Երկարացված օրվա կազմակերպումը 5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբում
Ուսումնական գործունեությունը երկարացված օրվա ծրագրում շարունակելը սովորողների մի մեծ խմբի համար կարևոր աշխատանք է: Այն դիտվել է (այլ դպրոցներում հիմա էլ դիտվում է) տնային առաջադրանքները կատարելու ժամանակահատված: Մոռացվում է այն փաստը, որ երեխան մինչ այդ արդեն 5-6 ժամ դաս է արել:
Մանկավարժները և ծնողները կարևորել են իրենց երեխաների ձեռք բերած չոր գիտելիքները՝ որքան շատ, այնքան՝ լավ: Գուցե կարևորել են նաև սովորողի ֆիզիկական և հոգևոր, անգամ հոգեկան վիճակները, բայց առանձնապես հոգ չեն տարել ջանք դրանց վերաբերյալ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթությունը ամբողջական է, ուսումնական մի շարք խնդիրների հետ կարևորվում են նաև սովորողի անձնային և ֆիզիկական առանձնահատկությունները, մտավոր ունակությունները, բնական զարգացումը, ուսուցումն առանց ճիգի, պարտադրանքի, ազատ, անկաշկանդ արժանապատիվ մտածողությունն ու գործողությունները, ինչպես նաև հանդուրժողականության մշակույթի ձևավորումը:
Շատ կարևոր են նաև երկարացված օրվա ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները, կիրառվող մեթոդները, իրականացվող նախագծերը:
Երկարացված օրվա գործունեությունը մի քանի առանձնահատկություն ունի:
Իրականում երկարօրյա ուսուցումը օրվա առաջին կեսի սոսկ շարունակությունը չէ, կամ այնքան էլ շարունակությունը չէ: Երկարացված օրվա ծրագիրը ամբողջովին ինքնուրույն ծրագիր պիտի լինի, որ գրավի սաներին, չձանձրացնի: Այս տարի փորձեցինք ինչ-որ չափով դա իրականացնել:
Հետևաբար՝ երկարացված օրվա դաստիարակի առաջին խնդիրը սովորողի լիցքաթափումն է: Ուրեմն՝ առաջին անելիքը հանգստի կազմակերպումն է գործունեության տարբեր միջոցներով՝ երաժշտության ունկնդրում, խաղեր, ֆիլմերի, մուլտերի դիտում, հեքիաթի ունկնդրում կամ պատում, խաղ ավազով, գլաքարերով: Օգնում է նաև բույսերի խնամքը:
Կարևոր պայման է նաև միջավայրի փոփոխությունը՝ դասասենյակից բակ, մարզասրահ, ընթերցարան:
Սովորողները սիրով նկարում են բակում, որտեղ տարածքն ավելի մեծ է, բնական՝ շուրջը ծառեր և թփեր են: Սովորողը կտրվում է փակ տարածքից, ավելի ազատ է գործում:
Բակն անփոխարինելի տարածք է շարժուն խաղերի համար, որոնք ոչ միայն մարզական նշանակություն ունեն: Սովորողը շարունակում է զարգանալ, կրթվել, այն միջոցներով, որոնք նա խաղ է համարում, եթե, իհարկե, դաստիարակը կարողանում է ճիշտ կազմակերպել:
Աշունն իր ամբողջ հմայքով
Զատիկի շնչով ենք ողողում մեր բակն ու պարտեզը
Զատիկի տոնին ընդառաջ
Գունավոր ձյուն
Երկարացված օրվա սովորողների սիրած գործունեություններից է կավով աշխատելը, որը մենք հաճախ ենք անում: 5-6 տարեկանները սիրում են կավով, խմորով, այլ փափուկ նյութերով խաղալ:
Երկարացված օրվա խմբում սովորողներն ավելի շատ են իրար օգնում, ինչ-որ բան սովորեցնում, ավելի ինքնուրույն են: Պետք է նրանց վստահել, մենակ թողնել, իհարկե կողքից հետևելով: Այդ ժամանակ նրանք իրենք են կազմակերպում իրենց գործունեությունը, ինքնուրույն են լուծում իրենց խնդիրները: Դա արդյունքվետ է նաև նրանով, որ սաները իրենք ավելի ճիշտ կվարվեն, ավելի լավ գիտեն իրենց պահանջներն ու ցամկությունները:
Լավ է, որ 5-6 տարեկանների իմ խմբում տնային առաջադրանքներ համարյա չեն լինում: Բայց երբ լինում են, դրանք սովորողները սովորաբար խմբով են կատարում՝ իրար օգնելով, բացատրելով:
Մենք շարունակում ենք ուսումնական խնդիրներ լուծել զանազան միջոցներով, մեթոդներով՝ ծիսական, երաժշտական և այլ խաղեր ենք խաղում, ծիսական կերակուրներ ենք պատրաստում, բակն ենք բարեկարգում: Ընթացքում սովորում ենք համեմատել, դիտարկել, հաշվել,օգնել իրար:
Զատկական խաղ
Մեր դոնդողից ձվիկները
Ահա և մեր երկար սպասված զատկական կերպարը
Մեր բակը՝ Զատիկի շնչով
Ուրախ մաթեմատիկա։ իսկապես ուրախ, որովհետև դա էլ խաղ է, որովհետև ինքը՝ սովորողն է հաճախ խնդիր հորինում, ինքն է իր հարցերը որոշում, թվաբանական խնդիրներ հորինում կամ խնդրի դիդակտիկ նյութ ստեղծում: Այդ թվաբանությունը գործնական է, ու բանավոր, հաշվում ենք բակի ծառերը, թփերը, դպրոցի գույքը, որ իմանանք, թե ինչ է ավելացել, պակասել: Սովորողները հատկապես չափել-չափչփել են սիրում, ինչով ասես չափում են: Սա էլ թվաբանական խաղ է: Երեխաները շատ սիրեցին խորանարդի մեջ տեղադրված գունդը, չնայած դժվարությամբ ստացան, ես շատ օգնեցի: Բայց իսկական հրճվանք էր. տեխնոլոգիակական և թվաբանական հրճվանք:
Մեր հրաշք երկրաչափական պատկերները
Հաշվում ենք, գումարում հանում
Շատ- քիչ, զարգացնում ենք տրամաբանությունը
Սովորում ենք չափել
Ուրախ օտար լեզու։ Լսում են,խաղում են անգլերենով: Չէ՞որ մեզ համար ավելի բարձր դասարանում, արդեն լսած, ծանոթ լեզուն ուսումնասիրելը բավականին հեշտ է լինելու:Շատ երգեր ենք լսում, այնքան ենք լսում, որ երգի բառերը մեզ ծանոթ են դառնում: Երեխաները ներկայացում են շատ սիրում: Եվ երգերը վերջիվերջո դառնում են ներկայացումներ: Սկզբում լսում են: Հետո ձայնագրության հետ երգում: Միառժամանակ հետո երեխաներն իրենք են երգում ինքնուրույն,առանց ձայնագրություն: Փոքր հանպատրաստից ներկայացումները ոչ միայն զարգացնում են սաների խոսքը, այլև ինքնուրույնությունը, իրար աջակցելու, օգնելու պատրաստակամությունը: Դրանք ոչ թե ներկայացման նախապարաստությունններ-փորձեր են, այլ նույն պահին որոշված-ծրագրված խաղեր, որի ժամանակ գործածվում է այն ամենը, ինչ կա ձեռքի տակ:
Rain, rain go away
Body parts
Fun fingers
I am…
The earth of numbers
5-6 տարեկանի համար խաղը վերջ չունի: Շատ ոգևորիչ է, երբ իրենք են խաղի կազմակերպիչը: Հատկապես շատ են սիրում «թատրոն կազմակերպել», ինչպես իրենք են ասում:
Թռիչք դեպի տիեզերք
Ուրախ բարեկենդան
Էլի՞նչձնեմարդ առանց քրթ
Կճուճն ու ճուտը
Ստացվում է, որ ճիշտ կազմակերպելու դեպքում հանգիստն էլ ուսումնական է դառնում: Հանգստանալով սովորում ենք կամ սովորում ենք հանգստանալով: Մեր արածը դառնում է օրվա առաջին կեսի արածի շարունակությունը, ու արդյունքում հմտություններ ու կարողություններ ենք զարգացնում, գիտելիք ձեռք բերում: Պետք է անել այն, ինչ որ սովորողներն են ուզում: Ես սկզբում այլ կերպ էի մտածում, չէի հասկանում, մտածում էի՝բա ես ի՞նչ պիտի անեմ, ո՞րն է իմ անելիքը: Աստիճանաբար դիտարկելով, փորձ ձեռք բերելով՝ հասկացա, որ դա է ճիշտը: Դրանով նրանք ոչ միայն ինքնադրսևորովում են, ինքնակազմակերպվում, սովորում են իրար հետ ապրել, այլև հոգեբանական խնդիրներն են լուծում:
Սննդի կազմակերպում, տեխնոլոգիա, երաժշտական և մարզական խաղեր ու էլի այլ գործունեություններ սաներին դարձնում են կազմակերպող և նախաձեռնող: Երկարացված օրվա կազմակերպման ժամանակ շատ կարևոր է անհատական մոտեցումը: Սանը ինքը կարող է ընտրել իր անելիքը, անգամ կարող է ինքնուրույն, կամ մի խմբի հետ, դաստիարակի օգնությամբ կազմել երկարացված օրվա ընթացքում իր անելիքների նախագիծ-«դասացուցակը»: Վերևում թվարկվել են սաների գործունեության տեսակները: Երկարացված օրվա պայմանները տալիս են ընտրության լայն հնարավորություն: Սանն ընտրում է դրանք, դասավորում: Սկզբում կարող է ինչ-որ հարցերում սխալվել, թերանալ, բայց աստիճանաբար կհմտանա: Դա ուսումնական աշխատանք կլինի: Սկզբում նշաններ կօգտագործի, այնուհետև բառ, հետո՝ արտահայտություն: Սա դեռ չի իրականացվել, բայց կարծում եմ, որ կարելի է փորձել: Փորձելուց հետո պարզ կդառնա:
Սանի անհատական առանձնահատկություններն, ֆիզիկական, հոգեկան, մտավոր հնարավորությունների անհատական բավարարումը օրվա առաջին կեսի գործունեությունից հետո շատ ավելի է կարևորվում:
Ցավոք, կրթահամալիրում երկարացված օրվա ծրագիրը դեռ ամբողջական մշակված չէ: Կրթահամալիր ընդունվողը բոլորովին այլ կրթական միջավայր է ընկնում՝ Հայաստանի համար անսովոր: Գուցե լավ է, որ ինքդ ես այդ միջավայրը յուրացնում: Բայց ավելի ինքնավստահ կլինենք, եթե ծրագիր ունենանք, հենց սկզբից իմանանք մեր անելիքները, իմանանք խնդիրները, դրանց լուծման մեթոդները: Ինքս աստիճանաբար ընտելացա: Լավ է, որ կողքիդ հեղինակ-մասնագետներ կան, որոնց շնորհակալ եմ աջակցության համար:
Խմբագիր՝ Աիդա Պետրոսյան