5. Իրավունք` կարդալու այն, ինչ ձեռքդ է ընկնում
Ինչ վերաբերում է ճաշակին, աշակերտներս հաճախ տանջվում են՝ բախվելով ստեղծագործության արխայիկ-դասական կառուցվածքին։

Հարց է առաջանում՝ կարելի՞ է վեպերը դասակարգել հետևյալ սկզբունքով՝ լավ և վատ։ Քանի որ նրանց անզիջողականությունն արտաքին է ու թվացյալ և, ընդանուր առմամբ, բարի են, հարցին էլ մոտենում են ոչ թե գրականագիտական տեսանկյունից, այլ էթիկական. դատում են անձի ազատության տեսանկյունից։ Այնպես, որ այդ բոլոր ստեղծագործությունները կարելի է համատեղել մի բանաձևում՝ ամեն մարդ ազատ է գրելու այն, ինչ ուզում է, և ընթերցողական ճաշակի բոլոր դրսևորումներն էլ բնական են. իրոք այդպես է։ Այո, այո, դիրքորոշումն արժանի է հարգանքի։ Այնուամենայնիվ կան լավ և վատ վեպեր։ Կարելի է անուններ թվարկել, փաստարկներ բերել։ Հակիրճության համար ընդհանրացնենք․կա մի այսպիսի հասկացություն, որը ես կանվանեի «ինդուստրիալ գրականություն»։ Նման գրականություն ստեղծողները հրապարակում են միևնույն պատմությունները, շեշտը դնում քանակի վրա, իրենց բիզնեսը կառուցում սուր զգացողությունների և սենտիմենատլության վրա, որսում յուրաքանչյուր ակտուալ նյութ՝ կառուցելով ժամանակի ոգուն համահունչ մի սյուժե, անընդհատ ուսումնասիրելով շուկան, որպեսզի, անկախ կառուցվածքից, տվյալ «ապրանքը» նախատեսեն ընթերցողների այս կամ այն խմբի համար։

Անհերքերի է՝ նրանք վատ վեպեր են գրում։ Ինչո՞ւ։ Որովհետև նմանատիպ վեպերն իրենց ծագմամբ պարտական են ոչ թե ստեղծագործությանը, այլ պատրաստի կառուցվածքների, ձևերի վերարտադրմանը, քանի որ կառուցվում են պարզեցման սկզբունքով (այլ կերպ ասած՝ ստի սկզբունքով), այն դեպքում, երբ իրական վեպը ճշմարտության արվեստն է (այլ կերպ ասած՝ բարդության)։ Դրանք տուրք տալով մեր միջի մեխանիկականությանը՝ թմրեցնում են մեր մեջ ապրող հետաքրքրասիրությունը. և վերջապես, որը և ամենակարևորն է, նրանցում բացակայում է հեղինակը, չկա և այն կյանքը, որն, իբրև թե, ներկայացնում են։

Վատ վեպերը լայն սպառման համար են, կաղապարով գրված և մեզ այդ կաղապարի մեջ մտցնելու միտում ունեն։

Սակայն պետք չէ մտածել, որ նման հիմարությունը նոր երևույթ է և կապված է գրական շուկայի ինդուստրացման հետ։ Չկա նման բան։ Զգուշավորության, էժանագին փայլի, փշաքաղելու (անընդմեջ լարվածության մեջ պահելու) շահարկումը երեկ չի դրսևորել։
Որպեսզի օրինակների համար շատ հեռուն չգնանք , ասենք, որ վերը նշվածում մեղավոր են ասպետական վեպերը, ավելի ուշ՝ ռոմանտիզմը։ Սակայն չկա չարիք առանց բարիքի․ ցածրաճաշակ գրականության հանդեպ արձագանքն էլ նվիրեց մեզ աշխարհի լավագույն վեպերից երկուսը՝ «Դոն Կիխոտ», «Մադամ Բովարի»։
Այնպես որ, լինում են և՛ լավ, և՛ վատ վեպեր։
Հաճախ, սակայն, հենց վատերն են առաջինը մեր ձեռքն ընկնում։

Եվ, Աստված վկա, երբ դրանց ծանոթանալու իմ հերթն հասավ, հիշում եմ, որ դրանք ինձ հետաքրքիր թվացին։ Իմ բախտը բերել է․ինձ վրա չեն ծիծաղել, հայացք չեն թեքել, չեն վիրավորել հիմարության համար։ Պարզապես իմ ճանապարհին գցել են ինչ-ինչ լավ վեպեր՝ ոչ մի դեպքում թույլ չտալով իրենց ինձ ուրիշ բան կարդալն արգելել։ Ահա, իմաստությունը։

Կյանքի որոշակի փուլում կարդում ենք և՛ լավ, և՛ վատ վեպերը։ Ճիշտ այնպես, ինչպես միանգամից չենք կարողանում հրաժարվել մեր մանկության գրքերից։ Ամեն ինչ իրար է խառնվում։ Դուրս գալով «Պատերազմ և խաղաղություն» վեպից՝ վերադառնում ես «Կանաչ գրադարան»-ին։ «Առլեկին» շարքից (պատմություններ հրաշալի բժիշկների և ազնիվ բուժքույրերի մասին) անցնում ես Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագոյին», որ նույնպես հիանալի բժիշկ է, իսկ Լառան՝ բուժքույրը՝ չափազանց ազնիվ։ Հետո մի հրաշալի օր էլ հաղթում է Պաստեռնակը։ Գրքում մենք փնտրում ենք գրողին, փնտրում ենք գրողական ձեռագիր. խաղի ընկեր փնտրելն արդեն քիչ է թվում՝ փնտրում ենք կյանքի ուղեկից։ Գալիս է ժամանակ, երբ վեպից պահանջում ենք ավելին․այլևս չենք բավարավում սուր զգացողությունների վայրկենական և անհետաձգելի բավարարումով։

Դասավանդողի գերագույն ուրախություններից մեկը տեսնելն է, որ սովորողը, ում թույլատրված է կարդալ ամեն ինչ, ինքնակամ փակում է մասսայական գրականության դռներն ու հայացքն ուղղում դեպի Բալզակ։
 

6. Բովարիզմի իրավունք
(տեքստային ճանապարհով փոխանցվող հիվանդություն)

Ընդհանուր առմամբ «բովարիզմը» սուր զգացողությունների քաղցի բացառիկ և անհետաձգելի բավարարում է․ երևակայությունը եռում է, նյարդերը լարված են, սիրտը բաբախում է, ադրենալինն ավելանում է, կերպարի մեջ վերամարմնավորումն անզսպելի է, և ուղեղը (կարճ ժամանակով) առօրեականության բադերին շփոթում է ռոմանտիկության կարապների հետ։
Բոլորս սկզբում ընթերցել ենք հենց այդպես։
Զարմացա՞ք։

Մեր հիացմունքով վախեցնում էինք ավելի ավագ դիտորդներին, որ փորձում էին մեզ հրամցնել ինչ-որ բարձր գեղարվեստականություն ունեցող ստեղծագործություն և հայտարարում․
— Նայիր, բայց Մոպասանն, այնուամենայնիվ, ավելի լավն է, այնպես չէ՞։

Հագիստ, հանգիստ․ չարժե, որ ինքներս էլ բովարիզմի տրվենք։ Ի վերջո Էմման ընդամենը հեղինակի կողմից հորինված վիպական կերպար է, ում երկնել է Ֆլոբերը, և վեպում, իրենց ողջ ճշմարտացիությամբ հանդերձ, կստեղծվեն այնպիսի հետևանքներ, ինչպիսիք նա նախատեսել է։
Այլ կերպ ասած, եթե իմ աղջիկը «Առլեկինի» շարքն է կարդում, պարտավոր չէ ստել, այնուհետ թունավորվել մկնդեղով։

Նրա ձեռքը բռնելն ու նման ընթերցանությունից հեռու պահելը կնշանակեր վիճել և՛ նրա, և՛ սեփական պատանեկության հետ։ Եվ զրկել նրան ոչ մի բանի հետ չհամեմատվող  հաճույքից՝ վաղն ինքնուրույն մասսայական, վատորակ համարելու այն, ինչից այսօր խենթանում է։ Մեր կողմից ավելի խելամիտ կլինի կարգավորել հարաբերությունները սեփական պատանեկության հետ․ հենց պատանեկության ցուցանիշ է նաև այն պատանուն ատել, ժխտել կամ պարզապես մոռանալը, որ ժամանակին եղել ենք, իմաստ ունի՞ խուճապի մատնվելու՝ անցումային տարիքը դիտարկելով իբրև մահացու վտանգավոր հիվանդություն։

Ավելի լավ կլինի՝ ինքերս մեզ հիշեցնենք սեփական ապրումների մասին և մեր քննասեղանին դնենք նախկին ընթերցողական հետաքրքրությունները։

Նույնիսկ չափազանց «հիմար» ստեղծագործությունների դերն անգնահատելի է․նրանք օգնում են վերապրելու անցյալը, ծիծաղելու նրա վրա, ինչը նախկինում հուզել է։ Տղաներն ու աղջիկները, որ մեզ հետ ապրում են, դրանից միայն շահում են. նրանց հանդեպ էլ ենք քնքշություն և հարգանք զգում։ Բացի դրանից, անհրաժեշտ է հիշեցնել ինքներդ մեզ, որ բովարիզմն այնպես, ինչպես որոշ այլ թուլություններ, ինչ-որ չափով բնորոշ է բոլորին (սակայն մենք այն նկատում ենք միայն ուրիշների մեջ)։ Հաճախ վրդովվելով, որ պատանիներն այդպիսի ցածրորակություն են կարդում, ինքներս ենք ինչ-որ ձևով օժանդակում որևէ հեռուսատեսային գրողի հաջողությանը և մոռանում նրան, երբ նրա նորաձև լինելու ժամանակաշրջանն ավարտվում է։ Մեր լուսավոր հիացմունքների, խելամիտ հիասթափությունների հերթագայումն էլ բացատրում է գրական ֆավորիտների առաջացումը։

Մեզ չես խաբի, մենք ամեն ինչ տեսնում ենք, և այդպես ամբողջ կյանքում ինքներս մեզ փոխարինում ենք՝ աներեր համոզված, որ «տիկին Բովարին մենք չենք»։
Էմման էլ, հավանաբար, այդպես կմտածեր։

7. Որտեղ ասես կարդալու իրավունք 

1971թ., ձմեռ։ Մառնի Շալոն։ Հրետանային գնդի զորանոցներ։

Առավոտյան անվանականչի ժամանակ երկրորդ դասի շարքային Իմյարեկը (հաշվառման համարը՝ 14672/1,  որ լավ հայտնի է մեր տնտեսվարին) պարբերաբար կամավոր ուղարկվում է ամենից չհարգված, ամենաանփառունակ, սովորաբար որպես պատիժ նշանակվող և պատվին ու արժանապատվությանը կպչող, լեգենդար, ստորացուցիչ, անհարմար վերակարգի՝ զուգարան։

Ամեն առավոտ։

Անփոփոխ ժպիտով (ինքն իրեն).
— Զուգարանի՞ վերակարգ։

Մի քայլ առաջ է անում.
— Իմյարե՛կ։

Հանդիսավոր, ինչպես գրոհից առաջ, վերցնում է կախ ընկած լաթով փայտը, ասես գնդի դրոշակն է, և ի թեթևություն մյուսների՝ անհետանում է։ Միայնակ խիզախը. ոչ մեկը չի հետևում նրան։ Բանակի իր ամբողջ կազմով խրամատավորվել է ավելի պատվաբեր վերակարգների ծածկույթի տակ։

Մի ժամ է անցնում, մյուսը… Կարծես անհետ կորել է։ Նա համարյա մոռացված է։ Նրան միշտ մոռանում են։ Սակայն նշված ժամին հայտնվում է և կրունկները շրխկացնելով՝ զեկուցում. «Զուգարանները մաքուր են, պարոն կապրալ»։ Կապրալը վերցնում է հատակի փայտը, և նրա աչքերի խորքում մնում է թաքուն հարցը, որ այդպես էլ խոսքի չի տալիս (մարդու նկատմամբ հարգանքը թույլ չի տալիս)։ Շարքայինը պատվի է առնում, շրջվում և շարք վերադառնում՝ իր գաղտնիքն իր հետ տանելով։

Այդ գաղտնիքը միանգամայն նյութական կշռով կախ է գցել նրա վերնաշապիկի աջ գրպանը. հազար ինը հարյուր էջանոց հատորյակ է, որում «Պլեադան»[1] Նիկոյալ Գոգոլի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն է տեղավորել։ Քառորդ ժամ հատակի փայտով ման գալը՝ ամբողջ առավոտը Գոգոլի հետ լինելու դիմաց… Ու արդեն երկու ձմեռային ամիս ամեն առավոտ շարքային Իմյարեկը, 2 շրջան կողպված սրահում հարմար տեղավորվելով գահավորակին, վեր ու վեր է սլանում բանակային իրականությունից։ Միայն Գոգոլի հետ է։ Նոստալգիկ «Դիկանկային մերձ խուտորների երեկոներ»-ից  մինչև ցնորական «Պետերբուրգյան վիպակները», ներառյալ սարսափազդու «Տարաս Բուլբան» ու սև հումորի «Մեռյալ հոգիները», դեռ պիեսները, Գոգոլի՝ այդ  զարմանալի Տարտյուֆի նամակներն էլ գումարած։

Քանի որ Գոգոլն է Տարտյուֆը, որը կարող էր Մոլիեր հորինել, ինչը շարքային Իմյարեկը երբեք այդպես չէր ընկալի, եթե ուրիշին թողներ զուգարանի վերակարգը։

Բանակը սիրում է զինվորական սխրանքները մեծարելը։ Այս սխրանքը ջրաբաքի բարձր չուգունին է նշված  միայն, ֆրանսիական պոեզիայի փայլուն նմուշներին հարիր ալեքսանդրյան երկտողում.

Այո, ուսուցիչ, պնդում եմ, չեմ կարող ստել, 
Ամբողջ Գոգոլը զուգարանում  նստած եմ կարդացել[2]։ 

Իր կողմից ծերուկ Կլեմանսոն՝ «Վագր» Կլեմանսոն[3], նույնպես ոչ վերջիններից մեկը, երախտագիտորեն է հիշատակել իր քրոնիկ փորկապության մասին, թե ինքն այդպես էլ երջանկություն չէր ունենա (նրա խոսքով) Սեն-Սիմոնի «Մեմուարները» կարդալու, եթե դա չլիներ։

Թարգմանություն ռուսերենից


[1] Հրատարակչություն Բազումք համաստեղության հունարեն անունով։ XVII դարում՝ ֆրանսիական գրական ընկերություն։

[2] Երկտողը ֆրանսերենից թարգմանել է Կարինե Թևոսյանը։

[3] Նկատի ունի ժորժ Կլեմանսոյին (Clemenceau) (1841 —1929), ֆրանսիական պետական և քաղաքական գործիչ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1918)։ Կրթությամբ՝ բժիշկ։ XIX դ. 80-ական թթ բուրժական ռադիկալ կուսակցության պարագլուխը։

Լուսանկարը՝ babelio.com կայքից։ 

Թարգմանիչ՝ Մարգարիտ Սարգսյան

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով