզբ է առնում Հրազդան գետից և կառուցվել է ոռոգման նպատակով։ 1847 թ․ Մեսրոպ Թաղիադյանը, Արարատյան երկրով ուղևորվելիս, մի օր գիշերել է Փարաքարում։ Նա Փարաքար գյուղը համարել է բերդապարիսպ, որը գտնվում է Երևանի ու Էջմիածնի միջնամասում։ Ըստ նրա նկարագրության՝ գյուղն ունի գետակ, որը հանվել է Հրազդանի ստորոտով և դուրս է գալիս երեք բլուրների մոտից՝ ոռոգելով Փարաքարի այգեստանները պարարտապտուղ և հողերն արգավանդ։
Մեկ այլ աղբյուրում նշված է, որ 1734 թ․ Երևանցի Պուրճ Ալի Բեկ անունով մի տաճիկ Հրազդան գետի ներքևից ծակելով ժայռը, ջուր է դուրս բերում և հասցնում մինչև փոքր ձորակ՝ Կավակերտի հողերը ոռոգելու նպատակով։ Նրա մահից հետո ժառանգները 50 թումանով ջուրը ծախում են Նահապետ կաթողիկոսին։
1924-1925 թթ, երբ Փարաքարում զարգացավ ջրաշինարարությունը, ջրանցքը կրկնակի վարարեց։
Սակայն, արդեն երկու տասնամյակ է, ինչ Շադրլու ջրանցքը ծառայում է որպես կոյուղատար, այդ ջրով բերքը ոռոգելն անհնար է, հեկտարներով հողեր մնացել են անմշակ, իսկ բնակիչներն իրենց հերթին ջրանցքի մեջ թափում են կենցաղային աղբը։
Ջրանցքի ուսումնասիրությունը մեր առջև բացեց մեկ այլ խնդիր, որը զուգահեռ պետք է ստանար իր լուծումը՝ Փարաքարի բիոլճակի վերակառուցումը։ Շադրլու ջրանցքի ու բիոլճակի խնդիրները ձևակերպվեցին որպես ուսումնական նախագծեր և ներառվեցին որպես «Էկոտուր 2017-2018» թթ-ի կարևորագույն ուղղություններ։
Բիոլճակը կենցաղային կեղտաջրերը մաքրող կայան է, որը կենսական նշանակություն է ունեցել համայնքի համար։ Այն մաքրել է համայնքի մի որոշ մասի կեղտաջուրը և ծառայել ոռոգման նպատակով։ ՀՀ նախկին կառավարությունը մոտ երեք տարի առաջ լճակը վերցրել է համայնքից և հանձնել Ջրային պետական կոմիտեին, որն իր հերթին այն հանձնել է միակ օպերատոր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Ընկերությունը ստանձնել է համայնքի ջրամատակարարումը և չի ստանձնել ջրահեռացումը, ուստի լճակը մատնվել է անտերության և քայքայվել, մինչդեռ համայնքի փողոցներով հոսում է կոյուղին, իսկ գարշահոտը առաջացնում, մեղմ ասած, անհարմարություն և հակասանիտարական վիճակ։
«Գետը համայնքում» նախագծի շրջանակում ամիսներ շարունակ իրականացվել են էկոակցիաներ․ մաքրվել է ջրանցքի ափամերձը, համայնքի ղեկավարի հետ իրականացվել է ակտիվ և արդյունավետ համագործակցություն։ Համագործակցել ենք նաև ՋՕ-ի, համայնքի դպրոցների ու բնակիչների հետ, թակել բնակիչների դռները, զրուցել, բացատրական աշխատանք տարել, կիսել նրանց մտահոգությունները։ Բազմիցս բերել ենք տրակտոր՝մաքրելու ջրանցքը, ազատելու կուտակված պլաստիկից և աղբից։ Հրավիրել ենք գրեթե բոլոր լրատվամիջոցներին, լուսաբանել մեր բլոգներում, կայքերում, կազմակերպել կլոր-սեղաններ ՀՀ Կառավարությունում, «Հարթակ Գեղարվետում» ակումբում, բաց-նամակներ ուղարկել ՀՀ վարչապետին, նախարարություններին՝ իրազեկելով Փարաքար համայնքի ջրահեռացման, ջրանցքի աղտոտվածության և բիոլճակի խնդիրների մասին՝ պահանջելով փոխհատուցել թե՛ բիոլճակին հասցված վնասը և վերադարձնել այն համայնքին՝ Էկոտուրի շրջանակում, թե՛ ջրանցքի տարածքում տեղադրել տեսախցիկներ, թե՛ մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ կառավարությանը։
Համայնքի ղեկավարը ներկայացնում է Սուբվենցիա ծրագիր՝ Շադրլու ջրանցքից կոյուղին դուրս բերվելու և կեղտաջուրը բիոլճակ մղելու վերաբերյալ։ Ծրագիրն ընդունվել է, որի համար տրամադրվում է 40 միլիոն դրամ։ Համայնքում իրականացվում են գեոդեզիական չափումներ, կազմակերպվում շինարարական մրցույթ և այլ նախապատրաստական աշխատանքներ։ Բիոլճակը վերադարձնելու մասին մեր դիմումը ևս ընդունվում է՝ այս անգամ ներկայիս կառավարության կողմից։ ՀՀ վարչապետը բիոլճակը հանձնում է համայնքին՝ որպես նվիրատվություն և համայնքի ղեկավարից պահանջում սուբվենցիա ծրագիր՝ բիոլճակը վերակառուցելու վերաբերյալ։ Լճակը նախագծող և կառուցող «Ջինջ» ընկերության հետ միասին իրականացվում է ուսումնասիրություն, կազմվում նախահաշիվ, վերակառուցման նախագիծ և ներկայացվում կառավարությանը։ Ծրագիրը կառավարությանը ներկայացնելուց հետո բիոլճակ այցելում են Տարածքային վարչության նախագահը և բիզնես ծրագրեր իրականացնող արտասահմանյան կազմակերպություններ։ Վստահ եմ, որ նախագիծը շուտով կֆինանսավորվի և Փարաքար համայնքում զարկ կտրվի կենսական նշանակություն ունեցող երկար սպասված փոփոխություններին։
Հավելված 1-ում ներկայացված են 2017-ից մինչ օրս նախագծի ընթացքում իրականացված աշխատանքները։
Հավելված 1
- Հրազդան գետի Շադրլու ջրանցք
- Լրագրող-բնապահպանները հետազոտում են ջրանքը-Ջրանցքների վրա կարո՞ղ ենք տեղադրել ցանցեր
- Բիոլճակը մեկ տարի առաջ
- Բիոլճակը այսօր
- Ֆիզիկ-հիդրոլոգի այցը բիոլճակ
- Սովորողների ստեղծած ուսումնական նյութեր, այլոց փորձի ուսումնասիրություն,թարգմանություններ
- Հետազոտում են կրտսեր դպրոցի սովորողները
- Բնագետ Հրաչիկ Միրզոյանի դիտարկումը բիոլճակների կարևորության մասին
- «Հարթակ Գեղարվեստում» ակումբում «Կլոր սեղան» հանդիպում
- 2. «Հարթակ Գեղարվեստում» ակումբում Կլոր-սեղան հանդիպում
- Կլոր սեղան կառավարությունում
- Վերջին նամակը՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակ՝ մարտի 8-ին
- Նամակի պատասխանը՝ 719
- Ա Սուբվենցիա-Ծրագիր, որի համաձայն համայնքին հատկացվեց 40 միլիոն դրամ՝ կոյուղագծեր կառուցելու և կոյուղին ջրանցքից դուրս գալու ուղղությամբ
- Գումարը դեռ չէր նստել համայնքի հաշվեկշռին, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն։
- Նամակ նոր կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանին, սուբվենցիա ծրագրի դիմաց համայնքին հատկացվելիք գումարը փոխանցելու վերաբերյալ։- Հարգելի Պարոն Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան
- Բիոլճակի համար գրանդ ստանալու ակնկալիքով
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Բիոլճակին
Համայնքի ղեկավարը և «Ջինջը»՝ բիոլճակը նախագծող ընկերությունը, համատեղ կիրականացնեն երկու նախագծերը՝ 1. Նոր կոյուղագծերի կառուցումն ու կեղտաջրերի մղումը բիոլճակ, որի արդյունքում կիրականացվի ջրահեռացում և Շադրլու ջրանցքը կազատվի երկու տասնամյակ իր միջով անցնող կոյուղուց։ 2. Բիոլճակի վերակառուցումը, որը կիրականացնի կենսաբանական մաքրում և կապահովի ոռոգման մաքուր ջուր։