Թեպետ արդեն քանի տարի կրթահամալիրում կիրառության մեջ է նեթբուքով ուսուցումը, բայց խոստովանեմ, որ դժվարությամբ ընդունեցի այն փաստը, որ այս 2013-2014 ուսումնական տարում բոլորն ունենալու են անհատական նոթբուք-նեթբուքեր. ուսուցումը իրականացվելու է դրանցով: Հատկապես դժվար էր այդ պայմանը ներկայացնել ընդունվող 1-ին դասարանցու ծնողին: Դժվար էր, բայց ոչ անկարելի: Ի ուրախություն ինձ, մեր հասարակության մեջ կան այնպիսի ծնողներ, ովքեր գիտակցում են, որ ժամանակին զուգընթաց նեթբուքով ուսուցումն արդեն պահանջ է դարձել: Այդպիսի ծնողների մի խումբն էլ իրենց երեխաներին վստահեց ինձ:
Առաջին քայլը նեթբուքը որպես ուսումնական գործիք ճանաչելն էր: Մինչ այդ սովորողները նեթբուքն օգտագործում էին խաղեր խաղալու, մուլտֆիլմեր դիտելու համար, իսկ հիմա այն աշխատանքային գործիք է, որն իրենց կօգներ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել: Սեպտեմբեր ամսին նեթբուքից ճիշտ օգտվելու տարրական կանոնները (միացնել, անջատել, հետևել լիցքավորմանը) սովորելուն զուգահեռ՝ սովորեցինք նաև նեթբուքից օգտվելու հիգիենան, դիտեցինք ֆիլմեր, սովորություն ձեռք բերեցինք 10 րոպեն մեկ աչքերը լիցքաթափող վարժություններ կատարել (տես առողջագիտական բլոգում): Այս ամենը միանգամից իրագործելը մի քիչ դժվար էր, որովհետև սովորողները ֆիզիկական և սոցիալական նոր միջավայրում էին հայտնվել, այն յուրացնելու, դրանում հարմարվելու խնդիր կար: Բայց երբ ամեն օր նա մասնակցում է այդ գործընթացին, կամա թե ակամա սկսում է հետևել դրան, այն սովորություն է դառնում, ինքն էլ սկսում է ուրիշներին սովորեցնել: Ծանոթացման փուլում, երբ սովորողները պատմում էին իրենց մասին, նոթբուքը մեզ համար դարձավ ընտանեկան ֆոտոալբոմ: Ծնողների օգնությամբ նեթբուքի մեջ ներբեռնեցինք ընտանիքի անդամների լուսանկարները: Ներկայացնելով այդ նկարները՝ երեխան ավելի հաճույքով էր պատմում իր մայրիկի, հայրիկի, քույրիկի, եղբոր, մյուս հարազատների մասին: Շատ հաճախ նրանք այնքան էին ոգևորվում, որ սկսում էին պատմել նաև նկարի մասին, թե որտեղ են նկարվել, ինչու էին այնտեղ գնացել և այլն:Ներկայանալու այդ ձևը ոգևորում էր նույնիսկ չխոսկան երեխային, ով դժվարությամբ էր սկսում պատմել, բայց արդեն չէր ուզում խոսքն ավարտել:
Հաջորդ քայլը համակարգչային paint նկարչական ծրագրի յուրացումն էր, որի գործիքների կիրառումը մեզ հնարավորություն էր տալիս առանց երեխային սթրեսի ենթարկելու (չեմ կարող ուղիղ գծել, չի ստացվում) նկարել երկրաչափական պատկերներ,առանց ժամանակ կորցնելու գունավորել պատկերն անհրաժեշտ գույնով և այլն: Նկարելու ժամանակ նեթբուքը հանդես է գալիս որպես լրացուցիչ աշխատանքային գործիք: Լրացուցիչ, որովհետև մենք մեծ հաճույքով նկարում ենք նաև գուաշով, ծեփում կավով: Շատ հաճախ լինում են երեխաներ, ովքեր չեն ցանկանում գուաշով կամ մատիտով աշխատել, այլ նախընտրում են paint-ով նկարել: paint-ով նկարում ենք նաև շնորհավորական բացիկներ, հեքիաթի, բանաստեղծության համապատասխան հատվածներ, որոնք էլ դառնում են ուսումնական ֆիլմեր:
«Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրով կրթահամալիրում տառաճանաչությունն իրականացվում է բառուսուցման միջոցով: paint նկարչական ծրագիրը տառաճանաչության փուլում էլ մեզ շատ օգնեց: Տառաճանաչության գործընթացն սկսեցինք «Աշուն» բառով: paint-ով ոչ միայն աշուն նկարեցինք, այլև բառը մուտքագրեցինք, փոխեցինք տառաչափը, գունավորեցինք տարբեր գույներով: Մի քանի անգամ նույն բառի մուտքագրումը ոչ միայն հնարավորություն տվեց սովորողին հիշել Ա,Շ,ՈՒ,Ն տառերը, այլև՝ ստեղնաշարի վրա նրանց տեղերը: Խաղալով Ա,Շ,ՈՒ,Ն տառերով՝ նրանք մուտքագրեցին և կարդացին Նուշ, շուն, ուշ, անուն: Բառուսուցման համար նախատեսված բառաշարքը` այստեղ:
Այդ ընթացքում ստեղծեցինք անհատական Մեդիաայբբենարանների շարք:
Երբ նոր էինք սկսում մուտքագրել, մտավախություն ունեինք, որ երեխաները կդժվարանան ստեղնաշարի վրա հայերեն տառերի տեղերը մտապահել, սակայն ի զարմանս մեզ, նրանք հեշտությամբ հաղթահարեցին այդ փուլը: Չնայած մինչև հիմա էլ կան երեխաներ, ովքեր դժվարանում են մուտքագրել, բայց դժվարացողին օգնող ընկեր միշտ էլ գտնվում է: Առաջադրանքն արագ ավարտող երեխաները մեծ հաճույքով են դառնում ուսուցչի օգնական և սիրով օգնում են իրենց ընկերներին:
Հիմա, երբ արդեն համարյա բոլոր տառերը ճանաչում ենք և կարողանում ենք կարդալ և հասկանալ պարզ նախադասություններ, աշխատում ենք իմ կազմած աշխատանքային word էջերով: Այդ աշխատանքները հնարավորություն են տալիս ինքնուրույն կարդալու և հասկանալու առաջադրանքի պահանջը, վերհիշելու բանավոր սովորած ստեղծագործություններն ու աշխատելու դրանց վրա, ամեն անգամ յուրացնելով word-ի գործիքներից մեկի հնարավորությունները:
Նեթբուքով աշխատանքի ընթացքում երեխաների մոտ ամրապնդվեց միմյանց օգնելու, համագործակցելու կուլտուրան: Նեթբուքի կիրառումը հնարավորություն տվեց սովորողներին զերծ պահել ավելորդ սթրես ապրելու վտանգից: Սխալվելը , ջնջում անելն արդեն էլ «վախենալու» չեն:
Սովորողը հիմա ձեռքին գործիք ունի, որին տիրապետում է իրեն անհրաժեշտ չափով, որն իր հետ է, որը ուսուցումը դարձնում է ավելի հետաքրքիր, բազմազան, չի մաշվում, կեղտոտվում, որը բավարարում է իր հետաքրքրությունները:
Նեթբուքը ոչ միայն անհատական աշխատելու գործիք է, այլև խմբային աշխատանքի լավագույն միջոց: Նա կապ է ապահովում սովորողների միջև: Շատ բան դեռևս մեծերի օգնությամբ են անում, բայց զարգացումն ակնհայտ է:
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան