Մասնագիտական արհեստագործական կրթության արդյունավետության գլխավոր երաշխիքը գործնական, արտադրությամբ ուսուցումն է։ Երբ ոչ թե «արտադրություն» ես խաղում սովորողների հետ, այլ իսկապես սովորելուն զուգընթաց նաև արտադրում ես, դա դառնում է ոչ թե «կյանքին մոտեցված», այլ իրական, գործնական ուսուցում։

Հենց այդ սկզբունքն էլ օգտագործում ենք կրթահամալիրի արհեստների ավագ դպրոց-քոլեջում մեր աշխատանքի ընթացքում։ Այս տեսանկյունից  Կրթահամալիրը՝ իր տարբեր օղակներով (մանկապարտեզ, դպրոցներ, լաբորատորիաներ, արհեստանող-արվեստանոցներ) լայն հնարավորություններ է տալիս դա իրականացնելու համար:

Ունենք արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչները. արտադրության միջոցներ, նյութեր, պատվիրատու և գնորդ.

  • մեծ, լուսավոր լաբորատորիա, որը հագեցած է համպատասխան կարի մեքենաներով, գորգ-գոբելենի հաստոցներով, ձևարարի սեղանով, տարբեր անհրաժեշտ գործիքներով և այլն,
  • մեր հիմնական պատվիրատուն կրթահամալիրն է, որն էլ մեզ ապահովում է համապատասխան նյութերով։

Սովորողները տեսական մասնագիտական գիտելիքներն ամրապնդում են գործնական, արտադրական աշխատանքում՝ «անելով սովորել» սկզբունքով: Դա ոչ միայն ավելի արդյունավետ է և նպաստում սովորողի մասնագիտական զարգացմանը, այլ նաև մասնագիտական փորձ ու հմտություն է տալիս սովորողին հենց ուսումնառության ընթացքում։ Սա դառնում է նաև աշխատանքային փորձ, ինչը կօգնի նրան հետագայում դիմակայել գործունեության ընթացքում առաջացած մասնագիտական դժվարություններին:  

Այս ուսումնական տարում հագուստի մոդելավորման և գորգ-գոբելենի արհեստանոցում իրականացրել ենք նախագծային ուսուցում՝ հիմք ընդունելով մոդուլային ծրագրերը և Կրթահամալիրի տոնական օրացույցը:  Նախագծերը իրականացրել ենք խմբերով, անդամների միջև աշխատանքի բաժանում է լինում, խումբը ունենում է ղեկավար, որը նաև համակարգում է մյուսների աշխատանքը:

Նախագիծը  իրականացնելու ընթացքում կատարվել են նաև հետազոտական աշխատանքներ:

2013-2014 ուս. Տարում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

  1. Ամանորյա աքսեսուարների ձևավորում
  2. Սեբաստացու օրերին տարբեր աքսեսուարների պատրաստում, Ցուցահանդես-վաճառք
  3. Մասնակցություն Դիջիթեքին
  4. Արտադրական ուսուցում
  5. Երգչախմբի հագուստի պատրաստում
  6. Ներքնակներ՝ կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցների համար
  7. Մարզաթունելներ կրտսեր դպրոցների և Նախակրթարանների համար
  8. Բարձունքների հաղթահարում
  9. Վարագույրներ՝ կրթահամալիրի դպրոցների համար
  • Լրացուցիչ հմտություններ

 Այս ուսումնական տարում Նախնական մասնագիտական կրթության հագուստի մոդելավորման խումբը ընտրությամբ դասաժամերի ընթացքում  հմտացել է նաև զարդակիրառական արվեստի տարբեր ճյուղերի մեջ. սովորել են գորգ, գոբելեն, կարպետ գործել, ուլունքագործություն: Արդյունքում ստեղծվել են ավելի բազմազան աշխատանքներ: Ուսանողները ունեն իրենց բլոգները, որտեղ տեղադրված են իրենց կատարած աշխատանքները:

Խմբագիր՝ Գայանե Թերզյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով