2018թ. սեպտեմբերից սկսեցի աշխատել իմ կրթահամալիրի Քոլեջի նախակրթարանում։

Ասում եմ իմ, որովհետև 2010 թվականից կրթահամալիրի մեծ ընտանիքի անդամ եմ, ակտիվ ծնող և դպրոցն իմ պատկերացրած լավագույն դպրոցն է երեխաներիս համար։

Պարտեզում ամեն ինչ ինձ հոգեհարազատ էր՝ երեխայի ազատությունը, բաց միջավայրը, ինքնաբուխ կազմակերպվող խաղերը, ստեղծագործող փոքրիկները։ Աշխատանքս սկսեցի Անահիտ Ամիրխանյանի հետ։ Միանգամից ընկերացա թե՛ Անահիտի , թե՛ սաներիս հետ։ Երեխաներս սկսեցին ինձ սիրել ու վստահել, որն ինձ համար առաջնային էր:

Կրթահամալիրում աշխատելու ամենամեծ ձեռքբերումս էր մասնագիտական աճը։ Աշխատելով երեխաների հետ՝ չես կարող բավարարվել իմացած գիտելիքներով։ Ամեն օր, ամեն ժամ ինքնակրթվում եմ՝ կարդում, պրպտում, գտնում հետաքրքիր նյութեր ու խաղեր։ Ամեն օր սովորեցնելով՝ երեխաներից ամեն օր նոր բան եմ սովորում։ Աշխատանքային միջավայրն այնքան բաց է ու թափանցիկ, որ գործընկերներիս փորձն ու գիտելիքներն իմ սեփականությունն էլ են։ Մի մեծ համերաշխ ընտանիք, որի անդամներն ամեն պահի կանգնած են կողքիս ու պատրաստ են օգնել։
Բլոգս ծնվել էր դեռ հինգ տարի առաջ, բայց ակտիվ բլոգավարություն սկսեցի աշխատանքային գործունեության ընթացքում: Բլոգս դարձավ իմ նոր ձեռքբերումը։ Այնտեղ են կուտակվում իմ աշխատանքն ու փորձը, իմ բացահայտումներն ու երեխաների արկածները։ Բլոգիս ամենասիրելի բաժինը «Դաստիարակի օրագիր» բաժինն է՝ որտեղ հավաքվում են սաներիս միամիտ ու սրամիտ պատումները, աշխատանքի ընթացքում իմ բացահայտումները, իմացումի իմ հրճվանքը։
Որպես ստեղծագործ մարդ՝ միշտ ձգտում եմ, որ սաներս էլ ստեղծագործ մեծանան՝ չմտածեն բոլորի նման, լինեն տարբեր։ Փորձում եմ զարգացնել մտածելու, ստեղծագործելու, հորինելու, միմյանց հետ համագործակցելու, անհատ մեծանալու կարողությունը։ Մանկության ամենամեծ ու անփոխարինելի հարստությունը խաղն է, ու մենք իրավունք չունենք երեխային զրկել խաղից։ Պարտեզում երգում ու մարզվում ենք խաղալով, նկարում ու սովորում ենք խաղալով, խնամում ենք բուսերն ու կերակրում ենք կենդանիներին՝ էլի խաղալով։

Այս կարճ ժամանակահատվածում շատ կարևոր բացահայտումներ արեցի.

  • Շատ հաճախ երեխաների խաղին պետք չէ միջամտել։ Նրանք ավելի լավ են կողմորոշվում և կազմակերպում տվյալ պահին իրենց հետաքրքրող խաղը կամ զբաղմունքը, իսկ մեծերին մնում է լուռ հետևել, ու եթե ստացվի՝ թաքուն նկարել։

֊Անո՛ւլ, ես Անուլն եմ, դու Յանան ես,֊ ասում է Յանան։
֊Չէ՛, Յա՛ն, ես Յանան եմ, դու Անուլն ես,֊ ասում է Անուլը։

Իսկ Մոնթեն մի փոքրի արջուկ էր գտել, ու մտցրել էր հողաթափի մեջ, բավական երկար խաղաց արջուկի ու հողաթափի հետ, վերջում չդիմացա ու հարցրեցի, թե ինչ է անում։

֊Կոշիկ եմ հագցրել, որ արջուկի ոտքերը չցեխոտվի,֊պատասխանեց Մոնթեն։

Մամի֊ մամի, կրակ ունե՞ս
Ներքնակների քաղաքը
Երբ երեխաները և՛ շինարար են, և՛ երգիչ
Գժուկներս

  • Երեխաներ շատ շուտ են ընկալում, սովորում, բայց երբ փորձի միջոցով են ինֆորմացիա ձեռք բերում, երբ իրենք են բացահայտումներ անում, դա արդեն իրենց սեփականությունն է, այդտեղից է սկսվում նրանց ԵՍը, ինքնավստահությունը (ես կարողանում եմ, ես բացահայտեցի, ինձ մոտ ստացվեց)։ Նրանք պարտեզում ձեռք են բերում խնդիրները լուծելու ինքնուրույնություն։ Մենք պետք է գիտակցենք, որ պարտեզ հաճախող սանը ոչ թե թելադրանք կատարող է, այլ պրպտող, հարցասեր, հնարամիտ ու հետաքրքրասեր։

Մի անգամ այլընտրանքային նկարչության ժամանակ, երբ թղթե սրբիչների վրա գույներ էինք լցնում, երեխաները նկատեցին, որ գույներն իրար խառնվելով՝ նոր գույներ են ստանում։
֊Ընկեր Էլյա, տեսար՝ ի՞նչ արեցի,֊ ասաց Սուսաննան,֊ դեղինն ու կապույտը խառնեցի՝ կանաչ ստացա։
Դե, պարզ է, որ պատահական է ստացվել, բայց Սուսաննան իրեն գյուտարար էր պատկերացնում։
Դրսում զբոսնում և խոշորացույցով ուսումնասիրում էինք ծառերից թափված ծաղիկներն ու բողբոջները։
Լանան ուշադիր նայեց ու Մոնիկային ասաց.
֊Մո՛ն, տես, որ սրանով նայում ես մեծ ա լինում, իսկ առանց սրա շատ փոքր։

Ձուփչիկ, ձուչափիկ
Ուսումնասիրողները
Գունավոր պղպջակ
Հետազոտողների առավոտը
Ռոդարիական խոհանոց
Բացահայտում ենք նոր գույներ
Քոլեջիկները պատմում են շունն ու կատուն

  • Որքան մոտ բնությանը, այնքան առողջ։
    Երբևէ մտածել եք՝ ինչո՞ւ են երեխաները դուրսը նախընտրում ներսից, ինչո՞ւ, երբ ասում ենք, որ դուրս ենք գնում, միանգամից ոգևորվում ու աշխուժանում են։
    Որովհետև դրսում պատեր չկան, սահմաններ չկան, մոտ են հողին։
    Երբևէ համեմատե՞լ եք ցեխով խաղացող ու թանկարժեք խաղալիքով խաղացող երեխաներին:
    Ցեխով կարող են մի ամբողջ օր խաղալ ու չհոգնել, իսկ խաղալիքով՝ կես ժամից ոչ ավել։

Մի օր էլ դրսում ավազով էին խաղում, մոտեցա ու տեսա֊լսեցի, որ տորթ են թխում, հետո վրան փոքրիկ ճյուղեր֊մոմեր շարեցին, փչեցին ու սկսեցին երգել… Զգացի, որ հասել եմ իմ մանկություն, ու հիշեցի, թե ինչ հաճույք էր ավազով, հողով, ցեխով խաղալը։

Երբ անձրև է գալիս Անահիտի ուրախությունն անսահման է լինում, որովհետև բոլոր ջրափոսերի տեղն անգիր գիտի, ու տուն գնալիս չի վրիպում և մեկ առ մեկ մտնում է ջրափոսերի մեջ։ Ինչպե՞ս երեխաներին զրկել այդ հաճույքներից։

Զվարճալի օր
Ուզում ենք, որ գարունը շուտ գա
Ջրափոսի երգչուհին

Երեխայի հետ ցանկացած աշխատանք, նախագիծ էլ ավելի հաջողված է լինում, երբ ներգավվում են ընտանիքի անդամները։ Ծնողների հետ զրուցներից հասկացա, որ ընտանեկան նախագծերը սպասված են և շատ հաջողված, որովհետև ոգևորվում են նաև ծնողները։

Հեքիաթասաց հայրիկ նախագծի շրջանակում ունեցանք հեքիաթասաց եղբայրներ, նրանք էլ էին սեբաստացի ու մեծ սիրով կարդացին Թումանյանի հեքիաթներից։ Մեր խմբի հայրիկները չհամաձայնվեցին, որ հեքիաթ կարդան, բայց ծառատունկին մեծ սիրով ու պատրաստակամությամբ մասնակցեցին։

Մարզական ընտանիք. ամեն օր առավոտը սկսում ենք նախավարժանքով, իսկ ցատկն ու գլուխկոնծին, վազքն ու օղակները անբաժան են մեր առօրյայից։ Սակայն, մեր սաները չեն բավարարվում պարտեզի մարզումներից և այն շարունակում են տանը։

Զատկական ընտանիք. պարտեզի տոնական ոգևորությունը երեխաները տեղափոխել են տուն, և տոնին պատրաստվում եմ տանը։ Մայրիկներն ասում են, որ երեխաները սկսել են իրեց սովորեցնել, որ զատկական ձուն միայն կարմիր է լինում, որ անպայման ծառզարդար պիտի անեն, որ ածիկ պիտի ցանեն։ Սովորեցնում են զատկական երգեր ու ասիկներ։ Իսկ Անուլը այնքան էր տարվել զատկական եռուզեռով, որ նույնիսկ ոտանավոր հորինեց.

֊ Եկել է, եկել է,
Նուրի Նուրին եկել է,
Քո մազերը խուճուճիկ,
Ու դու կդառնաս զատիկ։

Իմ թաղարը. իմ ամենասիրելի նախագծերից մեկն է և այն շարունակական է։ Սկսել ենք մարտ ամսին և մինչև օրս խնամում ենք լոբու սածիլները։

Շատ եմ կարևորում մաքուր ու խնամված մեզ շրջապատող միջավայրը, բացի այն, որ պարբերաբար մաքրում ենք մեր շրջակայքը, նաև սաներիս սովորեցնում եմ թափոնների օգտագործումն ու դրա կարևորությունը։

Մի անգամ ինչ-որ խաղային նորություն էին ակնկալում, վերցրեցի նախորդ աշխատանքից մնացած գունավոր թղթի թափոններն ու ասացի՝ ճմրթեք։ Այ դա իսկական հաճուք էր։ Մեծ ոգևորությամբ ճմրթում էին ու ճմրթում։

Հաջորդ էկոլոգիական աշխատանքը՝ ջարդված յուղամատիտների վերամշակումն էր։ Գդալի մեջ հալեցրինք յուղամատիտները և լցրեցինք Կինդեր կոնֆետի կաղապարների մեջ, իսկ արդյունքում ստացանք ձվիկ մատիտներ։
Գրում եմ և հասկանում, որ գրածս գիր չէ, այլ բանավոր պատում:
Ես շատ լավ եմ զգում ինձ նախակրթարանում, իմ երեխեքի հետ:
Շնորհակալ եմ, որ լսեցիք ինձ:
Ուրախ կլինեմ, որ իմ բլոգում գտնեք ձեզ հետաքրքրող նյութեր ու թեմաներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով