Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս, որ սովորողը, սանը՝ անկախ տարիքից, գիտելիքը ստանա սեփական փորձով: Սեպտեմբերից սովորողների հետ այսպիսի բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել. սովորողները պատրաստել են ղափամա, թթու, մերել են մածուն, խնոցու թան, թխել են լավաշ, գաթա և այլն։
Այսպիսի մի նախագիծ էր գարնան սկզբին իրականացրած գինեգործական մեր աշխատանքը: Գինեգործության նախագիծն իրականացրինք մի քանի փուլով։
Առաջին փուլը ծանոթությունն էր։ «Խաղողի և գինու» դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին սեմինար դասընթացով հյուրընկալեց մեզ։ Դասընթացի ժամանակ ներկայացրեց խաղողի պատմությունը, որը սովորողների մոտ մեծ հետաքրքություն առաջացրեց։ Միասին քննարկեցինք խաղողի տեսակները, իմացանք, թե որ տարածաշրջանում որ խաղողն է աճում։ Խոսեցինք նաև գինեգործության վերաբերյալ և պայմանավորվեցինք՝ մյուս հանդիպումը տեսականից վերածել գործնականի։
Խմբում սովորողների քանակը 27-ն է։ Պլանավորեցինք ձեռք բերել այնքան խաղող, որ յուրաքանչյուր սովորողի հասնի մեկ շիշ գինի։ Հաշվարկների արդյունքում պարզ դարձավ, որ մեզ անհրաժեշտ էր մոտավորապես 46կգ խաղող։
Երկրորդ փուլում գնեցինք խաղողը։ Խաղողը գնեցինք Մալաթիայի շուկայից։ Մի մեծ խմբով ուղևորվեցինք շուկա (մեզ հետ էր նաև մեկ ծնող)։
Հասնելով շուկա՝ մեծ խանդավառություն առաջացրինք տեղի առևտրականների մոտ։ Բոլորը զարմացել էին, թե արդյո՞ք կարող է շուկան հետաքրքիր լինել ժամանակակից սովորողներին, և որքանո՞վ է նպատակահարմար նրանց այդտեղ գտնվելը։ Աջ և ձախ կողմերից անընդհատ լսվում էին հակասական կարծիքներ։ Մեկը ողջունում էր մեր արարքը, մյուսն անմտություն էր համարում 6 տարեկան երեխային շուկա բերելը։ Սակայն մենք շատ լավ գիտեինք մեր անելիքը, և մեր յուրաքանչյուր քայլը հիմնավորված էր ու նպատակային։
Արտակ Ռշտունու ղեկավարությամբ սովորողները սկսեցին համտեսել շուկայի մի ծայրից մյուս ծայրն ընկած խաղողի տեսակները։ Պետք է ընտրվեր ամենաքաղցր խաղողը։ Որքան քաղցր է խաղողը, այնքան համեղ է ստացվում գինին։
Մի քանի տեղ փորձարկելուց հետո ընտրեցինք «Անուշիկ» խաղողի տեսակը։ Այդ պահին պետք էր տեսնել մեր երկու սովորողների հիացմունքն ու ոգևորությունը, չէ՞ որ իրենց մայրիկների անունն էլ էր Անուշ:
Մեր ունեցած գումարի սահմաններում կարողացանք ձեռք բերել մոտ 50կգ խաղող։ Մինչ խաղողն արկղերից դասավորում էինք տոպրակներում, տեղի վաճառականների կողմից մեզ անակնկալ էր սպասվում։ Տեսնելով մեր սովորողների անմեղ աչուկները՝ չկարողացան անտարբեր անցնել և նվիրեցին մեկ արկղ խնձոր։ Բոլորս մի լավ ուրախացանք։ Սովորողները տեսան, թե որքան մեծահոգի և անշահախնդիր կարելի է լինել․ դիմացինին պարգևել ժպիտ և բարություն։
Մեր կատարած գնումները, տեղավորելով սայլակի վրա, տեղափոխեցինք երթուղի, իսկ ճանապարհին վրաց ընկերների կողմից նվեր ստացանք մեկ արկղ նարինջ։ Թվում էր, թե արդեն առևտրականները սկսում են մրցել միմյանց հետ, թե ով ինչ կնվիրի մեր հրաշք խմբին։ Հայտնեցինք մեր շնորհակալությունը և լի բեռներով ուղևորվեցինք դեպի հարավ։
Երրորդ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ մեր երթուղին հասավ Հարավային դպրոց-պարտեզի բակ։ Դպրոցի դասավանդողների մի մեծ խումբ դիմավորեց մեզ բակում և օգնության ձեռք մեկնեց։
Դպրոցի բակում հասցրինք շրջան կազմել, երգել և պարել։ Երգեցինք խաղողի, գինու երգեր։
Հասնելով խմբասենյակ՝ նախօրոք պատրաստած ամանների մեջ տեղափոխեցինք խաղողը, այնուհետև սկսեցինք խաղողի հատիկներն առանձնացնել իր պոչից։
Մի լավ զարգացրինք մեր ստեղծագործական միտքը, երևակայությունը, մանր մոտորիկան։ Սովորողները խաղողի հատիկներից ստեղծեցին տարբեր պատկերներ, տեղում բեմականացրին, գրեցին իրենց սիրելի տառերը, խաղացին խաղողախաղ-տառախաղ։ Մի լավ համտեսեցինք քաղցրանուշ խաղողը, հանգստացանք օրվա վազքից և անցանք բուն գործընթացին։
Հաջորդ քայլը խաղողի հատիկները ճզմելն էր։ Սովորողները բաժանվեցին 5-6 հոգանոց վեց խմբի և սկսեցին ձեռքերով ճզմել խաղողի հատիկները։
Ճզմում էին և լսում խաղողի երգը, թե ինչպես են խաղողի հատիկները երգում իրենց փոքրիկ մատիկների արանքից։
Մեր ձեռքերը մի լավ գինովցել էին խաղողի քաղցրանուշ հյութից։
Ճզմած խաղողը քամեցինք և լցրինք մեծ շշերի մեջ, որպեսզի գինեգործ Արտակ Ռշտունին տանի համապատասխան վերամշակման փուլն անցկացնելու։
Նախագիծը շատ հագեցած էր, հետաքրքիր, ճամփորդական, ուսումնական, գործնական։ Այս փուլից հետո սովորողները բավականին երկար ժամանակ հիշում էին այն, ինչ կատարվել էր դպրոցում։ Մի քանիսն անգամ միտք էին հայտնել, որ տանն իրենց մայրիկների հետ գինի պատրաստեն։
Չորրորդ փուլում paint համակարգչային ծրագրով ստեղծեցինք գինու շշի պիտակներ։ Սովորողները, բաց երկնքի տակ գործի դնելով իրենց անհատական գործիքները, ստեղծեցին իրենց ցանկալի պիտակը, վրան նշեցին իրենց անունը։
Մեր նախագիծն ամբողջական դարձնելու համար Հարավային դպրոց-պարտեզի բակում տնկեցինք նաև խաղողի վազեր։ Մի մեծ տոն էր սովորողների համար։ Նախ՝ խոշորացուցի տակ առանք խաղողի որթերը։ Ուսումնասիրեցինք ամեն մի ճյուղ, այնուհետև փորեցինք փոսեր և տնկեցինք խաղողի որթը։ Մեկը փորում էր, մյուսը՝ տնկում, երրորդը՝ ջրում։ Այսպես համագործակցելով՝ ստեղծեցինք մի փոքր խաղողի այգի՝ հույս ունենալով, որ դեռ շատ երկար տարիներ այդ խաղողի վազերը կհիշեցնեն մեր կատարած ահռելի աշխատանքի մասին։
Գինեգործության նախագիծը դեռևս ընթացքի մեջ է։ Այն կավարտվի, երբ պատրաստ կլինի մեր գինին։ Հաջորդ փուլում նախատեսում ենք այց «Խաղողի և գինու» դպրոց՝ դիտելու մեր գինիների խմորման ընթացքը։ Վերջնական գինին պատրաստ լինելուց հետո պետք է այն շշալցնենք, պիտակավորենք և կազմակերպենք ցուցադրություն, որի ժամանակ ամեն սովորող իր անվանական գինին կտանի տուն՝ այն վայելելու։
Որպես ամփոփում՝ կարող եմ ասել՝ ակնհայտ է, որ այս նախագծի շրջանակում սովորողների մոտ ձևավորվեցին, զարգացան մի շարք լեզվական, մաթեմատիկական, տեխնոլոգիական, երաժշտական, ստեղծագործական, երևակայական հմտություններ:
Ծնողների արձագանքներից՝
Շուշիի մայրիկի՝ Նելլիի տպավորությունները՝
-Անչափ ուրախացա և զարմացա, երբ իմացա, որ աղջկաս՝ Շուշիի դասարանում պետք է գինեգործության ուսուցողական ծրագիր իրականացվի: Շատ գնահատեցի այն փաստը, որ իմ աղջիկը պետք է ծանոթանա գինեգործությանը հինգ տարեկանում: Առավել գնահատեցի ծրագիրն այն ժամանակ, երբ ինքս մաս կազմեցի ծրագրի մեկ օրվան և տեսա այն, ինչ չէի պատկերացնում, որ հինգ տարեկանների խմբում կարող են իրագործել: Այդ մեկ օրվա ընթացքում ես տեսա, թե ինչպես են հինգ տարեկան երեխաները ծանոթանում խաղողի տեսակներին, համտեսում խաղողը, իրենց ձեռքերով խաղողը լցնում տոպրակների մեջ այն գնելու նպատակով:
Երբ գնումներ կատարելուց հետո վերադարձանք դպրոց՝ խաղողը մեքենայից դուրս բերվեց խաղողի մասին երգով: Երեխաները շրջան կազմեցին խաղողի շուրջ և սկսեցին երգել: Նայում ու մտածում էի՝ երանի՜ իմ հաճախած դպրոցում էլ նման ծրագիր իրագործվեր, երբ ես էի աշակերտ: Իսկ երբ հասանք դասարան, սիրտս ուրախությունից պար էր գալիս, քանի որ տեսնում էի, թե աղջիկս ինչպես է իր դասընկերների հետ ապրում ինձ համար ամենակարևոր կրթության տեսակը՝ սեփական ձեռքերով կրթական գործընթացին մասնակցելն ու ստեղծելը: Աշակերտները երգելով, ուրախանալով ազատում էին խաղողի հատիկները խաղողի ճութից, իսկ հետո եկավ աշակերտների ամենասիրելի մասը: Նրանք սկսեցին իրենց փամփլիկ ձեռքերով ճմռել խաղողը և դուրս բերել խաղողի հյութը: Դասասենյակում երջանկությունն էր թագավորում:
Վերջերս Արցախում աղջիկս խաղող էր ուտում: Մի պահ կանգ առավ՝ ասելով, «Մամ, չեմ ուզում ուտել էս խաղողը, թող մնա, գինի սարքեմ»: