—Իսկ ինչո՞ւ այս վերնագիրը՝ «Թումանյանի հետ»։
—Այն լուրջ պատճառով, որ Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք ամենքս՝ կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ։
Հետն ենք առավել, քան որևէ մեկ այլ գրողի։
Վեց տարեկան սովորողների հետ թումանյանական նախագիծ իրականացնելիս մեր նպատակն է թումայանական բառ ու բանի բերանացի ընթերցումն ու խաղը յուրացնելը:
Որպես թումանյանական նախագծի գլխավոր և ամփոփիչ աշխատանք ընտրեցինք Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթի երաժշտական բեմականացումը՝ մյուզիքլը:
Աշխատանքի սկզբնական փուլում՝ մայրենիի ուսումնական պարապմունքների ժամանակ, սովորողները դիտեցին հեքիաթի էլեկտրոնային տարբերակը և ծանոթացան Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթին: (էլ. Գիրքը ստեղծել են 2-րդ դասարանի սովորողները, դասվար Լ. Գասպարյան)
Արդեն դերերով պատմելու-խաղալու համար հեքիաթի հերոսների անուններով ցանկ կազմվեց, իսկ սովորողները իրենց ցանկությամբ կերպարներ ընտրեցին տրված ցանկից: Քանի որ սովորողները շատ են , իսկ կերպարները համեմատաբար՝ քիչ, հետևաբար մենք ունեցանք մի խումբ «ծտեր», մի խումբ «պառավներ», «հովիվներ» և այլն: Սովորողներն ունկնդրեցին տարբեր կենդանական ձայներ, մարդկային ձայնարկություններ, որոնցից որոշեցին, թե որն է իրենց ընտրած կերպարին համապատասխանում:
Երեխաները սիրում են կրկնօրինակել կենդանիների, մեծերի ձայները: Պետք է պարզապես օգնել սովորողին իր խոսքին ճիշտ առոգանություն տալ, ռիթմ, բնավորություն հաղորդել և կստացվի շատ գեղեցիկ մանկական դերասանական ձայն: Այսպիսով «ծտերը» սկսեցին ծտի ձայնով խոսել, ծիտիկի նման թևերը թափահարել, «պառավները» սկսեցին ձայնարկություններ արձակնել (վա՜յ, ա՛յ, …) Եվ բոլորը սկսեցին իրենց ընտրած կերպարին համապատասխան շարժումներ և ձայնարկումներ ընտրել, իսկ հետո դրանք անել հայելու առջև:
Խաղացինք պայմանականությունների թատրոն («ես Կարենը չեմ, ծիտն եմ»):
Վեց տարեկան սովորողների հետ աշխատելիս պետք է թողնել ՝ նա ինքնուրույն որոշի, զգա, թե ինչ բեմական շարժումներ անի, որպեսզի կերպարին համապատասխան լինի: Այսպես սովորողը կմտնի դերի մեջ, և այդ կերպարը լիարժեք կդառնա իրենը:
Պարապմունքների ընթացքում սովորողները շատ հաճախ իրենք էին իրենց կամ ընկերոջը շտկում, շարժումներ ցույց տալիս: Տեսախցիկի օգնությամբ նկարահանում միմյանց և միասին դիտում տեսագրությունները: Այսպես բանավոր խոսքի թերությունները շատ ավելի հեշտ են շտկվում, և սովորողները հեշտությամբ բերանացի յուրացրին հեքիաթը:
Հեքիաթին և խաղին բերանացի տիրապետելուց հետո երաժշտության մասնագետի և իմ օգնությամբ սկսեցին սովորել հեքիաթի հիման վրա գրված Արթուր Շահնազարյանի երաժշտական մշակումը (երգերը, նվագները):
Ստեղծել ենք թվային ձեռնարկ՝ էլեկտրոնային գիրք:
Հետևելով երաժշտական մշակման հեղինակի՝ Արթուր Շահնազարյանի խորհրդին, երգերը դաշնամուրով նվագակցվում էին միայն բերված նոտային օրինակներով, որտեղ դաշնամուրը նվագում է սազի ձևով՝ խուսափելով եվրոպական ներդաշնակության օրենքներից:
Երգերը յուրացնելուց հետո որոշեցի բեմադրել թատերական-երաժշտական ներկայացում՝ մյուզիքլ՝ համապատասխան կերպարներով և հագուստներով:
Հեքիաթը բազմիցս խաղացել էինք դասարանում, կերպարները հարազատ էին դարձել սովորողներին, երգերն էլ սովորել էին. մյուզիքլ բեմադրելու համար սովորողները պետք է կարողանային թատերական ներկայացումը խաղալ երգելով:
Մշակման ձեռնարկից՝ որ երգերը օգտագործել, ընտրեցի ես:
Մյուզիքլի համար սովորողների առաջարկով հերոսներ ընտրվեցին (արդեն մեկական): Ներկայացումը խաղում էին այնպես, ինչպես խաղացել են ուսումնական պարապմունքների ժամանակ, սակայն սկզբի համար այնտեղ, որտեղ պետք է հերոսը երգի՝ երգում էինք միասին: Այնտեղ, որտեղ պետք է խմբակային պարեն, պարում էինք միասին: Ձայնագրիչի օգնությամբ իրենք իրենց խոսքը և երգը ձայնագրում էին, լսում միմյանց, դիտողություններ անում, աշխատում, որ այն դառնա ավելի արտահայտիչ ու լսելի: Այսպես մի քանի անգամ լսելով սովորողները հիշում էին և՛ բերանացի խոսքերը, և՛ երգը: Պարապմունքների ընթացքում մյուզիքլը գնալով լավանում էր, ներկայացումները մեկը մյուսին նման չէին լինում: Սովորողներն աշխատում էին կատարողական մասի վրա, որպեսզի երգն ու խոսքը համահունչ լինեն, առանց մեխանիկական դադարների կամ եթե լինում էին դադարներ, լցնում են դրանք խաղով:
Արդյունքում ունեցանք համերգային ծրագիր, որը ներկայացրինք ինչպես դասարանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում, այնպես էլ Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանում:
Այսպիսի աշխատանքները նպաստում են սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Մյուզիքլային ներկայացման մեջ կա և ՛ վոկալ, և ՛ պար, և՛ դերասանական խաղ:
Ներկայացման հագուստները, անհրաժեշտ պարագաները սովորողները պատրաստել են իրենց ձեռքերով, օրինակ՝ սազը պատրաստել էին կիսած դդումից, ծտի թևերը՝ փետուրներից ու ստվարաթղթից և այլն:
Մյուզիքլային բեմադրության շնորհիվ սովորողների մոտ զարգանում են.
- Նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ: Փորձերի ընթացքում նրանց մոտ ձևավորվում են փոխզիջման և փոխըմբռման հատկանիշներ:
- Ինքնարտահայտվելու կարողություն: Սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը, յուրաքանչյուր դերին տալիս են բնավորություն, բնորոշ ձայն:
- ՏՀՏ հմտություններ:
- Երաժշտական տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ:
- Գեղագիտական ճաշակը: «Ծիտը» մյուզիքլի միջոցով ճանաչեցինք բազմաթիվ ազգային երգեր ու պարեր (ինչպիսիք են՝ «Գարունն եկավ», «Ես մի պուճուր հոտաղ եմ», «Հովվի անկողինը», «Օխ, արևին խաբեցինք», «Կալոսի պռկեն», հարսանեկան պարեր՝«Փափուռի», «Լուսնյակը շող ա գցել», աշուղական նվագներ և այլն): Այս բոլոր երգերն ու նվագները իրենց նոտաներով նեկայացված են Էլեկտրենային գրքում, որոնք էլ սովորողների համար դարձան շատ սիրելի:
- Տեխնոլոգիական հմտությունները:
- Արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում: Սովորողներն իրենց զգում են իբրև իրական դերասաններ, ովքեր համերգային շրջագայություներ ունեին: Միայն այս մտքից նրանք ավելի ու ավելի են ոգևորվում և նոր իմպրովիզներ են անում բեմում:
- Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում:
- Բարդույթներից ազատագրում: Բեմում հանդես գալ հանդիսատեսի առջև, դերասանական հմտություններ ցուցադրելը նպաստում է, որ մի շարք սովորողներ դառնան ավելի ազատ ու անկաշկանդ: